Գրականությունն ինքնին ճամփորդելու անավարտ տարածություն է, որտեղից քչերն են վերադարձել

Օրերս լույս է տեսել Արամ Պաչյանի էսսեների և պատմվածքների «Օվկիանոս» ժողովածուն (Երևան, «Անտարես», 2014), որն էլ առիթ դարձավ այս զրույցի համար:



Խոսենք արձակի ժանրերից: Էսսեն քո բնորոշմամբ ապագայի ժանր է: 
Ավելի շուտ, հնարավոր է, ապագայի ժանրը հենց ժանրի բացակայությունն է:
Արվեստի պատմությունը, որ ժանրերի անվանումներ է մեզ փոխանցել, հեղադարձության բնույթ ունի` քայքայում է, կազմաքանդում, հեռացնում է, հետո ինքնաստեղծում: Նրա համար վեպը այլևս վեպ չէ, էսսեն` էսսե չէ: 
էսսեն որպես ապագայի ժանր իմ բնորոշումը ավելի շատ կապված է վտանգի հետ:
Էսսե – այսինքն` փորձ, նաև փորձառություն, ծովահենություն, հանկարծական վտանգ, արկած, ինքնափորձություն: Եթե տարածության մեջ կարող ես հնարավորություններ համադրել` վավերագրության ու հորինվածքի մեկ լեզու ստանալ, արդեն արկած է, որն իր մեջ միշտ էլ վտանգավորության չափաբաժին ունի: Իսկ վտանգը գայղթակղիչ է:
Իտալո Կալվինոն Գալիլեի աշխատանքները դնում էր ժամանակի լավագույն գրական գործերի կողքին: Եթե հարցադրում անենք, օրինակ` 
Մելվիլի «Բարթլբին» պատմվա՞ծք է:
Հակոբ Օշականի «Մնացորդացը» վե՞պ է:
Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամբան» համայնավե՞պ է, թե՞ ուղեգրություն:
Կամ ինչու Աստվածաշունչը էսսե չէ՞: 
Երբ փոխանցվողին կասկածի տակ ես դնում, հիրերարխիան փուլ է գալիս, կորցնում է իր իշխանությունը և պարզվում են նոր ճանապարհներ: 
 
Եթե հարցադրումները անպատասխան չմնանա՞ն….
Մելվիլի «Բարթլբիի» ձևն ու բովանդակությունը համահավասար ուժգնությամբ մոռացության են մատնում ժանրային բոլոր կոչումները:
Օշականի «Մնացորդացը» գեղարվեստականության որևէ իմացյալ կանոնների չի ենթարկվում: Առաջին հատորի հենց առաջին էջերում Օշականը նույնիսկ գրում է այս ամենաթողության մասին: Օշականի ձայն «Մնացորդացում» ավելի բարձր է հնչում, քան վիպասանի ձայնը:
Զարյանի «Անցորդը և իր ճամբան» հենց համայնավեպ է: Այս բառը դեռ տարընթեևցում է պահանջում: Այստեղ զարյանական քմահաճության ցայտուն դրսևորում ենք տեսնում:
Աստվածաշունչը մոտենում է էսսեին և, ինչու ոչ, նաև լրագրողական ճկուն ռեպորտաժին: Սա այն բացառիկ գրքերից է, որ ամենապարզ ոճով է գրված, համարյա մարկեսական կամ, ավելի ճիշտ, հեմինգուեյական, կամ, ասենք, դոս պասոսական և այսպես շարունակ:

«Օվկիանոս» գիրքը:
«Օվկանոսը» գրելու միտում չի եղել, այն ավելի շուտ ինքնագրվել է, քանի որ տարիների ընթացքում մամուլում հրապարակել էի գրքում ներառած պատմությունները: Եվ դրանք մեկ միավորի մեջ էի ուզում տեսնել: Այս գիրքը, ինչպես նախորդ գրքերը, պարզապես գրելու փորձ է: Ես չեմ գրում. գրելու փորձեր եմ անում: Եթե իսկապես գրեմ, երբեք չեմ հրապարակի: Իսկ փորձի հրապարակումը նորից վերը հիշատակած «հանկարծական  վտանգի» մեջ հայտնվելու առիթ է: 

Ինչպե՞ս է ճանապարհորդությունը դառնում գրականություն: Վենետիկ: 
Ձյուն, ՉԷ:
 
Շվեյցարացի արձակագիր Ռոբերտ Վալզերի հետ կապված մի դեպք պատմեմ: Վալզերի հրատարակիչը գրողին առաջարկում է ճամփորդել Թուրքիա, կարծեմ` Ստամբուլ, և գրել դրա մասին: Վալզերը փակում է աչքերը, մի քանի րոպե հետո բացում է ու ասում.«Ճամփորդեցի պարոն, այդքան էլ հետաքրքրական չէր»:
Գրականությունը ինքնին ճամփորդելու անավարտ տարածություն է, որտեղից քչերն են վերադարձել:
«Վենետիկը» ինձ համար ակնթարթի արտապատկեր է, որի մեջ բացակայում են ճամփորդական ճշգրտությունները: Սա Վենետիկ քաղաքը չէ, այլևս ուրիշ քաղաք է, որ կառուցվել է իմ գիտակցության մեջ և բուն քաղաքի հետ առնչակցություններ չունի:
«Ձյուն» և «Չէ» գործերը քայլեր են ձերբազատվելու նույնականությունից: Մի քանի պարբերությամբ սղագրել պատմություն, որը բացակա է: Ձյան մասին այնքան շատ է գրվել, որ ես գրում եմ հույսով, որ կնպաստեմ դրա իսպառ անհետացմանը: «Չէ»-ի հերոսը՝ Չրկոն, որին սպանել է բանակը, վերադառնում է մի քանի տողով և հեռանում մի քանի տողով՝ ինչպես իր կյանքն էր:
 
Պատմվածքը:
Սոցիալական ժանր. երբեք ոչ բուրժուականության քիմքին հաճոյախոսող: Կապիտալիստական աշխարհի և նրա պարզագույն սպառողների համար վեպը դարձավ գրականության բարձրագույն դրսևորում շատ ժամանակ կրկնվելով, կորցնելով իր խտությունը, տրվելով, ենթարկվելով Սպառող Ունակի պահանջներին: Հաստափոր վեպեր գրելու համար կամ հարուստի զավակ պիտի լինես և գնես վեպերը գրելու ժամանակ, կամ բախտավոր աստղով արարված, մեկը, ով մոլորված եղջերուի պես դուրս է գալիս անծիր հնարավորությունների մի հովիտ՝ այսինքն համաշխարհային գրաշուկա ու շարունակում իր հաստափոր գրքերի ոդիսականը, քանզի հաջողությունը համաշխարհային գրաշուկայում ևս նշանակում է ժամանակի գնում՝ հաջորդ վեպի համար: Կամ պիտի գրես, որովհետև այդպես է պետք քո պատմությանը և այլ ելք չկա: Իսկ պատմվածքի ժանրը խիզախների ժանր է, ովքեր ապրելու ու գրելու համար սակավ ժամանակ ունեն և պիտի կարողանան փոխացել՝ ամենաէականը, փոխանցել՝ միայն կենտրոնը: Պատմվածքը մահվան ժանրն է:
 
Քո վեպը:
Սահմանափակ աշխարհաքաղաքական դիրքի ու սահմանափակ իրականության <----  պատճառով ես ցավոք սրտի, աղի արտասուքներ թափելով, գիշերուզոր տվայտվելով, միտքս պատեպատ տալով՝ ստիպված եմ դրվագային մտածողություն կրել և գրել դրվագային վեպ, քանի որ ինձ ավելի հարազատ է Ռոլան Բարտի «դրվագայնության շրջանակը»... այսինքն` սկսելու հաճույքը... ինչքան շատ դրվագ՝ այդքան շատ նոր սկիզբ... ուստի իմ վեպին ես կարող եմ անվանումներ տալ`
երազավեպ
վեպ-բացիկ 
proto-roman
epistolary novel
վեպ-մարմին՝ առանց օրգանների /Անտոնեն Արտո/
բեկորավեպ
ինչ-որ բնագրերի հավաքածու
տեսքտեր
պարբերություններ
նախադասություններ
բառեր
նշաններ
և այսպես շարունակ, այսինքն՝ (… վեպ՝ ընդունելի... հաստատված... ապահով...  բուրժուական... 
էպիկական....) ես չեմ գրում:  Վեպը միայն այն չէ, որ մեզ փոխանցվել է, միայն մեր ճանաչածը չէ.
վեպը անօգտագործելի ազատություն է:
Զրուցեց Լիլիթ Կարապետյանը 
  • Created on .
  • Hits: 3575

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: