Ուրուագիծ դիմանկարի համար. Յովհաննէս Ասպետ (Կ․Պոլիս, 1874-1932, Ժնև)

Յովհաննէս Ասպետի (Օննիկ Չիֆթէ-Սարաֆ) ուսումնառությունը, ինչպես մի շարք այլ երևելի գրողների, պատմագետների, մտավորականների նույնպես անցել է Կ․Պոլսի նշանավոր Կեդրոնական վարժարանում, վարժարան, որի կրթամշակութային բացառիկ գործունեությունը տակավին շարունակվում է․․․
Գրող, հրապարակագիր, մատենագիր, թարգմանիչ, հրատարակիչ Յովհաննէս Ասպետը Մեծ եղեռն վերապրած այն մտավորականներից է, որը արևմտահայ գրականության պատմության մեջ բացառապես հայտնի է իր «Միամիտի մը արկածները» վեպով։
Որոշ ժամանակ Եւրոպայում ապրելուց հետո, Զինադադարին հաջորդած տարիներին, Յ․Ասպետը Կ․Պոլսում զբաղվում է խմբագրական, հրատարակչական գործունեությամբ՝ աշխատակցելով «Վերջին լուր» օրաթերթին, իսկ 1919թ․ «Հայ միտք» ազգային, հանրային, գրական շաբաթաթերթին։ Գուցե զարմանալի թվա, բայց 1915թվականից հետո Կ․Պոլսում, ինչպես նաև արևմտահայ այլ քաղաքներում չէր դադարում գրական, գրահրատարակչական գործունեությունը, կար այդ ժամանակի համար ազգային-դարձակետային խնդիրները արծարծելու հնարավորություններ, ըստ այդմ ստեղծվել էր հանրային կարծիք ձևավորելու մի յուրօրինակ միջավայր։
Յովհաննէս Ասպետը ազգային-հանրային կյանքից անմասն չի մնացել՝ ընտրվելով Կ․ Պոլսի Ազգային Երեսփոխանական ժողովի երեսփոխան՝ Գատը գյուղից, միևնույն ժամանակ նրան, իբրև արդեն հանրածանոթ ազգային մտավորականի, վստահվում է նույն ժողովի ատենադպիրությունը։
1922թ․ Յ․Ասպետը Հունաստանից անցնում է Մարսել և որոշ ժամանակ այնտեղ ապրելուց հետո, 1928թ․ տեղափոխվում է Ժնև։ Ազգային խնդիրներով ապրող գրողին մտահոգում են հետեղեռնյա տարիներին ճարահատյալ իրենց բնօրրանից տեղահանված, անհուսության մատնված հայորդիների ճակատագիրը և կյանքի վերջին տարիներին ստանձնում է ժնևյան «Ֆուաե Հայաստան» որբանոցի տնօրինությունը։
Այսօր էլ սփյուռքյան մամուլում, հանդեսներում հրատարակվում են Յովհաննէս Ասպետի հրապարակագրական ժառանգությունից։ Եւ սա վկայությունն է այն բանի, որ գրող-հրապարակագիրը ստեղծագործական ուրույն, բեղմնավոր ուղի է անցել։ Ի ցավ սրտի արձանագրենք, որ տակավին համահավաքված և հրատարակված չեն նրա ստեղծագործությունները։
1900-ական թվականների սկզբին, երբ հրատարակվեց «Միամիտի մը արկածները» վեպը, արևմտահայ մամուլում բազմաթիվ հիացական, վերլուծական հոդվածներ տպագրվեցին։ Շատ հոդվածագիրներ այն կարծիքին էին, որ «Անիկա մեզի սպասել կու տա իր հաջորդներու», բայց ավաղ, այս վեպով սկսվեց և ավարտվեց գրողի ստեղծագործական կյանքը։
1908թ․ Կ․Պոլսի «Մասիս» շաբաթաթերթում (թիվ 12-13) տպագրվեց Զապէլ Եսայեանի վեպն արժևորող հոդված, ուր մեծանուն գրողը մանրազնին ուսումնասիրելով տիպական կերպարի տիպական հանգամանքներում հայտնվելը՝ իրավիճակները գնահատում է հատկապես գրողի ստեղծագործական ոճին առնչվող մի շարք խնդիրների խորապատկերի վրա։ Վեպի առաջաբանը գրել էր Արտաշես Հարությունյանը, որտեղ չափազանց ուշարժան վերլուծակերպով բացահայտում է Յովհաննէս Ասպետ-Օննիկ Չիֆթէ-Սարաֆի գրողական մտածողության, վեպը գրելու «գաղափարական» շարժառիթների հետ առնչվող այլևայլ հանգամանքներ՝ «տեղազննելով» վեպի հերոսի՝ Յովհաննէս Տոհմիկի խառնվածքը։ Եւ թե նրա միջավայրի ու իր միջև եղած հակասությունների դրդապատճառները, որոնք հասարակական բարդ հարաբերությունների արգասիք են։
Այսպիսով, հանգելով այն եզրակացության, որ, ընդհանրապես, ցանկացած վեպ վերլուծելիս, մասնավորապես «Միամիտի մը արկածները» վեպի պարագային, չպետք է կառչել միայն հերոսի անձնային, միջանձնային մանրամասներից, այլ խնդիրը վեպի հերոսի վարմունքը գնահատելը և կամ չգնահատելն է․ «Մարդիկ կան, որոնց համար Տոհմիկ ապշեցուցիչ տիպար մըն է, եթե իրականին մեջ գոյություն ունենար ան, կիները պիտի խենթենային և մարդիկ պիտի հիանային իր վրա։ Իմ կարծիքով՝ ոչ ոմանց արհամարհանքը և ոչ ալ ուրիշներու հիացմունքը չէ որ շահեկան է։ Խնդիրը այն է, թե արվեստի տեսակետով այդ տիպարը ներկայացված պարագաներուն զինքը նախապատրաստած միջավայրին՝ իր հստակ խառնվածքին բնական արդյունքն է․․․ Մեկ խոսքով պետք է փնտրենք հեղինակին դիտավորությունները․․․»։ Այսինքն՝ իրականի և անիրականի գաղափարական մտայնությունները, որով «առաջնորդել» է Յովհաննէս Ասպետը իր հերոսին կամ գուցե իր երկրորդ «Ես»ին։
Այնուհանդերձ, այս վեպը բացառիկ է արևմտահայ վիպագրության պատմության մեջ, վերահրատարակելու դեպքում այսօր էլ կունենա ընթերցողական չափազանց լայն շրջանակներ։
Արթուր Անդրանիկեան
+374 94 423 159
+374 91 423 159
- Hits: 1649