Սևակ-Բուլգակով. գրական առնչություններ

Գրական առնչությունների խնդիրը, որ հեղինակին էլ և որ ժամանակին էլ վերաբերի, ամենակնճռոտ և ամենավիճահարույց հարցերից մեկն է: Բայց այն շրջանցել էլ չի լինի: Հաճախ են դեպքերը, երբ նույն կամ նույնիսկ տարբեր ժամանակաշրջաններում ապրող գրողները «կրկնում» են իրար: Սակայն այդ նմանությունը կամ ենթագիտակցորեն կատարված ազդեցության արդյունք է, կամ պարզապես խնդիրների նմանատիպ ընկալման հետևանք, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ հեղինակները որևէ կերպ միմյանց ճանաչել չէին կարող:

Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1966թ. «Մոսկվա» ամսագրում, հատվածաբար: Որքան էլ մեծ է եղել վերջինիս բարձրացրած աղմուկը, վստահաբար չենք կարող պնդել, որ այն հասել է Հայաստան` լսելի դառնալով Սևակ-բանաստեղծի համար և անքակտելիորեն ձուլվելով նրա գեղագիտական հայացքներին: Այսպիսով, Բուլգակովի` Սևակի վրա անմիջական ազդեցությունը հաստատող որևէ փաստ չկա, առավել ևս, որ աշխարհընկալման, աշխարհզգացողության առնչություններ կարելի է գտնել 1966 թվականից շատ ավելի վաղ գրված բանաստեղծություններում: Հետաքրքիր է, որ առնչության եզրեր են տալիս ոչ այնքան սկզբնական շրջանում գրված բանաստեղծությունները, որքան ավելի ուշ թվագրվածները: Չգիտեմ` Սևակի գեղագիտական, գեղարվեստական հայացքների հասունացմա՞նն է պետք դա վերագրել, թե՞ որևէ այլ գործոնի, ասենք` ազդեցություններին (ընդ որում, ոչ միայն բուլգակովյան): Ցավոք սրտի, Բուլգակով-Սևակ առնչությունները ցայսօր դուրս են մնացել գրականագետների ուշադրությունից: Միայն Սեյրան Գրիգորյանն է իր «Պարույր Սևակը և Աստվածաշունչը» հոդվածում խոսում հնարավոր առնչությունների մասին, այն էլ աստվածաշնչյան մոտիվների օգտագործման տեսանկյունից: Հայտնի է, որ Սևակը շատ բարձր է գնահատել «Վարպետը և Մարգարիտան» վեպը` այն համարելով «20-րդ դարի ռուս գրականության ամենամեծ գյուտերից»: Ի զարմանս ինձ` Բուլգակով-Սևակ առնչությունները սպասվածից շատ ավելի բազմաբնույթ էին, երբեմն նույնիսկ ենթատեքստային, ոչ բացահայտ: Առնչությունները քննել եմ` անդրադառնալով միմիայն բանաստեղծական շարքերին` շրջանցելով պոեմները: Սա արվել է աշխատանքի արդյունավետ և ընդգրկուն լինելու նպատակով: Բուլգակով-Սևակ առնչությունների երեք եզր կարելի է առանձնացնել.

1.    աստվածաշնչյան մոտիվների կիրառում (բաց տեքստով կամ տողերի արանքում, սակայն առանց փոփոխման),

2.    աստվածաշնչյան թեմաների, կերպարների ինքնատիպ մեկնաբանություն, այսպես կոչված` աստվածաշնչյան սրբագրումներ,

3.    գեղագիտական հայացքների համընկնում, պատկերակերտման, գեղարվեստական հնարքների, լուծումների ընդհանրություն (սուրբգրական ոլորտից դուրս):

Անշուշտ, ընդհանրությունների այս տարանջատումը փոքր-ինչ պայմանական բնույթ է կրում: Միևնույն առնչությունը, կախված այն նկատողի հայացքի ուղղությունից, կարող է առնչությունների կամ այս, կամ այն տեսակի տակ քննվել:

Առաջին առնչությունը, որ աչքի է զարնում, լույսի և խավարի` որպես բարու և չարի շարունակական հերթափոխի, աշխարհակերտման նախնական մոդելի կիրառումն է երկու հեղինակների կողմից: Ս. գրքում կարդում ենք. «Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. և լոյս եղաւ: Եւ Աստուած տեսաւ լոյսը, որ բարի է: Եւ Աստուած բաժանեց լոյսը խաւարիցը: Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր» (Գիրք Ծննդոց, Գլուխ Ա, 3-5): Սևակի մոտ հղումը Աստվածաշնչին բացահայտ է. գիշերվա և ցերեկվա հերթափոխը անխուսափելի, սպասված հաղթանակն է Արշալույսի Խավարի նկատմամբ: Ուշագրավ է, որ Արշալույս և Խավար բառերը Սևակը մեծատառով է գրել, ինչպես Ս. գրքում է:

Թողություն տուր, Տե՛ր, ծանր Խավարին,

Միայն թե թող Նա թողնի հեռանա:

        . . .

Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,

Միայն թե մեր այդ մեկնումից հետո

Ժամանի ինքը Արշալույսը (Սևակ, հ. 2, էջ 14): 

Բուլգակովի մոտ ևս արշալույսը դիտվում է որպես փրկության հավաստիք: Վարյետեի փոխտնօրեն Ռիմսկու կյանքը մի մազից էր կախված, բայց ահա փրկվեց նա, երբ «այգուց լսվեց աքաղաղի անսպասելի և զրնգուն կանչը»: Լույսն ու խավարը, բարին ու չարը, սատանան և աստված անքակտելի, փոխլրացնող միասնություն են կազմում. «...ի՞նչ պիտի աներ քո բարին, եթե գոյություն չունենար չարը, ու ի՞նչ տեսք կունենար երկիրը, եթե դրա վրայից անհետանային ստվերները» (Բուլգակով, էջ 404),- աշխարհակերտման բանալին է Վոլանդը այս բառերով տալիս իր մոտ ուղարկված Ղևի Մատթեոսին: Սևակի մոտ լույսը դիտվում է նաև որպես շարունակելիության գրավական, որպես Աստծու մշտական ներկայության ապացույց.

Եվ լույսի՛ց, լույսի՜ց կարող է մայրանալ,

Կարող է մայրանալմինչևիսկ չբե՜րը (Սևակ, հ. 2, էջ 94):

Բուլգակովի Յեշուա Հա-Նոցրին անսահման, անուղղելի բարությամբ, սիրով է լցված բոլորի հանդեպ: «Աշխարհում չար մարդիկ չկան»,- ասում է նույն այդ բարի մարդկանց կողմից ժամեր անց իր բարության հատուցումը ստացած Յեշուան (Բուլգակով, էջ 27): Նույնպիսի անվարձահատույց բարությամբ են շաղախված նաև Սևակի տողերը.

Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ,

Բոլորի՜դ սիրում,

Ու բոլորիցդ ոմանք նաև ինձ… (Սևակ, հ. 2, էջ 24)

Քրիստոսի անունը Սևակի մոտ ուղղակիորեն չի հոլովվում: Սակայն այդ ենթագիտակցական միֆո-կերպարը` որպես համայն մարդկության, բոլոր բոլորի մեղքերը, ցավերը իր վրա վերցնողի և իր միջով, իր միջոցով փրկության ելք որոնողի արքետիպ, շարունակաբար առկա է սևակյան տեքստում:

Հետաքրքիր է, որ թե՛ Սևակը, թե՛ Բուլգակովը փրկության հույսը կապում են կնոջ հետ, մեկը՝ Մարգարիտայի, մյուսը` ընդհանրապես կնոջ, ում կոչում է Մարիամ: Մարգարիտան վարպետին, այնուհետև Իվան Անապաստանին հորդորում է իրեն հավատալ: Այսպես, «Հավատա ինձ, որ քեզ կօգնեն» (Բուլգակով, էջ 319), «…հիմա ես կհամբուրեմ ձեր ճակատը, ու ձեզ համար ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք էինձ հավատացեք, ես արդեն ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ գիտեմ» (էջ 419): Մարգարիտան իր վրա է վերցնում Ֆրիդային շարունակաբար նույնությամբ կրկնվող պատժից ազատելու, փրկելու «պարտականությունը»: Երկնային սերը, երկնային օգնությունը, միջնորդությունը կանացի կերպարանքով պատկերացնելը, իհարկե, նորություն չէր: Հիշենք թեկուզ Դանտեի «Աստվածային կատակերգությունը»:

Սակայն հետաքրքիրն այստեղ ոչ թե փրկությունը կնոջ հետ կապելն է, այլ Փրկչին կանացի կերպարանք տալը: Բուլգակովի դեպքում գործ ունենք Մարգարիտա - Քրիստոս, Սևակի դեպքում` Մարիամ (կամ առհասարակ սիրած կին) – Քրիստոս նույնացման հետ.

Մարիա՛մ, Մարիա՜մ,

Դու պարտ էիր ու պարտավոր

Աշխարհ բերել միթո՛ւխ տղա,

Բայց ծնեցիր միշե՜կ աղջիկ (Սևակ, հ. 6, էջ 232):

Ծնվածը` Փրկիչը, կին է, ապագա ՄարիամՈւրեմն արդեն մի Մարիամ էլ աշխարհ եկավ» - Սևակ, հ. 6, էջ 233): Փրկիչը` Քրիստոսը, և մարդկության փրկության, շարունակելիության սերմն իր մեջ ամփոփող Մարիամը նույնանում են: Աստվածամայր և Փրկիչ. նույն անձն է: Բուլգակովի մոտ Մարգարիտա-Քրիստոս զուգահեռը, նույնացումը, ինչպես վերը բերված օրինակում է երևում, ևս առկա է: Սակայն օրինակները դրանով չեն սահմանափակվում: Եթե «հավատա ինձ» արտահայտությունը կարող է մեկնաբանվել որպես Մարիամի` Աստվածամոր միջնորդություն մահկանացուի և վերերկրային ուժերի միջև, ապա վեպի այլ դրվագներում հեղինակը Մարգարիտա-Քրիստոս նույնացման այլ փաստեր է տալիս: Այսպես, վհուկ դարձած Մարգարիտայի ետևից պատուհանից դուրս է թռչում նաև Նատաշան. ծառան` աշակերտը, հետևում է Քրիստոսին: Կամ մեկ այլ ապացույց: Կեսգիշերին Մարգարիտայի խնդրանքով Սադովայա փողոցի N 50 բնակարանում հայտնված վարպետը կասկածի է ենթարկում Մարգարիտայի գոյությունը, ինչպես Քրիստոսի աշակերտն է կասկածում Քրիստոսի հարությանը.

- Բայց դո՞ւ ես, Մարգո,- հարցրեց լուսնեկ հյուրը:

- Մի կասկածիր, ես եմ,- պատասխանեց Մարգարիտան (Բուլգակով, էջ 319):

«Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործության վիպական տարածքը հնարավորություն է տալիս Մարգարիտայի կերպարի բազմաշերտության դրսևորմանը, ինչը, բնականաբար, անհնար է որևէ մի բանաստեղծության կամ շարքի շրջանակներում: Բուլգակովյան Մարգարիտային բնորոշ զգայական, փիլիսոփայական, միֆական առանձնահատկությունները դրսևորվում են սևակյան ոչ թե մի քնարական հերոսուհու կամ Մարիամի, այլ մարիամների, նաև հենց հեղինակի (կամ առաջին դեմքով քնարական հերոսի) նկարագրում: Եթե սևակյան Մարիամ-Քրիստոսը մաքրամաքուրի, լույսի արտահայտություն է և զուգահեռվում է Մարգարիտա-Քրիստոսի հետ, ապա Մարգարիտա-Մարիամ կերպարի երկակիությունը առնչության այլ մակարդակ է թելադրում: Մարգարիտա-Մարիամը, որ պետք է ծնի Փրկչին, այդպես էլ զավակ չի ունենում, ու չարանալով, ինքն իրենից ու աշխարհից խռոված` վհուկ է դառնում. «Կար-չկար աշխարհում մի մորաքույր կար: Եվ երեխա չուներ, և ընդհանրապես երջանիկ էլ չէր: Ու ահա սկզբից նա շատ լաց եղավ, իսկ հետո չար դարձավ» (Բուլգակով, էջ 268):

Աշխարհից, ինքն իրենից դժգոհությունը կա նաև Սևակի մոտ.

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,

Եվ ասեմ` ինչո՛վ.

Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,

Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:

Ես խռովել եմ նաև աշխարհից.

Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ… (Սևակ, հ. 2, էջ 138):

Չմայրացած Մարգարիտա-Մարիամը պետք է մայրական իր սերը ներդնի ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի մեջ: Տարօրինակ մայրական հոգատարություն է տածում վարպետի և հատկապես նրա գրքի նկատմամբ: Այս առումով շատ հետաքրքիր է Մարգարիտայի խոստովանությունը: Նա նշում է, որ «իր կյանքն է այդ վեպի մեջ» (Բուլգակով, էջ 157): Մարգարիտա-Մարիամը շարունակվում է գրքի մեջ, ինչպես իր զավակի: Մարգարիտան նոր կյանքի սկիզբն է ազդարարում վարպետի համար: Պատահական չէ, որ նա` վարպետը, իր նախկին կնոջ անունն անգամ չի հիշում: Մարգարիտայից առաջ կյանք չի եղել ու առանց նրա էլ չկա (վերջին կետին կարդրադառնամ քիչ ուշ): Այսպիսով, Մարգարիտան Քրիստոս-Մարիամ-վհուկ եռամիասնությունից բացի նաև նոր կյանք-կին-մայր եռամիասնության խորհրդանիշն է: Մեկը մյուսին չի բացասում, այլ լրացնում, խորացնում է Մարգարիտայի կերպարը: Սիրած կնոջ մեջ այս որակներն է խտացնում նաև Սևակը.

Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,

Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով` ընկեր (Սևակ, հ. 1, էջ 141):

Բուլգակովյան հերոսների պես Սևակն էլ զգում է ճշմարտության տագնապալի բացակայությունը և ցավով խոստովանում, որ այդ բացը երբեք չի լրացվի, ճշմարտության թագավորության ժամանակը չի գա: «Վարպետը և Մարգարիտան» վեպում կարդում ենք.

Ու կգա՞ ճշմարտության թագավորությունը:

Կգա, իգեմոն,- համոզված պատասխանեց Յեշուան:

Երբե՜ք  չի գա,- հանկարծ բղավեց Պիղատոսը (Բուլգակով, էջ 32):

Եվ ահա նույն միտքը Սևակի մոտ.

Ուհասկանում եմ, որ ես չե՜մ կարող

(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)

Լոկ մի՛ բան սարքել`

Այն միայն,

Ինչին Ճշմարտություն են կոչել աշխարհում (Սևակ, հ. 2, էջ 54):

Հաջորդ առնչությունը վախի սինդրոմն է, որ այնպես նրբորեն ներհյուսված է թե՛ Բուլգակովի, թե՛ Սևակի տեքստին: «Մարդկային արատների մեջ ամենագլխավորներից մեկը վախկոտությունն է» (Բուլգակով, էջ 342). ահա Յեշուայի` մահվան, ֆիզիկական չգոյության դատապարտված մարդու վերջին խոսքը: Վախ վաղվա օրվա հանդեպ, վախ, որ արշալույսը գուցե այդպես էլ վրա չհասնի, վախ չհասցնել որևէ բան, վախ ֆիզիկական սահմանափակի համար. վախերի այս շարքը գալիս է ենթագիտակցական այն զգացումից, որ Աստված լքել է մեզ այլևս: Սխալված կլինենք, եթե կարծենք, որ Յեշուայի խոսքը ուղղված է լոկ Պիղատոսին, այն ուղղված էր բոլոր ներկաներին` իրեն առաջին հերթին: Մեծն Յեշուան էլ վախենում է մահվանից. «Իգեմոն, գուցե ինձ ազատ արձակեիր,- անսպասելի խնդրեց բանտարկյալը, և տագնապ հաղորդվեց նրա ձայնին,- տեսնում եմ, ինձ սպանել են ուզում» (Բուլգակով, էջ 32): Ս. գրքում գրված է. «Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. այսինքն, Իմ Աստուած` իմ Աստուած, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Ավետարան ըստ Մատթեոսի, Գլ. ԻԷ, 46): Հետաքրքիր է, որ այս խոսքերը ավանդված են լոկ երկու ավետարանիչների` Մատթեոսի և Մարկոսի մոտ: «Ինչո՞ւ թողեցիր ինձ» և «գլխավոր արատներից մեկը վախկոտությունն է». վախը, որ Աստված գուցե լքել է քեզ: Սևակի մոտ կարդում ենք.

Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծմեռնեմ:

Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում (Սևակ, հ. 2, էջ 92):

Ըստ աստվածաշնչյան պատկերացումների` մարդու կյանքը մի ուղիղ գիծ է. գնալով մարդն ավելի ու ավելի է հեռանում սկզբից, և երբեք ոչինչ չի կրկնվում: Անցյալը ետևում է մնում մեկընդմիշտ, և վայ նրան, ով ետ կնայի, կքարանա Ղովտի կնոջ պես. «Եւ նորա կինը ետեւին մտիկ արաւ եւ աղի արձան դարձաւ» (Գիրք Ծննդոց, Գլ. ԺԹ, 26): Սակայն անցյալը ետ բերելու, քարացնելու, անցյալը մշտական բնակության տարածք դարձնելու ցանկությունը կա երկու հեղինակների մոտ էլ: Սատանայի հետ դաշն կնքած Մարգարիտան ասում է. «Խնդրում եմ մեզ կրկին վերադարձնել Արբատի նրբանցքի նկուղը և որպեսզի լամպը վառվի և որպեսզի ամեն ինչ լինի, ինչպես եղել է» (Բուլգակով, էջ 322): Այժմ Սևակի մոտ.

Ու եթե կետն ու գիծը միացնենք ,

Դու ի՞նչ ես կարծում,

Մի՞թե սլաքներն իմ ժամացույցի ետ-ետ չեն գնա,

Որպեսզիկրկին եղածը լինի

Ու ներկայանա անցյա՛լը դարձյալ (Սևակ, հ. 2, էջ 33):

Բուլգակովն իր վեպում ժամանակը, որպես այդպիսին, ընդհանրապես հերքում է` մեկ ակնթարթի մեջ դարեր տեղադրելով ու ակնթարթը ձգելով դարի չափ: Հետաքրքիր է հատկապես ժամանակի ըմբռնումը կամ անժամանակայնությունը սիրահարի համար. սպասմամբ լցված պահը հավերժություն է թվում. «Նա դռնակից ներս էր մտնում մեկ անգամ, իսկ մինչ այդ սրտի խփոց էի լսում տասն անգամ» (Բուլգակով, 156): Սևակի մոտ կարդում ենք.

Սպասում եմ: Մի պահ:

Մի պա՞հ: Թե՞ ողջ մի կյանք (Սևակ, հ. 2, էջ 144):

Մոտենում, ինչ-որ տեղ նույնանում են երկու հեղինակների մշակած սիրո կոնցեպցիաները: Գրողները սովորաբար խուսափում են զգացմունքները անվանելուց` դիմելով նկարագրությունների, ասոցիացիաների միջոցով զգացածը տեղ հասցնելու փորձված ձևին: Սակայն այդպես այս երկու հեղինակների դեպքում: Սերը որպես ամենքից և ամեն ինչից անկախ գոյություն է խուժում բուլգակովյան և սևակյան տեքստ` բարձրաձայնելով իր լինելու իրավունքը: Ընդ որում, թե՛ Սևակը, թե՛ Բուլգակովը սերը ներկայացնում են որպես անճանաչելի, անբռնելի, անչափելի երևույթ, որ հայտնվում է ամենաանսպասելի, չնախատեսված պահին:

Նա գալիս է միշտ էլ ճամփաներով անհա՛յտչքարտեզագրվա՜ծ,

Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:

-Սերն է:      (Սևակ, հ. 2, էջ 126)

        կամ

Նա եկավ հանկարծ:

Անշո՜ւնչ-անշշո՜ւկ, գողեգո՜ղ եկավ (Սևակ, հ. 6, էջ 224):

Կարծես նույն բանաստեղծության արձակ շարադրանքը լինեն բուլգակովյան հետևյալ տողերը կամ հակառակը. «Սերը դուրս պրծավ մեր առաջ, ինչպես մարդասպանն է դուրս պրծնում գետնի տակից, նրբանցքում, և խփեց երկուսիս էլ միաժամանակ: Այդպես կայծակն է խփում, այդպես ֆիննական դանակով են խփում» (Բուլգակով, էջ 155):

Ե՛վ Բուլգակովի, և՛ Սևակի մոտ հերոսները անդավաճան սպասում են կոնկրետ մեկին, ում չեն տեսել, բայց ճանաչում են վաղուց.

Դու միշտ ինձ համար եղել ես կյանքում,

Մի՜շտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով… (Սևակ, հ. 1, էջ 118):

Իսկ ահա վարպետը պատմում է, որ «դեղին ծաղիկները ձեռքին այն օրը ինքը (Մարգարիտան) դուրս էր եկել, որպեսզի վերջապես ես գտնեմ իրեն» (Բուլգակով, էջ 155): Ու այնպիսի զգացողություն է փոխանցվում ընթերցողին, որ սիրով անքակտելիորեն կապվածները նոր չէ, այլ դարեր առաջ են հանդիպել իրար.

Իսկ ինձանից

Ինչո՞ւ ես դու այսպես քաշվում և ամաչում,

Ի՜նչ է, մենք նո՞ր ծանոթացանք,

Իրար դեռ լավ չե՞նք ճանաչում:

Բայց, ամաչկոտ իմ սիրելի, ես քեզ գիտեմ

Ու սիրում եմ առնվազն մի 40

Կամ … 4000 կարճլիկ տարի (Սևակ, հ. 2, էջ 164):

Բուլգակովի մոտ կարդում ենք. «ես հանկարծ ու լիովին հասկացա, որ ամբողջ կյանքիս ընթացքում հենց այս կնոջն եմ սիրել» (Բուլգակով, էջ 154):

Սիրով կապվածները մի ամբողջություն են կազմում, և բավական է մեկը բացակայի, մյուսը կդադարի այլևս լինել:

Դու ի՛նձ չես մերժում:

Դու աշխատում ես ժխտել ինքդ քե՜զ (Սևակ, հ. 2, էջ 132):

Զգայական, անգամ սյուժետային զուգահեռը Բուլգակովի հետ ակնհայտ է. վարպետը շարունակաբար մերժում է Մարգարիտայի` իր հետ լինելու ցանկությունը` դրանով իսկ ժխտելով ինքն իրեն, իր գոյության իրավունքը: Հիշենք` ինչ է նա պատասխանում Իվան Անապաստանի, ապա Վոլանդի` իր անձին վերաբերող հարցերին. «Ես այլևս ազգանուն չունեմ» (Բուլգակով, էջ 151), «Ես ոչ ոք եմ հիմա» (էջ 320):

Բուլգակով-Սևակ գրական առնչությունները այսքանով չեն սահմանափակվում, առավել ևս, որ պոեմները, ինչպես նշեցի սկզբում, չեն ներառվել: Բայց և այնպես վերը թվարկվածն էլ, ըստ իս, բավական էր հաստատելու համար սևակագիտության մեջ այս երկու հեղինակների առնչությունները քննելու բացը լրացնելու պահանջը:

Ռուզաննա Ոսկանյան

Օգտագործված գրականություն

1.    Աստուածաշունչ մատեան հին և նոր կտակարանների, եբրայական և հունական բնագիրներից թարգմանուած, 1990թ.:

2.    Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Ե., 1985թ.:

3.    Ս. Գրիգորյան, Պարույր Սևակը և ԱստվածաշունչըՔրիստոնեությունը և հայ գրականությունը, Ե., 2001թ.:

5.    Ս. Սարինյան, Սերունդներ և ավանդներ, Ե., 1984թ.:

6.    Պ. Սևակ, Երկերի ժողովածու (6 հատորով), Ե., 1972-1976թթ.:

  • Created on .
  • Hits: 4842

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: