Արման Ղուշչյան

հայ
Arman Ghushyan
    Արման Ղուշչյանը ծնվել է 1981թ. Երևանում։ 2005թ. ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան՝ Ռոման Լեդենյովի դասարանը։ 2006-2008թթ. սովորել է Բազելի երաժշտական ակադեմիայում Ռոլանդ Մոզերի (կոմպոզիցիա), Գեորգ Ֆրիդրիխ Հաասի (գործիքավորում) և էրիկ Օնյայի (էլեկտրոնային երաժշտություն) դասարաններում։ 2010-2012թթ. կատարելագործվել է Դրեզդենի երաժշտական համալսարանում՝ Մարկ Անդրեյի (կոմպոզիցիա) և Ֆրանց Մարտին Օլբրիշի (էլեկտրոնային երաժշտություն) ղեկավարությամբ։
    Ներկայումս դասավանդում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոսերվատորիայում՝ գործիքավորման ամբիոնում։ 2011-12 թթ. եղել է կոմպոզիտոր Մարկ Անդրեի ասիստենտը՝ դասավանդելով Դրեզդենի երաժշտական բարձրագույն դպրոցում։
    Ա. Ղուշչյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Դ Շոստակովիչի անվան մրցույթ (Մոսկվա, 2006), Pre-Art 3-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակ (Ցյուրիխ, 2007): Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է: 2010-2011թթ. ապրել է Րիխարդ Վագների մշակութային տանը (Richard-Wagner-Stätten) Դրեզդենի մերձակայքում:
    Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչում են մի շարք երկրների բազմաթիվ նախագծերում և փառատոներում, ինչպիսիք են Մոսկվայի Աշուն (2004, 2005, 2009-2011), Մոսկովյան Ֆորում (2003), ISCM World New Music Days (2004, Շվեյցարիա), Kiev Music-Fest (2009, Ուկրաինա), Tonkünslerfest Zürich (2007), Convergence (2010 և 2013, Թբիլիսի), 2 Days & 2 Nights of New Music (2013, Օդեսսա) և այլն։
    Համագործակցել է անվանի երաժինշտների և նվագախմբերի հետ, որոնց թվում են Դրեզդենի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բազելի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Դրեզդեն Սիմֆոնիետտան, Phoenix անսամբլը, Մոսկվայի ժամանակակից Երաժշության Անսամբլը, Convergence և Pre-Art անսամբլները, Courage անսամբլը, դիրիժորներ Յուրգեն Հեմպելը, Էկկեհարդ Կլեմը, Յուրգ Հեննեբերգերը, մենակատարներ Արթուր Ավանեսովը, Վիվիան Շլասսոն, Կոնստանտին Վոլոստնովը, Շտեֆան Շմիտը և ուրիշներ:
    Կոմպոզիտորը բնակվում է Բեռլինում և Մոսկվայում: