Երեք մոտիվ` երեք տաղ. Հայկազ Զաքարյան
Լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու Հայկազ Զաքարյանը (1930-2007 թթ․) անգլերեն և ֆրանսերեն է ուսուցանել Վարդենիսի, Ալավերդու, Երևանի մի շարք դպրոցներում, իսկ 1967 թվականից մանկավարժություն և ֆրանսերեն է դասավանդել ԵՊՀ-ում և մայրաքաղաքի այլ բուհերում։ Գիտնականը զբաղվել է նաև թարգմանչական աշխատանքով։
Ներկայացնում ենք Հայկազ Զաքարյանի թարգմանած երեք բանաստեղծություն, առաջին երկուսը՝ ֆրանսիական, երրորդը՝ իրանական գրականությունից։
Լըկոնթ դը Լիլ
Իմ ծննդավայրին
Քեզ լքում եմ հար ու հավետ, օվկիանոսի դուստր չքնաղ,
Կոհակները միշտ սիրալիր քեզ շոյում են լուսաշաղախ,
Քեզ՝ անդորր ու երջանկություն, իմ առաջին հայրենի տուն,
Կապուտակնյա քո ջրերը ես թողնում եմ՝ տեսքով փայլուն,
Քո աստղալից երկինքների սավանները հար հմայիչ
Եվ բոցեղեն գիշերների կախարդական ճիչը դյութիչ,
Մարջանագույն քո խութերը ստվերի մեջ, ուր ծփանքը
Սեգ լեռների արձագանքին նետում է իր հնչերանգը․․․
Բայց Ֆրանսիան աչքերիս մեջ բարբառում է իմ ապագան,
Օ՛, իմ կյանքն եմ տալիս նրան, քեզ՝ հուշերս նվիրական։
Ալֆոնս դը Լամարթին
Թիթեռնիկը
Ծնվել անուշ գարնան հետ, ալ վարդերի հետ մեռնել,
Զով զեփյուռի թևերին լողալ երկնում լուրթ ու ջինջ,
Արբել բույրից, վառ լույսից, տեսնել լազուր ու լեռներ,
Եվ ճոճվելով նորաբաց ծաղիկների նուրբ լանջին,
Իր թևերի նոր փոշին օրորելով դեռ ջահել՝
Կամարներում հավերժի որպես ոգի թռչկոտել․
Ճակատագիր կախարդված՝ թիթեռնիկից անբաժան,
Որ նման է տենչանքի՝ անիրական, անավարտ,
Ծաղկեցնելով սար ու ձոր, բայց իր իղձը անկատար՝
Համբարձվում է նա երկինք ու որոնում է բերկրանք։
Ժալե
Գնացիր․․․
Գիշերային ասուպի պես շողշողացիր ու անցար,
Վրաս հայացք նետեցիր, մեղմ ժպտացիր ու անցար,
Ես շիկնեցի, վառվեցի քո նայվածքի կրակից,
Սրտիս հուրը գաղտնածածուկ դեմքիս տեսար ու անցար,
Մի ակնթարթ դու փթթեցիր՝ հանց վաղ գարնան նոր ծաղիկ,
Եվ ինձ մի կյանք պարգևեցիր լոկ որպես հուշ ու անցար,
Թե, անգինս, դու չունեիր խոցվածիս հետ սրտով սեր,
Ինչո՞ւ մոլար վիճակիցս լուր տենչացիր ու անցար։
Դու գնացիր, ես մնացի սիրո մոլար կածանում,
Շվար տեսքս նշմարեցիր, դու ցոլացիր ու անցար։
- Hits: 36897