Ջրի խնդիրը ժամանակակից հայ կինոյում
«1050 մետր` 20 աստիճան թեքությամբ»
Բրիտանական խորհրդի «Ֆիլմ+H20» ֆիլմերի մրցույթի հաղթող Արեգ Կոզմոյանը հունիսի 12-ին կմեկնի Միացյալ Թագավորություն: Նրա «1050 մետր՝ 20 աստիճան թեքությամբ» ֆիլմը կինոարվեստի ամենաէսթետիկ միջոցներով նկարագրում է անարդար իրականության հետ այն լուռ համակերպվածությունը, որը պաշարել է այսօրվա հասարակ հայ գյուղացուն: Արեգն ինքը գյուղում չի ապրում, Բջնիում գտնվում է իրենց ամառանոցը, բայց ջրի խնդիրը անհանգստացնում է նույնիսկ ժամանակ առ ժամանակ այցելողներին: Արեգը ծանոթ է գյուղի բնակիչների տանջանքներին: Ամեն օր երկար ճանապարհ կտրել-անցնել մեկ դույլ ջրի համար. ահա սա է նրանց առօրյան: Եվ ֆիլմը դիտելիս ակամա մտածում ես՝ ի՞նչ է զգում այս ճանապարհն անցնող մարդը:

Այսօր երկրագնդում ապրում է մոտավորապես 7 մլրդ մարդ, ջրի սակավության ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է: 2025 թվականին 1,8 մլրդ մարդ կապրի ջրի սակավության լուրջ խնդիր ունեցող երկրներում: Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ջրի կորսված ամեն մի կաթիլի համար: Խնայե՛ք և սիրե՛ք ջուրը:
Անի Հակոբյան, կինոգետ
- Created on .
- Hits: 3586