Այվազյանական թատերական փառատոն

    2013 թվականի մայիսի 3-13-ը տեղի կունենա Այվազյանական թատերական փառատոն, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնել ժամանակակից հայ մեծանուն դրամատուրգ Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները, նպաստել այդ ստեղծագործությունների հանրահռչակմանը, այվազյանական թատերական ավանդույթների հարստացմանը:
    Փառատոնի ձևաչափը մրցութային է: Փառատոնի շրջանակներում ներկայացումները պայքարելու են տարվա լավագույն ներկայացում, լավագույն բեմադրիչ, լավագույն դերասան(ուհի) անվանակարգերին արժանանալու համար: Սահմանված են դրամական պարգևներ:
    Նախագծի շրջանակներում ներկայացումները հայ հանդիսատեսին նախատեսվում է ներկայացնել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում, Երևանի ուսումնական թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և այլն: 
    «Աղասի Այվազյան - գրող, նաև դրամատուրգ, նաև նկարիչ, նաև... այսպես կարելի է նաևների մի ամբողջ շարք ներկայացնել: Ու թերևս Աղասի Այվազյանը կրկին կմնա հանելուկային, չբացահայտված, հետաքրքիր: Նրանով պիտի հպարտանանք մենք և մեր հետագա սերունդները: Այվազյանական թատերական փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու Այվազյանի անեզր աշխարհի հետ: Այս փառատոնը այն եզակիներից է մեր երկրում, որի երակներով հոսում է զուտ հայկականը»,- իր խոսքում նշեց փառատոնի պրոդյուսեր Նարեկ Արշակյանը:
    «Աղասի Այվազյանը նորարար է: Նա նորարար է և´ որպես գրող, և´ որպես կինոռեժիսոր, և´ որպես դրամատուրգ: Այվազյանի թատրոնը նոր վարագույր է բացում հանդիսատեսի համար: Խորունկ, մեկը մյուսից խիստ տարբեր, հարուստ ռեմարկներով և ասելիքի հսկա պարունակությամբ նրա պիեսները դեռ երկար են զարմացնելու ու հետաքրքրելու: Այս առումով  հատկապես հետաքրքիր են «Ինքնասպան նավը», «Առլեզ», «Դեկորներ», «Լոքո և Մուսես», «Համակարգիչ», «Բիլիարդ», «Ազիատիկ», «Մանչերը» պիսները:
    2010 թվականին կայացած «Այվազյանական փառատոնը» շատ կարևոր իրադարձություն էր հայաստանյան մշակութային կյանքում: Այն հադիսատեսին հստակորեն ուղղորդեց դեպի այվազյանական ինքնատիպ թատրոնի աշխարհը: Այս տարվա կայանալիք երկրորդ փառատոնը պիտի ավելացնի այդ Աշխարհում այն բոլորը, ինչը պակաս էր առաջինում: Որովհետև  Այվազյանի  դրամատուրգիան ևս մի ճանապարհ է` նոր խոսք ասելու Մարդու կյանքի մասին»,- նշեց այվազյանագետ Անի Փաշայանը:
  • Created on .
  • Hits: 3042

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: