ՀԱՍԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ

(հանդիպում կոմպոզիտոր Արման Ղուշչյանի հետ)

    Մեզանում ընդունված է սիրել հեռավոր երկրներից մայր հող կարճատև այցելող մեր հայրենակիցներին, մանավանդ եթե նրանք երիտասարդ են և տաղանդաշատ: Նրանց տրամադրվում է ելույթ ունենալու հնարավորություն, ողջունվում է ամեն տեսակի փորձի փոխանակում… Եվ դա, իհարկե, կարևոր և միանգամայն ողջունելի ավանդույթ է: Այդ առումով մեծ է Նարեկացի արվեստի միության դերը, որը արդեն տասը տարուց ավելի հանգրվանում է նման միջոցառումների: Սակայն վերջիններս երբեմն ոչ միայն առիթ են դառնում մեր գործընկերների հաջողություններով հպարտանալու, նրանցից սովորելու, այլև բացահայտում են մեր հասարակության խորքային խնդիրները, որոնք առնվազն ուշադրություն են պահանջում:
    Ս. թ. ապրիլի 15-ին ՆԱՄ-ում կայացավ «Հանդիպում կոմպոզիտորի հետ» շարքի հերթական թողարկումը: Բեմահարթակում էր մոսկվայաբնակ մեր հայրենակից Արման Ղուշչյանը (ծնվ. 1981): Հանդիպումից մեկ օր առաջ Ղուշչյանը նույն սրահում հանդես եկավ վարպետության հետաքրքիր դասով, որին մասնակցեցին մեր կոնսերվատորիայի ուսանողները: Եվ ահա` երկար սպասված հանդիպում, երաժշտության ունկնդրում: Հանդիսատեսների թվում էր նաև երկարատև շրջագայությունից նոր ժամանած կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հնչեցին Ղուշչյանի ստեղծագործությունները, հեղինակը մանրամասն խոսեց արդի երաժշտության` անձամբ իրեն հուզող խնդիրներից, բացահայտեց հնչած ստեղծագործությունների ձևակառուցողական և գեղագիտական մանրամասները:
arman ghushchyan    Կոմպոզիտորի խոսքը, թեկուզ ռուսերենով, պարզ և բովանդակալից էր: Ակնհայտ էր երաժշտության մասին խոսելու նրա պատրաստակամությունը, և ոչ վերջին հերթին նաև` պատրաստվածությունը, արդի երաշտության միտումներին քաջատեղյակ լինելը: Եվ դա պատահական չէ, քանի որ նա կրթություն է ստացել Մոսկվայի, Բազելի և Դրեզդենի անվանի կոնսերվատորիաներում, որտեղ նրա ուսուցիչների թվում էին Ռոման Լեդենյովը, Ռոլանդ Մոզերը և հանրահայտ կոմպոզիտորր Մարկ Անդրեն:
    Այդ երեկո ձայնագրությամբ հնչեց երեք ստեղծագործություն` սիմֆոնիկ նվագախմբի համար գրված “Peri-Ge”-ն, կամերային “Stanza”-ն և դեռևս վաղ ուսանողական տարիներին գրված «Մոտետը» (թե ինչու կոմպոզիտորի հասուն ստեղծագործությունների կողքին հնչեց շատ առումներով դեռևս «խակ» մի երկ` խոսքը առջևում է): Ղուշչյանի այսօրվա մտածողությունը համահունչ է ժամանակակից արևմտաեվրոպական երաժշտության միտումներին` մասնավորապես այն ուղղությանը, որը սկիզբ է առնում ավանգարդի «լուրջ», ոչ էքսպերիմենտալ ճյուղից. նա հավասարապես տիրապետում է թե՛ նվագախմբային գրելաձևին և թե՛ կամերային երաժշտության հյուսվածքներին: 
    “Peri-Ge”[1]-ի ոսկեծոր, «դանդաղ» նվագախումբը, թվում է, ճկուն հավասարակշռության մեջ է պահում ճապոնական գագակու երաժշտության սրտաճմլիկ թախիծն ու երկարաձիգ ձայնառություն-պեդալները և եվրոպական երաժշտության ձևակառուցողական տրամաբանությունը` իր ճշգրիտ հաշվարկված կուլմինացիաներով, համասեռ նյութի խնայողական օգտագործմամբ: Միևնույն ժամանակ, ֆլեյտայի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված “Stanza”-ն, որի վերնագիրը հեղինակը մեկնաբանում է թե՛ որպես հնչողական տարածություն (իտալերենից այդ բառը թարգմանվում է որպես «սենյակ», «կացարան», «կանգառ»), և թե՛ որպես բանաստեղծական տուն` կառուցված լինելով Բեթհովենի 27-րդ դաշնամուրային սոնատից մեջբերման շուրջ, երաժշտական լեզվի առումով փոքր-ինչ ավելի «չոր» է, և նյութի արհեստավարժ զարգացմամբ հղվում է մերթ Հելմուտ Լախենմանի «գործիքային կոնկրետ երաժշտությանը», մերթ Վլադիմիր Տարնոպոլսկու երկերի որոշ առանձնահատկություններին: Ամեն դեպքում, երկու ստեղծագործություններն էլ մեծագույն բավականություն պատճառեցին ունկնդրիս` իրենց պրոֆեսիոնալիզմով, ասելիքի առատությամբ, և նախևառաջ` երաժշտական ձևի և բովանդակության համապատասխանությամբ, երբ երաժշտական նոր լեզվով ստեղծագործող կոմպոզիտորը յուրովի է կառուցում նաև ստեղծագործության ձևը` առանց հղվելու տվյալ համատեքստում անհարիր դասական օրինակներին: 
    Սակայն նոր, հետաքրքիր երկերի հետ հաղորդակցման ուրախությանը անընդհատ խոչընդոտում էր հանդիսատեսի զարմանալիորեն անհամապատասխան արձագանքը, որին, կարծում եմ, կարիք կա մանրամասն անդրադառնալու: Սկսենք այն բանից, որ, թեպետ արտասահմանում ստեղծագործող գործընկերների հետ նման հանդիպումները դեռևս սակավաթիվ են, իսկ միջոցառման ազդագիրը մոտ մեկ շաբաթ կախված էր կոնսերվատորիայում և հայտարարված էր սոցիալական կայքերում, հայ կոմպոզիտորները հիմնականում անտեսեցին այն: Կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի դասախոսական կազմը ներկայացնում էր միայն տողերիս հեղինակը, իսկ կոնսերվատորիայից դուրս ստեղծագործողներից ներկա էին միայն Տ.Մանսուրյանը և 1-2 երիտասարդ կոմպոզիտոր: Ուսանող-կոմպոզիտորներից էլ եկան միայն առավել հետաքրքրասերները: Ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ գործընկերոջ աշխատանքը գրեթե ոչ մեկին չի հուզում` իբր, լավ է արել, գրել է, հետո՞ ինչ: Հատկանշական է, որ ներկայումս ապրող հայ ամենափորձառու հեղինակին` Մանսուրյանին, հետաքրքրեց, թե ինչ է անում Ղուշչյանը, և նա, չնայած իր 76-ամյա տարիքին, երկար ճամփորդությունից անմիջապես հետո հարգանքի տուրք տվեց երիտասարդ կոմպոզիտորին` այցելելով նրա ելույթը: Ինչևէ, դահլիճում մասնագետի կարծիք հայտնողների պակասն անմիջապես զգացվեց, երբ սկսվեցին մտքերի փոխանակումներն ու մեկնաբանությունները:
      Միջոցառման ձախողումն սկսվեց այն պահից, երբ շատ սիրալիր տարեց մի տիկին, հավանաբար, փորձելով օգնության ձեռք մեկնել սեփական մտքերի մեջ խճճված երիտասարդին, սկսեց տեղից հուշել նրան իբր չարտահայտված բառերն ու մտքերը, և շարունակեց դա անել ընդհուպ մինչև երեկոյի ավարտը: Կարծես մեծ բան չէ` լավագույն մղումներով թելադրված հասարակ անտակտություն: Սակայն «կենացները քաղցրացան» այն ժամանակ, երբ սիմֆոնիկ երկի ունկնդրումից հետո մեկ այլ տատիկ` ոչ այնքան սիրալիր, կոմպոզիտորի դեմքին նետեց առաջին կշտամբանքը` իբր, էն որ ձեր երաժշտության մեջ ջրի ձայներ եք նմանակում, դա բոլորն էլ կարող են անել, իսկ դուք Հովհաննես Թումանյան ե՞րբ եք վերջին անգամ կարդացել, հո շատ չե՞ք հեռացել մեր ավանդական-ազգայինից` ընկել օտարամոլության գիրկը: Տատիկի խղճին թողնենք «ջրի ձեները» և Հովհաննես Թումանյանին: Երաժշտությունն իրոք չափազանց բարդ էր` առանց համապատասխան պատրաստվածության այն ընկալելու համար: Սակայն ինչո՞ւ յուրաքանչյուր պահին մեզանում փրկարար օղակի պես «օգնության» է գալիս ազգային-ավանդականը` որպես արվեստի ստեղծագործության լեգիտիմության միակ չափանիշ: Կարծես հայազգի կոմպոզիտորը պարտադրված լինի իր երաժշտությունը սազով-նազով, դուդուկ-քամանչայով համեմելու, և լսելով հարազատ հնչյունները` շնորհակալ հանդիսատեսը պատրաստ է ողջագուրելու անգամ անհասկանալի կամ թույլիկ երաժշտական արտադրանքը` իբր, ոչինչ, որ վատն է, փոխարենը մարդը չի հեռացել իր ակունքներից, մերն է, ուրիշինը չէ: Մեր իրականության մեջ սազը և նազը կարծես փոխարինելու են եկել ժամանակին պարտադիր Լենինին և կոլխոզին, և ըստ իս, սա իրոք վախեցնող միտում է: 
    Մեկ այլ վախեցնող միտում` երաժշտությունը լռության մեջ լսելու անկարողություն: Երեկոյի ընթացքում Տ. Մանսուրյանը ստիպված էր նկատողություն անելու իր ետևում նստած տարիքավոր տիկնանց, որոնք անընդհատ խոսում էին: Դասական, մանավանդ ժամանակակից դասական երաժշտությունը փոփ չէ` իր դեցիբելներով և ֆոնոգրամներով, և այն ընկալելու համար նախևառաջ լռություն է պետք: Պարզ այս կանոնը մեզանում անտեսվում է ոչ միայն հասարակ հանդիսատեսի, այլ երբեմն` կրթությունն առած երաժշտագետների կողմից: Եվ ինչպիսի~ ամոթալի երևույթ է սա:
    …“Stanza”-ից հետո չդիմացան մեկ այլ հանդիսատեսի նյարդերը, և նրանից մենք լսեցինք ևս մի ճառ. «Կեցցեք, իհարկե, որ աշխատել եք, ես Ձեր աշխատանքը գնահատում եմ, բայց դժվարանում եմ ասել, արդյոք Ձեր ստեղծածը երաժշտություն է, թե ոչ: Դահլիճում ներկա է մաեստրո Մանսուրյանը, թող նա՛ բացատրի մեզ, թե ինչ է սա»: Մաեստրո Մանսուրյանը, զգալիորեն բարկացած, բացատրեց, թե ինչպիսինը կարող է լինել երաժշտությունն առհասարակ, և ինչպիսի ընկալում է այն պահանջում: Այնուհետև վիճաբանություն էր հասունանում մեկ ուրիշ ունկնդրի հետ, ով չէր կարող հաշտվել Ղուշչյանի արտահայտած այն մտքի հետ, որ ժամանակակից երաժշտության ընկալման համար հաճախ պետք է լինում հրաժարվել նախկինում ունեցած երաժշտական փորձից և համապատասխան սպասելիքներից:
    Հավանաբար, փորձելով մասնագիտական երանգ հաղորդել զրույցին, միջոցառման կեսից ժամանած երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Սվետլանա Սարգսյանը հարց ձևակերպեց, և կրկին վրիպեց: «Ձեր երաժշտության մեջ լսելի է Շթոկհաուզենի ազդեցությունը, և որպես հայ, Դուք շատ լավ եք զգում ռիթմը: Ինչպե՞ս կմեկնաբանեիք սա»: Մինչդեռ միանգամայն պարզ էր, որ Շթոկհաուզենի ազդեցություն այդ երաժշտության մեջ առհասարակ չկար, կար Լախենմանի երաժշտության զգալի ազդեցություն, այդ թվում ռիթմական և հյուսվածքային մտածողության մեջ, իսկ, հավանաբար, Շթոկհաուզենի Klavierstück IX-ի ոգով դաշնամուրի նվագաբաժնում կրկնվող ակորդները ոչ այլ ինչ են, քան մեջբերում Բեթհովենից: Հազիվ թե Բեթհովենի սոնատները, օրինակ, կրկնվող ակորդներով սկսվող հայտնի «Վալդշթայնը», ազդված լինեն Շթոկհաուզենից: Ինչևէ, ժամանակակից երաժշտության ոլորտում փորձագետի համբավը պահպանելու կարիք ունի, ուստի պետք չէ հնարավորություն կորցնել` ամեն հարմար առիթով արտահայտվելու: Միայն թե, պետք չէ նաև մոռանալ, որ նոր սերունդը ավելի բաց է աշխարհն ընկալելու նկատմամբ, և ավելի տեղեկացված է նորագույն երաժշտությունից, և գնալով ավելի բարդ է դառնում Բուլեզի և Շթոկհաուզենի սերնդի երաժշտության մակերեսային իմացությունը ներկայացնել որպես արդի երաժշտարվեստի ոլորտում փորձաքննություն:
    Միջոցառման ավարտին մոտ Ղուշչյանը ստիպված էր հնչեցնելու Նարեկացու բառերով իր «Մոտետը»` երկու ձայնի, երկու թավջութակի և երգեհոնի համար` հավանաբար, ցույց տալու համար, որ նա խելագար չէ, և կարող է գրել նաև «երաժշտություն»: «Մոտետն» արժանացավ հանդիսատեսների «այ, ապրես»-ի և «այ, սա ուրիշ բան»-ի: Այնուհետև հնչեցին ուսանողների հարցերը:
    Անկախ ամեն ինչից, հանդիպումը կայացավ: Հնչեց երաժշտություն, ունկնդիր եղանք կոմպոզիտորի ազնիվ և կիրթ խոսքին: Սակայն, մինչև միջոցառման ավարտը դահլիճը լքելիս, հոդվածագրիս հետապնդում էր ծանր, տհաճ մի զգացողություն: Մի՞թե հնարավոր չէ մշակել կոմպոզիտորի հետ հանդիպման մի ձևաչափ, որտեղ բեմում միայնակ կանգնած հեղինակը իրեն չզգա «սպիտակ ագռավ», չսկսի կասկածել` արդյոք ի՞նքն է սխալվողը, այլ ոչ թե նրա երաժշտությունը թյուր ընկալողները, չարդարանա մոտետներով, մեղեդային գծերով և Նարեկացիով: Եվ ինչպիսի՞ գին է դեռ պետք վճարել` հասկացված լինելու համար:

[1] Հեղինակի բացատրությամբ, անվանումը բխում է περίγειος բառից, որն աստղագիտության մեջ նշանակում է տիեզերական մարմնի ուղեծրի` Երկիր մոլորակին ամենամոտ գտնվող կետը: Տվյալ դեպքում, Ղուշչյանը բառախաղ է գործածում` ստեղծագործությունը կառուցելով “սոլ” (G) կենտրոնի ձգողականության շուրջ:
 
  • Created on .
  • Hits: 30696

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: