Ուրուագիծ դիմանկարի համար. Մերուժան Պարսամեան

Ակն (Խարբերդի վիլայեթ), 1883- 1944 Փարիզ

Հանիրավի մոռացված ցանկացած գրող, մշակույթի երախտավոր երբեմն «վերահայտնաբերվում» և հանրությանն է ներկայացվում մեծահռչակ որևէ անհատի կենսագրությանը անդրադառնալու շնորհիվ։ Ընդհանրապես, հայ գրականության պատմության «ընդմէջէն» հաճախ հանդիպող այս երևույթը որքան ուրախառիթ, այնքան էլ «հեռուն գնացող», մտածումների տեղիք տվող, տխրառիթ մտածումների։

Ահավասիկ, հայ հանրությանը սակավածանոթ բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ, ազգային-հանրային գործիչ Մերուժան Պարսամեան։

Արմատներով՝ ակնեցի /«Անիէն կու գար այդ ժողովուրդը, մշակոյթի տէր և բարեկիրթ հայ մտքին հին ու նոր հարստություններուն պահակը՝ Արշակ Չօպանեանին և Մերուժան Պարսամեանին մէջ․ այդ յարաբերութիւնները օտարներուն սիրելի դարձնող անձնուեր․․․»/․ Նիկողոս Սարաֆեան։

«Հոս տեղ» առավելս կարևորում ենք Դանիէլ Վարուժանի նամակ-երախտագիրը Մ․Պարսամեանին՝ գրված 1912թ․ «Սիրելի բարեկամս, պրն․ Մերուժան Պարսամեան, «Շանթ»ը ամեն անգամ ճոխ կը ստանանք՝ նոր հրճուանքով։ Կը մաղթեմ տեւականութիւն։ Քերթուածքներուս համար Ձեր ցոյց տուած գուրգուրանքին շնորհակալ եմ։ «Սադուռնական»ին հատկացուած պատւոյ տեղը՝ ցոյց կու տայ, թէ Ձեր մէջ կ՛ապրի հեթանոսի գեղեցիկ հոգին ու ճաշակը»։

Սոսկ գնահատա՞նք առ մշակույթի անձնվեր գործիչ-հրատարակիչը, որ արևմտահայ իրականության վատթարագույն պայմաններում հրատարակում է գրական-գեղարվեստական կիսամյա պատկերազարդ հանդես /«Շանթ», 1911-1915/ և այնուհետև Մեծ եղեռնը վերապրելով շարունակում իր նվիրյալ գործունեությունը վերստին «երկրորդ կյանք» տալիս հանդեսին /1918-1919/։ Հանդես, որի գեղարվեստական արժեքը անգնահատելի է նաև պատմական և գեղագիտական առումներով։

Մերուժան Պարսամեանը «ուսանած ըլլալով» Արմաշի դպրեվանքին մէջ» /1897-1901/ կարելի է հստակ նշել, որ այնքան էլ բավարար  կրթություն չի ստացել։ Հետագա, ինքնակրթման տարիներին է ձևավորվել նրա իմացական և գեղագիտական ճաշակը, ըմբռնումները, մտահայեցությունը՝ Մեծ եղեռնի գեհենից բարեհաջող փրկվելով։

1919թ․ հաստատվում է Փարիզում,- կենսագրական այլ տեղեկություններ մեզ, ինձ թվում է նաև այլոց, հայտնի չեն, բայց դա այդքան էլ էական չէ ուրվագծելու բանիբուն մի մտավորականի անցած ուղին և ծավալած գործունեությունը՝ գոնե որոշապես, հատկապես արևմտահայ և սփյուռքյան տարիներին։

Դեռևս արևմտահայ գրականության Զարթօնքի շրջանում հիմնում է «Մեր տարեցոյցը» /1910-1914/ հանդեսը, որի շուրջ համախմբված էին ժամանակի տիրական և գրական դեմքերը։ Իսկ նրա գործունեության բարձրակետը աներկբա կարելի է համարել եղբոր՝ Մկրտիչի հետ համատեղ հրատարակած «Կեանք եւ արուեստ» տարեգիրքը /1931-1940/։ Սա արդեն տասնամյակ տևող բեղմնավոր հանգրվան էր բանաստեղծ-հրատարակչի համար։

Սփյուռքյան իրականության նոր, խնդրահարույց իրավիճակներ համայն հայության տարագրյալ, ինքնություն փնտրող «հայու բեկորներու» համար։

Մ․Պարսամեանի հրատարակչական գործունեությանը անդրադառնալիս չենք կարող զանց առնել նրա խմբագրած մի շարք ֆրանսերեն պարբերականների իրողությունը, բայց սա այլ ուսումնասիրության առարկա է։

Չափազանց հետաքրքրահարույց է հրապարակագիր Մերուժան Պարսամեանի հարցադրումները․ «Դժգոհները գրականութեան մէջ», «Շանթ»ում տպագրված հոդվածում նա գրեթե համաժամանակային խնդիրների է անդրադառնում․ «Մեր գրականութեան մէջ ամենէն ողբալի տարրը կը կազմեն ամեն անոնք, որոնք առանց որոշ ու յստակ առարկութեան մը իրենց ապիկարօրէն յամառ դժգոհութիւնը կը յայտնեն՝ ամեն նոր ձեռնարկի առիթով։ Անոնք՝ գրականութեան այդ ամեհի դասալիքները, չկայ երեւոյթ մը որուն հավնին, չկայ գրագէտ մը, որուն համակրին․․․ Ամեն բան անկատար է իրենց համար»։

Մերուժան Պարսամեանի հրատարակած բանաստեղծությունների ժողովածուները  /«Անրջանք», 1904/, «Պատրանքի ծաղիկներ», 1907, «Քրիզանթեմ», 1908, «Եփրատին զոհերը», 1908, «Մարմներգութիւն», 1910 և այլն, որոշապես կրում են արևմտահայ վիպապաշտական քնարերգության ազդեցությունները, որոնք համընդհանրական էին՝ մի շարք բանաստեղծներին բնորոշ /Ժակ Սայլապանեան, Կորիւն Մկրտիչեան և այլն։ Նրանց, որպես բանաստեղծների, կարելի է նույնիսկ պարագայական համարել՝ «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակի շունչը դարձիր», չարենցյան պատգամին այդպես էլ «անականջալուր», գրականության պատմության մեջ ուշադրության չարժանացած։ Կարծում եք սա վերաբերում է նաև, ի ցավ սրտի, մտածողական բարձր մշակույթ ունեցող Մ․Պարսամեանին, որը նաև հետագա տարիներին հեղինակել է ֆրանսերեն բանաստեղծությունների ժողովածուներ /«Տղամարդը եւ կինը», 1925/, «Բանաստեղծները Նոյյան տապանի առաջ», 1935, և այլն/։ Կարծում ենք, առավելապես կարևորելի է Մ․Պարսամեանի հրապարակագրությունը, երբեմն՝ Շանթարգել և այլ գրչանուններով։

Մերուժան Պարսամեանի գրական-հանրային գործունեությունը բազմաբևեռության առումով է նաև նշանակալից։ Եղբոր հետ հիմնադրած և Փարիզում տարիներ անընդմեջ գործող «Պարսամեան» գրատունը նշվածի խոսուն վկայություններից է։ Հայ գիրքը հայ հանրությունից անբաժան մտահոգությամբ է ապրել ազգային երախտավորը և այն էլ սփյուռքյան պայմաններում։ Կարծում ենք Մերուժան Պարսամեանի հրապարակագրական, գրադատական ժառանգությունը անկասկած արժան է հրատարակման, գոնե այսկերպ կարող ենք երախտիքի մեր տուրքը մատուցել հանիրավի մոռացված,  բանիբուն մտավորականին։

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

+374 94 423 159

+374 91 423 159

  • Hits: 2193

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: