Իրականացրած ծրագրեր
Իրականացված ծրագրերն են՝
«Ինտերվենցիա» գրական-երաժշտական երեկո-ցուցահանդես
28 դեկտեմբերի, 2012 | Երևան
«Ինտերվենցիա» նախագծի շրջանակներում հինգ հայ երիտասարդ կոմպոզիտորներ հայ երիտասարդ բանաստեղծների տեքստերի հիման վրա ստեղծեցին նոր վոկալ-գործիքային ստեղծագործություններ, որոնք ներկայացվեցին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցած գրական-երաժշտական երեկոյի ընթացքում։
Ծրագրում՝
- Վարդան Հարությունյան, «Կրակոց»՝ էլեկտրոնային երաժշտության համար, տեքստը՝ Հասմիկ Սիմոնյանի
- Տաթև Ամիրյան, «Երբ դու գնացիր»՝ սոպրանոյի և դաշնամուրի համար, տեքստը՝ Արա Ալոյանի
- Հովիկ Սարդարյան, «Madrigal»՝ սոպրանոյի և թավջութակի համար, տեքստը՝ Ռուզաննա Ոսկանյանի
- Արամ Հովհաննիսյան, «Drei Instanzen»՝ (մեցցո-)սոպրանոյի և դաշնամուրի համար, տեքստը՝ ըստ Տաթև Չախչախյանի
- Արթուր Ավանեսով, «Liederbuch» շարքից 4 երգ՝ բարիտոնի և դաշնամուրի համար, տեքստերը՝ ըստ Ա. Ավանեսովի և Նատալյա Մեդվեդևայի
Կատարողներ՝ Արթուր Ավանեսով (դաշնամուր), Տաթևիկ Մովսիսյան (սոպրանո), Հասմիկ Վարդանյան (թավջութակ), Կիմ Սարգսյան (բարիտոն), Վարդան Հարությունյան (էլեկտրոնային երաժշտություն)։
Գրական-երաժշտական երեկո-ցուցահանդեսի ընթացքում երիտասարդ գրողները ներկայացրին իրենց ստեղծագործությունները ընթերցանությամբ, իսկ վեց երիտասարդ նկարիչներ ներկայացրին իրենց աշխատանքները։
Միջոցառումն իրականացվել է Եվրասիա հիմնադրամի «Երիտասարդական բանկ» ծրագրի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի գրողների միության աջակցությամբ։
Միջազգային գիտաժողով՝ նվիրված գրականության տեսությանը և գրականագիտության մեթոդաբանությանը
8–10 փետրվարի, 2013 | Ծաղկաձոր
2013 թվականի փետրվարի 8–10-ը Ծաղկաձորում կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում. Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով։
Գիտաժողովը համախմբեց ավելի քան 60 երիտասարդ և ավագ սերնդի գիտնականների, ասպիրանտների և մագիստրոսների։ Երեք օրերի ընթացքում ներկայացվեց շուրջ 35 զեկուցում՝ նվիրված գրականության տեսության, գրականագիտության մեթոդաբանության և պոստմոդեռնիզմի արդի խնդիրներին։
Գիտաժողովին մասնակցեցին գրականության տեսաբաններ և հետազոտողներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից՝ ստեղծելով միջազգային գիտական երկխոսության և տարբեր սերունդների ու գիտական դպրոցների միջև համագործակցության հարթակ։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի գրողների միության հետ համատեղ՝ ՀՀ Գրողների միության նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
«Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլ
2013 | Երևան
2013 թվականի մայիսին ՀԿ-ի փոխնախագահ, կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլը։ Անսամբլը միավորեց փորձառու երաժիշտների՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից երաժշտության ստեղծումն ու կատարումը և ներկայացնել նոր երաժշտական ստեղծագործություններ հայկական մշակութային միջավայրում։
Անսամբլի կազմում ընդգրկվեցին՝
- Գոհար Առաքելյան — ֆլեյտա
- Արսեն Գրիգորյան — կլարնետ
- Լուսինե Հարությունյան — ջութակ
- Մերի Դոլմազյան — ալտ
- Շողակաթ Վարդանյան — դաշնամուր
2013 թվականի հունիսի 24-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ «Assonance» անսամբլի դեբյուտային համերգը։
«Արվեստի եռօրյա ակադեմիա»․ վարպետության դասեր երիտասարդ արվեստագետների համար
8–10 հուլիսի, 2013 | Ծաղկաձոր և Երևան
2013 թվականի հուլիսի 8–10-ը «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպեց «Արվեստի եռօրյա ակադեմիա»՝ երիտասարդ գրողների, նկարիչների և կոմպոզիտորների համար նախատեսված ինտենսիվ վարպետության դասերի ծրագիր։
Մասնակիցներն ընտրվեցին մրցութային կարգով՝ գրականության, կերպարվեստի և կոմպոզիցիայի ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից։ Ծրագրի դասախոսներն էին գրող Արամ Պաչյանը, նկարիչ Լևոն Ֆլջյանը և կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը։
Ակադեմիայի շրջանակներում մասնակիցները ստեղծեցին նոր աշխատանքներ՝ աշխատելով դասախոսների հետ։ Գրողները ստեղծեցին նոր գործեր՝ հիմնվելով Վերգիլիոսի բանաստեղծությունների վերնագրերի վրա, նկարիչները՝ 2–3 աշխատանք՝ «Քաղաք, քաղաքակրթություն» թեմայով, իսկ կոմպոզիտորները՝ երկու գործիքի համար նախատեսված դուետներ։ Կոմպոզիտորների աշխատանքին մասնակցեցին նաև պրոֆեսիոնալ երաժիշտներ՝ հնարավորություն տալով հեղինակներին լսել իրենց ստեղծագործությունները, քննարկել դրանք կատարողների և դասախոսի հետ և տեղում կատարելագործել ստեղծագործությունները։
Ակադեմիայի ծրագրում ներառվեցին նաև տարբեր ստեղծագործական փորձարկումներ և միջառարկայական համագործակցության հնարավորություններ։
Ծրագրի եզրափակիչ ներկայացումը տեղի ունեցավ հուլիսի 11-ին Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում, որտեղ համերգ-ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին ակադեմիայի շրջանակներում ստեղծված նոր աշխատանքները։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան և Նարեկացի արվեստի միության աջակցությամբ։
Արվեստաբանական միջազգային գիտաժողով
21–23 փետրվարի, 2014 | Ծաղկաձոր
2014 թվականի փետրվարի 21–23-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ միջազգային արվեստաբանական գիտաժողով՝ «Ջրբաժան. 60–70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով։
Գիտաժողովը համախմբեց շուրջ 60 արվեստաբանների և հետազոտողների։ Ծրագրում ընդգրկված էին արվեստի տարբեր ոլորտներ՝ գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, ճարտարապետություն և կերպարվեստ։
Գիտաժողովը նպատակ ուներ բազմակողմանիորեն ուսումնասիրել 1960–70-ականների արվեստագետների սերնդի մշակութային ժառանգությունը, ստեղծագործական միջավայրը և արվեստի տարբեր ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները՝ խթանելով միջառարկայական և միջսերնդային գիտական երկխոսությունը։
Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի գրողների միության հետ համատեղ՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
Մեդիա լուսաբանում՝ «Շողակաթ» հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» հաղորդման ռեպորտաժ`
http://www.shoghakat.am/am/telecasts/1220
Արվեստի 2-րդ ամառային ակադեմիա
22–25 օգոստոսի, 2014 | Ծաղկաձոր և Երևան
2014 թվականի օգոստոսի 22–25-ը Ծաղկաձորում անցկացվեց «Արվեստի 2-րդ ամառային ակադեմիան»՝ երիտասարդ կոմպոզիտորների, գրողների, նկարիչների և թարգմանիչների համար նախատեսված վարպետության դասերի ծրագիր։
Ակադեմիային մասնակցեց 30 երիտասարդ ստեղծագործող։ Վարպետության դասերը վարեցին ոլորտների փորձառու մասնագետներ՝ կոմպոզիցիա՝ Արամ Հովհաննիսյան և Արթուր Ավանեսով, կերպարվեստ՝ Կարեն Բարսեղյան և Հրաչ Վարդանյան, գրականություն՝ Արամ Պաչյան, թարգմանություն՝ Անահիտ Ավետիսյան և Զավեն Բոյաջյան։
Ակադեմիայի նպատակն էր աջակցել երիտասարդ ստեղծագործողների մասնագիտական զարգացմանը, ստեղծել փորձի փոխանակման և ստեղծագործական համագործակցության միջավայր և խթանել տարբեր արվեստների ու հումանիտար ոլորտների միջև երկխոսությունը։
Ծրագրի ամփոփիչ համերգը տեղի ունեցավ օգոստոսի 29-ին Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ։
Մանրամասն`
«Շողակաթ» հեռուսատատեսության ռեպորտաժը
https://www.youtube.com/watch?v=pLnvIWh7DhA&list=PLC8jJ5vmia39TUAZxMSzwi5wQMRGbiuVO
Արթուր Ավանեսովի դասախոսությունը «Արտերիա» կայքում
http://arteria.am/hy/1408886786#.U_xTzkMxejQ.facebook
«Իմ Երևան» կայքի լուսաբանումը
http://imyerevan.com/hy/culture/view/8488/
Workshop երիտասարդ արվեստագետների համար
17–19 հուլիսի, 2015 | Երևան
2015 թվականի հուլիսի 17–19-ը Երևանում՝ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում, անցկացվեց երիտասարդ գրողների, կոմպոզիտորների և նկարիչների համար նախատեսված եռօրյա workshop։
Ծրագիրը վարեցին ոլորտների փորձառու մասնագետներ՝ կոմպոզիցիա՝ Արամ Հովհաննիսյան, կերպարվեստ՝ Լևոն Ֆլջյան, գրականություն՝ Արամ Պաչյան։
Workshop-ի նպատակն էր երիտասարդ ստեղծագործողներին տրամադրել մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման և ստեղծագործական քննարկումների հարթակ՝ խթանելով տարբեր արվեստների ներկայացուցիչների միջև երկխոսությունն ու համագործակցությունը։
Ծրագրի ամփոփիչ երեկոն տեղի ունեցավ հուլիսի 31-ին՝ Ժամանակակից արվեստի թանգարանում։