Ուրուագիծ դիմանկարի համար. Մշո Գեղամ

Մշո Գեղամ (Գեղամ Տեր-Կարապետեան), 1865 Մշո դաշտ, Խեյբիան,– Կ․Պոլիս, 1925
Ծննդեան 160-ամեակի առթիւ
Մշո Գեղամի ուսումնասիրելիության արժան ազգային, քաղաքական, գրական, հրապարակագրական գործունեությունը ի ցավ սրտի տակավին ըստ արժանվույն չի գնահատվել, մանավանդ որ արևմտահայ գրականության պատմության մեջ նրա թողած գրական ժառանգությունը հիրավի քննարժան է հետևյալ առումներով։ Նախ նա այն սակավաթիվ գրողներից է, որի ստեղծագործություններով արևմտահայ գյուղը այնպիսի տեսանելիությամբ է պատկերված, որ ընթերցողը անճանաչ լինելով գավառական բարքերին, ավանդույթներին, մարդկային հոգեբանություններին՝ հայ մարդոց ողբերգականություն ապրող, բայց կենսունակություն դրսևորող, իրենց ինքնությունից անհրաժարյալ, անհատական և հավաքական նկարագրերին, ընթերցողին համակում են կարոտի-կարոտաբաղձության զգացումներով, և պատահական չէ, որ ընդհանուր առմամբ արևմտահայ գյուղագիրներին, ի թիվս Մշո Գեղամին, համարում են կարոտի գրականության ներկայացուցիչներ, իսկ ավելի ճշգրիտ՝ կորսված հայրենի եզերքի նվիրյալ-ասացողներ։
Մշո Գեղամը 19-րդ դարավերջի ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից էր, ՀՅԴ անդամ, թերևս միակը, որ մերձիմահ վիճակի պատճառով 1915թ․ չի տարագրվել։
Ապագա գրողը, հրապարակագիրը սկզբնական կրթությունը ստացել է Մուշի Ս․Կարապետի ժառանգավորած դպրոցում, այնուհետև ուսումնառությունը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում /1885-1887թ․թ․/, որտեղ աշակերտել է նշանավոր գրողների, հայագետների՝ ստանալով գրական-իմացաբանական զարգացում, բայց մտովի միշտ իր ծննդավայրը՝ հողի մշակները, գյուղական աշխարհի, բնության աներևակայելի տեսարանները, որոնք նրա նովելներում այնպես հուզավառ զգայնություններով են պատկերված, հոգեբանորեն դրվագված, որ երևակայորեն ակամա հայտնվում ենք մեր նախնյաց ոգեկերտ աշխարհում։
Մշո Գեղամը ազգային-հանրային գործունեությունից անմասն չի մնացել, եղել է Մուշի Առաջնորդարանի քարտուղար /1896-1908թ․թ․/, այս համգամանքը հիմք է հանդիսացել, որ սերտորեն հարաբերություններ հաստատի հայ հեղափոխական գործիչների հետ։ Ժամանակակիցների վկայությամբ չի հանդուրժել Մուշի գավառապետ Մուսա Բեկի վարած հակահայ քաղաքականությունը, նույնիսկ դատի է տվել նրան, այնուհետև հեռացել է Տիգրանակերտ։ Այսպիսով, մշտաբար եղել է գյուղական հայ կյանքի թոհուբոհում, մեծ ճիգերի գնով Տարոնի գյուղերում բացել է բազմաթիվ դպրոցներ։ Ազգային-հանրային կյանքում կատարած նպաստաբեր գործունեության համար, երիտթուրքական հեղաշրջումից հետո /1908թ․/, չնայած վատառողջ, ընտրվել է Օսմանյան խորհրդարանի երեսփոխան /1915թ․/։
Մշո Գեղամի նովելները, հատկապես այդ տարիներին չափազանց խնդրահարույց՝ հողի և հողեմշակությանը վերաբերող բազում հոդվածներ, բանասիրական ուսումնասիրություններ հրատարակվել են հետմահու /«Տարոնի աշխարհի պատկերներն ու պատմուածքները», 1931թ․/։ Ուշարժան և դարասկզբի արյունահեղությունները պատկերող հուշամատյան է Իթթիհատական պարագլուխներ Թալեաթին և Էնվերին դատապարտող՝ «Ապրիլյան կոտորածը» երկը, 1933թ․/։
Մշո Գեղամի գրական-հրապարակագրական ժառանգությունը ոչ միայն իր ապրած ժամանակաշրջանի ընդգրկուն համապատկերն է, այլ նաև նշանակալից է գրողի արտահայտչագեղ լեզվամտածողության, մանավանդ ոճաստեղծման առումով։ Նրա մեթոդաբանությունը կարելի է անվարան կոչել՝ հողեղեն։ Սա բնորոշ է գրեթե բոլոր արևմտահայ կարոտ արթնացնող գրող-գյուղագիրներին՝ Երուխանին, Առանձարին, Համաստեղին, Արամ Հայկազին, Հակոբ Մնձուրուն։ Հայրենի եզերքի ասքը սերունդներին փոխանցելու առաքելությունը ստանձնած գրողներին և ի դեմս նաև Մշո Գեղամին։
Արթուր Անդրանիկեան
+374 94 423 159
+374 91 423 159
- Hits: 114