«Ո՞ւր ես․․․․ երանի չգնայիր» - Ալիռեզա Ռոշան

****

Իմ բանաստեղծություններում
հնարավոր է՝ լուսինը        
քայլի
և լեռը, ծովը,
բայց ցավը
շարունակում է մնալ այն,
ինչ կար։

****

Լույսերն անջատվել են
լուցկիով մոմն եմ ես վառում,
բազմոցն ու աթոռները տեղում են,
սեղանները, պատերն ու այլ իրեր էլ։
Բայց քեզնից մի դատարկ տեղ է մնացել՝
դատարկ ձեռքդ՝ գդալի վրա,
դատարկ ոտքդ՝ կոշիկի մեջ,
Դու՝ դատարկ՝ իմ մեջ։

****

Ինձ ճամփորդ եմ զգում,  
որ պիտի գնա
և չգիտե, թե ուր։
Տարիներ է՝
ձեռքումս ճզմում եմ
դեպի ոչ մի տեղ
ուղևորությանս տոմսը։
Ո՞ւր է վարորդը,
որ ոտքով խփի այս կյանքի ճամփի միջի
զուգարանի դռանը,
որ գոռա վրաս,
թե տեղ չունես՝
Ո՞ՒՐ․․․

****

Ծովին, լեռանն ու երկնքին՝ չէ՜
Քո դատարկ տեղին եմ նայում։

****

Հողագործն աղոթքում անձրև կամեցավ,
ու անձրև եկավ։
Երանի քեզ ցանկանար,
գայի՜ր։

****

Դու իմ խոսքերի լռությունն ես․
խոսքերումս ինչ չեմ ասում,
դու ես։

****

Անունդ տալիս
մի «ո՞ւր ես» է թաքնված,
մի «երանի լինես»,
մի «երանի չգնայիր»․․․
էս ամբողջ կարոտն ու հարցականները ջնջելու համար եմ
անունդ տալիս․․․

****

Տեսնում եմ
տերևի ձեռքը՝
քամու ձեռքին,
ծովափի ձեռքը՝
ջրի ձեռքին,
ու ձեռքերս գրպանումս
քո մասին են մտածում։

****

Երանի հնարավոր լիներ մեռնել,
ինչպես քայլել,
քնել,
գնումներ անել․
ուզել ու մեռնել։

****

Մենությունը սկսեց այս էլեկտրական սյունից
և քաղաքով
և երկրով
և երկրագնդով մեկ
տարածվեց։

****

Թռչնին
կրակում են երկնքում․
ոչ թե վանդակում։

****

Կարոտը
աղմկոտ փողոց է,
որի մեջտեղում կանգնած ես դու․
տեսնում ես՝ գալիս են,
տեսնում ես՝ գնում են,
իսկ դու դեռ կանգնած ես։

****

Մի փամփուշտից
մի թռչուն է մեռնում,
հազար թռչուն՝
թռչում։

****

Ուզում եմ ապրել,
սարերին նայել
մարդավարի,
ավտոբուս նստել,
թեյ խմել,
երեխայիս հետ խաղալ,
բայց
բանաստեղծություն եմ գրում
այն մասին, թե
ինչ եմ ուզում
ու չեմ կարողանում։

****

Հենվել եմ տանդ դռանը։
Անցորդներն ասում են՝ չկա․
նայիր լքված տանը՝ չկա,
գնացել է։
Ասում են ու գնում,
երեսուն տարի է՝ ասում են՝
չկա,
գնացել է։
Ասել են ու գնացել,
բայց ես
հենվել եմ տանդ դռանը։ 

****

Թռչել չցանկացող
թռչնի համար
փետուրը քաշ է,
որ ծանրացնում է մարմինը։

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Hits: 37875

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: