«Միտքը պետք է արթուն մնա, չտարվի քնով, հակառակ դեպքում կգա մահը». Գր. Պըլտեանի աշխատարանը Երևանում

Տեքստ գրելը պարզապես բառեր կուտակելը չէ, այլ ժամանակի, տարածության, հիշողության և արվեստի հետ երկխոսություն։ Այս գաղափարն էր, որ կարծեք ուղեկցում էր Գրիգոր Պըլտեանի երևանյան հանդիպումն ու աշխատարանը։

Հայ ժամանակակից մտավոր կյանքի առանձնահատուկ դեմքերից մեկը՝ Գրիգոր Պըլտեանը, տասնամյակներ շարունակ իր գրական, փիլիսոփայական և քննադատական գործունեությամբ ուսումնասիրել է հիշողության, լեզվի, ինքնության և ժամանակի փոխհարաբերությունները։

Բեյրութում ծնված, Փարիզում կրթված և գործունեություն ծավալած մտավորականը ոչ միայն բանաստեղծ և արձակագիր է, այլև գրականագետ, փիլիսոփա և լրագրող, որի աշխատությունները վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն հայ մտքի ժամանակակից քարտեզում։

Grigor Pltyan 2

Օրերս Երևանում, ԱՐէ մշակութային հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Գրիգոր Պըլտեանի և Նազարեթ Կարոյանի մասնակցությամբ «Ի՞նչ է նշանակում գրել ժամանակը» խորագրով հանդիպումը։ Միջոցառումը մեկնարկեց «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքը, որի նպատակն է զարգացնել մշակույթի և արվեստի մասին գրելու, վերլուծելու և քննադատական մտածողության հմտությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ժամանակի, հիշողության, պատմության, լեզվի և գրականության փոխհարաբերությունները։ Բանախոսները փորձեցին վերաիմաստավորել այն հարցը, թե ինչ է նշանակում գրել մեր ժամանակներում, երբ տեղեկատվական հոսքերը, պատկերներն ու արհեստական բանականությունը փոխում են իրականության ընկալման ձևերը։ Քննարկման առանցքում այն գաղափարն էր, որ գրելը միայն արտահայտման միջոց չէ․ այն ճանաչողության, հիշողության պահպանման և ժամանակը վկայագրելու յուրահատուկ եղանակ է։

Grigor Pltyan 3

Քննարկմանն էլ հաջորդեց կրթական շարքի առաջին երկօրյա աշխատարանը, որը վարեց Գրիգոր Պըլտեանը։ Ծրագիրը նպատակ ուներ ստեղծելու մտավոր բաց հարթակ՝ գրելու մշակույթի, լեզվի, ժամանակակից իրականության և ավանդույթի շուրջ քննարկումների համար։

Աշխատարանի մեկնակետը ժամանակակից աշխարհի կարևոր մարտահրավերներից մեկն էր: Պատկերի, թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացող միջավայրում ի՞նչ տեղ և նշանակություն ունի գրավոր խոսքը։ Ինչպե՞ս հասկանալ, վերաիմաստավորել և արժևորել գրելու բազմադարյա ավանդույթը, երբ գրավոր մշակույթը բախվում է նոր տեխնոլոգիական իրականություններին։

Grigor Pltyan 4

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան այնպիսի հիմնարար հարցերի, ինչպիսիք են՝ «Ի՞նչ է գրելը», «Ինչպե՞ս է ձևավորվում գրավոր միտքը», «Ի՞նչ հարաբերություն կարող է հաստատել հեղինակը ժամանակակից իրականության և մշակութային ավանդույթի միջև»։ Գրելը դիտարկվեց ոչ միայն որպես մասնագիտական հմտություն, այլև որպես մտածողության, ինքնաճանաչման և աշխարհի հետ հաղորդակցվելու ձև։

Անցյալի և ներկայի, տեղականի և համաշխարհայինի, ավանդույթի և արդիականության շուրջ ծավալված մտորումները աշխատարանը վերածեցին գաղափարների փոխանակման և քննադատական մտածողության զարգացման յուրահատուկ միջավայրի՝ միավորելով լրագրողների, հետազոտողների, մշակութային ոլորտի ներկայացուցիչների և գրականությամբ հետաքրքրվող երիտասարդների։

Grigor Pltyan 5

«Արվեստի գործը ընկալելու աշխատանքի մեջ կարևոր տեղ ունի երևակայությունը: Այսինքն դիտորդը, ընկալողը պետք է փորձի հասկանալ այն: Կան արվեստի գործեր որոնք խնդիրներ կստեղծեն մեր աչքի համար, քանի որ ինչ-որ բանի նման չեն: Քանի որ կարևոր դեր ունի դիտողը, դժվար է պատկերացնել արվեստի գործն ինքն իր մեջ: Շատ կարևոր է նաև անձական փորձառությունը: Ահա օրինակ ինչպես կպատմենք արվեստի գործի մասին: Արվեստի գործը պետք է նաև պատմել»,- ասում է Պըլտեանը:

Ըստ Գրիգոր Պըլտեանի՝ արվեստի գործի մասին գրելը նախևառաջ ենթադրում է հանդիպման փորձառություն։ Նրա տեսական մոտեցման առանցքում արվեստի ընկալումն է որպես խորապես մարմնական և զգայական գործընթաց։ Արվեստի գործի հետ հանդիպումը, նրա ընկալմամբ, չի սահմանափակվում մտավոր վերլուծությամբ: Այն սկսվում է մարմնի ներգրավմամբ՝ տեսողությամբ, շոշափմամբ, զգայարանների ամբողջ համակարգով։ Մարմինը դառնում է այն միջավայրը, որտեղ ձևավորվում են ընկալումը, զգացողությունը և խոսքը։

Պըլտեանի դիտարկմամբ՝ արվեստի գործի նկարագրությունը մշտապես բախվում է սահմանային դժվարության։ Պատումը՝ որպես վերապատմում կամ նկարագրություն, հաճախ թվում է ամենահեշտ ելքը, սակայն այն երբեք չի կարող սպառել ստեղծագործության ամբողջականությունը։ Պատմական ավանդույթում, հատկապես վաղ պատմիչների մոտ, նկարագրությունը հաճախ կրճատվում էր մինչև համառոտ նշում, մինչդեռ արվեստի առջև հայտնվում էր «անասելին»՝ այն վիճակը, երբ լեզուն կարծես հրաժարվում է իր գործառույթից։ Այդուհանդերձ, անասելին նրա մոտ ոչ թե ավարտ է, այլ նոր հարցադրումների սկիզբ։

Նրա համոզմամբ՝ արվեստի պատմաբանի և քննադատի հիմնական պարտականությունը այդ լռության տարածքը վերջնականության չվերածելն է։ Անհրաժեշտ է շարունակել հարցադրումը՝ փորձելով բացել այն, ինչ թվում է փակված, և հասկանալ այն ներքին լարումները, որոնք կառուցում են արվեստի գործը:

Grigor Pltyan 6

Մտածողի մոտեցման մեջ առանձնակի կարևոր է մտավոր մշտական արթնության գաղափարը: Միտքը պետք է արթուն մնա, չտարվի քնով, հակառակ դեպքում կգա մահը: Արվեստի հետ հարաբերությունը պահանջում է կասկածի շարունակական ռեժիմ: Միտքը չպետք է հանգրվանի պատրաստի բացատրությունների կամ կայունացած ձևակերպումների վրա։ Արվեստի գործին մոտենալը ենթադրում է նաև արդեն ձևավորված գիտելիքի քննադատական վերանայում։

«Շատ կարևոր է յուրաքանչյուր դիտողի անհատական հանդիպումը արվեստի գործի հետ։ Ժամանակակից արվեստն այլևս չի դիտարկվում որպես արտաքին համակարգերի՝ օրինակ կրոնի կամ գաղափարախոսության պարզ արտահայտություն։ Այն ձեռք է բերել ինքնաբավություն՝ ձևավորելով իր սեփական ներքին խնդիրները, հարցադրումները և լեզվական կառուցվածքը»,- նշում է Գ. Պըլտեանը։

Նրա խոսքով՝ արվեստի մասին խոսելու կամ գրելու փորձը միշտ սկսվում է սկզբի դժվարությունից: Ստեղծագործական աշխատանքի առաջին քայլը չի տրվում ինքնաբերաբար։ Այդ ճանապարհին անհրաժեշտ է շարունակական երկխոսություն նախորդ փորձի հետ՝ ընթերցումների, հիշողության և մտավոր աշխատանքի միջոցով։ Նոթագրությունը դառնում է մտածողության ձև, իսկ գրելը՝ ոչ թե հանգստության, այլ ներքին անհանգստության արդյունք։ Այս տեսանկյունից ստեղծագործությունը պահանջում է լեզվի մշտական որոնում՝ սեփական բառերի ձևավորում, որոնք կարող են արտահայտել ոչ թե արդեն հայտնի, այլ նոր բացահայտվող փորձառությունը։

Վերջիվերջո, Պըլտեանի մոտեցման կենտրոնական գաղափարն այն է, որ արվեստի գործի հետ հանդիպումը պետք է դառնա գիտելիքի վերաքննություն։ Արվեստը արժեքավոր է այն չափով, որքանով այն խախտում է արդեն ձևավորված համոզմունքները և ստիպում վերանայել այն, ինչ թվում էր հաստատված։

Այսպիսով, հանդիպումն ու աշխատարանը դարձան ոչ միայն գրելու արվեստի շուրջ մասնագիտական քննարկումների հարթակ, այլև ժամանակակից մտավոր կյանքի կարևոր իրադարձություն՝ հիշեցնելով, որ արագ փոփոխվող աշխարհում գրավոր խոսքը շարունակում է մնալ ինքնաճանաչման, հիշողության պահպանման և մշակութային երկխոսության կարևորագույն միջոցներից մեկը։

Ալմաստ Մուրադյան

371
Հունիս 26, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: