«Անուշիրվան Դադգար» զրադաշտական ավագ դպրոց: Առավոտյան ժամը ութն է: Շարք ենք կանգնել՝ անկարգ ու խառը շարք, և դպրոցի հիմնն ենք երգում՝ «Արդարադատ Խոսրով Անուշիրվան …», մնացածը չեմ հիշում: Տիկին Բանուն դպրոցի ուսմասվարն է: Մեր՝ ութերորդ դասարանցիներիս թշնամին: Նրա կարծիքով՝ մենք մի խումբ կապներս կտրած, անսանձ աղջիկներ ենք ու մարդ դարձողը չենք: Իհարկե, բացառությամբ մաքուր ձեռքերով, արդուկված հագուստներով մի քանի անհամ աշակերտուհիների՝ դաստիարակված «մամայի բալիկների» խմբի:

Տիկին Բանուն կարճահասակ է, մեծ փորով: Բայց ոտքերը բարակ են: Մազերը ներկում է կամ հինա դնում. գլխի երկու կողքերը կարմիր են, իսկ մնացած մասը՝ սև: Մազերը մեջտեղից բացում է և վարսերը հավաքում գլխի հետևում: Նրանից շան պես վախենում ենք: Բոլորս՝ յոթերորդ դասարանցիներից մինչև վերջին դասարանի աշակերտներ, նրա ձայնը լսելուն պես գունատվում ենք: Ոչ ոք համարձակություն չունի նայել նրա դեմքին: Երկար ճիպոտը ձեռքին՝ կանգնում է դռան առաջ և դրանով ուժեղ հարվածում կարճ գուլպա հագած աշակերտուհիների սրունքներին: Ուժեղ է հարվածում. խիղճ չունի: Երբեմն կանգնում է փողոցի գլխին ու թարս-թարս նայում իրենից աջ՝ «Քալեջի» կամ «Ֆիրուզբահրամի» դպրոցների տղաներին, որ այդ կողմերով են անցնում: Ջահել տղաներն էլ են նրանից սարսափում: Անմիջապես փոխում են իրենց ճանապարհը և գնում Շահռեզա փողոցի մյուս կողմով:

  Չնայած Տիկին Բանուի ամենայն խստությանն ու նրա ճիպոտից վախին՝ մենք՝ աներեսներս, մարդ դարձողը չենք: Մի՞թե հնարավոր է հեշտորեն դառնալ խելացի ու գերազանցիկ՝ անդամակցելով «մամայի բալիկների» խմբին:

  Արաբերեն ունենք, և մեր ուսուցիչը Ալ աղան է: Ճաղատ է, հաստ ապակիներով ակնոց է դնում: Նրա հին կոստյումը տխուր բույր ունի՝ ծեր ու տխուր մարդկանց բույր: Այս դասարանը ներքնահարկում է, իսկ պատուհանները դպրոցի բակին են  նայում: Մինան «8-ի բ»-ում՝ ծույլերի դասարանում է սովորում: Պատով է դասարան բարձրանում: Միշտ փախչում է մաթեմատիկայի ու թելադրության դասերից, մյուսներին էլ խրախուսում այս ազնվաբարո գործում: Ալ աղայի դասաժամը 11-12-ն է՝ աշակերտների բարձր հորանջոցների, քնի ու սովի ժամը: Մինան, մեր դասարանի պատուհանի հետևում կանգնած, ինձ ձեռքով է անում: Հետը բերած երշիկով սենդվիչը  նետում է դասարանին՝ աշակերտներին. ուղիղ ոտքերիս առաջ: Ալ աղան մեջքով կանգնած է: Ինչ-որ բաներ է գրում գրատախտակին: Երկու տող հիշում եմ՝ «Օդը կլոր է և գրվում է կլոր օ-ով»: Աշակերտները երգելով կրկնում են, ու բոլորը միասին այս երկու տողն են արտասանում: Ալ աղայի լսողությունը ծանր է. լավ չի լսում: Բայց երշիկի, սխտորի ու թթու վարունգի բույրը հասնում է հոտոտելիքին: Խոժոռվում է և աչքը գցում ուղիղ վրաս, որ այդ պահին սենդվիչն եմ կծում: Երկուսս էլ իրար ենք նայում՝ ակնապիշ, ապշած, ինչպես գող ու տանտեր, որ իրար են հանդիպել կեսգիշերին: Մինան էլ պատուհանի հետևում է. փախչելուց բացի, այլ ելք չունեմ: Սենդվիչը ձեռքիս՝ պատուհանից դուրս եմ ցատկում: Դժբախտաբար, տիկին Բանուն, ձեռքերը գոտկատեղին, պատուհանի մոտ կանգնած, ինձ է սպասում: Ասես նրան տեղեկացրած լինեն, և ծլել է: Բռնել է Մինայի մազերից ու նրան է պահում, մինչ ես հասնեմ: Դասամիջոցի զանգը հնչել է: Շտապում եմ գնալ: Սակայն Տիկին Բանուն, որի ձեռքն ենք ընկել՝ իբրև մի յուղոտ պատառ, ինձ ու Մինային բաց թողնողը չէ: Մեզ մի մեծ պատիժ է սպասվում, քանի որ, բացի դասից փախչելուց, կարճ գուլպա էլ ենք հագել, և սա աններելի արարք է: Մինան ճիգ է գործադրում, ջանում, իրեն գետնին գցում և Տիկին Բանուի ձեռքից դուրս պրծնում: Վազում է և ինչպես մի կատու՝ բարձրանում է բակի միակ ծառն ու նստում առաջին պատահած ճյուղի վրա: Տիկին Բանուն առյուծի նման պտտվում է ծառի շուրջբոլորն ու մռնչում: Սպառնում է Մինային, բայց Մինան վերևում նստած չի էլ շարժվում: Տիկին Բանուն դպրոցի հավաքարար Խոսրովին է ձայն տալիս և նրան ասում՝ ծառի մոտ կանգնի, հենց այդ անամոթ աղջիկն իջնի, բռնի: Օգտվում եմ հարմար առիթից, երշիկով սենդվիչը կծում (անհնար է անտարբեր մնալ երշիկով սենդվիչին), և մինչ տիկին Բանուն զբաղված է Մինայով, փախչում եմ: Դուրս եմ գալիս դպրոցի դռնով ու գնում Փահլավի փողոց, խաչմերուկի մոտ սպասում Մինային: Սակայն նրանից ոչ մի լուր չկա: Վստահ եմ՝ նույն դիրքով ծառի կատարին է, իսկ հավաքարար Խոսրովը ծառի տակ սպասում է նրա ներքև իջնելուն: Ես այդ աղջկան գիտեմ: Մինչև վաղն առավոտ այդպես կնստի, մինչև Խոսրովը հոգնի ու նրանից ձեռ քաշի:

  Հույսս կտրում եմ Մինայի գալուց: Աչքս դասընկերներիցս մեկի՝ Սիմա Մահդավիի վրա է ընկնում: Ձեռքին մի մեծ տոպրակ բալի չիր կա: Պարզվում է՝ տուն գնալու ցանկություն չունի: Փողոցով թրև գալու սիրահար է: Մինչև «Անդրե» սենդվիչանոց միասին ենք գնում: Մեկական «Օլիվիե» սենդվիչ ենք գնում և կծելով շարունակում մեր ճամփան: Ջերմ-ջերմ զրույցի պահին աչքներս ընկնում է տիկին Բանուի վրա: «Օլիվիե»-ն կոկորդիս է կանգնում: Ցատկում եմ փողոցի մոտի սոսու հետևն ու սպասում: Դպրոցից և իր հրամանատարության տարածքից դուրս նրան տեսնելը տարօրինակ է: Մշտական շքեղությունը չունի: Մի սովորական կին  է: Նույնիսկ ինձ սովորականից ավելի փոքր է թվում. ասես փոքրացել է: Գնում է կանաչու կրպակ, մի քանի սմբուկ ու դդմիկ առնում: Հավատս չի գալիս: Սիման տիկին Բանուից չի վախենում: Ուսերն է անտարբեր բարձրացնում, հաջողություն մաղթում ու գնում: Ես կանգնում եմ՝ նայելու տիկին Բանուին: Անհավատալի է, որ այդ երկգլխանի վիշապը բոլոր մարդկանց նման սմբուկ ու դդմիկ է գնում: Սպասում եմ, որ կմտնի դարբնի մոտ, մի քանի մեխ, երկաթի քերուկ ու խարտուք կվերցնի իր ընթրիքի համար: Մի քանի սոխ էլ է գնում և դանդաղ քայլում: Քայլերը հոգնած են, մարմինը՝ կծկված: Իր մշտական վիճակի մեջ չէ: Գուցե մեզ խաբելու համար է իրեն այդպես սարքել: Վաղը վերստին ինքը կլինի, վիշապություն կանի: Թեքվում է մի փողոց: Իր բանալին է դուրս հանում ու մի բետոնե տան դուռ բացում: Ներս է մտնում: Մի հին, լքված տուն: Աղքատ ու ամբողջովին միայնակ կնոջ կացարան: Սիրտս ցավում է նրա համար, այս կնոջ՝ այս սփրթնած տիկին Բանուի համար:

  Մի քանի րոպեից շենքի մուտքից նրա տարիքի մի կին է դուրս գալիս: Խիզախում եմ, առաջ գնում, բարևում: Ասում եմ.

  - Ներեցեք, հենց նոր մի տարեց կին եկավ այս շենք: Նրան ճանաչո՞ւմ եք:

 - Ինչո՞ւ ես հարցնում:

  - Մեր դպրոցի ուսմասվարն է՝ տիկին Բանուն: Ուզում ենք նրան ծաղիկ ուղարկել:   Կինը հաճելիորեն ժպտում է, ասում.

  - Ի՞նչ ես ուզում իմանալ:

 - Միայնա՞կ է ապրում:   Կինը շտապում է: Ասում է. 

 - Հա, բալես: Մեն-մենակ: Ո՛չ ամուսին, ո՛չ երեխա:

  Կինը գնում է, և ես մնում եմ զարմացած ու ապշած՝ ինչ-որ դառնություն կոկորդումս: Բայց մեկ րոպե անց կնոջ բոլոր խոսքերն ինձ սուտ են թվում: Մտածում եմ՝ «Անկապ խոսում ա, իրենից հնարում ա: Ո՞նց ա հնարավոր»: Հաջորդ օրը հենց այդ «ո՞նց ա հնարավոր»-ով էլ շարք եմ կանգնում և տեսնում, որ տիկին Բանուն, կրկին հասակ առած և երկար ճիպոտով, կանգնած է շարքի առաջ: Հենց այնպիսին էր, ինչպիսին կար՝ ուժեղ ու անկոտրում: Չէ, հնարավոր չէ՝ այս կինը սմբուկ ու դդմիկ գնի: Սմբուկները հաստատ իր հավերի համար է տարել:

 Անգլերենի դաս ունենք: Անգլերենի ուսուցչուհին երիտասարդ ու անհավես մի կին է: Մեզ չի հանդուրժում, հատկապես՝ ինձ: Սիման ներս է մտնում երկաթե գլաչմուշկներով, նստում վերջին շարքում: Հենց դասամիջոցի զանգը հնչում է, սահում է ու դասարանից դուրս գալիս: Պահն անիմաստ չի կորցնում: Ցավոք, տիկին Բանուի աչքն ընկնում է նրա վրա: Բղավում է.   

 - Կանգնիր, տեսնեմ, անամո՛թ:   Սիման փախչում է: Սիման՝ իր հերթին, տիկին Բանուն՝ իր: Սիման աշակերտներին մի կողմ է հրում, մեծ-մեծ քայլեր դնում, չմուշկներից մեկը դուրս է գալիս նրա ոտքից, գետնին է ընկնում, և տիկին Բանուն երկար ճիպոտն իջեցնում է ուղիղ նրա պոչ արած երկար մազերին և նրան գետնի վրայով քարշ է տալիս: Բայց ուժը չի հերիքում: Սիման միակ աղջիկն է, որ տիկին Բանուի հախից գալիս է: Անկարգ է ու չարաճճի: Դպրոցի ապստամբների ղեկավարն է: Գնահատականները վատն են:

Սովորել չի սիրում: Ոչ մի բանի պիտանի չէ, բացի անկարգություններից: Ասում են՝ մի քանի տարի Շվեյցարիայում է եղել, վերադարձել է ու բլբուլի պես ֆրանսերեն է խոսում: Ավազակի մեկն է ու միշտ անտեղի ուրախ-զվարթ է: Իրար հետ ընկերություն ենք անում: Միասին նստում ենք Շեմիրանի ավտոբուսը և չհասած Աբշարի կանգառին՝ Յուսեֆ Աբադի ճամփաբաժանի վրա իջնում է: Միշտ փող ունի մոտը և բոլորին տալիս է: Կոշիկները եվրոպական են, բայց Օրմաք վերարկուն ճղճղված է:  

Տիկին Բանուն նրան պատերազմի մարտահրավեր է նետել: Վճռել է նրան հեռացնել: Սիման տաքարյուն է և կողի չի ընկնում: Անկեղծ ասած՝  ուզում է, որ հանեն: Իր համար կարևոր չէ: Շատ խելացի աղջիկ է: Մաթեմատիկայից գերազանցիկ է, բայց դասից ու գրքերից փախչող է: Զզվում է ուսուցչից, խրատատուներից ու կարգադրություն անողներից: Ոչ մի աշակերտ նրա պես դպրոցի կարգ ու կանոնն իրար չի խառնում: Նրա արարքները միայն իրեն են բնորոշ:   Շարք ենք կանգնել: Սիման հասնում է: Ձեռքին մի մեծ պայուսակ է: Պայուսակը բաց է անում. այնտեղ մի փոքր ու սպիտակ շուն կա, որ սկսում է հաչել: Աշակերտներն աղմկում են: Ուզում են շանը տեսնել: Սիման շտապ քաշում է պայուսակի ճարմանդը: 

 Տիկին Բանուն հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ:   Բղավում է.

 - Անամոթնե՛ր, ի՞նչ է պատահել:

 Աշակերտները շրջանը խտացնում են: Գլուխները վեր են բարձրացնում: Լսվում է շան հաչոցը: Բոլորն իրենց պայուսակները դնում են Սիմայի մեծ պայուսակի վրա, որ շան ձայնը չլսվի: Չի լռում: Կաղկանձում է: Տիկին Բանուն, ճիպոտը ձեռքին, ընդառաջ է գալիս: Ապշած հայացք է նետում իրար վրա գցված պայուսակներին: Սիրտներս թպրտում է: Հարցնում է.

  - Էստեղ ի՞նչ կա:

  Մի աշակերտ ասում է.  

 - Պայուսակ է: Պարզ է: Իրար մոտ ենք դրել՝ չկորչեն:

  Տիկին Բանուն ոտքով հարվածում է պայուսակին: Շան կաղկանձն ուժեղանում է: Ամենքը գույնները գցում են: Պարզվում է՝ նույնիսկ տիկին Բանուն է սարսափում շներից, կամ էլ շունն իր համար պիղծ կենդանի է: Հետ է ցատկում: Քթանցքերը փակվում-բացվում են: Բոլորը հետ են քաշվում: Աստված գիտի՝ տիկին Բանուի բարկությունն ում վրա կթափվի: Սիման հանգիստ է: Իր պայուսակը մյուս պայուսակների տակից դուրս է հանում:  Տիկին Բանուն ասում է.

 - Պայուսակումդ ի՞նչ ես պահել, անամո՛թ: Հետդ շո՞ւն ես բերել:

  Սիման իրեն անտեղյակի տեղ է դնում: Պետքը չէ: Ասում է.

  - Շո՞ւն, ո՞ւր է, որտե՞ղ: Խնդրում եմ, ցույց տվեք: 

  Այնքան վստահ է ասում, որ բոլորս կասկածում ենք: Գուցե շան ձայն չի եղել: Գուցե ինչ-որ խաղալիք է հետը բերել, որ զվարճացնի: 

Տիկին Բանուն էլ, այս մտքին, գլուխն առաջ է տանում: Սիման բացում է պայուսակի ճարմանդը, և մի սպիտակ, բրդոտ շուն դուրս է ցատկում ու հարձակվում տիկին Բանուի վրա: Տիկին Բանուն ճչում է, Սիման՝ բարձր քրքջում, աշակերտները գոռում-գոչում են: Սպիտակ շունը, իր կողքի աղմուկից վախեցած, սկսում է փախչել: Սիման նրա հետևից վազում է: Տիկին Բանուն Խոսրովին է ձայնում, և վերջինս էլ վազում է Սիմայի հետևից: Աշակերտները վազում են Խոսրովի ու Սիմայի հետևից: Աստիճաններով բարձրանում ենք: Նուրբախշ աղան՝ ֆիզիկայի ուսուցիչը, բացում է իր դասասենյակի դուռը, որ տեսնի՝ ինչ է եղել: Շունը մտնում է դասասենյակ, ցատկում նրա սեղանի վրայից: Աշակերտները բղավում են և Նուրբախշ աղայի հետևից դուրս են գալիս դասարանից: Բոլոր հավաքվածներս վազում ենք շան հետևից: Միջանցքի վերջում քիմիայի ուսուցչի՝ աղա Ֆազելիի դասարանն է. նա տիկին Բանուից ավելի շատ է սարսափում շնից: Տեսնելով փոքրիկ շանը՝ աղաղակում է: 

Ցատկում է սեղանի վրա ու կախվում: Շունը բռնում է նրա տաբատի փողքը ու չի թողնում: Աղա Ֆազելին մեռած է, թաղած չէ: Նուրբախշ աղան շանը շոյում է: Սիման հասնում է, գրկում իր շանը ու դեմքը համբուրում:   Վերջ: Վերջ Սիմա Մահդավիին: Այլևս նրան չենք տեսնում: Տիկին Բանուն հաղթում է:  Ողջ տարին Սիմայից լուր չկա: Լսում ենք, որ նրա ծնողները նորից Շվեյցարիա են ուղարկել՝ մի գիշերօթիկ դպրոց:

 Մի տարի անցնում է: Իններորդ դասարան ենք:  Մի քիչ խելոքացել ենք: Բայց Տիկին Բանուի ճիպոտը պատրաստ մեզ է սպասում, քանի որ կարճ գուլպաներից չենք հրաժարվել: Առավոտ: Զանգի ձայն: Խառը շարք: Քիթ քթի քչփչոցներ: Կիսաձայն ծիծաղ: Առավոտյան հիմն՝ «Արդարադատ Խոսրով Անուշիրվան»: Տիկին Բանուն սև ժապավենով գլխարկով մի մարդու հետ վերևում՝ պատշգամբում, կանգնած է: Բղավում է.

  - Լռությո՛ւն:

 Աշակերտները շարունակում են խոսել, բայց գլխարկավոր մարդու ներկայությունը նրանց զգաստացնում է: Հավանաբար մշակույթի նախարարության ստուգող է: Տիկին Բանուն կրկին բղավում է՝ լռություն, և իր տեղը զիջում պարոնին: Այս անգամ բոլորս լռում ենք: Վստահ ենք՝ կարևոր լուր ենք լսելու: Չգիտենք՝ լա՞վ, թե՞ վատ: Պարոնը կուրծքն ուղղում է, բարձր ձայնով ասում.

 - Պետք է որ լսած լինեք՝ արքայադուստր Շահնազը վերադարձել է Շվեյցարիայից: Որոշվել է, որ քաղաքի երկու կարևոր դպրոցները՝ «Անուշիրվան Դադգար»-ը և «Նուրբախշ»-ը Ձերդ գերազանցության համար մի հետաքրքիր ծրագիր պատրաստեն: «Նուրբախշ» դպրոցը մի շատ հետաքրքիր ներկայացում է ցուցադրելու: Դուք էլ պիտի արքայադստեր ճաշակին վայել մի բան մտածեք:

 Նուրբախշցիները մեր մրցակիցն են: Պետք է նրանցից առաջ անցնել: Մենք լավ ենք ֆիզկուլտուրայից: Որոշվում է, որ յուրաքանչյուր դասարանից որոշակի թվով աշակերտներ ընտրվեն և փորձեն իրենց վարժություններն ու առաջադրանքները: Ծաղկեփունջ նվիրելը, ողջույնի խոսք ասելն ու բանաստեղծություն արտասանելը հանձնարարել են «մամայի բալիկների» խմբին: Վարժություններն էլ ֆիզկուլտուրայի ուսուցչի հսկողությամբ են արվում: Մինային արգելված է մասնակցել այս արարողությանը: Չենք կարող հույսներս նրա վրա դնել: Ամեն օր՝ ժամը չորսից հետո, երբ դասերն ավարտվում են, դպրոցի բակում հավաքվում ենք և մեր մարզանքներն ու վարժությունները փորձում: Շատ անհեթեթ ու հոգնեցուցիչ ծրագիր է: Սովորելու միտք չունենք:

 Կարևոր օրը վրա է հասնում: Արտաքուստ պատրաստ ենք: Պետք է սպիտակ վերնաշապիկ, մուգ կապույտ շրջազգեստ և մինչև ծնկները հասնող ճերմակ գուլպաներ հագնենք: Կարճ գուլպաների արգելքն ուժի մեջ է, եթե նույնիսկ արքայադուստրն էլ կարճ գուլպաներով լինի:

 Մուտքի դռան մոտ երկու մեծ ծաղկաման են դրել: Պատշգամբը զարդարել են Իրանի դրոշով, շահի ու արքայադստեր պատկերներով: Պատշգամբի հատակին մի մեծ գորգ են փռել, վրան դրել մի քանի բարձր մեջք ունեցող աթոռ ու մի փոքր սեղան: Մի ծաղկեփունջ են տվել մամայի բալիկներից մեկի ձեռքը, որ նվիրի արքայադստերը: Տիկին Բանուն նոր զգեստ է հագել և մազերն ամբողջովին սև է ներկել: Ասում են՝ արքայադուստրը պետք է որ նրա կրծքին մի շքանշան կպցնի: Նրա համար նշանակալից օր է:

 Ժամը երկուսից դպրոցի բակում սպասում ենք հարգարժան հյուրին: Լսել ենք, որ արքայադուստրը տասներեք տարեկանին մոտ է:  Խորդադ ամսվա սկիզբն է: Մի քանի շաբաթ անց կսկսվեն ամառային արձակուրդները: Մեր ուշքն ու միտքը երեք ամիս անընդմեջ ուտել, քնել, Թեջրիշի կամուրջի մոտ զբոսնելը կամ էլ Լալեզարի փողոցի կինոթատրոններ գնալն է:

 Սպասում ենք: Հոգնել-բեզարել ենք: Արքայադուստր, որտե՞ղ եք, ինչո՞ւ չեք համենում:

Մենք հոգնածությունից կոտորվեցինք: Շոգում ենք, և խորդադ ամսվա կիզիչ արևն այրում է մեր գլուխները: Անհամբեր ենք: Տրամադրություն էլ չունենք: Շարք կանգնելն ու խոսելը մեզ համար տանջալից են: Միայն մամայի բալիկների խումբն է երջանիկ, և ցից կանգնել են՝ ինչպես արձաններ: Ծաղկեփունջն էլ մի փոքր թոշնել է:

  Տիկին Բանուն գնում-գալիս է: Ասում են՝ արքայադստեր ուղեկիցները մի քանիսն են: Երկու աթոռ էլ են բերում: Սպասում ենք: Ժամանակը չի անցնում: Երանի Մինան ինձ սենդվիչ բերեր: Աշակերտներից մեկն առանց թույլտվության հետը մի քիչ թզի չիր է բերել: Տիկին Բանուի հեռանալուն պես դրանք ինձ ու ևս երեք-չորս հոգու է տալիս: Եթե մամայի բալիկները սովից էլ մեռնեն, բերանները ոչինչ չեն դնի: Նրանք կարող են ապագայում համալրել գերմանական բանակի շարքերը:

  Համարյա ժամը չորսն է, երբ տեղյակ են պահում, որ արքայադստեր մեքենան մտավ փողոց: Բոլորը վազում են: Մամայի բալիկները ծաղկեփնջով առաջ են գնում: Որոշվել է, որ դպրոցի ավանդական հիմնի փոխարեն արքունական հիմնը երգենք: Այնքան հուզված ենք, որ ձայններս դուրս չի գալիս:

  Տիկին Բանուն ու ևս մի քանի ուսուցիչներ գնում են արքայադստերը դիմավորելու: Տիկին Բանուն ասես այդ ժամանակի վարչապետը լինի: Երկու տղամարդ, մի երիտասարդ կին ու մի աղջիկ են ուղեկցում արքայադստերը:

Մամայի բալիկների պարագլուխը ծաղկեփունջը նվիրում է նրան: Նրանցից մեկն իր սովորած բանաստեղծությունն է արտասանում: Արքայադուստրը փոքրամարմին է: Կարճ, ճերմակ գուլպա է հագել: Չի վախենում տիկին Բանուից ու նրա ճիպոտից: Զգեստը կարճ է՝ մինչև ծնկները հասնող: Գեղեցիկ է ու մաքուր: Գլխին փոքրիկ գլխարկ կա, իսկ ձեռքերին սպիտակ ձեռնոց է դրել. նման է շոկոլադի տուփերի վրայի գունավոր նկարին: Երկու հարյուր աչք նրան է նայում: Ապա այդ երկու հարյուր աչքերը ապշած նայում են այն աղջկան, որ եկել է նրա հետ և նստած է նրա կողքի աթոռին: Երկու հարյուր կիսաբաց բերան և թոքերում բանտարկված շունչ:

  Սիմա Մահդավիին ենք տեսնում, որ հաղթանակած ժպիտով բազմած է արքայադստեր կողքի աթոռին և երբեմն թեքում է գլուխը, արքայադստեր ականջին շշնջում: Արքայադստեր ու նրա ուղեկիցների համար օշարակ են բերում: Սկուտեղը տիկին Բանուի ձեռքին է: Նախ այն պարզում է արքայադստերը, ապա՝ ամենայն զզվանքով ու ստիպողաբար, Սիմա Մահդավիին: Շիկնել է, և թեքվելու պահին ոտքերը սահում են, բայց չի ընկնում: Սիմա Մահդավին ի՞նչ է անում արքայադստեր կողքին: Ենթադրում ենք, որ Շվեյցարիայում միասին նույն դպրոցում են սովորել: Դպրոցի տնօրենը արքայադստերն է ներկայացնում տիկին Բանուին ու մնացած ուսուցիչներին:

 Արքայադուստրը նրանցից յուրաքանչյուրին ձեռքով ողջունում է: Սիմա Մահդավին էլ է ձեռքը մեկնում: Ժպտում է: Ասես ինքն է արքայադուստրը: Ուսուցիչներն ու տիկին Բանուն այլ ելք չունեն, քան նրան ձեռքով ողջունելը: Տիկին Բանուն այնպես է կանգնել, որ Սիմա Մահդավիին չտեսնի: Քրտնել է, մի մեծ թաշկինակով դեմքն է սրբում: Մարմնամարզական վարժությունների ծրագիրն է մեկնարկում: Հոգնած ենք, մոռացել ենք բոլոր ճիշտ շարժումները: Կեսը ձեռքներն են բարձրացնում, մի քանիսն ավելի ուշ են բարձրացնում, ոմանք էլ ընդհանրապես չեն արձագանքում: Մամայի բալիկներն առաջին շարքում են, իրենց գործն են անում՝ հանգիստ ու կանոնիկ,  մենք էլ՝ նրանց հետևում, հոգնած ու քնաթաթախ, շշմած ենք: Շնչասպառ ենք, քաղցած. երկու ժամ է՝ արևի տակ կանգնած ենք: Աչքներիս առաջ մթնում է: Ես ու դիմացիս երկու շարք աշակերտները, ձեռքներս գոտկատեղին, աջ ենք գնում, հասկանում ենք՝ սխալվել ենք, պտտվում ենք, շտապ ձախ ենք գնում ու հարվածում դիմացից եկող աշակերտներին: Անժամանակ կռանում ենք և ուղղվում, իրար ոտք ենք տրորում, բրդբրդում ենք, բղավում, սկսում ենք վիճել, քիչ է մնում՝ ծեծկռտուք սկսվի: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը հեռվից ցուցումներ է տալիս: Քիչ մնա՝ իրեն պատառ-պատառ կանի (հերն էլ անիծած, թող անի): Պտտվում ենք: Միակ շարժումն է, որ համաչափ ենք անում: Պտույտ, պտույտ, պտույտ, պտույտ… ասես մեզ լարել են ու չեն թողնում: Գլուխներս պտտվում է, ուր որ է՝ կփսխենք, փառք Աստծո, չենք փսխում: Ընդօրինակելով մամայի բալիկներին՝ մեկ ոտքով ծնկի ենք գալիս, իսկ մեզնից մի քանիսը հոգնածությունից ընկնում են:   Սիմա Մահդավին ծիծաղից փորն է բռնել: Կանգնում է, ծափահարում: Մեր շարժուձևից ապշած արքայադուստրը նայում է Սիմա Մահդավիին, ինքն էլ ծափահարում: Տիկին Բանուին շքանշան տալու պահն է: Լռում ենք: Շքանշանը՝ մի փոքրիկ, կարմիր բարձի վրա, մամայի բալիկներից մեկի ձեռքին է: Նա բարձրանում է պատշգամբի դիմացի երկու աստիճանը: Սիմա Մահդավին վեր է կենում և շքանշանը վերցնում բարձի վրայից: Տիկին Բանուն շրթունքն է կծում: Իր կողքերն է նայում: Ասես իր ճիպոտն է ման գալիս: Սիմա Մահդավին շքանշանը տալիս է արքայադստերը, որպեսզի նա կպցնի տիկին Բանուի կրծքին: Արքայադուստրը մինչև հիմա նման բան չի արել: Շքանշանը կպցնում է տիկին Բանուի վերնաշապիկին, բայց չի կարողանում ամրացնել գնդասեղը: Շքանշանը թեք կախված է: Արքայադուստրը նայում է Սիմա Մահդավիին: Ֆրանսերեն մի նախադասություն է ասում: Սիմա Մահդավին առաջանում է, որ շքանշանն ամրացնի տիկին Բանուի կրծքին: Տիկին Բանուն հետ-հետ է գնում և քիչ է մնում՝ ընկնի: Տղամարդ ուսուցիչներից մեկը բռնում է նրա արմունկներից: Սիմա Մահդավին սառնասրտորեն ավարտում է իր գործը:

 Արքայադուստրը հոգնել է: Երևում է՝ շտապում է գնալ: Սիմա Մահդավին ուղեկցում է նրան: Շրջվում է և ձեռքը թափահարում մեր կողմը: Մամայի բալիկները ուռա են գոռում ու խոնարհվում:

 Ֆիզկուլտուրայի ուսուցիչն անհետանում է: Տիկին Բանուն ուժասպառ փռվում է աթոռներից մեկի վրա: Առաջին անգամ սիրտս նրա համար ցավ է ապրում: Մտածում եմ, որ այս կինն այս գիշեր կմահանա: Շքանշան վերցնել Սիմա Մահդավիի ձեռքից: Ինչպիսի՜ խայտառակություն: Վաղն ի՞նչ դեմքով է շարքի առաջ երևալու: Սիրտս ցավում է: Սիրելի տիկին Բանու: Փքված գայլ՝ բամբակյա ատամներով: Վերջ Ռոստամի ու Սպիտակ դևի մենամարտին: Սիմա Մահդավին հաղթանակած է:

 Հաղթանակ: Ի՜նչ մտքեր: Մի երիտասարդ աղջկա մտքեր, որն անհաղորդ է կյանքի պարտություններին, սահմաններին ու ճակատագրերին:

 Հեղափոխությունից տարիներ անց «Անուշիրվան Դադգար» դպրոց եմ գնում: «Արդարադատ Խոսրով Անուշիրվան…», մնացա՞ծը… Տեղեկանում եմ, որ տիկին Բանուն դեռ մահից մի քանի տարի առաջ այն փոքրիկ տանն է ապրել, մինչև իրենից էլ ավելի աղքատ մի գող գիշերով նրա տուն է եկել և ունեցվածքը (ավելի ճիշտ՝ չունեցվածքը) տարել: Հետո էլ կատարյալ միայնության մեջ մահացել է: Շուրջ երկու շաբաթ ոչ ոք տեղյակ չի եղել, որ մահացել է:

 Իմանում եմ, որ Սիմա Մահդավին սիրահարվել է և ամուսնացել իր ընտրյալի հետ: Շատ երջանիկ է եղել մինչև հեղափոխության սկիզբը, երբ սիրելի ամուսինը զոհվել է ավտովթարից:

 Կյանքը շարունակվում է՝ իր քողարկված վատություններով: Մինան Ամերիկայում է ապրում, Ամերիկայի թշնամին է, հայհոյում է նախագահ Բուշին: Հանգիստ կին է դարձել, յոգա է դասավանդում: Իսկ ես դեռ ամեն անգամ սենդվիչ կծելիս այն անէացած ախորժելի համն եմ փնտրում. այն սենդվիչի համը, որ Մինան ինձ համար նետեց դասարանի պատուհանից: Երիտասարդության սենդվիչ՝ միահյուսված Ալ աղայի կոստյումի յուղի ու թթու վարունգի բույրով, դասից փախչելու բավականությամբ, տիկին Բանուից ունեցած վախով… աներևույթ դարձած խաղաղությամբ: 

 


 Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 2571

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: