Մեկնարկում է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը կկայանա արդեն 9-րդ անգամ. հունիսի 25-29-ը Երևանից բացի,այն կլինի նաև Գյումրիում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19։00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։
Փառատոնի սկիզբը կտրվի «Մշուշը վերացել է» ֆիլմով՝ ներկայացված Իրանից։
«Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Փառատոնը դեպի մարզեր ուղղորդելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մշակութային կյանքն ակտիվացնելու տեսանկյունից։ Դրանից բացի, մեր մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ հայաստանյան կինոլոկացիաներին։ Հանդիսատեսն էլ հնարավորություն է ունենալու դիտել միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը։
Երևանի Կինոյի տանը հունիսի 26-ին, 27-ին կշարունակվի փառատոնային ծրագիրը։ Հունիսի 28-ին և 29-ին կշարունակվի Գյումրիում։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
«Այսօր այս փառատոնը filmfreeway հեղինակավոր հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոներից մեկն է, ինչը վկայում է փառատոնի մասնագիտական բարձր մակարդակի և միջազգային հեղինակության մասին։ Մենք արդեն 4-րդ տարին է՝ փառատոնի գլխավոր հովանավորն ենք, և այս տարի Երևանի քաղաքապետարանը 20 մլն դրամ է հատկացրել»,- ասաց Երևանի փողքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը շեշտեց՝ այն դարձել է միջազգային կինոհանրության կողմից ճանաչված հարթակ։
Փառատոնի աջակիցն է նաև ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նկատեց՝ այն արտացոլում է պետական քաղաքականությունն ու նպատակները։
«Փառատոնը կտրված չէ արտաքին աշխարհից, այն միջազգային նշանակություն ունի և տարեցտարի տեսնում ենք, թե ինչպես է ընդլայնվում մասնակցության աշխարհագրությունը»,- ասաց նա։
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Այս տարի շուրջ 95 երկրից հայտեր են ստացվել։
«Ես հիշում եմ, որ փառատոնի մեկնարկային տարում 3-4 ֆիլմեր էին ընդունվում, որոնք անգամ ֆիլմի նման չէին։ Այսօր հպարտությամբ եմ ասում, որ որակական առումով այնպիսի ֆիլմեր ունենք, որոնք ցուցադրում ենք Ա դասի՝ Վենետիկի, Բեռլինի, Կաննի և համանման այլ փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմերի կողքին»,- նշեց Բաղդասարյանը։
Փառատոնը տարածաշրջանում առաջինն է, որ ընդունել է արհեստական բանականությամբ նկարահանված ֆիլմեր։
Մերի Խաչատրյան