«Արձակ 2012»-ի մրցանակաբաշխությունը

   Դեկտեմբերի 18-ին Երևանի Կամերային պետական թատրոնում տեղի ունեցավ  «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած լավագույն պատմվածքների ամենամյա մրցույթի «Արձակ 2012» մրցանակաբաշխությունը: 

    Ինչպես կազմակերպիչները նշեցին, մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:

    Մրցույթին ներկայացված 100 պատմվածքներից եզրափակիչ փուլ են անցել 16-ը, որոնք հրատարակվել են առանձին գրքով: Ահա այդ եզրափակիչ անցած 16 մասնակիցների ցուցակը`

Անրի Գրիգորյան «Կինը»
Արմեն Օհանյան «Գերաստղ Մարիոն» 
Արմենուհի Սիսյան «Պայուսակը»
Արմինե Սարգսյան «Անի, Անի»
Արփի Ոսկանյան «Մարտի 2»
Գուրգեն Խանջյան «Հայրը»
Գրիգոր Սարգսյան «Հեղինակ փնտրելիս»
Լենա Հովսեփյան «Սթափ զգայարանների շփոթ... մեղեդին»
Կարինե Խոդիկյան «Հինգերորդ լռությունը»
Համբարձում Համբարձումյան «Կորեական դելիկատես»
Հովիկ Ալեքսանյան «Քարից ծանր ժամանակը»
Նառա Վարդանյան «Պատերազմ երեք արարով»
Նարինե Կռոյան «Կազիմիրի էֆեկտը»
Ռուբեն Հախվերդյան «Ինչի համար և ինչու է ապրում մարդը»
Սիմոն Հակոբյան «Մարդն ու շնիկը»
Տիգրան Կիրակոսյան «Դու կա՞ս»:
    
    Մրցույթի համար սահմանվել էր չորս հատուկ մրցանակ, որոնք որոշվել են մրցատյանի կողմից (Ալիկ Թոփչյան, Դավիթ Գյուրջինյան, Զավեն Բոյաջյան, Կարեն Անտաշյան, Վահրամ Մարտիրոսյան, Վաչագան Ա. Սարգսյան): Հատուկ մրցանակներին արժանացան Արմեն Օհանյանը, Արփի Ոսկանյանը, Համբարձում Համբարձումյանը, Գուրգեն Խանջյանը:

    Գրողներից մի քանիսը չէին եկել մրցանակաբաշխության. մեկն այս քաղաքում էր, մեկն այն քաղաքում, մեկն էլ տանն էր: Սակայն, այնուամենայնիվ, նրանց մեծ մասը ներկա էր: Բոլորն անսպասելի հետաքրքրությամբ հետևում էին և ստանում իրենց մրցանակները, որոնց մեջ, բացի գումարային և գրքային նվերներից, կային նաև թթվի բանկաներ:

    Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից` մրցանակ տրվեց նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը որոշվել է ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Այս անվանակարգում հաղթեց Հովիկ Ալեքսանյանը:

    Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները սահմանել էին մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:

   Հատկապես ուշագրավ էր Բուկինիստ  («Գրքերի աշխարհ») գրախանութի սահմանած մրցանակակիրների բնորոշումը. Գուրգեն Խանջյանը համարվեց գրախանութում ամենաշատ պահանջարկ ունեցող գրողը, իսկ Տիգրան Կիրակոսյանը` ամենաշատ այցելող-գնորդ գրողը:
                                                                                                                   

  • Created on .
  • Hits: 3325

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: