Ազգային ինքնության խնդիր, սփյուռքյան գոյավիճակի արտացոլումները ըստ Համաստեղի

Դիտված է, որ կյանքը ավելի գեղեցիկ ու գործոն կդառնա տառապանքի մեջ։ Կհավատամ, որ ամեն մեկ հայ ուժ մը կ՛ավելացնե հոն, ու Հայաստան այդ ուժերուն պետք ունի տեր դառնալու իր հոգիին․․․

Համաստեղ

«Նոր ժամանակներ պեղելու, ինքնատիպ դառնալու ձգտումը ինձ տրված էր այնքան հեռու․․․ կապույտ թռչունի մը փնտրտուքին․․․» /Համաստեղ, «Ինքնակենսագրական/։

Ընդհանրապես, Համաստեղի /Համբարձում Կելէնեան, 1895-1966/ գրական ժառանգության ընդհանուր մթնոլորտում չափազանց,- ոչ չափազանցորեն,- որոշարկված է իրականությունից դուրս ոգեղեն հանգրվանումի ձգտումը։ «Հայաստանի լեռներու սրնգահարը» երաժշտական դրամայի ձոներգությունը որոշակի է դարձնում ասվածը․ «Նվեր ամերիկահայությանը», որ ծերացավ՝ աչքերուն մեջ բռնած կարոտը երկրին, որ ապրեցավ, երազեց ու երազով դարձուց իր կյանքն իրական»։ Եւ ոչ միայն ամերիկահայության, քանի որ խնդրո առարկան համասփյուռքյան, ասել է թե համահայկական նշանակություն և խորք ուներ, քանի որ արմատապես էր ազգային և մանավանդ, որ Համաստեղի գրողական ճակատագիրը շարունակական վկայությունն է Ծոփաց աշխարհի /Խարբերդի/ բնաշխարհային հոգեբանության վերարտահայտման։

Բնաշխարհ, որ միաժամանակ ճշմարտություններ,- և այն էլ խորքային,- հայտնաբերելու աշխարհընկալային նշանակություն ուներ գրողի համար՝ դրանով իսկ կենսական ներգործությամբ էր կազմավորում  իր ասելիքը, ոճավորումը՝ միանգամայն բնաշխարհիկ և բնաշունչ։ Իսկ Համաստեղի կերպարները ինքնեղությամբ, ուրույն արտահայտչականությամբ բնաշխարհի ծնունդ լինելուց զատ, իրենց զգայարաններով, կենսականությամբ, կենսափորձով վերանհատականություններ էին, տիպաբանական անձեր, ովքեր ամենատարբեր  հարաբերություններում իրենց գոյության իրավունքը հաստատելու համար առավելս էին իմաստավորում  ոչ հեռավոր անցյալը․․․

Այնուամենայնիվ, թե իր պատմվածքներում, և թե հատկապես թատերգության մեջ ի՞նչ խնդիրների էր հետամուտ Համաստեղը, իր իսկ խոսքով․ ««Թատերգությունը էն դժվար արվեստն է․․․ Ոմանց համար թերևս դյուրին, ահա թե ինչու կը ձախողին։ Մեր գրականության դրամաներ շատ կան գրված, թատերագիրներ շատ ունեցեր ենք, սակայն երկու կամ երեք թատերագիրներ միայն հաջողած են․․․ դրամայի մեջ զգացումները բացատրելով կամ պատճառաբանելով պետք չէ երևան բերել, այլ անոնք պետք է դուրս գան իրարու ներդաշնակ կամ հակամարտ բախումներեն» / «Գավառը և Թլկատինցին» հոդվածից/։ Համաստեղի այս նկատառումը շատ պատեհ հիշեցնում է դրամա բառի ծագումնաբանությունը /հունարեն՝ դրամա – գործողություն/։ Հարկ ենք համարում նաև հիշել բրեխտյան էպիկական թատրոնի տեսության առանցքային խնդիրներից թերևս ամենատիպաբանականը և համաժամանակայինը․ այն է՝ թատրոնը պետք է իր իրական ներկայությամբ սաղմնավորվի հանդիսատեսի մտածողության մեջ՝ փոփոխություններ հրահրող գործողություններով, այս պարագային Համաստեղի անցյալը «խուզարկելու» և ներկայում «տեղակայելու» խնդիրն է քննարժանվում։

«Ազգային գիտակցության նվիրական տագնապը» /Յ․Օշական/ փոթորկումների, հոգեկան իրավիճակների ասպարեզ է բացում Համաստեղը այն մարդոց համար, ովքեր այլևս միջավայրի և հատկապես ժամանակի «շնորհիվ» օտարված են՝ նույնիսկ իրենց ներքին ողբերգությանն են անունկնդիր, անականջալուր։ Բնավ դյուրին չէ, երբ անհատը կրում է բռնի տեղահանված մի ողջ ժողովրդի ճակատագիրը, մանավանդ այն ժամանակ, երբ թվում է, թե կենսավորվում է կյանքը և անցյալի տագնապների հունը բավարար չափով չի արձագանքում իր մեջ հորդահոսած «սուրի և սովի» մղձավանջի իրականությունը․ ոչ թե մոռացության է մատնել, այլ բնավ չի արձագանքում․․․

Անցյալի և ներկայիս սփյուռքյան գոյավիճակի հարցադրումները գրեթե նույն են, անփոփոխ։ Եւ եթե դիտարկելու լինենք ժամանակի իրականության ազգային անորոշությունը՝ ասել է, թե Մեծ եղեռնին հաջորդած տասնամյակների սփյուռքացման ժամանակաշրջանը և մերօրյա սփյուռքյան գոյավիճակի համաշխարհայնացման իրողությունները, ապա հայոց ճակատագրի հոգևոր կարգում ակնհայտ տեսանելի են կորուստներ,- մանավանդ ակնհայտնի,- և առաջին հերթին ԵՐԱԶԻ կորուստը, իբրև կենսակերպ՝ գուցեև ինքնության նվիրականության և ազգային ազատամտության զգացողության անդառնալիությամբ․․․

Ընդհանրապես, սփյուռքյան արտերկրային իրականության գիտակցումը ըստ Համաստեղի կարևորվում էր այնքանով, որքանով այն նոր էր քաղաքակրթական – մրցակցային իմաստով։ Ասել է, թե հայ հավաքականությունը ճակատագրական պատասխանատվություն էր ստանձնել և ոգու կենսունակությամբ չպետք է ընկրկեր, նույնիսկ ազգային ուծացվող բնազդին պետք է ծառայեցներ աշխարհի փորձառությունը։ Եւ այս հանգամանքը հայության համար իբրև տարասփռվածությամբ ապրող, բայց ավանդներ որդեգրած և այդ ավանդները ճշմարտորեն, գիտակցորեն կրող և դավանող ազգային փոքրամասնության համար՝ ելք էր իրական ժամանակից դուրս գտնելու իրեն, միայն իրեն վերապահված ժամանակը։

 Արտաքին աշխարհում պարտադրված գոյությամբ ապրելով՝ ներքին գոյության վերիմաստավորումը համարելով հույժ ազգային պահանջք, դրանով իսկ չափազանց պատասխանատվություն էր ստանձնել սերունդների առաջ։ Եւ, բնականաբար, ցանկացած ժամանակաշրջանում այսօրինակ ապագայի պատրանքի գոյության էականությունը ամենևին վերացական չէ և այդպիսին բնավ չի կարող լինել, որովհետև ազգային էության և էակերպի շարժիչ ուժը, առաջնորդ ոգին միայն անցյալով ապրելու խորհրդով չի պայմանավորվում, այլ ներկան կենսունակացնելու նախանձախնդրությամբ, ազգային ինքնաճանաչողության հնարավորությունների ընդլայնումով, քաղաքակրթական տեղի և ժամանակի նշանակությունը միանգամայն սթափ գիտակցմամբ։

Համաստեղը խանդավառող էր իր կյանքով և գրականությամբ։ Եւ եթե գաղափարական «կանխորոշ դրությամբ» էր առաջնորդվում, ապա միմիայն հօգուտ ազգային ինքնության պահպանման։ Այլ կերպ անկարելի է․․․ Որևէ վերապահություն բնավ չի հանդուրժում համեստեղյան գրողական էությունն իր արժանապատիվ և հրահրող ոգեարթնացմամբ։

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 9604

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: