Մահացել է բրիտանացի կոմպոզիտոր Ջոնաթան Հարվին

    Դեկտեմբերի 4-ին լույս 5-ի գիշերը մահացել է բրիտանացի կոմպոզիտոր Ջոնաթան Հարվին: Նա 73 տարեկան էր և վերջին շրջանում հիվանդության պատճառով գամված էր շարժասայլակին: 

    Կիրթ, քաղցրահնչյուն, բայց և այնպես խիստ ինտելեկտուալ Հարվին մի կարկառուն սինթեզ էր` ներծծված անգլիական եկեղեցական երաժշտության ավանդույթներով և հոգևորով, բայց և կոփված Փարիզում Պիեռ Բուլեզի` Ակուստիկայի և երաժշտության ուսումնասիրության և կոորդինացման ինստիտուտի (IRCAM) ավանգարդ աշխարհում:

    Երաժշտությունը, որ նա գրում էր, հրաշալի հիբրիդ էր, որտեղ էլեկտրոնային ակուստիկ գործիքների հետ մեկտեղ օգտագործել է երգչախումբ`ստեղծելու համար ֆանտաստիկ հնչյունային աշխարհ, Օգտագործում էր նաև հին միստիկ տեքստեր` մասնավորապես Բուդդիզմին առչվող և հավատի համակարգը համարում էր առանձնահատուկ հրապուրիչ:

    Ջոնաթան Հարվին ծնվել է Սաթոն Կոլդֆիլդ բրիտանական փոքրիկ քաղաքում: Սկսել է երաժշտություն գրել 6 տարեկանից: Երգել է եկեղեցական երգչախմբում: Սովորել է Քեմբրիջի Ս. Հովհաննես քոլեջում, ուսման ավարտին ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: Բենյամին Բրիտենի խորհրդով մասնավոր դասեր է վերցրել Էրվինա Շտեյնի և Հանս Քելլերի մոտ:  Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում զգալի է Շյոնբերգի, Բերգի, Մեսսիանի Բրիտենի ազդեցությունը: Գլազգոյի համալսարանի ասպիրանտուրայում, թավջութակ է նվագել BBC-ի Շոտլանդական սիմֆոնիկ նվագախմբում: 1969-ին Հարկնեսի ծրագրով սովորել է Պրինստոնում, որտեղ շփվել է Միլթոն Բեբիթի հետ: Վերջինս մեծ ազդեցություն է ունեցել նրա երաժշտության վրա: 1980-ականներին Պիեռ Բուլեզի հրավերով աշխատել է Ակուստիկայի և երաժշտության ուսումնասիրության և կոորդինացման ինստիտուտում:

    Հարվին դասավանդել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում և կոնսերվատորիաներում: Նա աշխարհի տարբեր երկրներից շարունակ հրավիրվում էր դասավանդելու ամառային դպրոցներում: 
    Ջոնաթան Հարվիի երաժշտությանը կարող եք ծանոթալ հետևյալ կայքերում`
http://intoclassics.net/news/2011-05-30-23490
http://classic-online.ru/ru/composer/Harvey/11347

  • Created on .
  • Hits: 2916

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: