Սունդուկյան թատրոնի 105-րդ թատերաշրջանը հագեցած կլինի նոր բեմադրություններով ու ծրագրերով
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացում է 105-րդ թատերաշրջանը: Այս առիթով անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին առաջիկա ծրագրերը, առաջնախաղերն ու բեմադրությունները:
Նոր թատերաշրջանի մեկնարկը նշանավորվում է Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերայով, որը տեղի կունենա սեպտեմբերի 12, 13, 18-ին:

Ներկայացման բեմադրիչը «Լիթ Մուն» թատերական ընկերության համահիմնադիր, գեղարվեստական ղեկավար և թատրոնի ռեժիսոր Ջոն Բլոնդելլն է: Ամերիկացի ռեժիսորի հետ այս համագործակցությունը հնարավոր է դարձել Սունդուկյան թատրոնի և «Կերոն» զարգացման հիմնադրամի ջանքերով:
Ներկայացման դերակատարներն են՝ Արմեն Քուշկյանը, Լուսինե Կոստանյանը, Սիրանուշ Եսայանը, Տաթևիկ Միրզոյանը, Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը, Ռոման Բաբայանը, Հայկ Իսրաելյանը, Ալեքսան Թադևոսյանը, Արթուր Հարությունյանը:

Ներկայացումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ ստեղծված ամերկացի կոմպոզիտոր Սայմոն Բլոնդելլի կողմից:
Ռեժիսոր Ջոն Բլոնդելնն ասաց, որ այս թատրոն է եկել նորամուծություններ անելու համար: «Շատ շնորհակալ եմ այս հրավերի համար: Ես իմ ամբողջ կյանքն աշխատել եմ այստեղ լինելու համար»,- ասաց նա:
Խոսելով ամենաշատ բեմադրված և բեմադրվող «Ռոմեո և Ջուլիետ» դրամայի մասին՝ ռեժիսորը նշեց, որ այս բեմադրությունը մյուսներից կտարբերվի նախ կանանց ներգրավվածության մակարդակով: «Ինչու՞ պիտի կանայք չխաղան այս դերերը, ի՞նչ կլինի եթե դրանք հանձնվեն կանանց: Այս հարցերի պատասխանը ներկայացումն է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի կարծիքով՝ նոր թատերաշրջանը շատ բեղուն է լինելու: «Նախագծեր կան, որոնք ոչ միայն խորը մասնագիտական թատերական ոլորտում են, այլև համագործակցություններ են, որոնք լինելու են այլ պետական կոլեկտիվների, օրինակ՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Առաջին անգամ կլինի ներկայացում («Շչելկունչիկ»), որի ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն և բեմում կլինի նվագախումբը: Կարծում եմ՝ այն թատրոնի խաղացանկում շատ երկար տարիների կյանք կունենա: Սիմֆոնիկ նվագախումբը ևս առաջին անգամ է այս ձևաչափով հանդես գալու: Հետաքրքիր համագործակցություն է լինելու»,- ասաց նա:

Խոսելով Վ.Շեքսպիրի «Կորիոլան» նոր պատրաստվող թատերական ներկայացման մասին, նա ասաց, որ դրա համար թատրոն կհրավիրվի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը:
«Ներկայացումն իր մասշտաբով արժանի է Սունդուկյան թատրոնի բեմում լինել: Այս նախագծի շուրջ մենք շատ երկար քննարկումներ ենք ունեցել դեռ այն ժամանակ, երբ ես այս պաշտոնին չէի: Դժվար էր գտնել Հայաստանում գոնե երկու կոլեկտիվ, որն իր ներուժով պատրաստ էր այս մեծ ծավալի ներկայացումն իրականացնելու: Սունդուկյանի թատրոնն այսօր լավագույններից է, որ կարողանում է այսչափ մեծ նախագիծ ընդունել»:

105-րդ թատերաշրջանի ծրագրերում ու ներկայացումներում ընդգրկված կլինեն Արմեն Մարությանը, Նելլի Խերանյանը, Արմեն Քուշկյանը, Գյումրու պետական դրամատիկական թատրոնը, ռեժիսորներ՝ Դավիթ Հարությունյանը, Հայկ Իսրաելյանը և այլոք: «Մայր թատրոնի բեմում սպասվում է մնջախաղային ներկայացում, որը հագեցած կլինի լուսաձայնային լուծումներով, դերասանական պլաստիկայով: Խաղալու են դերասաններ՝ դերը ստանալով բեմում և երբեմն դերերով փոխվելու են՝ խաղալով այլ կերպարներ»,- նշեց Հայկ Իսրաելյանը

Նոր թատերաշրջանում կբացվի «Բաց բեմ» նոր հարթակը, կլինեն կրթական ծրագրեր, տարբեր հյուրախաղեր, միջազգային համագործակցություններ:
Թատրոնի զգեստների նկարիչ Մերի Սարգսյանը հավելեց, որ նախատեսում են իրականացնել նաև բեմական զգեստների, դրանց էսքիզների ցուցահանդես: «Այսպիսի բան թատրոնում երբևիցե չի եղել»:
Մարջան Չոբանյան