Արամ Պաչյան

հայ
aram pachyan
     Արամ Պաչյանը ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ 1999-2004թթ.-ին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին: 2003 թվականին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին` ճանաչվելով որպես լավագույն բանախոս: 2004-2006թ թվականին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում, այնուհետև 2008 թվականից աշխատել է իրավապահ մարմիններում: 2009 թվականին դուրս է եկել աշխատանքից` որոշելով զբաղվել միայն գրականությամբ: Առաջին անգամ տպագրվել է 2007 թվականին «Գրական թերթում», հետագայում պատմվածքները պարբերաբար տպագրվել են` «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում: 2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին անգամ արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թվականին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին: 2009 թվականին Արամ Պաչյանի պատմվածքները ընդգրկվել են արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» ժողովածուում: 2010 թվականին Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ` 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար: 2010 թվականին լույս է տեսել «Ռոբինզոն և 13 պատմվածք» պատմվածքների ժողովածուն (Երևան, «Գրական էտալոն»), 2012-ին` «Ցտեսություն, Ծիտ» վեպը (Երևան, «Անտարես»):