Մկրտիչ Խրիմյան․ հայության ոգու և կեցության սրբագործումի հավատավոր Հայը

Դիտարկումներ Խրիմյան Հայրիկի ազգային գործունեության եւ ստեղծագործության կենսափիլիսոփայության շուրջ

Այն ազգն ու աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ պետք չի օտարին լաց․․․ Օր մի ևս երկինք այդ կենդանարար ցող հայոց դաշտերուն վերայ ցողե դուն, կը տեսնես, թե ինչպես Հայոց աշխարհն ևս կվերածվի հրաշքի։ Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք․․․ Աստված մեզ օգնական է ․․․

Մկրտիչ Խրիմյան

Եւ նրա ազնիվ ճգյաց փոխարեն

Տգետը փշե պսակ է հյուսում,

Իսկ նա լի լույսով իր սերմն է ցանում

Եւ ապագայում հունձքի սպասում․․․

Րաֆֆի

Արևմտահայ իրականության մեջ Խրիմյան Հայրիկը այն եզակի Ամենայն Հայոց կաթողիկոսներից էր, ով իր աստվածահաճո գործունեության ժամանակ նաև ստեղծագործել է, նրա թողած գրական, աստվածաբանական ժառանգությունը այսօր հույժ արդիական է, հատկապես առ հայության ապագան ունեցած իր տածած սիրով նաև մտահոգություններով։

Խրիմյան Հայրիկի /1820-1907/՝ որպես լիարյուն և լիակորով ՀԱՅԻ, հայության իր ուսուցանելի կյանքը նվիրաբերած հոգևոր աննկուն գործչի առաքելությունը, ժամանակային առումով համընկնում է հայ ժողովրդին պատուհասած այնպիսի պատմական անագորույն ժամանակաընթացքի հետ, երբ նրա պես ինքնազոհ երախտավորի առաջնորդության անհրաժեշտությունը զգալի էր․ «Աղեաց խորհերէն կը սիրէ նա Հայն» /Պ․Դուրեան/։

Կրոնական, հասարակական-քաղաքական անզուգական գործիչ, բնաշխարհիկ գրող, մտածող ու ազգային բարոյախոս Մկրտիչ Խրիմյանի ունեցած անուրանալի վաստակը անցյալ դարի երկրորդ կեսերից մինչև 20-րդ դարասկիզբ, հայության փոթորկաբեր կյանքի այն ժամանակաշրջանն էր ընդգրկում, երբ «Գաղափարի ու ազատութեան ջահակիրը» /Սիամանթօ/ կարևորում էր «ժողովուրդին միտքը դէպ հառաջադիմութիւն» և խորապես գիտակցում էր ժամանակաշրջանի հարուցած դժվարությունները․ «Մեր աշխարհին մէջ լացն ևս ազատութիւն չունի» ինքնահամոզմամբ։

Դեռևս 1885թ․ Մ․Խրիմյանը Կ․Պոլսում հրատարակում է «Արծուի Վասպուրականի» հանդեսը, իսկ երեք տարի անց փոխադրում Վարագա վանք։ Այսպիսով նա իր շուրջ համախմբում է հիմնականում Ժառանգավորաց դպրոցի սաներին, կարողանում է նրանց մեջ բորբոք պահել ազգի պայքարի լուսավորության տարածման հրամայականը։ Մինչ Տարոնի առաջնորդ նշանակվելը /1862/ Մ․Խրիմյանը շարունակում է իր եռանդուն գործունեությունը Կովկաս եւ այլուր այցելելով, Ժառանգավորացի եւ հանդեսի համար հանգանակություններ կազմակերպելով, նպատակը ազգօգուտ գործունեությամբ հայության մեջ խավարամտության դեմ պայքարն էր՝ ինքը լինելով առաջնորդության խորհրդանիշն ու աննկուն հավատավորը։

Օրե օր Մ․Խրիմյանի համբավը ազգային կյանքում բարեփուխումների անհագուրդ ծարավի  գործչի նվիրյալությունը հանգեցնում է նրա՝ Կ․Պոլսի Հայոց Պատրիարք ընտրվելուն /1869/։ Հինգ տարի անց նա հրաժարվում է պատրիարքությունից, գիտակցելով որ չնայած ունակ է այնպիսի բարեփոխությունների, որոնք կնպաստեն իր պաշտելի ժողովրդի մեջ կամքի, հաստատամտության սերմանմանը։ Բայց ժամանակները այլ էին․ ներազգային կյանքում հրահրված ներքին պայքարն ու անհանդուրժողականությունը ավելորդ նյարդեր են ջլատում, ընդհուպ մինչեւ ամենատարբեր բանսարկությունների միջոցով՝ փորձելով խոչընդոտել իր ծավալած գործունեությանը։ Այն է՝ հայ մարդուն վերադարձնել  իր պայքարի անկորնչելի հավատը։ Այդ հավատամքի արգասիք էր նրա անձնամերժ, ժողովրդանվեր գործունեությունը հատկապես այնպիսի օրհասական վիճակներում, երբ ժողովրդին անհրաժեշտ էր իրավ օգնություն՝ հայրական ամենահոգածու վերաբերմունք։ Նրա նախաձեռնությամբ ժամանակին հիմնվեց Գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց /1879թ․/, չնայած կյանքն իր անհուսալի ընթացքով շարունակվում էր, Մ․Խրիմյանի հայանվեր պայքարը նույնպես, մինչև այն պահը, երբ միաձայն կընտրվեր Ամենայն Հայոց կաթողիկոս /1892թ․/։ Գործունեության բոլորովին այլ ոլորտ։ Իր ժողովրդին առավել օգտակար լինելու նոր հեռանկարներ՝ հայրենապաշտ հայորդու համար։

Եւ անհուն տառապանքների խաչուղիներով անցած Հայը երբևէ մի օր ապրելու՞ է իր արժանավայելությամբ, ինչ որ Աստծո վերին կամեցողությամբ ի վերուստ է ընծայված բազում ազգերի, հայոց՝ մասնավորաբար, ահավասիկ Մ․Խրիմյանի մտահոգությունը․ «Թէ մեռնիմ երթամ գերեզման եւ այլեւս չկարեմ խօսիլ ձեզ հետ կենդանի բարբառով ու գրով, ահա կը թողում ձեզ գիրս իբրեւ մշտախոս կտակ եւ յիշատակ, որոյ միակ նպատակն է որ հայն իւր հայրենատուր հողէն չբաժնուի, զի սեփական ժառանգութիւնն է դրախտի երկիր, զոր Տէր Աստուած մեր Ադամ պապուն եւ ժառանգորդներուն տուաւ եւ ասաց գործել զերկիր ու պահել»։

Ընդհանրապես, Խրիմյան Հայրիկի մտածումներում առկա է ժողովրդի միասնացվածության, օտար տերությանց ապավինությանը չվստահելու գաղափարը։ Հարկ է միայն հիշել, թե ինչ անհանդուրժն կեցուածքով էր նա պայքարում հայ եկեղեցու գույքը վերադարձնելու և դպրոցները վերաբացելու համար։ Ի վերջո, ցարական նոր հրամանագրով /1905/ այն ետ վերադարձվեց։ «Ավերակ բունը» վերաշինելու և նրա շուրջ պանդուխտ և տարագիր հայք» համախմբելօու հրամայականը Հայրիկը հայ ժողովուրդը կորստից փրկելու միակ ճշմարիտ և հավատընծա ճանապարհն էր համարում։

Խրիմյան Հայրիկի գրական ողջ ժառանգությունը /«Պապիկ և թոռնիկ», «Դրախտի ընտանիք», «Սիրակ և Սամուել», «Հայ գոյժ», «Վան գոյժ» և այլն/ ազգային-բարոյախրատական երկասիրություններ լինելուց զատ նաև ուսուցողական բացառիկ –համաժամանակային նշանակություն ունեն և հագեցված են ազգային պահպանողական վեհ, մերօրյա սերունդների համար կենսաշահ, հրամայապահանջ, հոգևոր կենսավիշ պարունակող գաղափարներով։ Սեր առ հայերնի բնաշխարհն ու այն ամենը ինչ բարեպաշտական ակունք ու սկզբնավորում ունի։ Բարեպաշտությունը նրա համար  հայի կեցության, ոգորումի սկզբնակերպ-ապրելակերպն էր՝ ոչ միայն այն բանի համար, որ հայը քրիստոնեաբար է իր կյանքի «ընկերական և քաղաքավարական ընթացքը տնօրինում, և ըստ այդմ բարիք արարելու կարողությամբ և մյուս ազգերի մեջ սերմանում առաքինության ընձյուղներ, այլև լինելով «մեծ աշխատութամբ» օժտված բարեսեր, բարեխնամ, լինելության աստվածատուր իր ճանապարհին հավատարիմ դիմագավում է ամենայն արգելանք։

Սակայն դիմագրավելու խնդիրը քաջալերությամբ է պայմանավորված ու բոլորանվեր սիրով․ «Վերջին անգամ երբ դարձայ Պոլսէն․ արդեն միտքս դրած էի որ առաջին անգամ Առճակու վանից Ս․Աստուածածին տաճարին ուխտ երթամ, մոմ, խունկ, կանթեղին ձէթ պատրաստեցի ու գացի, մտայ Տաճար․․․ ուխտեցի որ այլևս չհեռանամ գեղէն, չթողում տունուտեղս, արտերս ու դաշտերս»։

Ինչ անսահման նվիրվածությամբ տրոփող հոգի պետք է ունենալ, որ այսօրինակ անդավաճանությամբ, ներքին հավատքով ապրել՝ իրապես անտրտունջ մաքառման ողջ դրամատիզմը բնավ չցուցաբերելով այն օրերի ազգային ողբերգականության ահավորությունն ու անհուսալիությունը։

«Մարդիկ պէտք է գործեն զերկիր, զի երկիրն է իրենց կյանք պահող»։ Երկրի, ասել է, թե բնաշխարհի խորհուրդը առավել կենսավետությամբ է տրոփում հոգևոր մխիթարությամբ սնվող, կրթությամբ տոգորվող /«Կրթությամբ միայն մարդը մարդ կլինի»/ հայ մարդկանց կրծքի տակ։ Խրիմյան Հայրիկի համար հեգևոր-աշխարհայացքային նշանակություն ուներ ՀԱՅ ընտանիքի, իբրև սերնդակոչման՝ հաստատուն շարունակումն ապահովող հույժ էական խնդիրը։ «Դրախտի ընտանիք» երկասիրության մեջ ազգային բարոյական բյուրբազում խնդիրներ է շոշափվում՝ բացահայտումներով, ուղենշումներով նորովի մտածումների մղում։ Այս խորհրդածումների համապատկերի վրա առավելս է մեր պատմության մեջ հազվադեպ հանդիպող գործչի նրա կերպարը ամբողջական ու նվիրական դառնում։

Ընդհանրապես, ազգային, բարոյական այն խնդիրները իրենց անխամրելի հարցադրումներով, որոնք ներկայացված են «Դրախտի ընտանիք» և մյուս երկասիրություններում, ազգային հոգեբանություն արտացոլեցնող շերտերում, հայտնաբերված ճշմարտության պես բացահայտ են մեր նախնյաց և մեր վարքում։ Փոքր ինչ փոփոխելով Պոլ Վալերիի խոսքը՝ Պոեզիայի էությունը նա նույնացնում է Աստծո էության հետ, /Ա․Ա․/ և խնդրահարույց համարելով բարոյականության շարժուն ընթացքը՝ հասարակական գիտակցության մեջ՝ ընտանիքի խորապատկերի վրա կամ ընտանիքը հիմնահիմք ընդունելով, իբրև հասարակության /իմա՝ ազգի/ կայացման իրապես ընդունելի, եզրահանգման ենք գալիս․ «Ես ընդունում եմ բարոյականության /Պ․Վալերին գրում է պոեզիայի, Ա․Ա․/ էությունը, ինչպիսին էլ այն լինի ըստ զանազան մտածելակերպերի, կամ չունենալով որևէ արժեք կամ ունենալով անսահման կարևորություն, ինչի շնորհիվ այն նույնանում է հենց Աստծո հետ»։

Այս նկատառումը արժևոր է այնքանով, որքանով որ պարզորոշ չի սահմանազատվում բարոյականության ընկալման մեկնակերպերը, սկզբունքները։ Խրիմյան Հայրիկը «Դրախտի ընտանիք»ի «Հայոց նահապետական տուն և ընտանիք», «Մարդ և ամուսնություն», «Տուն և ընտանիք», «Ամուսնություն կամ ընտանեկան կյանքին խփանարար զեղծումներ», «Հարսանիք և խորհուրդ պսակին», «Ընտանեկան պատկառանք և ազատություն» խորհրդածումների մղող բաժիններում ներքնատեսության, զգաստության հորդոր է կարդում՝ ճշմարիտ քաղաքակրթության սկզբունքներից ելնելով․ «Ձեր ներկան, ապագան, որ ուղիղ լինի՝ տնտեսեցեք ձեր ներկան, որ ապագային հացը չպակսի։ Մի մոռնաք վերոհիշյալ երեք պայմանները, որ մեր թշվառ կյանքը կբարվոքեն, ․․․ դաստիարակությամբ բարի ընտանիք կազմեցեք իսկ իմաստուն տնտեսությամբ հոգացեք միանգամայն ձեր ներկան և ապագան»․․․

Անցյալի, ներկայի, ապագայի Խոստովանահայր Խրիմյան Հայրիկի պատգամներին անկարելի է չլինել ականջալուր, քանզի բոլոր ճանապարհները նշված են և հավատընծա․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 15886

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: