«Ժաննա Հեբյուտերն»
Սև, կիսաթեք գլխարկով, կարճ շագանակագույն մազերով, ձախ ուսից ներքև իջնող, սև, կիսաթև զգեստով նրբաճաշակ մի սիլուետ: Աջ ձեռքը պայմանականորեն հպված է ձախ ուսին, մատները կիսածալված են, տպավորությունն այնպիսին է, կարծես նա ուզում է իջեցնել զգեստը, բացել ուսը: Բայց ժեստն այնքան ոչ բնական ու պայմանական է, որ միանշանակ ոչինչ հնարավոր չէ եզրակացնել: Աղջկան ետևից գրկել է իր մազերի պես մուգ շագանակագույն աթոռը, որն իր երանգով երկխոսության մեջ է մտնում շատ ավելի բաց շագանակագույն պատի հետ: Բայց հենց աղջկա ետևում բաց մոխրագույն, նույնիսկ կանաչավուն պատն է՝ շատ հանգիստ տրամադրությամբ, որը թույլ է տալիս ընդգծել կանացի ֆիգուրայի ամեն մի եզրագիծը:
Մոդիլիանիի չափազանց երկար, ազնվական վզերը նրա ձեռագրի մի մասն են կազմում, բայց յուրաքանչյուր պորտրետի մեջ դրանք յուրովի են հանդես գալիս: Շրթունքները զսպված են ու փոքրիկ, բայց ճիշտ ձև ունեն, դրանք խոսում են այս կնոջ զսպվածության, համեստության ու նվիրվածության մասին: Աչքերը նկարված չեն, նրանց մեջ դեռ անհայտության երկնային կապույտն է խաղում, նշանակում է՝ Մոդիլիանին դեռ չի ճանաչել նրա հոգին (ֆիլմ «Մոդիլիանի»): Այո, սա ավելի շուտ նկար-տպավորություն, նկար-ծանոթություն է, քան նկար-իմացություն: Նկարչին հրապուրել է այս թեթև, բարի, պարզ, միաժամանակ էսթետիկ կերպարը, նրան ուղղորդել է ոչ թե բանականությունը, այլ ներշնչանքը, գեղագիտական որոշ իմպուլսներ ու սիրահարվածությունը: Ոչ մի զարդ, ոչ մի նշան, ոչ մի նախշ չկա նկարի վրա: Նրա հանճարեղությունը ծայրաստիճան պարզության և դիպուկության մեջ է: Կյանքում լինելով էմոցիոնալ, անկանոն կյանքով ապրող անձնավորություն` Մոդիլիանին իր արվեստում շատ ավելի զսպված է, լուռ ու հանգիստ: Սակայն դա այն լռությունն է, որի մեջ անսահման ասելիք կա, ու որը կարող է իր լիցքավորվածությամբ ստիպել դիտորդին խոսել նկարի հետ: Ժաննայի այս դիմանկարը արտահայտում է 20-րդ դարի առաջին կեսի նորաձևության ճիչը`՝ կարճ մազեր, պարզ շանելյան գլխարկ ու սև պարզ զգեստ: Սա նույնիսկ ժամանակից առաջ ընկած նկար է, և զարմանալի չէ, որ Մոդիլիանին չի ընդունվել իր ժամանակակիցներից շատերի կողմից: Չափից շատ ակնառու «նորը», ճչացող նորը «դիսկոմֆորտ» է պատճառում մարդկանց: Հանճարներց շատերն ուշ են գնահատվում:
Անի Հակոբյան, կինոգետ
- Created on .
- Hits: 32967