Սիրո օբյեկտը` որպես ապրանք

    Սերը ոչ պարտադիր վերաբերմունք է որոշակի անձնավորության նկատմամբ: Եթե մարդը սիրում է միայն մեկին և մյուսների նկատմամբ անտարբեր է, նրա սերը սեր չէ` այլ սիմբիոտիկ միություն: Շատերը համոզված են, որ սերը կախված է օբյեկտից և ոչ թե սիրելու սեփական ունակությունից: Նրանք նաև համոզված են, որ միայն մեկին սիրելը հավաստում է իրենց սիրո մեծության մասին: Սակայն սա մոլորություն է: Եթե մարդն իսկապես սիրում է, նա սիրում է մարդկանց, աշխարհը, կյանքը:
    Չնայած սիրո բազմազան և անհատական պատկերացումներին, միևնույն է, անհատի`սիրո մասին պատկերացումները, սիրելու առանձնահատկությունները կախված են այն մշակույթի և հասարակության ազդեցությունից, որին նա պատկանում է: Այդ իսկ պատճառով սերը` որպես հիմնահարց, այժմ դարձել է նաև հասարակագիտության և մշակութաբանության ուսումնասիրության առարկա:
    «Սիրո շուկա», «սիրո օբյեկտը` որպես ապրանք»... Բոլորիս հայտնի սիրո ընկալումը ժխտող այս միտքը միայն առաջին հայացքից է խորթ ու անհասկանալի թվում: Բայց բավական է սիրո մասին մի քանի գիրք կարդալ, որտեղ մոտեցումը տարբերվում է հայտնի մոտեցումներից, մի քիչ հեռանալ հարցի զգայական ընկալումից, մտածել, վերլուծել և, պարզվում է, որ այդ ձևակերպումները համապատասխանում են իրականությանը:
    Մարդկանց միջև տնտեսական բոլոր հարաբերությունները բերում են մեկ ունիվերսալ ընթացքի՝ ապրանքափոխանակության: Մարդու հոգեբանությանը հատուկ է տալը, ստանալը, փոխանակելը, առևտուր անելը: Բոլոր իրերը` հոգևոր թե նյութական, փոխանակման առարկա են: Եվ սերը նույնպես  ժամանակակից մարդու համար  որպես ապրանք է դիտվում: 
    Այսօր շուկայական հարաբերությունները ներթափանցել են ամենուրեք: Շուկան պայմաններ է թելադրում ոչ միայն նյութական արժեքների, այլև վերացական արժեքների փոխանակության դեպքում: Այս հարաբերությունների մեջ մարդը ձեռք է բերում բնավորության այնպիսի գծեր, որոնք ձևավորում են ապրանքային ինքնության ու ինքնագնահատականի հոգեվիճակ: 
    «Ես այնպիսին եմ, ինչպիսին դուք կցանկանայիք ինձ տեսնել»;- ահա ժամանակակից մարդու կարգախոսը: Քանի որ մարդը չի կարող ապրել որպես առանձին անհատ, նա ինքնահաստատվում է` հաշվի առնելով շրջապատի կարծիքն իր մասին. շրջապատի և ինքն իր մասին ունեցած կարծիքները նույնական են: Մարդկանց տարբերությունը որոշում է նրանց գինը շուկայում: 
    Շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ ամեն ինչ կարգավորվում է պահանջարկ-առաջարկ կաապով, երբ մարդը ձանձրանում է առանց նորությունների, իսկ շուկան փորձում է առաջ անցնել և հանդես գալ նոր առաջարկներով, մարդն արդեն անգամ մարդուն դիտում է այլ տեսանկյունից. սիրո օբյեկտը դառնում է ոչ այլ ինչ, քան սովորական «ապրանք»: Տղամարդու համար գրավիչ կինը, իսկ կնոջ համար գրավիչ տղամարդը դառնում են ամենաթանկարժեք «ապրանքը» շուկայում: Սովորաբար գրավչություն նշանակում է այնպիսի հատկությունների գեղեցիկ փաթեթավորում, որոնք հայտնի և ցանկալի են «շուկայում»: Ի՞սկ ինչ է պահանջվում շուկայում, ի՞նչն է մարդուն գրավիչ դարձնում` դա արդեն կախված է տվյալ ժամանակահատվածի նորաձևությունից:
    Մեր կատարած վերլուծությունների արդյունքում հանգեցինք նրան, որ ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ընկալումներում գերիշխում է շուկայական մոտեցումը: Ազգագրագետ Ա. Թադևոսյանը հարցազրույցներից մեկում, անդրադառնալով կին-տղամարդ հարաբերության մեջ առկա ապրանքային մոտեցմանը, ասում է. «Ապրանքային ընկալման պատճառն այն է, որ մարդիկ չեն ընկալում միմյանց որպես մարդ: Մարդիկ իրար մեջ ոչ թե անհատականությունն են տեսնում, այլ ապրանքային որակը: Երբ կինն ընտրում է տղամարդ, ընտրում է ամուսնության համար և ոչ երջանկության: Երջանկությունը կարող է ուղեկցել ամուսնությանը, կարող է չուղեկցել, եթե նույնացվում է նյութապես բարեկեցիկ ընտանիքում ապրելու գաղափարի հետ: 
    Հայ տղամարդու պոտենցիալ հարսնացուն պետք է լինի կույս, եփող-թափող, անող-դնող, մեծերին հարգող, տան մեծի և տղամարդու խոսքը գետնին չտվող, իր չափը ճանաչող: Երբ փորձեցինք պարզել, թե որն է այդ չափը, որը պետք է իրենց հարսնացուն ճանաչի, պատասխանեցին, թե իրենց կինը պետք է ճշգրիտ իմանա` որն է իր դերն ընտանիքում և երբեք չանցնի այն սահմանները, որոնք հասարակության մեջ թաբուացված են: Նման պատասխաններն ակամա հիշեցրեցին ժողովրդական հայտնի «Թագվորի մեր դուրս արի» երգը, որը բնորոշ է նաև այս մոտեցման կողմանկիցներին.
    Թագվորի մեր դուս արի,
    Տես, քե ինչեր ենք բերե.
    - Քե լվացք անող ենք բերե,
    - Գրդնակ անող ենք բերե,
    - Քե տաշտ մաքրող ենք բերե,
    - Քե հաց թխող ենք բերե,
    - Ցամ լվացող ենք բերե,
    - Կարկատան անող ենք բերե…»:
    Տղաներն իրենց ընտրության հարցում կարևորում են ընտանիքի և շրջապատի կարծիքը: Աղջկան «մաքուրով ուզելուց» առաջ տղան տեղեկություններ է հավաքում աղջկա վերաբերյալ և դրա վրա հիմնվելով` կատարում իր ընտրությունը: Սերը, ըստ այս մոտեցման կողմնակիցների, անբացատրելի զգացողություն է՝ հիմնված հարգանքի, նվիրվածության և հավատարմության վրա: Խանդը ընկալվում է որպես սիրո դրսևորում: Այս մոտեցման կողմնակից աղջիկների կարծիքը համընկնում է տղաների պատկերացումներին: Եթե կնոջը ընկալենք որպես ապրանք, ապա շուկայական պայմաններում պահանջարկն է որոշում առաջարկը, այսինքն «իսկական հայուհին» պետք է կարողանա բավարարել այս պահանջները, որպեսզի սպառման ենթակա լինի: Այս դեպքում աղջիկը հեռանում է իր անհատական որակներից և ձեռք բերում այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են պոտենցիալ հարսնացու համարվելու համար: Նման հասարակությունում ընտանիքը կառուցվում է ոչ թե երջանկության, այլ շուկայական պահանջների վրա: Այսպիսով` հաշվի առնելով կատարված ուսումնասիրությունները` եկանք այն եզրակացության, որ Հայաստանում թե´ ավանդական և թե´ ժամանակակից սեռերի սիրային, ամուսնաընտանեկան փոխհարաբերություններում առավել բնորոշ են ապրանքային ընկալման երկու մոտեցում: Դրանցից մեկի դեպքում շեշտը դրվում է անհատական որակների, իսկ մյուս դեպքում` հասարակության կողմից ընդունվող հատկանիշների վրա: Սակայն պետք է նշել, որ ավանդական մոտեցումը կաշկանդում է անհատի ինքնաիրացումը:
Անի Մարտիրոսյան
  • Created on .
  • Hits: 4763

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: