Մեկնարկեց Կապանի երաժշտական փառատոնը
Հուլիսի 4-ին պաշտոնապես մեկնարկած «Կապան Ֆեստ 2026»-ի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, երաժիշտներ, մշակույթի գործիչներ և բազմաթիվ հյուրեր։
Տասը օր շարունակ Կապանը կհյուրընկալի աշխարհահռչակ մենակատարների, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստների։ Փառատոնի համերգային ծրագիրը ներառում է դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական համագործակցություններ և նորարարական ձևաչափեր։
Սակայն «Կապան Ֆեստ»-ի նշանակությունը միայն համերգային ծրագրով չի սահմանափակվում։ Փառատոնի կարևորագույն առաքելություններից մեկը երիտասարդ երաժիշտների աջակցությունն ու կրթությունն է։ «Կապան Ֆեստ Ակադեմիայի» շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ արվեստագետները մասնակցում են վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտների հետ և հնարավորություն ստանում ոչ միայն կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները, այլև խորացնելու արվեստի ընկալումը։

Մեծ արվեստագետների և երիտասարդ երաժիշտների հանդիպումը փառատոնին հաղորդում է շարունակականության խորհուրդ․ այստեղ միավորվում են փորձն ու նորարարությունը, ավանդույթն ու ապագայի երաժշտական լեզուն։
Այս տարվա փառատոնի բացառիկ իրադարձություններից է աշխարհահռչակ Florian Leonhard Fine Violins ընկերության ցուցադրությունը։ Կապանի հանդիսատեսը հնարավորություն կունենա առնչվելու համաշխարհային երաժշտական ժառանգության բացառիկ նմուշների հետ՝ տեսնելով լեգենդար վարպետներ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի ստեղծած գործիքները։

Փառատոնի առանձնահատուկ էջերից է նաև Հայաստանում առաջին անգամ ներկայացվող «Վիեննական երեկո Կապանում» ծրագիրը։ Վիեննական վալսի նրբագեղությունը, օպերային արվեստի հնչերանգներն ու ջազային կատարումների ազատությունը միավորվելու են մեկ բեմում՝ Կապանին հաղորդելով եվրոպական մշակութային ավանդույթի յուրահատուկ շունչ։
«Կապան Ֆեստ»-ը տարիների ընթացքում վերածվել է ոչ միայն երաժշտական միջոցառման, այլև մշակութային երևույթի։ Այն ստեղծում է մի տարածք, որտեղ երաժշտությունը դառնում է երկխոսության լեզու՝ Հայաստանի և աշխարհի, տարբեր սերունդների և մշակույթների միջև։
Երբ Սյունյաց լեռների մեջ հնչում է համաշխարհային երաժշտությունը, դա այլևս պարզապես համերգ չէ։ Դա պատմություն է հիշողության, ստեղծագործության և ապագայի մասին։ Պատմություն այն մասին, որ արվեստը կարող է նոր կամուրջներ կառուցել նույնիսկ այն վայրերում, որտեղ առաջին հայացքից թվում է՝ աշխարհի կենտրոններից հեռու են։
Ալմաստ Մուրադյան