Ուրուագիծ դիմանկարի համար. Տիգրան Խան Քէլէկեան

(1868, Կեսարիա․ Անկարայի վիլայեթ – Նիւ Եորք, 1951)

Վերստին, դույզն ինչ շրջանցելով «Սփիւռքահայ գրականութիւն» շարքի «բուն նպատակները», անդրադառնանք մի գործչի․ դարեր անընդմեջ արևմտահայոց և արևելահայոց կյանքում մշտաբար կենսունակ է եղել ազգային ժառանգության նկատմամբ ունեցած խորին հոգածությունը այնպիսի երախտավորների կողմից, որոնք, լինելով մեծահարուստ, նախ և առաջ իրենց պատասխանատու են զգացել հայ հանրության առաջ, չնայած՝ կարող էին դրա կարիքը ամենևին չունենալ, քանի որ գործունեություն էին ծավալել այլ երկրներում։ Բայց  անկարող էին չհիշել իրենց ծագումը։ Այդպիսի նվիրյալներից էր դիվանագետ, հավաքորդ Տիգրան Խան Քէլէկեանը, որը տոհմիկ կեսարացի լինելով, ժառանգելով հոր՝ մեծահամբավ վաճառական Կարապետ Քէլէկեանի վաճառականական ավանդույթների ողջ «զինակազմի հնրավորություններն ու գործելաոճի ճկունությունը, առավել լայն աշխարհագրական ասպարեզում ծավալեց իր գործունեությունը՝ ողջ կյանքի ընթացքում ականջալուր լինելով արյան կանչի ոգորումներին․․․

Տիգրան Խան Քէլէկեանը, նախնական կրթությունը ստանալով Կ․Պոլսի Յակոբ Գուրգէնի մեծահամբավ վարժարանում,- Յ․Գուրգէնի գործունեությանը առանձին կանդրադառնանք,- 1892թ․, տակավին պատանի, եղբոր՝ Գէորգի հետ Կ․Պոլսում հիմնում է հնաոճ իրերի վաճառատուն։ Մեկ տարի անց, Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում հիմնում է Պարսկաստանի տաղավար՝ ցուցադրելով արևելյան իրերի լայն հավաքածու։

Այսպիսով, իբրև խորագետ վաճառականի, նրա համբավը տարածվում է։ 1904թ․ ամերիկյան և եվրոպական երկրներում մեծ համբավ վայելող գորգավաճառ Յովհաննէս Թաւշուճեանի հետ ԱՄՆ-ի Սենտ-Լուիզ քաղաքում կառուցում են թանգարան, որտեղ ներկայացնում են պարսկական արվեստը,- պարսկական գորգեր, կիրառական արվեստի այլևայլ իրեր,- այս նվիրագործությունն առ Պարսկաստան պետություն չէր կարող վրիպել Պարսից շահի ուշադրությանից։ Եւ նրա մատուցած ծառայությունների համար արժանանում է Խանի տիտղոսի։

Միջանկյալ նշենք, - սա չափազանց անհրաժեշտ եմ համարում,- հաճախ տարբեր առիթներով՝ գրավոր և բանավոր, Տիգրան Խան Քէլէկեանին թյուրիմացորեն շփոթում են գրող, հրապարակագիր, Օսմանյան համալսարանի դասախոս «Ցիհան» և «Սաբահ» թերթերի խմբագիր, թուրքական դեմոկրատական լրագրության հիմնադիրներից Տիրան Քէլէկեանի /1860-1915/ հետ, ի դեպ, որը համալսարանում դասավանդել է Թալեաթին և նրա իսկ ցուցումով սպանվել։ Այս ճշգրտումը նպատակահարմար եմ համարում հետագա թյուրիմացություներից խուսափելու համար։

Այս ամենով հանդերձ, միջազգային համբավի արժանացած հայազգի գործիչը, որ Նիւ Եորքում Պարսկաստանի պատվո հյուպատոսն է եղել տարիներ շարունակ /1884-1904/, և բազմաթիվ քաղաքներում կազմակերպել է իր հարուստ հավաքածուի ցուցադրությունները, որոնք ներառնում են միջագետքյան, ղպտական, պարսկական հախճապակյա իրեր , բյուզանդական, արևելյան գորգեր, կերպասեղեն, հայկական ձեռագրեր և այլն։ Նույնիսկ, 1936թ․ որպես միջազգային բացառիկ հեղինակություն մասնակցել է Լենինգրադի պարսական գորգերի 3-րդ միջազգային կոնգրեսին։ Իսկ մինչ այդ, ի զարմանս և ի հիացում շատերի, 1910-ական թվականներին ֆինանսական օժանդակություն է ցույց տվել աշխարհահռչակ գեղանկարիչներ Պաբլո Պիկասոյին, Անրի Մատիսին և այլոց, որոնք այդ ժամանակ դեռևս իրենց համբավի ճամփաբաժանին էին․․․

1909թ․ Ադանայի կոտորածներից  հետո Տիգրան Խան Քէլէկեանը ԱՄՆ Դորթյուր քաղաքում հիմնել է «Քէլէկեան որբանոց»ը, որը հետագայում տեղափոխվել է Բեյրութ և գործել մինչև 1932 թվականը։

1910 թ․ եղել է ՀԲԸՄ բարերար, այնուհետև՝ փոխնախագահ /1922/։ Իր բարեգործությունը շարունակական ընթացք է ունեցել /Կ․Պոլսի Սուրբ Փրկչեան Ազգային հիվանդանոց, Երուսաղեմի Սուրբ Յակոբ վանք, օժանդակություն՝ Կիլիկիայի որբերին, Փարիզի հայ ուսանողներին, Կահիրեի մի շարք հայրենակցական միություններին/։ Սրանցով շարքը ամենևին չի ավարտվում․․․

Տիգրան Խան Քէլէկեանը եռանդուն մասնակցություն է ունեցել նաև ազգային-քաղաքական կյանքին՝ տարբեր դրսևորումներով․

1912-1920թ․թ․ եղել է Ազգային պատվիրակության անդամ։

1918թ․՝ Առաջին հանրապետության շրջանում Համահայկական համագումարի պատգամավոր, այսպիսով նպաստել Հայ դատի, հայկական պետականության վերականգնմանը։ Ամենաէականը, Հայաստանում խորհրդայնացումը համարելով չարյաց փոքրագույնը՝ հեռահար այն կարծիքն ունենալով, որ հայության այս «փրկյալ» հատվածը գոնե կարող է իր անվտանգությունը ապահովել։

Հայաստանի ազգային պատկերասրահին շուրջ մեկ տասնյակ արժեքավոր կտավների նվիրաբերումը, Մատենադարանում պահպանվող Իգնատիոսի Ավետարանը /13-րդ դար/ խոսուն վկայություններն են նրա նվիրվածության։ Բայց չենք կարող չանդրադառնալ,- և շատերի կողմից այս հարցադրումը կամա-ակամա «տեղին» կլինի,- մեծահամբավ հավաքորդի մնացյալ ժառանգությանը վերաբերող․ որտե՞ղ և ի՞նչ թանգարաններում են պահպանվում։ Պատասխանը թերևս միայն մեկն է՝ Հայի ճակատագրի դրսևորումների հերթական հետևանք․․․

Տիգրան Խան Քէլէկեանը այն երախտավորներից էր, որ անմասն չմնաց 1946 թվականի զանգվածային հայրենադարձության կազմակերպմանը նպաստելուց։

Այս հիմնական պատճառով հարկ համարեցինք անդրադառնալ հանիրավի մոռացության մատնված երախտավոր գործչին՝ իբրև մեր, գուցե և հետագա սերունդների երախտամոռության շնորհիվ քանի-քանի այսպիսի անձինք-նուիրեալ կան տակավին․․․  չհայտնաբերված։

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

+374 94 423 159

+374 91 423 159

  • Hits: 306

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: