Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի

 2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110 ամյակին:

  Հոբելյանական տարվա ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության Մակույթի բաժնի պատասխանատու Եղիա Մանսուրյանը ներկայացնում է ծրագրի որոշ մանրամասներ: Այսպես.

 • Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և Կամերային նվագախմբերի մենակատարները, «Դիլիջան» կամերային նվագախումբը: Միջոցառմանը ներկա կլինեն հայ և ամերիկացի երաժշտասերներ, հայկական և ամերիկյան մամուլի ներկայացուցիչներ:

 • Հռչակավոր Hollywood Bowl համերգային կենտրոնում, որը տեղավորում է 14 հազար հանդիսատես, նախատեսված է Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը: 

 • Հոլիվուդի հեղինակավոր կինոսրահներից մեկում կցուցադրվի միջազգային մրցանակների արժանացած` «Կուն» պրոդյուսերական կենտրոնի «Արամ Խաչատրյան» վավերագրական ֆիլմը` օտար հանդիսատեսի և ԶԼՄ ներկայացուցիչների համար: 

  • Հարավային Կալիֆորնիայի համալսարանի/USC/ «Հայկական երաժշտության բարեկամներ» խմբի հետ գործակցությամբ կկայանա համերգ-դասախոսություն` նվիրված մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը:

 • Colbern երաժշտանոցի Zipper համերգասրահում կկազմակերպվի «Լարք» կամերային երաժշտության շարքի համերգաշարը, որն այս տարի ամբողջությամբ նվիրված է Արամ Խաչատրյանին:

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ողջունում է Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնական միջոցառումներին Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցության նախաձեռնությունը, ինչի մասին ՀՀ գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը հայտնել է նվագախմբի տնօրենին և ԼԱ-ում ներկայացուցչին` նրանց հետ հանդիպման ժամանակ և առաջարկել մաս կազմել կամերային երաժշտության` համայնքի կողմից նախատեսված ծրագրին: 

  ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հավաստիացնում է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանական տարին ԱՄՆ արևմտյան ափում կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լոսանջելեսյան միջոցառումներն իրենց ծավալով և ընդգրկմամբ լավագույններից մեկը կլինեն Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա ընթացքում:

  • Created on .
  • Hits: 2787

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: