«Հովհաննես Շարամբեյան. արվեստագետ, որին հնարավորել չէ տեղավորել մի ասպարեզում». Մարինա Հակոբյան

Սեպտեմբերի  9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հովհաննես Շարամբեյան-100. Հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսը:

«Գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, հասարակական գործիչ, մշակութային ժառանգության պահպանության ջատագով, թանգարանագետ, թանգարանաստեղծ և այս ցանկը կարելի է շարունակել: Կարծում եմ՝ հենց սրանում է Հովհաննես Շարամբեյանի մեծությունը: Արվեստագետ, որին հնարավոր չէ տեղավորել մեկ բնութագրման, մեկ ոլորտի և, առհասարակ, մեկ ասպարեզի մեջ»,- ցուցադրության բացմանը նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Hovhannes Sharambean 7

Hovhannes Sharambean 8

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի 100-ամյակին նվիրված այս հոբելյանական  ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական այն լայն ասպարեզները, որոնցում նա մեծ ներդրում է ունեցել:  Ցուցասրահներում մեկտեղվել են Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի Ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև արվեստագետի ընտանիքի ու մասնավոր հավաքածուների գործերը։

Hovhannes Sharambean 3

Hovhannes Sharambean 6

Ցուցահանդեսի համադրողներից մեկը Շարամբեյանի թոռն է՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, մյուսը՝ պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի պատասխանատու Հայկուհի Սահակյանը:

«Ցուցահանդեսին պատրաստվելու ընթացքում մի զգացողություն ունեցա՝ ինչ ափսոս, որ Շարամբեյանը չի նկարել: Նա անչափ սիրել է նկարչությունը, բայց, ցավոք, թե ի ուրախություն մեզ, քիչ ժամանակ է ունեցել և այդ ժամանակը, որ չի ներդրել նկարչության մեջ, ուղղել է մեկ այլ՝ ժողովրդական արվեստների ոլորտ, որտեղ արդյունքն, իհարկե, շոշափելի է և այսօր քաղում ենք դրա պտուղները»,- ասաց Նարեկ Վան Աշուղաթոյանը:

«Երբ ավարտեցինք համադրողական աշխատանքը, մտածեցի՝ եթե նա նկարիչ չլիներ, նրա ծրագրերը ժողովրդական արվեստների ոլորտում՝ այլ տեսք, այլ բովանդակություն կունենային: Այսինքն՝ նկարչությունը նրա կյանքի առանցքն էր: Եվ եթե չլիներ ժողարվեստը՝ նրա նկարչությունն այլ կլիներ: Սրանք միմյանց փոխլրացնող ոլորտներ են, որոնք նրա կյանքում եղել են»:

Hovhannes Sharambean 2

Hovhannes Sharambean 4

Ցուցահանդեսին ներկայացված են դիմանկարներ, ինքնադիմանկարներ, կտավներ, քանդակներ, լուսանկարներ, արխիվային նյութեր, արհեստագործական ու խեցեգործական նմուշներ, գորգեր, կարպետներ, այլ արվեստագետների գործեր՝ ուղղված Վարպետին: 

Դիմանկարների շարքում  կարելի է տեսնել նաև հեղինակի կնոջ՝ Սոֆյայի դիմանկարը:

«Ձնհալի շրջանում»՝1940-1950-ական թթ-ին կերպարվեստի ասպարեզ մտած Շարամբեյանը բնութագրվում է որպես քնարական ռեալիզմի ներկայացուցիչ:

«Նա շատ արվեստագետների հետ է մտերիմ եղել, ովքեր ևս ստեղծել են նրա դիմանկարները: Այս առումով կարելի է ասել, որ Շարամբեյանը առաջատար է նկարիչների շրջանում»,-պատմեց Հայկուհի Սահակյանը՝ ցույց տալով Մհեր Մկրտչյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի, Սեմ Զումյանի, Սուրեն Սաֆարյանի կողմից ստեղծված դիմանկարները:

Hovhannes Sharambean 5

Hovhannes Sharambean 13

Առանձին ցուցասրահ է նվիրված Դիլիջանին ու Շարամբեյանի դիլիջանյան գործունեությանը և սա պատահական չէ: 1940-ական թթ-ին իր «երկրորդ ծննդավայրում»՝ Դիլիջանում, նա հաստատվել էր առողջական խնդիրների պատճառով, բայց հետագայում դարձել է քաղաքի գլխավոր նկարիչն ու իր գործունեությունը սերտորեն կապել այս քաղաքին: Նրա ջանքերով Դիլիջանում ստեղծվել են ստեղծագործական ակումբներ, գեղարվեստի դպրոց, բացվել է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը, որին նա նվիրել է ոչ միայն այդ տարիներին ստեղծված իր հավաքածուն, այլև առանձնատունը: Այսպիսով՝ նա դարձել է Դիլիջանի մշակութային կյանքի անբաժանելի մասը:

Hovhannes Sharambean 15

Hovhannes Sharambean 16

Որպես Դիլիջանի վավերագրող, «Դիլիջանի Վանիկ»՝ նրա կտավներում կարելի է առանձնացնել քաղաքային տեսարաններ, տներ, մարդկային դեմքեր, քաղաքային բնանկարներ, պատմաճարտարապետական հուշարձաններ…

Շարամբեյանը կապող օղակ էր նաև Դիլիջանի և այդտեղ հյուրընկալվող մշակութային գործիչների միջև: Քաղաք այցելող ամերիկացի անվանի նկարիչ Ռոքուել Քենթին, երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչին, երգչուհի Ելենա Օբրազցովային, կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենին և այլոց նա հաղորդակից է դարձրել Դիլիջանի պատմությանն ու մշակութային կյանքին: Նրանցից շատերի նվիրատվությունները հետագայում համալրել են թանգարանային հավաքածուները:

Hovhannes Sharambean 18

Hovhannes Sharambean 19

Ըստ Հայկուհի Սահակյանի՝ երբ Ռոքուել Քենթն այցելել է Հայաստան և Հովհաննես Շարամբեյանի շնորհիվ ծանոթացել Դիլիջանին, այն անվանել է «փոքրիկ Շվեյցարիա»: Դիլիջանցիները նրան սափոր են նվիրել և, կտակի համաձայն, մահից հետո արվեստագետի աճյունն ամփոփվել է հենց այդ սափորում:

Hovhannes Sharambean 21

Hovhannes Sharambean 12

Շարամբեյանի արվեստն ու մշակութային գործունեությունը կարելի է դիտարկել որպես «հիշողության պատկերագրության» ամբողջական համակարգ: Պատկերը, իրը, մշակութային միջավայրը և թանգարանը նրա գործունեության մեջ կազմում են փոխկապակցված ամբողջություն:

«Շարամբեյանն իր կյանքի ընթացքում այսպիսի մեծ ցուցադրություն չի ունեցել՝ գուցե բազմազբաղ և համեստ լինելու պատճառով»,- հետաքրքիր բացահայտում արեց Հայկուհի Սահակյանը:

Մարջան Չոբանյան

74
Սեպտեմբեր 12, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: