«Երկաթ ծամեմ»․ հայտնի կյանքի անհայտ դրվագներ

Սպոնտան իմպրովիզներ, իմաստային և մեղեդային խորություն և խռպոտ ինքնատիպ ձայն, որն անհնար է շփոթել որևէ այլ արտիստի ձայնի հետ։ Սա էր Էլվինա Մակարյան արվեստագետի էությունը, որը, ցավոք, չգնահատվեց իր հայրենիքում իր կենդանության օրոք։ Հիրավի, այսօր՝ նույնիսկ երգչուհու ողբերգական մահվանից շատ տարիներ անց, նրա երկրպագուների բանակը չի պակասում։ Նրա ձայնը շարունակում է գերել և ամենատարբեր հույզեր առաջացնել շատերի սրտերում։
2025 թ․մայիսի 14-ին և 15-ին «Մհեր Մկրտչյան» Արտիստական Թատրոնում տեղի ունեցավ «Երկաթ ծամեմ» ներկայացման պրեմիերան, որը պատմում է հայրենիքում խորհրդային տարիներին երգչուհու չգնահատվածության, նրա արվեստի չհասկացվածության մասին։ Միաժամանակ ակնարկվում է նրա հոգեբանական ապրումների և անձնային պայքարի մասին։
«Երկաթ ծամեմը» վավերագրական բնույթի բեմադրություն է, ինչը որոշակի նորարարություն է հայաստանյան թատերարվեստում՝ չնայած նրան, որ այս ժանրը վաղուց հայտնի է աշխարհում։ Պիեսի հեղինակն է Անահիտ Ղազարյանը, բեմադրիչը՝ Նադեժդա Իսրաելյանը (այս ժանրում սա նրանց առաջին համագործակցությունն չէ։ Հեղինակները արդեն կարծես թե յուրացրել են ժանրի առանձնահատկությունները և բավականին լավ են հասկանում միմյանց․ այս հանգամանքը ինչպես նաև ճիշտ ընտրված դերասանական կազմը ներկայացման հաջողության գաղտնիքներից մեկը կարելի է համարել)։
Ներկայացման երաժշտությունը Հայկ Կարոյինն է, բեմանկարչության ինժեները՝ Արեգ Միրիջանյանը, ազդագիրը՝ Նունե Խուդավերդյանի, պրոդյուսերներ՝ Էդվարդ Մխիթարյան, Ջեմմա Սահակյան, նախագծի գեղարվեստական խորհրդատու՝ Միշա Չարկվիանի։ Ներկայացման ողջ ընթացքն ուղեկցվում է անգլերեն ենթագրերով, ինչը հնարավորություն է տալիս մեծացնել ներկայացման աշխարհագրությունը։ Հետաքրքրական է, որ բեմադրության մեջ երգչուհու կերպարը բացակայում է․ նրա ապրումների և հույզերի մասին հանդիսատեսը պատկերացում է կազմում մյուս կերպարներից։
Բեմանկարչական լուծումը բավական պարզ է, սակայն՝ ազդեցիկ։ Բեմի ողջ երկայնքով ձգվում է շքամուտքի իմիտացիա ստեղծող մուգ մոխրագույն պատ, որից առանձնացած 34 համարի բնակարանի դռան ներսում մոր հետ բնակվում է երգչուհին։ Բեմանկարչական այսպիսի լուծման միտքը նույնպես պատկանում է ներկայացման հեղինակներին՝ Անահիտին և Նադիային։ Բեմի գույները և լուսային ձևավորումը շատ համահունչ են ներկայացման տրամադրությանն ու ասելիքին։ Բոլոր գործողությունները տեղի են ունենում շքամուտքում՝ տան պատերից դուրս։ Կերպարների բնավորությունները վառ են կառուցված, դերասանների խաղը համոզիչ է։ Հանդիսատեսի ուշադրությունը հաջողվում է պահել բեմադրության սկզբից մինչ ավարտը։ Մոտ մեկ ժամ տևող ներկայացումը դիտվում է մեկ շնչով։
Ներկայացումը սկսվում է երգչուհու գործընկերուհու մուտքով, ում մարմնավորում է դերասանուհի Դիանա Ռազիելը։ Նա մոտենում է երգչուհու բնակարանի դռանը և մի քանի անգամ թակում այն, բայց ապարդյուն։ Պատասխան չստանալով նա սկսում է վրդովված խոսել հենց միջանցքում։ Կնոջ խոսքերից կարելի է հասկանալ, որ նա նույնպես քննադատում և մեղադրում է երգչուհուն՝ ղեկավարությանը չենթարկվելու և իր սիրելի երգարվեստից ընկրկելու համար։ Նրան նույնիսկ հատկացվում է ամսական պետական աշխատավարձ չերգելու դիմաց, ինչը փոխանցելու պատրվակով էլ եկել էր ինքը։ Դերասանուհու խաղը բազմաշերտ է, նա շատ լավ կարողանում է փոխանցել իր հերոսուհու հակասական հույզերը, որտեղ միախառնված են գործընկերուհու հանդեպ խղճահարությունը, նախանձը, մրցակցությունը, նաև բացահայտում է խորհրդային ժամանակաշրջանի դաժան իրականությունը՝ անհատականության ճնշում, կոմֆորմիզմ, պետական հրահանգների անխոս կատարում, քննադատական մտածողության բացակայություն։ Նման մտածողության վառ օրինակ է նաև դռան մոտ կանգնած այս կինը, որը փորձում է համոզել, համագործակցել, նույնիսկ սպառնալ երգչուհուն դառնալ իր նման, մի կողմ թողնել «անիմաստ» սկզբունքները։
Ընդհանուր առմամբ՝ բեմադրությունը հանդիսատեսին որոշ չափով նորովի է ներկայացնում երգչուհուն կամ, կարելի է ասել, ավելի է ընդգծում նրա ապրումների խորությունը։ Խորհրդային բարքեր, ղեկավարության կողմից ճնշումներ, երգելու արգելք և այս ամենի ֆոնին՝ դեպրեսիա, խոր հիասթափություն, օտարում արտաքին աշխարհից և նույնիսկ սեփական երեխայից։ Նման Էլվինա Մակարյանը հանդիսատեսի համար ինչ-որ չափով բացահայտում էր։ Իհարկե, արվեստագետ տեսակն արդեն իսկ ենթադրում է բարդ ու ալեկոծ ներաշխարհ։ Այս ներքին և արտաքին պայքարը հաճախ կարող է այնքան ուժգին լինել, որ ի վերջո բերի անձի կործանման։ «Երկաթ ծամեմ» ներկայացմումը չի խոսում Էլվինա Մակարյան անձի կործանման մասին, այլ ակնարկում է նրա սահմանային հոգեվիճակի եզրին գտվելու մասին․ մշտական մթություն դռնից այն կողմ, քար լռություն, կատարյալ ինքնամփոփ վիճակ, մարդկային շփումների լիակատար բացակայություն (բացառությամբ մոր)։ Դժվար է հավատալ, որ այնտեղ բնակվում է կենդանի շունչ, տաղանդավոր արվեստագետ, ում կոչումն է հուզել, ոգեշնչել, արթնացնել հույզեր։ Տեղ-տեղ հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է, որ պատերի ներսում կյանք այլևս չկա։ Իսկ իրականում կա միայն ֆիզիկական գոյություն՝ անտարբեր հոգի, որը հոգնել է չհասկացված լինելուց, լիարժեք ինքնաարտահայտման համար պայքարից։
Երգչուհու մոր կերպարը, որին հիանալի կերպով մարմնավորում է Լուսինե Ավանեսյանը, նույնպես բացահայտում էր շատերի համար՝ դստերը կուրորեն նվիրված, նրան մշտապես արդարացնող և հանգամանքների բերումով «ողջ աշխարհի» հետ պայքարող։ Ողջ ներկայացման տրամաբանությունը կառուցված է այնպես, որ երգչուհու և աշխարհի միջև հիմնական կապող օղակը մայրն է։ Հենց մոր հետ մյուս կերպարների շփումից է հանդիսատեսը պատկերացում կազմում երգչուհու հոգեվիճակի, հույզերի մասին։
Լուսինեի խաղը բավականին համոզիչ է, հուզիչ և խոր ապրումակցում առաջացնող։ Մայր, որը հասկանում է, թե ինչ ուղի է ընտրել իր զավակը՝ կյանքը կապելով երգարվեստի հետ, և ինչ անասելի բարդ ուղի է նա անցնում, պայքարում է երգելու, գնահատվելու և հասկացվելու համար։ Եվ անկախ շրջապատի և ղեկավարության կողմից ճնշումներից՝ մայրը մշտապես դստեր կողքին է, նրա հետ հավասար պայքարում է դստեր ավելի լավ ապագայի համար՝ թեկուզ իրենից հեռու։
Վառ կերպարային լուծում է տրված նաև հարևանուհու հերոսուհուն, իսկ դերասանուհին՝ Մարի Գրիգորյանը, շատ համահունչ է այս կերպարին։ Երգչուհու մոր՝ տիկին Ռոզայի կյանքի ուրախ և տխուր պահերի երբեմնի մտերիմ ընկերուհին դարձել է լիովին այլ մեկը, ով խաղում է ոչ թե ընկերուհու կողմից, այլ նրա դեմ։ Եվս մեկը միանում է տոտալ ճնշող համակարգի քարոզչամեքենային՝ արժեզրկելով արվեստը և մարդկային որակյալ հարաբերությունների էությունը՝ երկու կանանց ընկերությունը։ Հարևանուհու պահվածքը կարելի է բացատրել սեփական անվտանգության մասին անհանգստությամբ, ինչը խորհրդային տարիներին բնորոշ էր շատերին։ Մյուս կողմից հարևանուհու կերպարը չունի բավականաչափ խորություն երգչուհու տեսակն ու արվեստն ընկալելու համար։
Բեմադրության մեջ խոսուն է ներկայացված երգչուհու ամուսնու կերպարը (դերասան՝ Թելման Խաչատրյան), նրա դրամատիկ տառապանքները, երբ ամեն օր մամուլից և շրջապատից մի «նոր ճշմարտություն» է իմանում իր կնոջ մասին։ Սակայն նույնիսկ ամուսնու տառապանքները և ճչացող հոգու ցավը չեն կարողանում ստիպել երգչուհուն բացել դուռը և գոնե ինչ-որ խելամիտ բացատրություն տալ սեփական երեխաների հորը՝ նրա հոգեկան տվայտանքները մեղմելու համար։ Սա խոսում է երգչուհու հոգեբանական նկարագրի, խոր դեպրեսիվ տեսակի մասին։
Բեմադրության ընթացքում պարբերաբար «հայտնվում է» դերասան Գարիկ Առաքելյանի մարմնավորած կերպարը՝ մի երիտասարդ փոստատար, որը նամակներ է բաժանում և հանդես է գալիս որպես ժամանակագրական պատմիչ։ Նրա՝ բեմում հայտնվելուն զուգընթաց՝ մոխրագույն պատը վերածվում է էկրանի, որի վրա ցուցադրվում են վավերագրական կադրեր երգչուհու՝ Հայաստանում ապրած տարիներից, իսկ դերասանը առանց էմոցիաների, ռոբոտային շարժումներ անելով և արտասանելով բավական բարդ գիտական տեքստեր՝ տեղեկություններ է հաղորդում այդ ժամանակահատվածում խորհրդային Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին։ Այս լուծումը հատկապես կարևոր է ավելի երիտասարդ և օտարազգի հանդիսատեսի համար, որպեսզի ճիշտ կարողանան պատկերացնել ժամանակաշրջանը և տիրող մթնոլորտը։ Ընդհանուր առմամբ, այս կերպարը բավականին լուսավոր է կառուցված։ Կարելի է ասել՝ նա այն միամիտ, դեռևս չապականված հոգին է, որը իրապես համակրում է տիկին Ռոզային, փորձում օգնել՝ առանց քննադատելու։ Այս երկու հերոսների միջև կապը ներկայացված է շատ ջերմ, մաքուր։ Սա հատկապես երևում է նրանց վերջին հանդիպման տեսարանում, երբ փոստատար տղան տիկին Ռ՚ոզային հայտնում է, որ այլևս ինքը չի բերելու նամակները, քանի որ սկսվել էր Ղարաբաղյան շարժումը (ինչի մասին նույնպես հանդիսատեսը տեղեկանում է վավերագարկան կադրերից), և ինքը բանակ է գնալու։ Տիկին Ռոզան մայրաբար նրան գրկում է և հրաժեշտ տալիս։ Հանդիսատեսի մոտ երիտասարդ հերոսը համակրանք է առաջացնում, և չնայած դերասանի սկսնակ լինելուն՝ կերպարի մատուցումը շատ դիպուկ է և ներդաշնակ։
Ներկայացման որոշ կերպարներ ինչ-որ չափով երկակի են կառուցված, և հանդիսատեսի արձագանքը միանշանակ չէ․ սկզբում մեղադրելու ցանկություն կամ հակառակը՝ խոր ապրումակցում, բայց որոշակի ներքին վերլուծությունից հետո պատկերը կարող է այլ թվալ։
«Երկաթ ծամեմ» խորհրդանշական անվանումը, որը վերցված է երգչուհու հայտնի երգերից մեկից, իսկապես արտացոլում է այն կոշտ ու անհաղթահարելի թվացող իրողությունը, որի միջով անցնում է երգչուհին խորհրդային տարիներին։ Վերջում երևում է խավարի մեջ այն լույսը, որն այդքան փափագում էին մայրն ու դուստրը՝ ԱՄՆ մեկնելու հրավերը։ Սակայն նույնիսկ այս լուրը չի ուրախացնում երգչուհուն, ինչի մասին հանդիսատեսը կրկին կարող է կռահել մոր դրամատիկ խաղից։
Ներկայացումը նաև ավարտից հետո է մտորելու տեղիք տալիս հանդիսատեսին և՛ կերպարային լուծումների, և՛ երգչուհու անձնային տեսակի վերաբերյալ, ինչը ներկայացումը դարձնում է, իսկապես, դիտման արժանի։
Հայրապետ Հակոբյան
- Hits: 297