Ննջեցյալների մասին պատմվածք

 

Այսպես են պատմում։ Մեղսավոր այս աշխարհում Խուան Մանսո անունով մի մարդ էր ապրում՝ Աստծո կողմից օրհնված, սուսիկ-փուսիկ, որն իր ողջ կյանքի ընթացքում մի ճանճ էլ չէր սպանել։ Մանուկ ժամանակ, երբ նրա ընկերները հավալա[1] էին խաղում, այծը Խուանն էր, հետո ընկերները իրենց սիրային ինտրիգներն էին պատմում նրան, իսկ երբ հասուն տղամարդ դարձավ, ծանոթները ողջունում էին նրան «քնքշությամբ» լի հետևյալ խոսքերով․ «Ցտեսություն, Խուանի՛տո»։

Խուան Մանսոյի համար բարձրագույն սկզբունքը ուժեղ մարդկանց քծնելն ու չվարկաբեկվելն էր։

Զզվում էր քաղաքականությունից, ատում էր բիզնեսն ու մերժում այն ամենը, ինչ կարող էր խաթարել նրա հոգու հանգստությունը։

Չնչին ռենտայով[2] էր ապրում՝ մինչև վերջին կոպեկը ծախսելով այն և պահելով ընդհանուր կապիտալը։ Բավականին աստվածավախ էր, ոչ ոքի չէր հակաճառում, աշխարհում բոլորի մասին վատն էր մտածում, սակայն բոլորի մասին լավն էր խոսում։

Եթե նրա հետ քաղաքականության մասին էին խոսում, ասում էր․

-Ես ոչ ոք եմ, ո՛չ ձուկ եմ, ո՛չ միս․ ինչ թագավոր, ինչ նավակ, ինձ համար միևնույն է․ աղքատ մեղսագործ եմ, որն ամբողջ աշխարհի հետ խաղաղ ապրելու մասին է մտածում միայն։

Սակայն հնազանդությունը չփրկեց նրան, և վերջիվերջո Խուան Մանսոն մահացավ, ինչը միակ վարկաբեկիչ արարքն էր, որ գործել էր իր կյանքում։

***

Հրեղեն թրով զինված մի հրեշտակ հոգիների տեղաբաշխմամբ էր զբաղվում՝ յուրաքանչյուրի առաքինություններն ու անառակություններն արձանագրելով այն անցակետի գրանցման մատյանում, որտեղով պետք է հոգիներն անցնեին աշխարհը լքելիս, և որտեղ ընտրական տեղամասի նման հաշտ ու համերաշխ նստել էին հրեշտակները և դևերը՝ հսկելով, որ բոլոր փաստաթղթերը կարգին լինեն։

Մատենավարման բաժնի մուտքը խանութի՝ ամենակարևոր կորիդայի[3] օրվա դրամարկղ էր հիշեցնում։ Այնքան մարդ կար, այնպիսի հրմշտոց էր, բոլորն այնքան էին շտապում՝ իմանալու իրենց հավերժական ճակատագիրը, և այնպիսի աղմուկ էր՝  անեծքներ, աղերսանքներ, հայհոյանքներ և ներողություններ աշխարհի հազար ու մի լեզվով, բարբառով և ժարգոնով, որ Խուան Մանսոն ինքն իրեն ասաց․ «Ո՞վ է ինձ խնդրում այս խառնաշփոթի մեջ մտնել։ Հավանաբար այստեղ միայն բռի, անտաշ մարդիկ են»։ Այդ ամենը քթի տակ մռթմռթաց՝ այնպես, որ ոչ ոք չլսեր։

Բայց այնպես ստացվեց, որ Խուան Մանսոն հրեղեն թրով զինված հրեշտակի ուշադրության կենտրոնում հայտնվեց, ու այդպիսով բռնեց Դրախտի ճանապարհը։

Միայնակ ու կամացուկ էր գնում։ Ժամանակ առ ժամանակ նրա կողքով ուրախ խմբեր էին անցնում, որոնք երգելով աղոթքներ էին արտասանում և մեկը մյուսից լավ պարում, ինչը Խուան Մանսոն ոչ այնքան արժանավայել էր համարում երանավետ երկրի ապագա բնակիչների համար։

Երբ հասավ այն վայրին, որտեղ ճանապարհը սկսեց վեր խոյանալ, տեսավ մարդկանց հերթը, որը կանգնած էր Դրախտի պարիսպների երկայնքով մեկ, իսկ մի քանի հրեշտակներ կարգ ու կանոնին էին հետևում, ինչպես ոստիկանները երկրի վրա։ Խուան Մանսոն հերթի ամենավերջում տեղավորվեց։ Շատ չանցած Ֆրանցիսկյան միաբանության[4] մի համեստ անդամ եկավ, այնպիսի ճարպկությամբ խոսեց և այնպիսի համոզիչ փաստարկներ բերեց այն մասին, թե ինչու էր շտապում և ինչու պետք է որքան հնարավոր էր շուտ ներս մտներ, որ մեր հեզաբարո Խուան Մանսոն իր տեղը զիջեց նրան՝ ինքն իրեն ասելով․ «Դրախտի շեմին ընկերներ ձեռք բերելը լավ բան է»։

Նրանից հետո եկողը թեև Ֆրանցիսկյան միաբանության անդամ չէր, բայց չէր ուզում նրանից հետ մնալ, ու պատահեց նույն բանը։ Արդյունքում մի բարեպաշտ հոգի չեղավ, որ չխլեր Խուան Մանսոյի տեղը։ Նրա հեզաբարոյության մասին լուրը հասավ մինչև հերթի վերջ, ավանդույթի նման բերնեբերան փոխանցվեց  և լողալով անցավ մարդկանց անվերջանալի հոսքի վրայով։ Խուան Մանսոն՝ սեփական բարի համբավի ստրուկը։

Խուան Մանսոյին թվում էր, թե դարեր էին անցել. հենց այդքան ժամանակ էր հարկավոր, որպեսզի մեր գառնուկը սկսեր համբերությունը կորցնել։ Վերջապես մի օր մի առաքինի և իմաստուն եպիսկոպոսի հանդիպեց, որը Մանսոյի եղբայրներից մեկի ծոռնորդին դուրս եկավ։ Խուան Մանսոն իր հեռավոր բարեկամին ներկայացրեց բոլոր բողոքները, ու առաքինի և իմաստուն եպիսկոպոսը առաջարկեց Բարձրյալի մոտ բարեխոսել նրա համար․ խոստում, որի դիմաց Խուանը իր տեղը զիջեց առաքինի և իմաստուն եպիսկոպոսին։

Վերջինս մտավ Դրախտ, և պարտաճանաչ մարդ լինելով՝ անմիջապես ուղևորվեց Բարձրյալի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու։ Երբ ավարտեց իր խոսքը, որը մտացիր կերպով լսում էր Ամենակարողը, վերջինս ասաց եպիսկոպոսին՝ հայացքով տնտղելով նրա սիրտը․

-Հետգրությունը չե՞ս բերել։

-Տե՛ր, թո՛ւյլ տվեք բարեխոսել Ձեր խոնարհ ծառաներից մեկի համար, որը հերթի ամենավերջում է կանգնած․․․

-Դադարացրո՛ւ հռետորությունը, - ասաց Աստված որոտալից ձայնով։ - Խուան Մանսո՞ն։

-Հենց ինքը, Տե՛ր, Խուան Մանսոն, որը․․․

-Լա՛վ, լա՛վ։ Իր խառնածը թող ինքն էլ կարգավորի, քեզ չվերաբերող հարցերի մեջ մի՛ խառնվիր։ - Հետո դառնալով հոգիներ ուղեկցող հրեշտակին՝ ավելացրեց, - Հաջո՛րդը։

Եթե լիներ մի բան, որ կարողանար խախտել երանավետ երկրի բնակչի երջանկությունը, ապա կարելի կլիներ ասել, որ առաքինի և իմաստուն եպիսկոպոսինը խախտվեց։ Սակայն կարեկցանքի զգացմամբ առաջնորդվելով՝ եպիսկոպոսը մոտեցավ Դրախտի պարսպին, որի երկայնքով ձգվում էր հերթը, բարձրացավ դրա վրա և կանչելով Խուան Մանսոյին՝ ասաց․

-Բարեկա՜մս, ցավո՜ւմ եմ։ Ցավո՜ւմ եմ, որդյա՜կս։ Աստված ասաց, որ քո խառնածն ինքդ էլ կարգավորես, և որ ես չխառնվեմ ինձ չվերաբերող հարցերին։ Բայց․․․ մի՞թե դու դեռ հերթի վերջում ես։ Դե՛, որդյա՛կս, զինվի՛ր համարձակությամբ և ոչ ոքի այլևս տեղդ մի՛ զիջիր։

-Արդեն ո՜ւշ է, - բացականչեց Խուան Մանսոն՝ ոլոռների նման արցունքներ թափելով։

Արդեն ուշ էր, ճակատագրական համբավը ծանրացել էր նրա վրա, և արդեն ոչ թե խնդրում, այլ խլում էին նրա տեղը։

Խուան Մանսոն թրջվածի պես լքեց հերթն ու գնաց՝ հանդերձյալ աշխարհի ամայի և դատարկ փողոցներով թափառելու, մինչև որ հասավ մի ճանապարհի, որտեղով մեծ քանակով մարդիկ էին գնում՝ բոլորը գլուխները կախ։ Հետևեց նրանց և հայտնվեց քավարանի դռների առաջ։ «Այստեղ ավելի հեշտ կլինի մտնել, - ինքն իրեն ասաց Խուան Մանսոն, - հենց որ մտնեմ և մաքրվեն, միանգամից ուղիղ երկինք կուղարկեն ինձ»։

-Հե՜յ, ընկե՛ր, ո՞ւր ես գնում։

Խուան Մանսոն պտտվեց և դեմ առավ մի հրեշտակի՝ գլխին ծոպիկավոր գլխարկ, իսկ ականջի հետևում՝ գրելու փետուր, որը ակնոցների վրայից նրան էր նայում։ Ոտքից գլուխ Խուան Մանսոյին զննելուց հետո շրջվեց և ասաց․

-Հը՜մ, malorum causa[5]։ Մինչև ոսկորներդ մոխրագույն ես․․․ Եթե քեզ գցենք մեր մոխրաջրի մեջ, կանէանաս։ Ավելի լավ կլինի Դրախտ գնաս։

«Դրա՜խտ»։

Այդ լսելով՝ կյանքում առաջին անգամ Խուան Մանսոն վրդովվեց, որովհետև ամենահամբերատար և ամենահեզաբարո մարդն անգամ, չէր հանդուրժի այն, որ մի ինչ-որ հրեշտակ հիմարի տեղ դներ իրեն։

Հուսահատվելով Խուան Մանսոն Դժոխքի ճամփան բռնեց։ Այնտեղ ոչ մի հերթ չկար։ Լայն դուռ էր, որտեղից դժոխային դղրդյուն էր լսվում և սև, թանձր ծխի քուլաներ էին դուրս գալիս։ Սատանան խեղճ-խեղճ նստել էր շեմին, երգեհոնիկ էր նվագում և բղավում․

-Անցե՛ք, պարոնա՛յք, անցե՛ք․․․ Մարդկային կատակերգություն կտեսնեք այստեղ․․․ Ով ուզում է, կարող է մտնել․․․

Խուան Մանսոն փակեց աչքերը։

-Հե՛յ, ջահե՛լ, կա՛նգ առ, - բղավեց սատանան։

-Բայց չէ՞ որ դու ասում ես, որ ով ուզում է, կարող է մտնել․․․

-Այո՛․․․ բայց գիտե՞ս, - ասաց սատանան՝ լրջանալով և պոչը շոյելով, - մեր խղճի խայթը դեռ չի մահացել․․․ և ճիշտն ասած․․․ դու․․․

-Լա՜վ, լա՜վ, - շրջվելով պատասխանեց Խուան Մանսոն, որովհետև այլևս չէր կարողանում դիմանալ ծխին։

Հետո լսեց, թե ինչպես է սատանան քթի տակ ասում․ «Խե՜ղճ մարդ»։

«Խե՜ղճ մարդ։ Նույնիսկ սատանան է ինձ խղճում»։

Հուսահատվելով և խելքը կորցնելով՝ Խուան Մանսոն սկսեց թափառել հանդերձյալ աշխարհի ամայության մեջ, ինչպես խցանակեղևը օվկիանոսի ջրերում։

Մի անգամ հրապուրվելով Դրախտից եկող ախորժելի հոտով՝ մոտեցավ Դրախտի պարիսպներին, որպեսզի հասկանար, թե ինչ են տապակում ներսում, և տեսավ, որ Աստված մայրամուտին մոտ դուրս էր եկել` դրախտային այգիներում մաքուր օդ շնչելու։ Խուան Մանսոն սպասեց պարսպի մոտ, և հենց երևաց նրա օգոստափառ գլուխը, աղերսանքով պարզեց ձեռքերն ու մի փոքր չարացած ձայնով ասաց․

-Աստվա՛ծ, մի՞թե հեզաբարոներին չէիք խոստացել Ձեր թագավորությունը։

-Այո՛, բայց նրանց, ովքեր պետք եղած ժամանակ կխոյահարեն, այլ ոչ թե խոյահարվածներին, - ասաց Աստված և մեջքով շրջվեց նրան։

***

Ասում են՝ Աստված, խղճալով Խուան Մանսոյին, թույլ տվեց մեղսավոր աշխարհ վերադառնալ նրան։ Նորից այնտեղ հայտնվելով՝ Խուան Մանսոն բոլորովին այլ կերպ սկսեց պահել իրեն.  դաժանորեն հարձակվում էր անխտիր բոլորի վրա, ինչպես այն մարդը, որի բախտը չէր բերել կյանքում։ Երբ երկրորդ անգամ մահացավ, հրմշտելով հայտնի հերթը՝ ճանապարհ բանաց և անսպասելիորեն Դրախտ սողոսկեց։ Այնտեղ անդադար նույն բանն էր կրկնում․

-Երկրի վրա հարկադիր աշխատանք կա մահկանացու մարդու համար[6]։

 

 

 

 

 

[1] Բակային խաղ, որը 8-ից 10 մասնակից է ունենում: Ցելա գցելով՝ խաղացողներից մեկը կորացնում է իր մեջքը՝ «այծ» դառնալով, իսկ մնացածը հերթով սկսում են ցատկել նրա վրայով: Ընդ որում՝ ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն ձեռքերով: Այն մասնակիցը, ում չի հաջողվում ցատկելով անցնել, կամ ով «այծին» դիպչում է նաև ոտքով, կռանում է նրա դիմաց, և մնացածը ցատկում են արդեն երկու հոգու վրայով: Հաղթում է նա, ում հաջողվում է ցատկել ամենամեծ թվով «այծերի» վրայով:

[2] Գույքից կամ հողից ստացվող կանոնավոր եկամուտ, որ ստացողից հատուկ ձեռնարկատիրական գործունեություն չի պահանջում:

[3] Իսպանական ցլամարտ։

[4] Կաթոլիկ եկեղեցու կազմի մեջ մտնող վանական միաբանություն, որը հիմնել է Սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցին Ասսիզ քաղաքից 2,5կմ գտնվող Պորցիունկոլա կոչվող տեղայնքում 1208 թվականին՝ աղքատության, ասկետիզմի,  ճգնավորության և  մերձավորի հանդեպ սիրո գաղափարները քարոզելու համար։

[5] Ամենագարշելի դեպքը (լատ․)։

[6] Հոբ 7։1։ Հոբը Հին Կտակարանի գրքերից մեկն է, որում ներկայացվում է Հոբի՝ Հուս երկրում ապրող մի աստվածավախ, արդար, ճշմարտախոս և բարեսիրտ մարդու փորձությունների և անարդար տառապանքների պատմությունը և դիրքորոշումը Աստծո նկատմամբ։

 

 

 

Իսպաներենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 2650

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: