Մարջանե Սաթրափի․ Ինչպե՞ս լինել պարսիկ

 

Ֆրանսիայում իրանական սփյուռքի հետաքրքիր ձեռագիր ունեցող արձակագիրներից է Մարջանե Սաթրափին: Ծնվել է 1969 թ. Իրանի Ռաշթ քաղաքում: Մ. Սաթրափիի արձակի գագաթնակետը «Պերսեպոլիս» գրաֆիկական վեպն է՝ հրատարակված 2000 թվականին:          

Գրաֆիկական վեպի ժանրով գրված այդ վեպը ինքնակենսագրական հուշագրություն է, որ պատմում է դեռահաս աղջկա, նրա մտորումների, հանուն հոգեբանական և ֆիզիկական ազատության նրա մղած պայքարի և նրա շուրջ զարգացող կարևոր պատմաքաղաքական իրադարձությունների մասին: Այս վեպը մանրամասն ներկայացնում է այն ողջ հոգեկան ապրումները, որ բնորոշ են հայրենիքից հեռու՝ օտարության մեջ ապրող մարդկանց: Թերևս հենց սա է վեպի հաջողության բանալին: 2007 թվականին Սաթրափին իր գրաֆիկական նովելի հիման վրա նկարահանեց «Պերսեպոլիս» մուլտֆիլմը, որը ևս մեծ ճանաչում բերեց նրան՝ այս անգամ որպես ռեժիսոր։ Ներկայացնում ենք Մարջանե Սաթրափիի էսսեներից մեկը «Ինչպե՞ս լինել պարսիկ» վերնագրով, որ զետեղված է  մի շարք հայտնի իրանցիների էսսեների ժողովածուում՝ «Քո՛ւյր իմ, հետևիր գլխաշորիդ, եղբա՛յր իմ, հետևիր աչքերիդ» խորագրով։         

 

 

 

Մենք իրականում խցկվել-մնացել ենք ինչ-որ տեղ՝ «Հազար ու մի գիշեր»-ի Շեհրեզադեի, մորուքավոր ահաբեկչի և նրա մոլագար, ագռավի պես հանդերձված կնոջ արանքում։ Որպես շողոքորթություն՝ մեզ ասում են, թե մենք պարսիկ ենք, և Պարսկաստանը հսկայական կայսրություն է եղել։ Իրականում մենք իրանցի ենք։ Պարսիկները Մոնտեսքյոյի գրվածքներում են, Դելակրուայի կտավներում են, և նրանք Վիկտոր Հյուգոյի հետ օփիում էին ծխում։ Ինչ վերաբերում է իրանցիներին, նրանք պատանդ են վերցնում ամերիկացիներին, ռումբեր են պայթեցնում, մուռ են պահում Արևմուտքի վրա։ Նրանք 1979-ի հեղափոխությունից հետո են «ի հայտ եկել»։      

Որպես սկիզբ՝ արժե հիշատակել, որ «Պարսկաստանը» Իրանին տրված հունական անուն է։ Հույներն այդ անունն են ընտրել մեր երկրի համար, քանի որ երբ Հունաստանը դարձավ հզոր պետություն, Իրանը կառավարվում էր Աքեմենյանների կողմից, որոնք «պարսիկներ» էին, որովհետև ապրում էին Ֆարս նահանգում։ Բայց Իրանը վերջին չորս հազարամյակներում իրանցիների համար եղել է Իրան։ Եվ իրականում Ռեզա շահը՝ վերջին շահի հայրն էր, որ 1935 թվականին պահանջեց, որպեսզի բոլոր եվրոպացիները մեր երկիրն անվանեն իր իրական անվամբ՝ Իրան։           

Առաջին անգամ իմ երկիրը լքել եմ 1984-ին՝ արդեն քսանմեկ տարի այլևս չվերադառնալով այնտեղ․ այդ ժամանակվանից ի վեր, Իրանի մասին նախապաշարմունքներն ու կլիշեները դադարել են զարմացնել ինձ։       

Երբեմն կարող է զվարճալի լինել, ինչպես օրինակ 1995-ին, երբ ես ուսանում էի Ստրասբուրգում, և իմ կուրսընկերուհիներից մեկը վազեց ինձ մոտ և ասաց․ «Էստե՛ղ արի։ Էնպիսի մի բան եմ ուզում քեզ ցույց տալ, որ երբեք չես տեսել»։ Ես իհարկե գնացի՝ անկեղծ ոգևորված դրանից։ Երբ մենք դուրս եկանք բակ, նա ասաց՝ նայիր։ Նայեցի և ոչինչ չտեսա։ Քանի որ փետրվարն էր, և բավականին ցուրտ էր, ես մի արագ հայացք գցեցի կողքերս՝ փորձելով շտապ ներս անցնել։ Ոչ մի բան։ Ոչ մի արտառոց բան։ Նա հասկացավ և ասաց․ «Տե՛ս, ձյուն է գալիս։ Շատ սիրուն ձյո՛ւն է»։ Նա այնպես շեշտեց «ձյուն» բառը, որ ես կարողանայի ամբողջովին ընկալել՝ դա ինչ էր։ «Երբևէ տեսե՞լ ես ձյուն»։

Ես նրան ասացի, որ Իրանը բարձր լեռնային երկիր է՝ Ասիայի արևմտյան մասում, և ձմեռները բավական շատ ձյուն է գալիս։ Նաև ուզում էի ասել, որ Թեհրանից ընդամենը երեսուն մղոն հեռավորության վրա դահուկներ քշելու տեղ կա, բայց մտածեցի, որ չարժե նրան հիշեցնել, թե որքան խղճալի է իր կիսահալված երկու դյույմ ձյունը։ Նաև հասկացա, որ նա հավանաբար իր ընկերուհիների և ընտանիքի անդամների հետ դիտել է «Ոչ առանց իմ դստեր» ֆիլմը, և իր մեղավորությունը չէ, որ կարծում է՝ Իրանը ոչ այլ ինչ է, քան մի մեծ անապատ․․․           

«Բայց Իրանը Ասիայում չէ։ Իրանը Արևելքում է»,- ասաց նա բավական ինքնավստահ ձայնով։   

 «Արևելք»՝ մի բառ, որ, կարծում եմ, բոլոր առասպելների բանալին է։

Որտե՞ղ է այն՝ մեր երևակայությունների, երազների ու թշնամանքի առասպելական Արևելքը։ Եթե դուք խոստովանեք, որ Երկիրը կլոր է, ուրեմն մշտապես արևելքում եք, արևմուտքում կամ նման մի վայրում։ Եվ եթե անգամ դուք չեք ուզում տրվել այդ հիմար խաղին, եթե անգամ ուզում եք հիմնվել Գրինվիչիի ձեր դիտարկումների վրա, ուրեմն, ինչո՞ւ Ավստրալիան կամ Նոր Զելանդիան դրա մասը չեն կազմում։ Ուրեմն, Արևելքը միայն աշխարհագրական չէ։ Եվ հավանաբար «Արևելյան երկրներ» եզրույթը ավելի շատ կրոնական հասկացություն է․ թերևս, այն, ինչ մենք իրականում նկատի ունենք, մուսուլմանական երկրներն են։ Այդ դեպքում, Բոսնիան Արևելյան երկի՞ր է։ Եվ եթե անգամ Բոսնիան շատ ավելի հեռու է Արևելքից, մենք ո՞ր աշխարհը նկատի ունենք՝ ասելով «Մուսուլմանական երկրներ»։ Այս հասկացությունը մեզ Բոսնիայից կտանի Սոմալի, Մարոկկոյից՝ ամբողջ Ինդոնեզիա․․․ և շատ ու շատ երկրներ՝ տեղակայված երեք աշխարհամասերում՝ Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում։ Կարելի՞ է ասել, թե Սաուդիան Արաբիան և Մալազիան նույն մշակույթի կրողներն են։

Խոսել «Մուսուլմանական երկրների» մասին նշանակում է, որ, ի վերջո, տվյալ հասարակության մշակույթը սահմանող միակ և անկրկնելի գործոնը կրոնն է։ Դա, իհարկե, մի գործոնն է, սակայն՝ ոչ միակը։ Խոսել «Մուսուլմանական երկրների» մասին նշանակում է տասնյակ պետություններ միավորել մեկ կոնցեպտի մեջ, որպեսզի ավելի ճիշտ դասակարգել նրանց։       

Հիմա, իհարկե, պարզ է, որ այդ երկրները միմյանցից այնքան տարբեր են, որքան Պերուն և Իսլանդիան կամ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները (որոնք չորսն էլ, ի դեպ, քրիստոնյա երկրներ են)։ Բավական դժվար է մուսուլման նկարիչների ցուցահանդես կազմակերպել, մի այնպիսի միջոցառում, որտեղ միասին են թուրք, իրանցի և սիրիացի նկարիչներ, որոնք խոսում են երեք տարբեր լեզուներով։ «Մուսուլմանական երկրները» այնքան քիչ նշանակություն ունի, որքան՝ «Քրիստոնեական երկրները»։   

Բայց դա չէ վատը։ Վատն այն է, թե ինչպե՞ս է սահմանվում «մուսուլմանը»։ Ի՞նչ է մուսուլմանը։ Դժբախտաբար, Արևմուտքը նրան հավասարեցնում է Բեն Լադենի հետ, որը արմատական գաղափարներ կրողից ամենաարմատականն է։           

Արևմուտքը մուսուլմաններին դարձրել է թշնամի։        

Եվ Իրանը մուսուլմանական երկիր է։      

Շնորհակալություն այնպիսի մարդկանց, ինչպիսիք են ռեժիսոր Աբբաս Քիառոսթամին, գրող Ազար Նաֆիսին, Նոբելյան խաղաղության մրցանակակիր Շիրին Էբադին, որ փոքր-ինչ փոխել են Իրանի կերպարը։ Բայց ինչպե՞ս։ Իրանական ֆիլմերից երևում է, որ Իրանը գեղատեսիլ երկիր է, որտեղ երեխաները շարունակ վազում են, որպեսզի գտնեն «իրենց ընկերոջ տունը»։ Երբ Շիրին Էբադին արժանացավ Նոբելյան մրցանակի, նրա՝ գլխաշոր չկրելու փաստը Ֆրանսիայում ընկալվեց որպես գլխաշորի մասին օրենքը շրջանցելու քայլ․․․      

Իրանը, իհարկե, ունի ծայրահեղականներ։        

Իրանը նաև ունեցել է Շահրեզեդաներ։   

Բայց, նախևառաջ, Իրանն ունի ժամանակակից ինքնություն, ժամանակակից պատմությունը և ամեն ինչից վեր՝ ժամանակակից մարդիկ՝ ինչպիսին ես եմ։

 

 

Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Created on .
  • Hits: 448

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: