Հովիկ Աֆյան․ Այս տանն ապրել են

 

Տեսնես քաղաքում քանի՞ տան բանալի է դռան շորի տակ: Մեր շենքում երեք տուն հաստատ գիտեմ: Երկուսում մեծերը շուկա են գնացել, որ կանաչի ծախեն, փոքրերն էլ դպրոցում են, որ լավ սովորեն: Իսկ մեկում փոքրերն էլ տանը չեն. բոլորով Ռուսաստան գնացին… Ինչ սառը երկիր է այդ Ռուսաստանը ու մեծ… Մեր դուռը ծեծեցին, ասացին, որ բանալին դռան շորի տակ է ու գնացին: Տեսնես՝ ինչո՞ւ չբերեցին բանալին: Երեւի ուզում էին խոնարհվել իրենց տան առջեւ՝ մինչեւ դուռը փակելը: Խնդրեցին, որ իրենց տունը լավ պահենք. փոշիները սրբենք, ծաղիկները ջրենք: Ուրեմն մի օր հետ կգան,- ուրախացա ես: Ուրեմն իրենք էլ գնացին,- ասաց մաման, որ ինձնից 30 տարով մեծ է:

Մաման տասը բանալի ունի: Միշտ ծիծաղում եմ, որ քաղաքի բոլոր անկյուններում տուն ունենք… Տեսնես աշխարհում քանի՞ մարդ տուն չունի… Մեկ-մեկ ես եմ գնում: Մտնում եմ ծանոթ-անծանոթ տներ ու նայում շուրջբոլորս: Ոչ մեկը լուսանկարները հետը չի տանում, ոչ ողջերի, ոչ մահացածների: Երեւի ուզում են ասել՝ այս տանն ապրել են ու այս տանը մեռել են:

Սկզբից ավլում եմ: Հա, ես: Ինչ կեղտոտ են դատարկ տները… հետո փոշին, ծաղիկները, ձկները, եթե կան… երբեմն պարում եմ: Հա-հա: Օրինակ՝ մամայի ամենամոտ ընկերուհու տուն որ գնում եմ, միշտ պարում եմ: Աղջիկ ունի՝ կապույտ աչքերով:

Պապան էսօր էլ զանգեց: Դիտմամբ տեսազանգ է անում, որ տեսնենք, թե ի՜նչ սիրուն է Հունաստանը: Բայց մաման ավելի սիրուն է: Էսօր ասաց.

- Որ գանք, բա բանալին ո՞ւմ տանք: Տան վրա էլ գրենք այս տանն ապրել են աշխարհում ամենաշատը կարոտած մայրն ու որդի՞ն…

Միտքն ինձ հրաշալի թվաց: Ի՞նչ կլինի որ՝ դատարկ տների վրա գրենք՝ այս տանն ապրել են աշխարհի ամենալավ քեռին ու նրա ընտանիքը, այս տանն ապրել են աշխարհի ամենալավ հորեղբայրն ու նրա ընտանիքը, այս տանն ապրել է աշխարհի ամենալավ հորաքույրը, մորաքույրը, ընկերուհին, հարեւանը… Քաղաքի բոլոր հայտնի մարդիկ էլի:

Այդ գիշեր մամային ասացի՝ ինչ եմ մտածել: Մաման ժպտաց.

- Գիտե՞ս, - ասաց, - միշտ երազել եմ Հունաստանը տեսնելու մասին:

Ես ոչինչ չհասցրեցի ասել, որովհետեւ մաման շարունակեց.

- Բայց հիշողությունները միշտ ավելի ծանր են երազանքից:

Ես ոչինչ չհասկացա. մաման ինձնից 30 տարով մեծ է: 

 

Հովիկ Աֆյան

 

  • Hits: 2639

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: