Թեհրանի «Թանդիս» թատրոնը Հայաստանում է «Խոսրով» ներկայացմամբ
1999 թվականի օգոստոսին բացված Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնն իր գոյության և գործունեության ընթացքում մշտապես հետամուտ է եղել հայ-իրանական փոխհամագործակցության ամրապնդմանը: Կենտրոնը նպաստում է Հայաստանում Իրանի մշակութային, գրական և գեղարվեստական ոլորտի գործիչների մեծարմանը, պարսկերեն լեզվի ուսուցմանը դպրոցներում և Երևանի Կապույտ մզկիթում: Նաև աջակցություն է ցուցաբերվում Մատենադարանի պարսկական և իսլամական ձեռագրերի ուսումնասիրության բաժնին, մշակութային և գեղարվեստական ծրագրերին: Բազմաժանր միջոցառումների շրջանակում կազմակերպվում են մշակութային և բարեկամության շաբաթ նախագծերը, ապահովվում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային ու տեղական ՀԿ-ների հետ:
«Հայաստանը և Իրանը ունեն մի շարք մշակութային ընդհանրություններ և մենք փորձում ենք իրականացնել այսպիսի ծրագրեր, որպեսզի մշակութային հարաբերությունները երկու պետությունների միջև էլ առավել ընդարձակվեն»,- ասում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի ղեկավար Ասադի Մովահեդը:
Օրերս կենտրոնը հերթական անգամ հանդես եկավ մշակութային նոր ծրագրով, որը նաև կշարունակվի առաջիկա օրերին: Նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում ներկայացմամբ հանդես եկավ Թեհրանի «Թանդիս» թատերախումբը: Իրանական «Թանդիս» թատերախումբը ձևավորվել է 2022 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, և արդեն հասցրել է Հայաստանում իր հանդիսատեսն ունենալ, որոնք սպասում են նոր ներկայացումների: Թեհրանի «Թանդիս» թատրոնի «Խոսրով» պատմական ներկայացումը երկլեզու էր (հայերեն և պարսկերեն):

«Պետք է նշեմ, որ այս ներկայացումը երրորդ անգամ է, որ Հայաստանում բերմադրվում է: Այս ներկայացումը՝ «Խոսրով և Շիրինը» Հայաստանի յոթ տարբեր քաղաքներում բեմադրվելու է: Տարբեր քաղաքներում այս բեմադրությունների նպատակն է մշակույթի տարածումը այդ քաղաքներում: Ցանկանում եմ նշել, որ մշակութային նախագծերը և արվեստագետների փոխանակման ծրագրերը երկու երկրների միջև պարբերաբար իրականացվում են: Այդ ձևով իրականացվում են և՛ մշակույթի և՛ արվեստի փառատոններ՝ երկու երկրներում էլ: Իրանական և հայկական խմբերը ներառված են դրանցում և ակտիվորեն մասնակցում են»,- հավելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի ղեկավար Ասադի Մովահեդը:
Ինչպես հայտնեցին Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, թատերախումբը Հայաստանում է նոյեմբերի 10-15-ը: Հյուրախաղերով հանդես են եկել նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ին, Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում: Նախորդող օրերին էլ թատերախումբը ներկայացել է Մաչանենց տուն մշակութային համալիրում:
«Խոսրով» ներկայացումը հիմնված է Նիզամի Գյանջավու «Խոսրով և Շիրին» պոեմի վրա։ Այն պատմություն է սիրո, հիշողության և մարդու ներաշխարհի խճանկարի մասին։ Լեգենդար արքա Խոսրովը, լսելով Շահրզադի և նրա գերության պատմությունը, մի պահ կարծում է, թե Շահրիարը՝ Շահրզադի տիրակալը, իր և Շիրինի որդին է։ Այդ մոլորությունը նրան տանում է դեպի անցյալ, որտեղ կենդանանում են նրա սիրո, հավատարմության ու ցավի հիշողությունները։ Խոսրովը սկսում է պատմել Շահրզադին իր և Շիրինի անմահ սիրո պատմությունը՝ վերապրելով այն մինչև Շահրիարի ծնունդը, իսկ Շահրազադը, կարծես հանդիսատեսի հայացքը մարմնավորելով, դառնում է պատմության ականատեսը՝ հետևելով այս մեծ սիրո խորահույզ պատմությանը մինչև հերոսների ողբերգական վախճանը:
Ներկայացումն առանձնացավ յուրահատուկ դերասանական խաղով, երաժշտական կատարումներով, վառ գույներով ու պարսկերենի անկրկնելի, գեղեցիկ հնչերանգներով: Երաժշտական խաղով ու դերերգերով աչքի ընկնող ներկայացումը շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում հանդիսատեսին տեղափոխեց իրանական դիցաբանական ու արքայական դարաշրջան՝ բնորոշելով դարաշրջանի վարքն ու բարքը: Ներկայացման պրոդյուսերը Ֆաթեմե Աբդոլրահիմին է, իսկ հեղինակը և բեմադրիչը Համեդ Շեյխին է: Համեդ Շեյխին նկարահանել և նկարահնվել է կարճամետրաժ ֆիլմերում, բեմադրել է «Մակաբույծ», «Աստվածներ», «Ոչինչ», «Դարի պատմությունը» պիեսները: «Մեռյալները» պիեսի ռեժիսորական խորհրդատուն է:
«Թանդիս» թատերախումբը մինչ այս հյուրախաղերով Հայաստանում ներկայացել է 2023 թվականին: Հայ և իրանցի դերասանների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկու ներկայացում: Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում թատերախումբը ներկահացրել էր «Խոսրովի սիրո պատմությունը Շահրազադեի նկատմամբ» և «Զուգահեռ շրջան» ներկայացումները։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնում էլ կայացել էր իրանական «Յոթ գեղեցկուհիներ» ներկայացման պրեմիերան։
Իսկ մշակութային կենտրոնի նախագծերը շարունակական են լինելու: Առաջիկայում ևս մշակութային կենտրոնը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Մեկ շաբաթից սպասվում է նոր ցուցադրություն և դրա շրջանակում Իրանից նկարիչների խումբ է Հայաստան այցելելու: Նոր տարուն ընդառաջ էլ ևս մեկ արվեստագետների խումբ կժամանի Հայաստան: Իրանական Շաբե Յալդան (شب یلدا, կամ Յալդայի գիշերը, պարսկական տոն է, որը նշվում է տարվա ամենաերկար և ամենամութ գիշերը Հյուսիսային կիսագնդում, այսինքն՝ ձմեռային արևադարձի գիշերը: Այն ամենակարևոր հին պարսկական ավանդույթներից մեկն է, որը մինչ օրս կիրառվում է՝ համընկնելով դեկտեմբերի 20-ին կամ 21-ին) տոնի շրջանակում էլ երաժշտական խմբեր են Հայաստան այցելելու, որոնք Հայաստանի տարբեր շրջաններում ելույթ կունենան:
Ալմաստ Մուրադյան
- Hits: 423