Մեխված դուռը. Խուլիո Կորտասար
Պետրոնեն սիրեց «Սերվանտես» հյուրանոցը հենց այն պատճառներով, որոնք ուրիշներին կարող էին դուր չգալ։ Մռայլ, հանգիստ, գրեթե ամայի հյուրանոց էր։ Շոգենավի վրա պատահական ճամփակիցներից մեկն էր խորհուրդ տվել՝ ասելով, որ այն Մոնտեվիդեոյի[1] կենտրոնում էր գտնվում։ Պետրոնեն երկրորդ հարկում գտնվող լոգասենյակով համար վարձեց, որից անմիջապես կարելի էր նախասրահ դուրս գալ։ Հայացք գցելով բանալիներով տախտակին՝ հասկացավ, որ քիչ մարդ կար հյուրանոցում։ Յուրաքանյուր բանալուն սենյակի համարով բրոնզե սկավառակ էր ամրացված, որոնց պատճառով կենվորները չէին կարողանում դրանք գրպանը դնել։
Վերելակը ընդունարանի դիմացն էր, որտեղ գտնվում էին օրվա պարբերականների ցուցափեղկն ու հեռախոսահամարների տախտակը։ Պետրոնեի սենյակը դրանցից մի քանի մետր այն կողմ էր։ Ծորակից հոսող ջուրը տաք էր, ինչը փոխհատուցում էր արևի և օդի բացակայությունը։ Սենյակում փոքրիկ պատուհան կար, որը հարևանությամբ գտնվող կինոթատրոնի տանիքին էր նայում, որտեղ երբեմն մի աղավնի էր թռվռում։ Լոգասենյակում շատ ավելի մեծ պատուհան կար, բայց այստեղ էլ հայացքը պատին էր դեմ առնում, իսկ երկնքի հեռավոր պատառիկը գրեթե անպետք էր թվում։ Կահույքը լավն էր, արկղերի և դարակների քանակն ավելի քան բավարար էր։ Եվ որքան էլ տարօրինակ էր, մեծ քանակությամբ կախիչներ կային։
Հյուրանոցի կառավարիչը բարձրահասակ, նիհար և ճաղատ տղամարդ էր։ Ոսկեգույն շրջանակով ակնոց էր կրում և ուրուգվայցիներին բնորոշ բարձր ու հնչեղ ձայնով էր խոսում։ Նա ասաց Պետրոնեին, որ երկրորդ հարկում շատ հանգիստ էր, միայն հարևան սենյակն էր զբաղված, որտեղ մի միայնակ կին էր ապրում, որն ինչ-որ տեղում էր աշխատում և շատ ուշ էր վերադառնում հյուրանոց։ Հաջորդ օրը վերելակում Պետրոնեն հանդիպեց այդ կնոջը։ Բանալու համարանիշով հասկացավ, որ նա էր, որն այնպես էր բռնել, ասես մեծ ոսկե կոպեկ էր պահում ձեռքում։ Դռնապանը վերցրեց նրանց բանալիները, կախեց տախտակից և ինչ-որ նամակների մասին սկսեց խոսել կնոջ հետ։ Պետրոնեն հասցրեց նկատել, որ դեռ երիտասարդ էր, խղճուկ և վատ էր հագնված, ինչպես բոլոր տեղացի կանայք։
Գունաքարեր արտադրողների հետ գործարքը մոտավորապես մի շաբաթ էր տևելու։ Երեկոյան Պետրոնեն հագուստը պահարանում դասավորեց, թղթերը՝ գրասեղանին, իսկ լոգանք ընդունելուց հետո գնաց կենտրոնում զբոսնելու, քանի որ մինչև գործընկերների հետ հանդիպումը դեռ մեկ ժամ կար։ Օրը բանակցություններով, ընդմիջումներին սրճարաններում կոկտեյլներ խմելով և ավագ գործընկերոջ տանը ճաշելով անցավ։ Ժամը երկուսին մոտ նրան հյուրանոց բերեցին։ Քանի որ հոգնած էր, պառկեց և անմիջապես քնեց։ Երբ արթնացավ, համարյա ժամը ինն էր, և առաջին պահին, երբ դեռ գիշերային երազների մեջ էր, մտածեց, թե գիշերվա կեսին նրան ինչ-որ մեկի լացի ձայնն էր անհանգստացրել։ Դուրս գալիս ընդունարանի աշխատակցի հետ զրուցեց, որը գերմանական ակցենտով էր խոսում։ Մինչ վերջինս ավտոբուսների երթուղիների և փողոցների անունների մասին էր տեղեկացնում, Պետրոնեն մտացիր կերպով հսկայական նախասրահն էր ուսումնասիրում, որի վերջում իր և միայնակ տիկնոջ սենյակի դռներն էին։ Երկու դռների միջնապատի մոտ՝ պատվանդանի վրա, Միլոսյան Վեներայի արձանի խղճուկ կրկնօրինակն էր դրված։ Կողքի պատին մեկ այլ դուռ կար, որը դեպի բազկաթոռներով և լրագրասեղաններով սրահ էր տանում։ Երբ աշխատակիցն ու Պետրոնեն լռեցին, հյուրանոցի լռությունն ասես թանձրացավ և մոխրի նման սկսեց նստել կահույքին և սալիկներին։ Վերելակից ճարճատյունի ձայն էր գալիս՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին էին պարբերականի էջերը թերթելու աղմուկը կամ լուցկու ճռթճռթոցը։
Խորհրդակցությունները երեկոյին մոտ ավարտվեցին, և Պետրոնեն մինչև Անկախության հրապարակի պանդոկներից մեկում ընթրելը մի փոքր զբոսնեց Հուլիսի 18-ի փողոցով։ Ամեն բան լավ էր ընթանում, և հնարավոր է` սպասվածից շուտ կարողանար Բուենոս Այրես վերադառնալ։ Արգենտինական պարբերական ու մի տուփ սև ծխախոտ գնեց և դանդաղ քայլեց դեպի հյուրանոց։ Հարևանությամբ գտնվող կինոթատրոնում երկու ֆիլմ էին ցուցադրում, որոնք արդեն տեսել էր, բացի այդ՝ իրականում ոչ մի տեղ գնալու ցանկություն չուներ։ Կառավարիչը ողջունեց նրան, երբ Պետրոնեն անցնում էր վերջինիս մոտով, և հարցրեց՝ արդյոք հավելյալ սպիտակեղենի կարիք կար, թե ոչ։ Մի փոքր զրուցեցին, ծխախոտ ծխեցին և հրաժեշտ տվեցին միմյանց։
Քնելուց առաջ Պետրոնեն կարգի բերեց թղթերը, որոնցից օգտվել էր օրվա ընթացքում, և պարբերական կարդաց՝ առանց հատուկ հետաքրքրության։ Հյուրանոցում անասելի լռություն էր․ Սորիանո փողոցով իջնող տրամվայների աղմուկը ժամանակ առ ժամանակ խախտում էր այն, իսկ հետո այն էլ ավելի էր սաստկանում։ Հանգիստ, բայց որոշակի անհամբերությամբ պարբերականը աղբամանը նետեց և հանվեց՝ մտացիր կերպով ինքն իրեն պահարանի հայելու մեջ նայելով։ Բավականին հին պահարան էր, որը հարևան սենյակ տանող դռանն էր ամրացված։ Պետրոնեն զարմանքով նկատեց դուռը, որը վրիպել էր նրա աչքից սենյակում առաջին անգամ շրջելիս։ Սկզբում ենթադրել էր, թե կառույցը հյուրանոցի համար էր նախատեսված, բայց այդ պահին հասկացավ, որ այն, ինչպես շատ այդպիսի համեստ հյուրանոցներ, հին գրասենյակում կամ ընտանեկան տանն էր տեղակայված։ Եթե մտածենք, բոլոր հյուրանոցներում, որոնցում երբևէ եղել էր (իսկ դրանք շատ էին), յուրաքանչյուր համար մեխված դուռ ուներ, որը երբեմն աչքի առաջ էր լինում, իսկ մնացած դեպքերում՝ գրեթե միշտ պահարանի, սեղանի կամ կախիչի հետևում։ Դա, ինչպես որ տվյալ դեպքում, դռանը որոշակի երկիմաստություն էր հաղորդում՝ իր գոյությունը թաքցնելու ամոթխած ցանկություն, ինչպես որ կինը, որը կարծում է, թե փակում է իրեն՝ ձեռքը փորին կամ կրծքին դնելով։ Ամեն դեպքում դուռն այնտեղ էր և երևում էր պահարանի հետևից։ Ժամանակին մարդիկ մտնում և դուրս էին գալիս այդ դռնով, ծեծում էին այն, փակում, կյանք տալիս, որը շարունակում էր գոյություն ունենալ փայտի մեջ, որն այդքան տարբերվում էր պատերից։ Պետրոնեն պատկերացրեց, թե մյուս կողմում նույնպես պահարան կար, և սենյակի տիրուհին նույն կերպ էր մտածելու դռան մասին։
Հոգնած չէր, բայց հաճույքով քնեց։ Երեք-չորս ժամ անցավ, երբ անհարմարավետության ինչ-որ տարօրինակ զգացում արթնացրեց նրան, ասես ինչ-որ անհանգստացնող և բարկացնող բան էր կատարվել։ Միացրեց լուսամփոփը, տեսավ, որ արդեն երկուսն անց էր, և նորից անջատեց այն։ Այնուհետև հարևան սենյակից երեխայի լացի ձայն լսվեց։
Սկզբում բան չհասկացավ։ Հետո ուրախացավ․ ուրեմն՝ նախորդ գիշեր այդ երեխան էր նրան անհանգստացրել։ Ամեն ինչ պարզ դարձավ, կարելի էր նորից քնել։ Բայց հետո ուրիշ միտք ծագեց նրա գլխում. առանց լույսը միացնելու դանդաղ նստեց անկողնում՝ ականջ դնելով։ Չէր թվացել, լացի ձայնը հարևան սենյակից էր։ Ձայնը մեխված դռան հակառակ կողմից էր գալիս, որը սենյակի այն հատվածում էր, որին համապատասխանում էր մահճակալի ոտնակողմը։ Բայց հարևան սենյակում երեխա չէր կարող լինել․ կառավարիչը հստակ ասել էր, որ տիկինը միայնակ էր ապրում և գրեթե ամբողջ օրը աշխատանքի էր լինում։ Մի պահ Պետրոնեի մտքով անցավ, որ հնարավոր էր այդ գիշեր ինչ-որ բարեկամուհու կամ ընկերուհու երեխայի մասին էր հոգ տանում։ Նախորդ գիշերվա մասին մտածեց։ Այդժամ արդեն վստահ էր, որ արդեն լսել էր այդ լացը, որովհետև այն սովորական լաց չէր, որը հազիվ թե կարելի լիներ ուրիշ բանի հետ շփոթել․ ավելի շուտ թույլ հեծեծանքների, աղիողորմ խռխռոցների ոչ կանոնավոր հաջորդականություն էր, որն ուղեկցվում էր կարճ նվնվոցներով, ասես երեխան սաստիկ հիվանդ էր։ Պետք է որ մի քանի ամսական լիներ, չնայած որ նորածինները խզզան, հանկարծակի ու շնչահեցձ ձայնով են լացում։ Պետրոնեն, ինքն էլ չիմանալով, թե ինչու, պատկերացրեց, որ տղա երեխա էր՝ թուլակազմ և տկար, տանջահար դեմքով և դանդաղաշարժ։ Հենց դա էր գիշերները լաց լինում, ամոթխած բողոքում՝ առանց չափից ավելի ուշադրություն գրավելու։ Եթե չլիներ մեխված դուռը, լացի ձայնը չէր լսվի հաստ պատերի այն կողմից, և ոչ ոք չէր իմանա, որ հարևան սենյակում երեխա էր լացում։
Առավոտյան՝ նախաճաշելիս և ծխախոտ ծխելիս, Պետրոնեն որոշ ժամանակ մտածում էր այդ մասին։ Վատ քունը խանգարում էր նրա ցերեկային աշխատանքին։ Գիշերը երկու անգամ արթնացել էր, երկու անգամն էլ` լացի ձայնից։ Երկրորդ անգամ ավելի վատ էր, որովհետև բացի լացից՝ կնոջ ձայն էլ էր լսվում, որը փորձում էր հանգստացնել երեխային։ Ձայնը շատ ցածր էր, բայց տագնապի հնչերանգ ուներ, որը թատերական էր դարձնում այն, իսկ շշուկն այնքան բարձր էր լսվում, որ թվում էր՝ կինը բղավում էր։ Երեխան մի քանի վայրկյան անձնատուր էր լինում օրորին, իսկ հետո վերսկսվում էին անմխիթար տագնապն ու խռպոտ, աղիողորմ լացը։ Իսկ կինը նորից անհասկանալի բառեր՝ մայրական հմայախոսքեր էր փնթփնթում, որպեսզի հանգստացներ կյանքից կամ մահվան վախից, ֆիզիկական կամ հոգևոր ցավից տանջվող որդուն։
«Այդ ամենը շատ հաճելի է, բայց կառավարիչը խաբել էր ինձ»,- մտածում էր Պետրոնեն սենյակից դուրս գալիս։ Սուտը նյարդայնացնում էր նրան, և նա չթաքցրեց դա։ Կառավարիչը աչքերը հառեց նրան․
-Երեխա՞։ Հավանաբար ինչ-որ բան շփոթում եք։ Այս հարկում ոչ մի փոքրիկ երեխա չկա։ Արդեն ասել եմ, որ մեն-միայնակ կին է ապրում Ձեր կողքին։
Պետրոնեն երկմտեց պատասխանելուց առաջ։ Կա՛մ կառավարիչը ուղղակի ստում էր նրան, կա՛մ հյուրանոցի լսելիությունը չար կատակ էր խաղացել նրա հետ։ Կառավարիչը որոշակի կշտամբանքով էր նայում նրան, ասես այդ ամբողջ բողոքարկումը զայրացնում էր նրան։ «Երևի կարծում է, թե ամաչկոտ եմ, և պատրվակ եմ փնտրում, որպեսզի ուրիշ սենյակ տեղափոխվեմ»,- մտածեց Պետրոնեն։ Դժվար և ուղղակի անիմաստ էր պնդել այն, ինչ այդպես կտրուկ հերքում էին։ Նա թոթվեց ուսերն ու պարբերական խնդրեց։
-Երազում եմ տեսել, - ասաց Պետրոնեն՝ նյարդայնանալով, որ պետք էր ինչ-որ բան բացատրել։
Կաբարեում անփարատ ձանձրույթ էր, իսկ նրա երկու սեղանակիցներն այդքան էլ մեծ խանդավառությամբ չէին հյուրասիրում նրան, այնպես որ Պետրոնեն հեշտությամբ պատճառաբանեց, թե հոգնած էր և վերադարձավ հյուրանոց։ Պայմանավորվեցին հաջորդ օրը` երեկոյան, ստորագրել պայմանագրերը․ գործերը համարյա ավարտված էին։
Հյուրանոցի ընդունարանում այնպիսի լռություն էր, որ Պետրոնեն ոտքերի մատների վրա գնաց դեպի իր սենյակ։ Մահճակալի կողքին երեկոյան պարբերականն ու Բուենոս Այրեսից եկած նամակ էին թողել։ Պետրոնեն ճանաչեց կնոջ ձեռագիրը։
Պառկելուց առաջ նայեց պահարանին և դրա հետևից երևացող դռան հատվածին։ Եթե իր երկու ճամպրուկները պահարանի վրա դներ՝ փակելով այդ հատվածը, հարևան սենյակից եկող աղմուկը գուցե լռեր։ Ինչպես միշտ, այդ ժամին ոչ մի ձայն չէր լսվում։ Հյուրանոցը քնել էր․ քնած էին և՛ իրերը, և՛ մարդիկ։ Բայց վրդովված Պետրոնեին թվում էր, թե ամեն բան հակառակն էր, ոչինչ և ոչ ոք քնած չէր, ինչ-որ բանի էր սպասում այդ լռության կենտրոնում։ Նրա չարտահայտված անհանգստությունը հավանաբար փոխանցվում էր և՛ տանը, և՛ մարդկանց՝ հետապնդելով նրանց։ Անհեթեթություն։
Պետրոնեն գրեթե չզարմացավ, երբ գիշերվա ժամը երեքին նորից լսվեց երեխայի լացը։ Անկողնու մեջ նստելով՝ մտածեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի կանչել պահակին, որպեսզի վերջինս վկայեր, որ այդ հարկում անհնար էր քնել։ Երեխան այնքան կամաց էր լացում, որ մի պահ անլսելի էր, բայց Պետրոնեն զգում էր, որ լացը շարունակվում էր և շատ շուտով նորից էր պոռթկալու։
Անցավ տասը կամ քսան անվերջանալի վայրկյան․ հետո կարճ զկռտոց լսվեց, հազիվ որսալի հառաչանք, որն այնքան երկարեց, որ իսկական լացի վերաճեց։
Ծխախոտ ծխելով՝ մտածեց, որ կարող էր մի քանի անգամ աննկատ ծեծել պատը, որպեսզի կինը լռեցներ երեխային։ Բայց երբ մտածեց և՛ կնոջ, և՛ երեխայի մասին, հասկացավ, որ չէր հավատում, որքան էլ, որ տարօրինակ էր, չէր հավատում, որ կառավարիչը խաբել էր իրեն։ Արդեն լսվում էր կնոջ ձայնը, որը խեղդում էր երեխայի լացն իր պոռթկուն, բայց միևնույն ժամանակ մեղմ սփոփանքով։ Կինը քնեցնում էր երեխային, մխիթարում, և Պետրոնեն պատկերացրեց, թե ինչպես էր կինը օրորում երեխային՝ մանկական մահճակալի ոտնակողմի մոտ նստած կամ գիրկն առած։ Բայց որքան էլ որ ուզում էր, չէր կարողանում պատկերացնել երեխային, ասես կառավարչի պնդումն ավելի ճշմարիտ էր, քան այն իրականությունը, որ լսում էր։ Կամացուկ նվնվոցները հաջորդում էին մեկը մյուսին և ժամանակի հետ աստիճանաբար սփոփանքի փնթփնթոցների էին վերաճում, և Պետրոնեն սկսում էր կասկածել, որ այդ ամենը անհեթեթ կատակ էր, հրեշավոր խաղ, որ հնարավոր չէր բացատրել։ Հին պատմություններ հիշեց անզավակ կանանց մասին, որոնք տիկնիկների ու մտացածին մայրության գաղտնի պաշտամունք էին ստեղծում, ինչը հազար անգամ ավելի վատ է քան շներին, կատուներին կամ զարմիկներին երես տալը։ Կինն էր երեխայի լացի ձայն նմանակում՝ մխիթարելով ձեռքերով օղակած օդը, և հավանաբար թաց աչքերով, որովհետև լացը, որ նմանակում էր, նրա իսկական լացն էր, գրոտեսկային ցավը հյուրանոցի միայնության մեջ` պաշտպանված անտարբերությամբ և լուսաբացով։
Անզոր նորից քնելու՝ Պետրոնեն միացրեց լուսամփոփն ու հարցրեց ինքն իրեն, թե ինչ էր անելու։ Տրամադրությունը փչացել էր, նրան համակել էր այդ մթնոլորտը, որում հանկարծ ամեն բան դատարկ ու կեղծ թվաց․ լռությունը, լացն ու մրմնջոցը միակ իրականությունն էին, որ այդժամ՝ գիշերվա և ցերեկվա միջակայքում, իրենց անտանելի կեղծիքով հիմարեցնում էին նրան։ Պատը ծեծելը նրան քիչ թվաց։ Լրիվ չէր արթնացել, թեև անհնար էր քնել․ լավ չպատկերացնելով, թե ինչ էր անում՝ սկսեց դանդաղ տեղաշարժել պահարանը, որպեսզի բացեր փոշոտ և կեղտոտ դուռը։ Գիշերազգեստով և բոկոտն՝ բազմոտանու նման կպավ դրան և բերանը մոտեցնելով կաղնե տախտակներին՝ սկսեց ձայներ հանել, որոնք այնքան անտանելի էին, որքան հարևան սենյակից լսվողները։ Բարձրացրեց ձայնը, հառաչեց, հեկեկաց։ Հակառակ կողմում լռություն տիրեց, ինչպիսին որ ամբողջ գիշեր պետք է լիներ, բայց դրանից մի քանի վայրկյան առաջ Պետրոնեն լսել էր, թե ինչպես էր կինը, հողաթափերը գետնին քսելով, այս ու այն կողմ վազում սենյակում՝ սառը և ակնթարթային ճիչ արձակելով, որը կտրվեց, ինչպես ձգած լարը։
Երբ անցավ ընդունարանի մոտով, տասն անց էր։ Ութից հետո քնի մեջ ընդունարանի աշխատակցի և ինչ-որ կնոջ ձայներն էր լսել։ Հարևան սենյակում ինչ-որ մեկը իրեր էր տեղափոխում։ Վերելակի մոտ երկու մեծ ճամպրուկ և սնդուկ տեսավ։ Կառավարիչն այնպիսի տեսք ուներ, որ Պետրոնեն զարմացած նայեց նրան։
-Գիշերը լա՞վ եք քնել, - գործնական ձայնով հարցրեց կառավարիչը՝ դժվարությամբ թաքցնելով անտարբերությունը։
Պետրոնեն թոթվեց ուսերը։ Բացատրություններ տալու կարիք չկար, ևս մի գիշեր էր անցկացնելու հյուրանոցում և հեռանալու էր։
-Ամեն դեպքում այսօր ավելի հանգիստ կլինի, - ասաց կառավարիչը՝ նայելով իրերին, - Ձեր հարևանուհին կեսօրին հեռանալու է։
Կառավարիչը պատասխանի էր սպասում, և Պետրոնեն հայացքով քաջալերեց նրան։
-Այդքան երկար ժամանակ ապրում էր այստեղ, իսկ հիմա այսպես հանկարծակի հեռանում է։ Երբեք չգիտես, թե ինչ կա կանանց մտքին։
-Այո՛, - ասաց Պետրոնեն, - երբե՛ք։
Դրսում սրտխառնոց և գլխապտույտ զգաց, չնայած որ առողջ էր։ Դառը սուրճ ըմպելով՝ սկսեց նորից նույն բանի մասին մտածել՝ մոռանալով գործերի մասին և անտարբեր արևոտ եղանակին։ Ինքն էր մեղավոր, որ այդ կինը լքում էր հյուրանոցը՝ վախից, ամոթից կամ զայրույթից խենթացած։ Այդքան երկար ժամանակ ապրում էր այստեղ․․․ Ըստ երևույթին, հիվանդ էր, բայց անվնաս։ Ոչ թե այդ կինը, այլ ինքը պետք է հեռանար Սերվանտեսից։ Պարտավոր էր խոսել նրա հետ, ներողություն հայցել և խնդրել չհեռանալ՝ խելամտություն խոստանալով։ Մի քանի քայլ հետ գնաց և կես ճանապարհին կանգ առավ։ Վախենում էր, որ կինը կարող էր ինչ-որ անսպասելի ձևով արձագանքել։ Գործընկերների հետ հանդիպելու ժամանակն էր, և չէր ուզում սպասեցնել նրանց։ Լա՛վ, թող հիմարություններ անի։ Հիստերիկ կին է, թող գնա և ուրիշ հյուրանոց գտնի, ու այնտե՛ղ իր մտացածին որդու մասին հոգ տանի։
Բայց գիշերը նորից վատ զգաց, և սենյակի լռությունն էլ ավելի թանձր թվաց։ Հյուրանոց մտնելիս չկարողացավ զսպել իրեն, և նայեց բանալիների տախտակին․ հարևան սենյակի բանալին արդեն տեղում չէր։ Մի քանի բառ փոխանակեց ընդունարանի աշխատակցի հետ, որը սպասում էր, թե երբ էր Պետրոնեն գնալու, և մտավ իր սենյակ՝ առանձնակի հույսեր չկապելով, թե քնելու էր։ Երեկոյան պարբերական և մի ոստիկանական վեպ ուներ։ Ցրվելու համար հավաքեց ճամպրուկներն ու կարգի բերեց փաստաթղթերը։ Շոգ էր, և Պետրոնեն լայն բացեց փոքրիկ պատուհանը։ Խնամքով գցված անկողինը անհարմար ու չոր թվաց նրան։ Վերջապես լիարժեք լռություն էր, կարելի էր մեռելի պես քնել, բայց չէր կարողանում։ Անկողնում շուռ ու մուռ գալով՝ իրեն ճնշված էր զգում այն լռությունից, որն այդքան տենչում էր, և որն ամբողջությամբ և այդպիսի վրեժխնդրությամբ էր վերադարձել։ Ճակատագրի հեգնանքով՝ հասկացավ, որ կարոտում էր երեխայի լացը, և որ այդ կատարյալ լռությունը բավական չէր քնելու, առավել ևս` արթուն մնալու համար։ Կարոտում էր երեխայի լացը, և երբ մի փոքր անց մեխված դռան այն կողմից լսվեց այդ կամացուկ, բայց յուրահատուկ ձայնը, գիշերվա կեսին փախչելու ցանկության և վախի մեջ հասկացավ, որ ամեն ինչ կարգին էր, այն կինը չէր ստում, նա ճիշտ էր, որ քնեցնում էր երեխային՝ ցանկանալով, որ երեխան լռեր, որպեսզի կարողանային քնել։
Թարգմանությունը` Էլիզա Ստեփանյանի
[1] Ուրուգվայի մայրաքաղաքը։
- Hits: 44896