Կինոն՝ որպես պոեզիա․ «Ոսկե ծիրան» 2026-ի գաղափարական առանցքը
«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Պոեզիան աշխարհը զգալու և իմաստավորելու ձև է։ Մեր կոչն է ոչ միայն դիտել արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը։ Մեր հորդորն է կինոյից ակնկալել ոչ թե բացատրություններ, այլ բացահայտումներ»։
Կան մտքեր, որոնք չեն հնչում որպես հայտարարություն, այլ՝ որպես ներսից եկող շշուկ։ Այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գաղափարական առանցքը հենց այդպիսի շշուկի է նման՝ պոեզիայի մասին, բայց ոչ որպես ժանրի սահմանում, այլ որպես աշխարհի հետ հարաբերության ձև։ Այս տեսլականից է ծնվում նաև 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր պաստառը՝ որպես փորձ՝ նորից մտածելու, թե ինչպես ենք նայում աշխարհին, և արդյոք դեռ կարողանում ենք այն զգալ։
Օրերս ներկայացված 2026 թվականի պաստառը ոչ միայն պատկեր է, այլ նաև առաջարկ՝ դանդաղելու, կանգ առնելու և ներսից լսելու արվեստը։ Այն հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ դիտողի դիրքից և գնալ դեպի ներս՝ դառնալ զգայուն, բաց, պատրաստ անակնկալների։ Որովհետև կինոն, ինչպես պոեզիան, հազվադեպ է տալիս ավարտուն պատասխաններ: Այն ավելի հաճախ բացում է դռներ, որոնց միջով յուրաքանչյուրն անցնում է ինքնուրույն իր ճանապարհը:
Պաստառի հեղինակն է Իգոր Գուրովիչը՝ նկարիչ և դիզայներ, որի աշխատանքներում ձևը երբեք չի սահմանափակվում ինքն իրենով։ Նրա ստեղծած պատկերները միշտ ինչ-որ բան են հիշեցնում, բայց երբեք ամբողջությամբ չեն բացատրում՝ թողնելով տարածք տեսողության և զգացողության միջև։
«Ոսկե ծիրանը» տարիներ շարունակ եղել է ոչ միայն ֆիլմերի ցուցադրության վայր, այլ նաև մի տարածք, որտեղ կինոն վերածվում է երկխոսության, իսկ երկխոսությունը՝ մտածողության։ Այս տարի այդ տարածքը կրկին վերադառնում է պոեզիային՝ որպես հիշեցում, որ արվեստը երբեմն առավել ամբողջական է հենց այն պահին, երբ հրաժարվում ենք նրան ամբողջությամբ հասկանալու փորձից։
23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12-19-ը՝ Երևանում՝ բերելով աշխարհի տարբեր անկյուններից ֆիլմեր, որոնք արդեն անցել են Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոնների ճանապարհով։ Բարեբախտաբար «Ոսկե ծիրանը» միայն ֆիլմերի հավաքածու չէ։ Այն նաև հանդիպումների շղթա է՝ մարդկանց, հայացքների, լռության և խոսքի միջև։
Այս տարվա պատվավոր հյուրն է օպերատորական արվեստի մեծագույն վարպետներից մեկը՝ Բրյունո Դելբոնելը՝ Օսկարի վեցակի նոմինանտ, որի կինեմատոգրաֆիան հաճախ հիշեցնում է լույսի մասին մտածելու նոր ձև։ Քոեն եղբայրների, Ուես Անդերսոնի, Թիմ Բըրթոնի հետ նրա համագործակցությունները դարձել են պատկերային լեզվի առանձին աշխարհներ՝ նուրբ, ճշգրիտ և գրեթե երաժշտական։ Նրան փառատոնի շրջանակում կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ որպես կինոյի մեջ լույսի և տեսողության վերաիմաստավորման նշան։
Տարածաշրջանային մրցույթի ժյուրիին էլ այս տարի կմիանա Իբրահիմ Մալուֆը՝ ֆրանկո-լիբանանցի շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր, որի երաժշտության մեջ արևելքն ու արևմուտքը չեն հանդիպում որպես հակադրություն, այլ՝ որպես շարունակություն։
Եվ հենց այստեղ է, գուցե, «Ոսկե ծիրանի» իրական լեզուն՝ ոչ միայն կինոյի, այլ փոխակերպման լեզուն։ Փառատոնի շրջանակում այս տարի ևս ձևավորվում են կրթական և մասնագիտական տարածքներ, որտեղ կինոն դառնում է փորձի փոխանցում, ոչ միայն դիտում։ Shared Frames աշխատարանը կհամախմբի Հայաստանի և Վրաստանի երիտասարդ կինոմասնագետներին՝ եվրոպական արտհաուս և անկախ կինոյի տարածման գործնական փորձը ուսումնասիրելու նպատակով։ Այն ոչ թե պարզապես դասընթաց է, այլ փորձ՝ հասկանալու, թե ինչպես է ֆիլմը ճանապարհ գտնում դեպի իր հանդիսատեսը։
Միաժամանակ GAIFF Pro Industry Platform-ը և Filmmakers Europe-ը կազմակերպում են բացառիկ եռօրյա քասթինգային աշխատարան՝ Մաուրա Մանգանոյի մասնակցությամբ՝ մի մարդու, որի աշխատանքը ձևավորում է այն անտեսանելի դուռը, որով դերասանը մտնում է միջազգային կինոյի աշխարհ։ Այստեղ կինոն դառնում է ոչ թե ավարտված արդյունք, այլ ընթացք՝ որոնում, փորձ և երբեմն՝ նորից սկսելու համարձակություն։ Գուցե հենց դա է «Ոսկե ծիրանի» ամենահասկանալի գաղտնիքը․ այն չի փորձում բացատրել կինոն։ Այն պարզապես հիշեցնում է, որ կինոն կարելի է ապրել։ Cultural-ը կհետևի փառատոնային կինոտոնին և իր ընթերցողներին կներկայացնի կարևորագույն միջոցառումները:
Ալմաստ Մուրադյան