Հավերժի ճամփորդը. Ռուբեն Սևակ

 

Յուրաքանչյուր պատմական շրջադարձ, ամեն մի անցումային ժամանակաշրջան առիթ է հետահայաց վերլուծությունների և անցյալի հանգամանքները, իրադարձությունները, պատմական ու գրական դեմքերին նորովի ու նորից բացահայտելու համար: Քանի որ հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ հայ մտավորականները մշտապես դրսևորել են հետևողական ու սրտացավ վերաբերմունք, իրենց ստեղծագործություններում մեծ տեղ են հատկացրել ազգային խնդիրների բարձրաձայնմանը, ուստի նրանց թողած գրական ժառանգությանն անդրադառնալը դառնում է ոչ միայն նրանց գրական ավանդը գնահատելու, նոր դիտանկյուններ բացահայտելու եղանակ, այլ նաև նոր հնարավորություն` այլ աչքերով ու տեսանկյունից նայելու անցյալի կարևորագույն իրադարձություններին ու փաստերին, վերագնահատելու անցյալը, հասկանալու ներկան, նայելու ապագային: Ընդ որում, մեր մեծ գործիչները ազդում են ոչ միայն գրականությամբ, իրենց թողած գրքերով, այլ նաև հենց իրենցով, իրենց կերպարով, օրինակով, իրենց ամբողջ կյանքով: Մեր մշտարթուն հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ անցյալն արժևորելու պահանջից առաջացած հետաքրքրություն չէ սոսկ, այլ ազգային կենսական պահանջմունք, ապագան կերտելու ուղենիշ ու լուսավոր փարոս: Այս երախտապարտ ճանապարհին ուսումնասիրողները հաճախ են հանդիպում վիրավոր ու ցավոտ շրջանների. հայ ժողովրդի ճամփան «բախտի բերմամբ, թե պատահմամբ» ներկված է եղել կարմիրով, բայց դա հայոց հայտնաբերած որդան կարմիրը չէ. դա հայ ժողովրդի արյան կարմիրն է, նրա անկոտրում ու արժանապատիվ հոգով մաքրագործված արյան կարմիրն է: 20-րդ դարասկզբի ողբերգականության հետևանքները ցայսօր մնացել են անհաղթահարելի և փոխել են մի ողջ ժողովրդի հոգեբանություն ու ճակատագիր: Եվ, որպես կանոն, նման ճակատագրական իրադարձություններից էլ ծնվում են մեծ երևույթները՝ որպես ինքնապաշտպանական հակազդեցություն:

Այսպես, երկու դարի արանքում, երկու ցավի արանքում արևմտահայ իրականության երկնակամարում փայլեց ստեղծագործողների մի շքեղ աստղաբույլ, որն իր ստեղծագործության առանցքը դարձրեց ազգային ու համամարդկային ցավի մոտիվները՝ ձգտելով թև տալ հուսաբեկ հոգիներին լավագույն ապագայի երազներով: Նրանց ստեղծագործություններում բազմաշերտ նրբերանգներով արտացոլվեց ժամանակի բարդ ու հակասական պատկերը: Այս համաստեղության վառ աստղերից էր Ռուբեն Սևակը, ով առանձնանում էր իր նոր, թարմ, յուրօրինակ ու անկրկնելի քնարեգության փայլով: Այս համատեքստում Սևակի ստեղծագործություններն աչքի էին ընկնում բովանդակային և ժանրային բազմազանությամբ: Սևակն ամենուրեք էր տեսնում գեղեցիկը և ամեն ինչն էր վերածում գեղարվեստական գործի, չնայած դրանք այնքան էլ մեծ թիվ չեն կազմում (մոտ հարյուր հիսունի չափ տարբեր ծավալի չափածո ստեղծագործություններ, ավելի քան երեք տասնյակ արձակ գործեր և նույնքան էլ նամակներ[1]): Եթե նրա ժամանակակից Սիամանթոն իր գրիչն ամբողջովին ծառայեցնում էր հայրենիքի ցավը երգելուն, Մեծարենցը՝ սիրո և համամարդկային, հումանիստական նոտաներ հնչեցնելուն, Վարուժանը՝ անցյալի փառքի վերադարձի ու բնությունից թելադրված, առողջ մարդկային զգացմունքների փառաբանմանը, ապա Սևակը հանճարեղորեն փորձում էր ներդաշնակել այս ամենը՝ Մարդերգությունը, Հայրենիքն ու Սերը, իր քնարերգության մեջ՝ արևմտահայ գրականությունը հարստացնելով յուրատեսակ բանաստեղծություններով ու պոեմներով, որոնք ոչ միայն ազգային, հայրենի գրականության ավանդների յուրացման փայլուն վկաներ են, այլ նաև եվրոպական առաջադեմ մշակութային նվաճումների ազդեցության կրողներ: Որքան էլ յուրատեսակ և անհատական լինեն գրողների ուղիներն ու աշխարհները, այնուամենայնիվ, չենք կարող խուսափել երբեմն դրանց միջև համեմատության եզրեր տեսնելու գայթակղությունից, հատկապես, եթե նրանք ժամանակակիցներ են: Համեմատությունն, ինչ խոսք, ունի իր դրական և բացասական կողմերը: Ժամանակի գրական դաշտում որակական առումով գերակշիռ դիրք ունեցող ստեղծագործողների ժառանգությունը նույն հարթության մեջ քննելը մի կողմից կարող է ստվերել որևէ ստեղծագործող անհատի յուրօրինակության ուրվագիծը, մյուս կողմից՝ ընդգծել նրա առավելությունն ու առանձնահատկությունը՝ արծարծած թեմաների ոճային ինքնատիպության, մեթոդաբանական նորարարության, գեղարվեստական երկի ներքին և արտաքին կառուցվածքաբանական առանձնահատկության և այլ գրական-գեղարվեստական նուրբ հանգամանքների  տեսանկյուններից: Այս առումով, կարծում ենք՝ Սևակի գրական ժառանգության գնահատումը փոքր-ինչ տուժել է ժամանակակիցների հետ համեմատության համատեքստում, քանի որ գրականագետների (Մ. Պարսամյան, Ստ. Կուրտիկյան, Մ. Թեոլեոլյան, Գ. Մխիթարյան, Հ. Թամրազյան և այլք) մոտ իշխող է եղել այն կարծիքը, որ Սևակի գործերը չունեն Մեծարենցի բանաստեղծությունների նրբությունը, Սիամանթոյի երկերի թափն ու Վարուժանի կերտած պատկերների վիթխարի ուժը: Չնայած վերջին ժամանակներում նկատելի են սևակյան ժառանգության նորովի գնահատման, վերարժևորման միտումներ (Վ. Կիրակոսյանի, Էդ. Ջրբաշյանի, Ալ. Թոփչյանի, Հովհ. Չիլինկիրյան և այլ ուսումնասիրողների կողմից), սակայն սևակագիտությունը դեռ երկար և հայտնագործություններով ու բացահայտումներով լի ճանապարհ ունի անցնելու:

Համենայնդեպս, համեմատության համատեքստում, փորձենք քննել Սևակի ստեղծագործությունները՝ բացահայտելով ոչ թե դրանց առնչություններն այլ ստեղծագործողների գործերի հետ, այլ տարբերությունները, ինքնատիպությունը:

Սևակի համար բարձրագույն արժեքը մարդն է՝ տիեզերական անծայրածիրության մեջ կարևորագույն մասնիկ հանդիսացող առաքինի մարդը: Մարդկային էությունը միշտ էլ անհանգստացրել է մտածող անհատներին. նրանք տարբեր առիթներով ու միջոցներով բարձրաձայնել և պայքարել են հանուն մարդկային բարօրության: Հայ մտավորականների՝ այդ թվում նաև պոետների մտահոգության առարկան եղել է ավելի խորը: Նրանք հայրենիքի և հայրենակիցների դաժան ճակատագրի բերումով ոչ միայն տարբեր հանդերձավորմամբ բարձրաձայնել ու թմբկահարել են մշտապես հայ ժողովրդին ուղեկցող ու երբեմն հատկապես ահագնացող բնաջնջման վտանգն ու կոտորածը, այլ նաև ստիպված են եղել ստանձնել ժողովրդին զինավառելու, մշտարթուն պահելու, պայքարի ու ինքնապաշտպանության մղելու գործը, հաճախ էլ անմիջական մասնակցություն ունեցել այդ գործին: Նման մի քայլ է նաև Սևակի «Կարմիր գիրքը» ժողովածուն, որն իր կենդանության օրոք լույս տեսած միակ գիրքն է եղել: Սևակը ստեղծում է ավերման ու կոտորածի անմոռանալի պատկերներ և, ցուցադրելով արհավիրքի իրական մեծությունը, միաժամանակ ձգտում է բարձրացնել ժողովրդի պայքարի ոգին՝ անմեռ պահելով հավատը ապագայի նկատմամբ: Այստեղ տեղ գտած պոեմները («Ջարդի խենթը», «Թրքուհին», «Մարդերգություն») առանձնահատուկ տեղ են գրավում ոչ միայն Սևակի գրական ժառանգության անդաստանում, այլ նաև ողջ հայ գրականության մեջ: Դրանցից յուրաքանչյուրն ունի ուրույն ու կարևոր ասելիք, հանդիսանում է ժամանակի իրականության հստակ ու հավաստի վավերագիր՝ միաժամանակ շոշափելով անցյալի ու ապագայի հիմնահարցեր:

«Ջարդի խենթը» պոեմը Կիլիկիայում կազմակերպված թուրքական հալածանքների ու կոտորածների արձագանքն է, որը կարծես հրաբխային ժայթքում էր, չհանձնվելու, պայքարի ու վրեժի կոչ՝ առանց հուսահատական ու լալկան երևէջների: Այստեղ կոտորածների անմիջական նկարագրություններ չկան, բայց նրանց մասին պատկերացում է տալիս կյանքի սարսափներից խենթացած հերոսի «բեմական մենախոսությունը», որն առաջին հայացքից  զառանցանքի տպավորություն է թողնում, սակայն իրականում ներքին կապ ունի մի ընդհանուր տրամադրությամբ: Պոեմի կառուցվածքը կարծես հարմարեցված է հերոսի անհավասարակշիռ մտքի ընթացքին: Սյուժեի վրա աննկատ չի մնում Րաֆֆու «Ջալալեդիդինի» և «Խենթի» որոշակի ազդեցությունը, իսկ նկարագրությունների և պատկերավորման միջոցների մեջ էլ առկա է Սիամանթոյի «Հայորդիների», «Դյուցազնորենի» և «Հոգեվարքի ու հույսի ջահերի» ազդեցությունը: Րաֆֆու Սահրատի նման Խենթը ներքին կոնֆլիկտի մեջ է մտնում քրիստոնեական հեզություն, հնազանդություն և հարմարվողականություն քարոզող, զենքի միջոցով ինքնապաշտպանության գաղափարը մերժող ավագ սերնդի, այս դեպքում՝ հոր հետ: Խենթը  դառնում է ահեղ դատավորի և գալիք սերունդների ակտիվ պայքարի պատգամաբերի սիմվոլիկ կերպար, ով իր հայրենակիցների հետ կատարվող եղերական իրադարձությունների մեղավոր է համարում ոչ միայն արյունարբու թուրք խուժանին, ոչ միայն լռության և անտարբերության մեջ ընկղմված Եվրոպային, այլ նաև համբերություն և հնազանդություն քարոզող հայ «իմաստուններին»: Դիակներով լի ճանապարհով քայլող Խենթն ի վերջո գալիս է այն համոզման, որ «դրախտ երթալու կարճառոտ ճամփան» ոչ թե «խաչի սուրբ արահետին հետևելն է», այլ «խանջարն է քուրդին»: Այս մտորումների մեջ էլ Խենթի ուսերը ճնշող նեխած դիակը կուլ է գնում գետի ալիքներին՝ խորհրդանշելով, որ գալիք սերնդի վրեժն այլևս կաշկանդված չէ նախորդների հնազանդության երկչոտ կոչերով:  

«Թրքուհին» պոեմում Սևակը շարունակում է զարգացնել ժողովրդի ակտիվ պայքարի գաղափարը: Այն պատմում է վայրենաբարո թուրք բեկի կողմից առևանգված հայ աղջկա հետ կատարված դժբախտ միջադեպ, որը նրան կյանք է արժենում, և որը այնքան բնորոշ ու տարածված էր այդ օրերի Թուրքիայում: Պոեմը ներկայանում է քնարական երգերի և պատմողական նկարագրությունների միջոցով: Պոեմի երեք հերոսներն էլ գաղափարական կերպարներ են, որոնք գործում են հեղինակի սահմանած գաղափարի համաձայն: Այստեղ պայքարող հերոսը հակադրվում է նախորդ պոեմում քննադատվող վախկոտ ու հլու բնավորություններին:

«Մարդերգություն» պոեմը շոշափում է համամարդկային բնույթի հարցեր՝ սոցիալական հակասությունների, կյանքի և մահվան փոխհարաբերության մասին:

Սևակը Ինտրայի նման Անհունի մեջ կարևորում է սիրո գերակայությունը: Սերը բարձրացնում է մարդուն նյութական կեցության օրենքներից դեպի հոգեկանության ոլորտներ, ինչը իր ուսմունքի հետևորդների համար նշանակում է մոտ լինել Նիրվանայի երանությանը: Ըստ հնդիկների՝ Նիրվանան երանության, մոռացության աշխարհն է: Այդ ուսմունքի, ինչպես նաև շոպենհաուերյան փիլիսոփայության ազդեցությունը կա նաև Սևակի «Մարդերգություն» պոեմում: Անհավասարությունն ու սոցիալական հակասությունները, աղքատի հանդեպ դաժան վերաբերմունքը, կյանքում կատարվող անարդարությունները, մարդկանց՝ օրեցօր ակամա վատին ձգտելը, հոգևոր արժեքների կորուստը ստիպում էին հեղինակներին փնտրել ուրիշ մի աշխարհ, իրենց պատկերացումների աշխարհը, կամ նախընտրում են մահը՝ հավասարության դաշտը ու Նիրվանան: Այս ամենի արձագանքն ենք տեսնում Սևակի պոեմում:

Սյուժեի վրա որոշ ազդեցություն է ունեցել հայրենի գյուղ կատարած հեղինակի այցելությունը, ուր կյանքի առանձին փաստերը առիթ են դառնում քննելու մարդկային կյանքի իմաստը, հասարակության անցյալը, ներկան և ապագայի հեռանկարները: Պոեմը բաժանված է երեք մասի, որոնք փուլ առ փուլ ցույց են տալիս մարդու ուղին հասարակության մեջ՝ ծնունդից մինչև մահ: Պոեմի նյութը առիթ է՝ խորհելու աշխարհի հավերժության և մարդկային կյանքի անցողիկության մասին:

Գեղարվեստական հանդերձավորմամբ քննվում է քարանձավի բնակչից մինչև ժամանակակից մարդ ընկած ուղին: Ամեն դեպքում բոլոր մարդկանց միանման ապագա է սպասվում. «հավասարության դաշտը՝ Գերեզման»: Ինչպես մեր մեծերից շատերը (Թումանյան, Իսահակայան և այլք), Սևակը ևս ողբերգական տրամադրությամբ է խորհում բնության գեղեցկությունների և մարդկային կյանքի անկատարության, տարբեր կողմերի հակադրության մասին: Նման խորհրդածությունների արդյունք է նաև նրա «Մեծդ Աստված» բանաստեղծությունը, որն աչքի է ընկնում ընդգրկումների վիթխարի լայնությամբ: Առվակներից հեզորեն սահող երկրագնդի ջրերի, գահավիժող ջրվեժների ու մթին օվկիանոսների, անապատների ու անտառների, անդնդախոր ձորերի ու երկնասույզ լեռների, կապույտ երկնքի անեզր տարածության նկարագրությունների կողքին պատկերվում է մարդը՝ իր կարճատև ու անվերջ դժբախտություններով լի կյանքով, արատների ու անվերջ չարիքների պատկերներով, որը նաև աղտոտում, խախտում է բնության գեղեցկությունն ու մաքրությունը:

Ճակատագրին մտրակին տակ խելահեղ,

Անոնք կուլան ու կը վազեն մտացիր,

-Իրենց ճակտին վրա Մահվան գիրն ահեղ…

Բնության և մարդկային կյանքի աններդաշնակությունից ծնվում է մի խոր թախիծ, որը ուղեկցում է ոչ միայն բանաստեղծությունը, այլ նաև ողջ մարդկային կյանքը:

Միջավայրը պատկերող նկարագրությունների և մտորումների մեջ հանդիպում ենք նաև աֆորիզմային ցայտունության հասնող հանճարեղ մտքերի.

…Աշխարհ գործարան մ’անխոնջ, անխնա.

Սերը հաշիվ մ’է. կրոնքը՝ դրամ…

…Մահն՝ անմտություն. Կյանքն՝ անհաշտ կռիվ…

Այսպիսով, «Կարմիր գրքում» ընդգրկված պոեմներում հեղինակի ուշադրության կենտրոնում մարդկային տառապանքի թեման է՝ դիտված տարբեր տեսանկյուններով: Ընդ որում ստեղծագործությունների համար ազդակ են հանդիսացել տարբեր հանգամանքներ. մի  դեպքում ազդակը թուրքական ջարդերն են, մյուս դեպքերում՝ հեռավորությունից եկած մտահոգիչ լուրերի ազդեցությամբ ծնված փիլիսոփայական մտորումները: Ամեն դեպքում Սևակի քննադատության միտումը ոչ թե մարդուն բարոյապես ոչնչացնելն է, այլ ուղղված է նրան ազատ ու կատարյալ տեսնելու ազնիվ նպատակին:

Թեմատիկայով և գաղափարական բովանդակությամբ «Կարմիր գրքի» հետ է կապվում Սևակի ազգային-քաղաքական բանաստեղծությունների այն շարքը, որը պիտի ամփոփվեր «Վերջին հայերը» ընդհանուր խորագրի տակ: Այստեղ ևս գաղափարական առանցքը դառնում է «Ջարդի խենթը» պոեմի հիմնական գաղափարը. այնտեղ, ուր սուրն է վճռում հարցը, հնազանդության ու հանդուրժողականության քարոզը հող կարող է լինել միայն կործանման համար: Այս շարքում հեղինակը խորհում է ժողովրդի պատմական բախտի և ապագայի հեռանկարների մասին: «Ցավոն» բանաստեղծության համանուն հերոսը, որի անունը պայմանական-գաղափարական է և խորհրդանշում է հայ ժողովրդի դարավոր ցավը, նահատակվում է հանուն ազատության: Բանտում շղթայված հերոսին մոտեցած քահանայի՝ աղոթելու առաջարկի պատասխանը շիկացած խոսքերի մի փոթորիկ էր, որը հիշեցնում է Խենթի «մենախոսությունը»:

Շարքի բոլոր բանաստեղծություններում մշտապես առկա է հնավանդ ու բազմաչարչար հայրենիքի կերպարը:

 Ռուբեն Սևակի պոեզիայի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն էլ նրա՝ ազգային (արևմտահայ) բանաստեղծության հարուստ ժառանգությունը համաշխարհային ժառանգության հետ ներդաշնակելն է: Իր ժամանակի պոեզիայի առավել արժեքավոր կողմերը նրբորեն ըմբռնելով, մի միասնության մեջ ձուլելով բանաստեղծական տարբեր հոսանքներ, արմատապես նորացնելով և վերաիմաստավորելով համաշխարհային պոեզիայի որոշ «հավերժական» թեմաներ՝ Սևակը հայ բանաստեղծական խոսքին հաղորդեց նոր էներգիա, նոր արտահայտչություն: Ասվածի վառ ապացույցը 1911 թվականին տպագրված «Տրուբադուրներ» պոեմն է, որտեղ հեղինակն ընթերցողին մղում է խորհելու այն հարցի շուրջ, թե կա՞ն արդյոք բարոյականության օրենքներ, կամ՝ եթե կան, ապա գործո՞ւմ են արդյոք դրանք: Նա փորձում է իրեն բնորոշ յուրահատկությամբ արվեստը մոտեցնել գիտությանը՝ ցույց տալով, որ օրենքների օբյեկտիվությունը կախված չէ մարդուց, այլ մարդն է կախված այդ օրենքներից:

Միջնադարի թափառիկ երգիչները՝ տրուպադուրները, շրջել են քաղաքից քաղաք և հնչեցրել իրենց ազատ երգը կյանքի, սիրո, հերոսության մասին: Սակայն ստեղծագործությունը ոչ այնքան անցյալի, որքան ներկայի մասին է: Դարեր են անցել, երբեմնի հպարտ երգիչների շառավիղներն այսօր էլ անցնում են փողոցներով, շրջում մարդկանց կողքով՝ դեմքերին մութ ժպիտ ու սառն անտարբերություն:

 Սևակը մի կողմից Վարուժանի նման փորձում է հաղթահարել ժամանակի և տարածության կաղապարները, մոտեցնել իրար դարերն ու վերակենդանացնել անցյալի փառքերն ու առեղծվածները՝ գովերգելով հեռո՜ւ-հեռուներից, աստվածաբնակ դարերից եկող տրուբադուրների անցած զրկանքներով ու հալածանքներով լեցուն, ծանր, բայց գեղեցիկ ճանապարհը: Իրենց վերքերից երգ ծնող այս երգիչները՝ բնության ազատ տերերը, սրտակից ու հարազատ էին խոհուն բանաստեղծի հոգուն: Նրանց մեջ հեղինակը թանձրացնում էր անկոտրում ոգու, ուժի, կամքի, բնականի, մարդկայինի, բնության և կյանքի հավերժ ճանապարհի խնդիրը, ինչպես Վարուժանը՝ հեթանոս աստվածների մեջ: Դարի տրուբադուրներին՝ բանաստեղծներին, խորթ էին նորագույն դարի բարոյական սին նորմերը, առ ու տուրի վերածված մարդկային ամեն տեսակ հարաբերությունները, նյութի ամենահաղթ ուժի գերակայությունն ամեն ինչում: Այս զգացողությունների վերահաս տագնապի և դառն իրականության փաստերի ներքո Սևակի ներաշխարհից մեկը մյուսի հետևից հորդում, ծնունդ են առնում հայրենակիցների և հայրենի եզերքի տխուր և անհայտ ճակատագրի վավերագրեր, պայքարի նվագներ՝ գեղարվեստական հանդերձանքով ու ինքնատիպությամբ («Կիլիկյան երգեր»՝ 1910, «Ով իմ հայրենիք»՝ 1909, «Զանգակներ, զանգակներ»՝ 1909): Ճիշտ է, Սևակը չի ստեղծում Սիամանթոյի արյունալի, մղջավանջներով ու սարսափներով լեցուն տառապանքի հողմակոծ, մշուշոտ աշխարհը, բայց  կարողանում է հասնել ժամանակի ցավոտ իրականության ու հալածանքների գեղարվեստական շատ նուրբ, դիպուկ, տպավորիչ, ներքին ինքնուրույն շեշտերով ու խտացված պատկերային համակարգով նկարագրությունների, որոնք ոչ պակաս տպավորիչ ու հոգեցունց էին: Այդպիսի գեղեցիկ օրինակ է հետևյալ բանաստեղծությունը (ընդամենը մի վեցնյակ), որը նա 1913 թ. Լոզանում գրել է Իսահակյանի ծոցատետրի մեջ[2].

Ո՞վ կուլա այսպես խշտյակիս շեմքին:

-Քո՜ւյր, ղարիբն է, բա՜ց…

Կմա՞խք մը կանցնի դուրսեն լալագին:

-Սովն է, դուռըդ բաց…

Տապա՞րն է ջախջախ դըռանս կուրծքին,

-Ջարդն է, դուռըդ բաց…

Փոքր ծավալով այս բանաստեղծությունը ձևական նմանություն ունի Շառլ Գերենի մի բանաստեղծության հետ, որը թարգմանել է հենց ինքը՝ Սևակը[3], բայց այս բանաստեղծությունն ունի հայ ժողովրդի ճակատագրին բնորոշ շատ խոր ու տարողունակ բովանդակություն՝ ողբերգական ծանր շեշտադրումներով, ինչպես Վարուժանի «Առկայծ ճրագ» բանաստեղծությունը, որտեղ ևս հեղինակային հարակրկնություններն ընդգծում են թեմայի խորությունն ու բանաստեղծությանը հաղորդում պատկերային ներքին զարգացում:

Հետագայում՝ 1980-90-ականներին լույս տեսած Սևակի ամբողջական երկերի ժողովածուներում տեղ գտած անտիպները, իրենց բովանդակություններից ելնելով, զետեղվեցին պայմանականորեն կազմված շարքերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևակը առաջիններից էր իր ժամանակակիցների մեջ, որն իր ստեղծագործությունները ներկայացնում էր ըստ բանաստեղծական շարքերի:

«Սիրո գիրքը» մեկտեղում է Սևակի սիրային պոեզիան: Դրանք ապրված զգացումի արտահայտություններ են, սիրո ապրումի տարբեր պահերի ծնված խոհեր, խոստովանություններ, տագնապներ, հոգու ճախրանքներ։ Այս բանաստեղծությունների քնարական հերոսը, որ առավելապես ինքը՝ բանաստեղծն է, ավելի քան ցայտուն է մարմնավորված, նա սիրո հրդեհով բռնկված մի երիտասարդ է, որ անցնում է սիրո պատմության բոլոր փուլերով, նա անմիջական կրողն է սիրո ապրումի բոլոր պահերի՝ առաջին հանդիպման տենչ, նամակի պատասխանի սպասում, հանդիպման սպասում ու հրճվանք, սիրո վայելք ու հոգեկան դրամա, բաժանման ցավ ու կորստի մորմոք, սիրո իմաստավորման խոհ («Նամակը», «Եկուր», «Հավիտենական հեքիաթը», «Անկարելի սերը», «Սերը», «Պիտի սպասեմ», «Ինչու՞» և այլն)։

Սերը բանաստեղծի համար երազ է, որին պիտի հավերժորեն ձգտել, կանչել ու ընդառաջ գնալ այդ երազին, հասնել ու ձուլվել.

Եկու՜ր, եկու՜ր ճամփաներեն անուրջիս.

Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,

Վերջին անցորդ տառապանքի կամուրջես

Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես

Եկու՜ր, եկու՜ր ճամփաներեն անուրջիս...

Սերը կյանքի հոմանիշն է նրա համար, նա ժխտում է անսեր կյանքը («Սակայն ավաղ անսեր կյանքին.– կյանք է որ...»), նրա սերը մեծ է ու անիմանալի, աստվածային է («Դուն Սեր-Աստվածը սիրեցիր»)։ Սերը իրականության դաժանությունից ու անկատարությունից փախչելու ամենալավ միջոցն է, որը դրսևորվում է գեղեցիկ անուրջների և երազների միջոցով: Այս դեպքում դրանք ռեալ իրականության արժեք ունեն, քանի որ հեղինակը իսկապես հավատում է իր փայփայած իդեալների վերջնական իրականացմանը:

 Չկա մի բանաստեղծ, որ ապրած ու շոշափած չլինի սիրո «նյութը»: Եթե խորությամբ ուսումնասիրենք Սևակի նախորդների և ժամանակակիցների սիրային պոեզիան, ապա կնկատենք որոշակի առանձնահատկություններ, որոնցով էլ ընդգծվել և մնայուն տեղ են գրավել գրական դաշտում: Եթե Դուրյանի բանաստեղծություններում իշխում է մերժված սիրուց ծնված պատանի հանճարի հոգեկան փոթորիկն ու անհուն տառապանքը («Սիրել», «Դրժել», «Մնաս բարյավ», «Նե» և այլն), Մեծարենցի մոտ՝ հեռավոր, անհաս երազանքի ռոմանտիկ տենչերը («Վայրկյանը», «Ջուրեն դարձին», «Ճառագայթի պես ոսկեվարս ու նրբին…» և այլն), Վարուժանի մոտ՝ սիրո զգացման առնական, մարմնական վայելքի ուժը («Ո՜վ լալագե», «Գրգանք», «Ո՜ Տալիթա» և այլն), ապա Սևակի մոտ գերիշխում է սիրո զգացման, վայելքի ու տառապանքի բազմակողմանի պատկերումը: Նա երգում է մերթ երազային, անորսալի («Սիրո մրմունջ»,  «Հավիտենական հեքիաթ», «Սիրո աղբյուր»), մերթ իրական, մարմնական արբեցում պատճառող սերը («Քնացող աղջիկը», «Ահա կերգես, Դասիանա», «Եկո՜ւր»): Իսկ «Երգ-երգոցում» Սևակն իրեն բնորոշ վարպետությամբ կարողացել է լավագույնս զուգակցել երազայինն ու իրականը, անրջայինն ու շոշափելին, հոգեկանն ու մարմնականը. եթերային, չնաշխարհիկ էակն աստիճանաբար տողերի արանքից հառնում է որպես որոշակի կերպավորում ստացող, իրական հիացմունքի և արբունքի օբյեկտ:

Սևակի խոհերի մեջ Սերը ամենազոր է, ինչպես կյանքը ու հզոր է կյանքի հակոտնյայի՝ մահվան պես։ Կյանք և Մահ հավիտենական ողբերգական հակակշռի մեջ կյանքի կարճատևությանը հակադրվում է մահվան հավերժականությունը, և Սերը, որպես կյանքի հոմանիշ, երբեմն հիշատակվում է հենց սիրո հզորությունն ընդգծելու համար։

Մեռնիլ մեռնի՜լ... Անմահանալ մահվան մեջ,

Մեռնիլ... Գրկիդ գոգն, այսպես, մեր սերն անշեջ

Անհունին մեջ ծառացնել տիրական...

Այս կյանքում ի վերջո սերը վախճանական է, անհունի մեջ՝ հավերժական։ Այս խոհը նոր չէր թե ռոմանտիկների ու թե հատկապես խորհրդապաշտների երգերում (Իսահակյան, Մեծարենց, Տերյան, Չարենց)։ Ամեն դեպքում ինչպես մյուսների, այնպես էլ Սևակի պոեզիայում նմանատիպ խոհերից բխող հետևությունը Կյանքի հաստատումն է՝ Սիրո փառաբանությունն ու մեծարումը։ Սերը միավորում է սիրած էակին ու բնությունը, ներդաշնակվում են, հեղինակն իր զգացմունքները ցանկանում է տեսնել բնության հավերժության համատեքստում, դրան միաձուլված: Այս գաղափարը հարազատ էր նաև Թումանյանին: Թումանյանը ևս իր պոեմներում և բալլադներում խորհում է սիրո, մարդկային կյանքի անցողիկության և բնության հավերժության մասին՝ նախապատվությունը տալով բնությանը. ի վերջո հերոսները ձուլվում են բնությանը՝ դառնալով ծաղիկ, թիթեռ և այլ բնության մասնիկներ («Փարվանա», «Դեպի Անհունը» և այլն): Սա մի յուրօրինակ մարտահարվեր է կյանքի անցողիկության գաղափարին:

Սերը Սևակի բնութագրումով «հեթանոս երջանկությունն է», «Սերն այն կուռքն է, որուն առջև ծնրադրած // Որբի մը պես պիտի ողբար ի՛նքն Աստված»: Սա սիրո գերադասության բարձրագույն դրսևորում է. անսեր որբ է նույնիսկ ամենակարող Աստվածը: Սերը պիտի փոխադարձ լինի, որովհետև՝ «Սիրել առանց սիրվելու-սու՜գ ահավոր», կանչող, ձգող, կլանող անհուն խորք է սիրո ակունքը, և ինքը լցված է այդ զգացումով:

Սևակի պոեզիան, բացի վերը նշված առանձնահատկությունները, ունի նաև պարտավորեցնող նշանակություն: Եվրոպայում բարձրագույն կրթություն ստացած, մի քանի լեզուների փայլուն տիրապետող անհատը, ով մինչ տասը տարեկանը եղել է թրքախոս, բացառիկ խնամքով, հոգատարությամբ ու նրբությամբ է մոտեցել մայրենի լեզվին: Պերպերյան վարժարանում ստացած հայագիտական բարձրագույն կրթությունը ոչ միայն Սևակին վերադարձնում է ազգային ակունքներ, այլ նաև ապագա բանաստեղծի նկարագրում հիմնավորապես հաստատում ազգային արժանապատվության առավել քան սրացված գիտակցումը, հայ լինելու հպարտությունն ու պատասխանատվությունը: Սևակը ևս, ինչպես մեր մեծերից շատերը (հիշենք Տերյանին), օտար լեզվով ստեղծագործելու առաջարկներ են ստացել, քանզի նրանց ստեղծագործությունները համամարդկային նշանակության և գնահատանքի գործեր էին համարվում, սակայն մայրենիի նկատմամբ պահպանողական և սրբազան վերաբերմունքը ոչ միայն սկզբունքի հարց է եղել, այլ նաև գրեթե բոլոր ժամանակներին բնորոշ քաղքենիության և օտարամոլության դեմ յուրատեսակ պայքար, որից շահող պետք է դուրս գար միայն ոսկեղենիկ հայերենը:

Ռ. Սևակի գործերը մեծ հոգածությամբ հավաքող և պահպանող Հովհ. Չիլինկիրյանը վկայում է, որ Սևակը քրոջ դստեր՝ Ատրինեի հունարեն նամակին պատասխանում է բանաստեղծությամբ, որտեղ պատգամում է անուշ մայրենին չմոռանալ՝ անկախ միջավայրից և իմացած տարբեր լեզուներից: Հետագայում նման պատգամներով հանդես եկան նաև հայերենի անաղարտությամբ անհանգիստ այլ մտավորականներ (Ս. Կապուտիկյան, Հովհ. Շիրազ, Ն. Զարյան և այլք): Հիմա էլ, երբ արևմտահայերենը, չունենալով պետական լեզվի կարգավիճակ և կոորդինացնող կենտրոն, կանգնած է ոչնչացման վտանգի առաջ, կարիք ունի հատուկ վերաբերմունքի ու պաշտպանվածության: Այս առումով հատկապես կարևորվում է արևմտահայերենով ավանդված հարուստ գրական ժառանգությունը: Դրա խորն ուսումնասիրությունն ու հանրահռչակումը, դպրոցներում և այլ կրթական հաստատություններում ուսուցման ընդլայնումը բացառիկ դեր ու նշանակություն կարող են ունենալ լեզվի պահպանման գործում, ինչի համար էլ, տարիներ շարունակ այդ լեզվով ստեղծագործելով, պայքարել և պայքարում են մեր հեռատես ու լայնախոհ մեծերը: Ռուբեն Սևակի ստեղծագործություններն այս գործում լավագույն միջոցը կարող են հանդիսանալ:

Որքան Սևակին ճանաչողների համար պարադոքսալ ու անհամատեղելի էր նրա տրամաբանող և ռացիոնալ էությունն ու պոեզիայի համատեղությունը, այնքան բանաստեղծի հոգուն ներդաշնակ էր այդ համատեղությունը: Նրան հաջողվում էր մեծ վարպետությամբ համատեղել ոչ միայն հասարակական գործունեությունը, բժշկությունն ու պոեզիան, այլ նաև արձակագրությունը: Նրա աշխարհայացքը չափազանց լայն էր՝ պոեզիայի լիրիզմով սահմանափակվելու և սեփական ներաշխարհ հեռանալու համար: Նա իր պոեզիային բնորոշ լիրիզմն ու ռոմանտիզմը հաղթահարեց ռեալիստական արձակով: Նա «Բժշկին գիրքէն փրցուած էջեր» ժողովածուի տեսքով մեզ է փոխանցել այնպիսի արձակ գործեր, որոնք ցույց էին տալիս ժամանակի իրականության ստվերոտ կողմերը, կյանքի և մահու արանքում կռիվ տվողների պայքարը: Սևակը ներկայացնում էր բժշկական գործունեության ընթացքում իրեն հանդիպած հիվանդների ճակատագրերն ու հիվանդությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով հատկապես այն խնդիրներին, որոնց մասին գերադասում էին չխոսել, այն հիվանդություններին, որոնք սոցիալական վատ պայմանների հետևանք էին: Ցույց տալով հետևանքները՝ Սևակն ակնարկում է պատճառների և դրանց լուծման ուղիների մասին: Նա դա անում է յուրահատուկ ոճով, սահունությամբ, կոնկրետությամբ, օբյեկտիվությամբ, ներդաշնակ ավարտունությամբ: Ներքին մաքրությունը միակ ճանապարհն է: Այսպես է և «Բժշկին գիրքեն փրցված էջեր»-ում Սևակի լուծումը, համոզմունքը. մարդու համար ուղենիշ պիտի լինի աշխատասիրությունը, մաքրությունը, չափավորությունը:

Հետաքրքրական են ոչ միայն Սևակի ստեղծագործությունների կառուցվածքային, բովանդակային ու գաղափարական գեղաձևումները, այլ նաև դրանցում արտահայտված լայնախոհ մտավորականի փիլիսոփայական հայացքները:

20-րդ դարասկզբին, երբ աշխարհը մերժում էր Աստծո գոյությունը, գրականության մեջ կասկածի տակ էր առնված այդ հարցը, Ինտրան քարոզում էր Ավետարանը. «Ինչպես ամեն բան գեղեցիկ է տառապանքեն ետքը»: Ինտրայի այս տողը մի ամբողջ փիլիսոփայական ուսմունքի արդյունք է, նա դնում է Աստծո գոյության ու մարդու տառապանքի խնդիրը, միևնույն ժամանակ գոյության՝ էքզիստենցի խնդիրը: Իսկ Ռուբեն Սևակը, լինելով աթեիստական թևի ներկայացուցիչ, դնում է էքզիստենցիալ հարցեր, ու չի ընդունում Աստծո գոյության փաստը, մարդը միայնակ է, բայց ինքն իրեն կարող է պաշտպանել ու պետք է ունենա կամք. «Որոշե՛, պայքարե՛, կամքով և հավատքով հառաջ մղե նպատակդ ու հաջողությունը պիտի հասնի քեզ…Կամք ու պայքար: Ասոնք են հաջողության ծնողքները»:

Կամքի խնդիրը էքզիստենցիալիզմի մեջ կարևորագույնն էր, հիմնական առանցքը: Սևակը փորձում է ապրելու կամք, ապրելու հանդեպ սեր ներարկել մարդկանց մեջ, օրինակներ ցույց տալ, պատասխաններ մատնանշել:

Ռուբեն Սևակի խոհափիլիսոփայությունը արձագանքն էր իր ժամանակի ու մտածողության: Թեև Սևակի ստեղծագործության մեջ զգալի է Նիցշեի, Շոպենհաուերի, բուդդայական ուսմունքի ազդեցությունը, այնուամենայնիվ, գրողի փիլիսոփայության մեջ կարևորվում է կենսասիրությունը, մարդասիրությունը, մարդեղությունը: Իր փիլիսոփայությամբ Սևակը մարդկության փրկության համար լուծումներ է առաջարկում` աշխատասիրություն, մաքրություն, չափավորություն: Սևակի համար հաղթող գործոնը սերն է, ու եթե այն կա, մահը սարսափելի չէ, քանի որ սերը կարող է մահվան մեջ էլ ունենալ շարունակություն, ինչպես կյանքը, որի շարունակությունն է մահը, Անհունը: Մահը կյանքի շարունակությունն է, կամ կյանքի հավերժ գոյությունը: Սա էր հավերժի ճամփորդների, այդ թվում նաև Ռ. Սևակի, Հ. Թումանյանի և այլ մտավորականների խոհափիլիսոփայության կենտրոնական գաղափարը:

Սևակի փիլիսոփայական գաղափարների համառոտ և դիպուկ վկայությունն է «Սաքիա-Մունի» բանաստեղծությունը, որը շատ ընդհանրություններ ունի բուդդայական ուսմունքի հետ: Բանաստեղծությունն աղերսներ ունի Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատության հետ: Փոխվել է մարդը. նա չի կարող ըմբռնել ճշմարտությունը, երազը, դրամը փոխել է մարդուն: Ժամանակն իր ազդեցությունն էր թողել գրողի խոհափիլիսոփայության վրա: Կյանքի և մահվան մասին խոհերի ձևավորման համար ազդակ են հանդիսացել Շոպենհաուերի փիլիսոփայական հայացքները: Դրանց համաձայն մարդ արարածը մշտապես ձգտում է փախչել իրականությունից, ներկայից կամ դեպի անցյալ, կամ՝ ապագա: Ներկան մշտապես չի բավարարում և անցյալը կամ ապագան որոշակի փրկողակ են հանդիսանում տվյալ պարագայում: Նման «փախուստների» համար մեծ ազդակ էին հանդիսանում արևմտահայության ծանր վիճակի ու հալածանքների մասին ծանր լուրերը, որոնց ազդեցությամբ էլ ստեղծվում էին բազմաթիվ վավերագրի նշանակություն ունեցող գեղարվեստական ստեղծագործություններ:

Ավաղ, Սևակին, ինչպես իր ժամանակակից մյուս տաղանդավոր մեծերին, վիճակված չէր շարունակել իր բեղուն և բովանդակալից կյանքի ուղին. 1915 թվականի մեջ արհավիրքը դաժանորեն ընդհատեց նրա և մյուսների երազանքների ու ձգտումների ճանապարհը՝ մայրամուտի վերածելով խոստումնալից ու լուսավոր արշալույսները:

Ինչպես Պ. Սևակն է հաստատում, ճշմարիտ հանճարների մեծությունը կայանում է նրանում, որ, ծնված լինելով ճիշտ ժամանակին, նրանք միշտ ժամանակից առաջ են ընկնում. դրա համար էլ չեն ներում նրանց: Հայտնի փաստ է, որ Ռ. Սևակը առաջինն էր ոչ միայն գրողների, այլև գուցե հայ քաղաքական գործիչների մեջ, որ 1909 թ. կիլիկյան աղետից հետո հստակ կանխատեսեց դեպքերի հետագա զարգացումը: Եվ զգայուն արվեստագետի նրա տագնապները վերաբերում էին ոչ միայն հայ, այլև եվրոպական իրականությանը: Նրա բանաստեղծություններում, հոդվածներում և նամակներում կարող ենք գտնել բազմաթիվ տողեր, որոնք վկայում են, որ մարգարեացած բանաստեղծը կանխատեսել է ոչ միայն Հայոց մեծ եղեռնը, այլև աշխարհակործան պատերազմը:

Այս կանխատեսումներին զուգահեռ, նրա տողերում հաճախակի հայտնվող մահվան ուրվականը միայն տուրք չէր իր ժամանակի գեղագիտությանը, այլև մարդկության, իր ժողովրդի, վերջապես իր գլխին կախված անխուսափելի մի սպառնալիք:

Այունուամենայնիվ, Սևակը թողեց պատերազմի արհավիրքներից հեռու, չեզոք Շվեյցարիան և վերադարձավ ծննդավայր, երբ այդպիսի հստակությամբ տեսնում էր «Պոլսո մղձավանջը… Սոդոմի մուխն ու Գոմորի բոցը»,- ինչպես գրում էր իր նամակներից մեկում դեռևս 1911 թ.: Նա վերադարձավ՝ իր ժողովրդի հետ կիսելու իր իսկ կանխատեսած արհավիրքները:

Հայտնի է, որ նա ծրագրել էր հրապարակել նոր գրքեր, ու խորհում էր դրանց նյութի ու կառույցի մասին։ Նոր գրքերի աշխարհ գալուն խանգարում էին նրա ունեցած մեծ պատասխանատվության զգացումը և սուղ ժամանակը։ Մեծ պատասխանատվությունը երևում է նրա կենդանության օրոք լույս տեսած միակ գրքի՝ «Կարմիր գիրք» ժողովածուի կառուցվածքից. այստեղ հստակ երևում է, թե ինչպիսի բծախնդրություն է հեղինակը ցուցաբերել ժողովածուն կազմելիս: Որքան էլ ցավալի է նրա անժամանակ ընդհատված կյանքի կարճատևությունը, նույնքան արդարացված է նրա բեղուն ու բազմաբովանդակ գոյությունը՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ անձամբ հեղինակն է վկայել իր կյանքի բուն մոտիվացիան. «Ինձ համար  գրելը երգել  է: Բոլոր  մխիթարությունս  սա  երկաթի  փոքրիկ  գրչիս մեջն  է: Ու  մենավոր  ապաստանիս  մեջ`  ձմրան  գիշերներ,  ինձմե  երջանիկ  մարդ չէ  կարելի  երևակայել`  ոտանավորի  մը  ավարտումեն  վերջ»:

 

[1] Կիրակոսյան Վ., Ռուբեն Սևակ (կյանքը և ստեղծագործությունը), Երևան, 1972, էջ 6:

[2] Այս բանաստեղծությունը 1919 թ. տպագրվել է Ա. Չոպանյանի «Վերածնունդ» հանդեսում:

[3] Տե՛ս Թամրազյան Հ., Հայ քնարերգուներ: Գիրք Ա: Մենագրություն: Եր.: Նաիրի, 1996, 336 էջ, էջ 322:

 

 

Հասմիկ Հակոբյան

  • Created on .
  • Hits: 5175

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: