Ռայմոնդ Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը» աշխատությունը՝ ռուսերեն հրատարակությամբ
Օրերս ՀԲԸՄ դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների շրջանակում կարևոր աշխատության ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։ Երևանում ներկայացվեց ֆրանսահայ պատմաբան և ցեղասպանագետ Ռայմոնդ-Հարություն Գևորգյանի նոր գրքի ռուսերեն հրատարակությունը։ Միջոցառմանը ներկա էին ցեղասպանագետներ, պատմաբաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հետաքրքրված հանրություն:
Շնորհանդեսին ներկայացվեց «Завершение Геноцида: Мустафа Кемаль и уничтожение выживших армян и греков (1918-1922)» («Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը և փրկված հայերի ու հույների ոչնչացումը (1918-1922)») աշխատությունը։

Ռայմոնդ-Հարություն Գևորգյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է և Հայաստանի Հանրապետության ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Նա ղեկավարել է Փարիզի Նուբարյան գրադարանը, դասավանդել է Փարիզի Սեն-Դենիի համալսարանում, ինչպես նաև եղել է Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի (Institut Français de Géopolitique) հետազոտությունների ղեկավար և «Հայ ժամանակակից պատմություն» (Revue d’Histoire arménienne contemporaine) գիտական հանդեսի խմբագիրը։
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է ֆրանսերեն՝ 2023 թվականին։ Ռուսերեն հրատարակությունը իրականացվել է Նարեկացի ինստիտուտի, «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ։ Աշխատության մեջ հեղինակը քննության է առնում ցեղասպանությունից փրկված հայերի և հույների նկատմամբ Օսմանյան կայսրության, ապա նաև քեմալականների վարած քաղաքականությունը։ Նա հիմնավորում է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությամբ և երիտթուրքական վարչակարգի անկմամբ։ Ըստ նրա՝ 1920-ական թվականների սկզբին Մուստաֆա Քեմալի իշխանությունները շարունակել են հայերի և հույների բռնի տեղահանումներն ու հալածանքները՝ նպատակ ունենալով վերջնականապես վերացնել նրանց ներկայությունը իրենց պատմական բնակավայրերում։ Գրքի հեղինակը, հիմնվելով Երևանի, Երուսաղեմի, Փարիզի, Լոնդոնի և այլ քաղաքների արխիվային նյութերի վրա, ներկայացնում է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների համապարփակ ուսումնասիրություն։

Գևորգյանը աշխատում է Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտում (Institut Français de Géopolitique) որպես հետազոտությունների ղեկավար։ Նա նաև Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրենն է և «Հայ ժամանակակից պատմություն» (Revue d’Histoire Arménienne Contemporaine) գիտական հանդեսի խմբագիրը։
Նա հեղինակել է «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» հիմնարար աշխատությունը, որը առաջին անգամ լույս է տեսել Ֆրանսիայում՝ 2006 թվականին։ Գրքում լայնորեն օգտագործվել են Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ռայմոնդ Գևորգյանը 2010 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ մրցանակի։

Ներկայացնելով իր աշխատության հիմնական դրույթները՝ ցեղասպանագետն անդրադարձավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած քաղաքական և ռազմական զարգացումներին։
«Ուսումնասիրությունը հիմնված է բազմամյա հետազոտությունների, հարուստ արխիվային փաստաթղթերի և միջազգային գիտական գրականության համադրության վրա։ Հարցին՝ արդյոք գոյություն ունի շարունակականություն երիտթուրքերի և քեմալականների քաղաքականության միջև հայերի նկատմամբ, պետք է նշեմ, որ իմ ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ նման շարունակականություն առկա է: Մուստաֆա Քեմալը ավարտին է հասցրել այն գործընթացը, որը սկսել էին երիտթուրքերը՝ կիրառելով այլընտրանքային միջոցներ և ստեղծելով վախի ու անորոշության մթնոլորտ, ինչը ստիպում էր հայերին լքել իրենց բնակավայրերը։ Շատ կարևոր է նաև ճշտել վերադարձածների թիվը և նրանց հետագա ճակատագրերը տարբեր շրջաններում։ Կարևոր են նաև ժողովրդագրական տվյալները, շուրջ 1 միլիոն 330 հազար հայ է տեղահանվել։ Իմ գնահատմամբ՝ զոհերի և տեղահանվածների ընդհանուր թիվը կարող էր հասնել մոտ մեկուկես միլիոնի։ «Մեկուկես միլիոն» թիվը դարձել է խորհրդանշական, սակայն այն հիմնված է ժամանակի վիճակագրական տվյալների և հետազոտական վերլուծությունների վրա»,-ասում է Ռ. Գևորգյանը:

Գևորգյանի նոր աշխատությունը համարվում է կարևոր ներդրում ցեղասպանագիտության ոլորտում՝ նոր փաստերով և վերլուծություններով համալրելով Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ գիտական գիտելիքների դաշտը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ցեղասպանագետ Էդիտա Գզոյանը կարևորում է նման աշխատությունների առկայությունը՝ ընդգծելով, որ Ռայմոնդ Գևորգյանը մշտապես սերտ համագործակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, եղել է հոգաբարձուների խորհրդի անդամ և շարունակաբար աջակցել է ցեղասպանագիտական ուսումնասիրությունների զարգացմանը։
«Մեր գործը պատմաբանի հետևողական և գիտական աշխատանք կատարելն է։ Իհարկե, դա պետք է իրականացվի որոշակի էթիկական սկզբունքների շրջանակում։ Ժխտողական քաղաքականության դեմ պայքարի լավագույն միջոցը լուրջ պատմագիտական ուսումնասիրություններ իրականացնելն է և դրանց արդյունքները գիտական շրջանառության ու ընթերցողի դատին ներկայացնելը։ Շատ կարևոր է նաև աղբյուրների հարցը՝ արխիվներին հասանելիությունը և աշխատանքի համար ամուր աղբյուրագիտական ու արխիվային հենքի ապահովումը։ Տարիներ շարունակ զբաղվել եմ 16-17-րդ դարերի պատմության, տնտեսական պատմության և մշակույթի պատմության ուսումնասիրությամբ։ Միայն տարիներ անց, երբ ինձ վստահվեց Նուբարյան գրադարանի ղեկավարությունը, սկսեցի ավելի խորությամբ զբաղվել ցեղասպանագիտական հետազոտություններով։ Այդ գործընթացը կազմակերպելու և զարգացնելու համար անհրաժեշտ էր պատմաբանի մասնագիտական գիտելիքն ու փորձը։ Ես սկսեցի աշխատել աղբյուրների հետ՝ դրանք հրատարակելով, մեկնաբանելով և գիտական շրջանառության մեջ դնելով։ Աստիճանաբար կուտակեցի անհրաժեշտ գիտելիք և փորձ, քանի որ նման թեմաներով լրջորեն զբաղվելու համար առնվազն երկու տասնամյակ կենտրոնացված և հետևողական աշխատանք է պահանջվում»,- հավելում է Ռ. Գևորգյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ցեղասպանագետ Հարություն Մարությանն էլ նշում է, որ հեղինակն իր աշխատությունը դիտարկում է որպես եռագրության մաս՝ շարունակելով նախորդ հետազոտական աշխատությունները։ Մարությանի գնահատմամբ՝ այս աշխատությունը շուրջ 30 տարվա ընթացքում ձևավորված եռագրության վերջին հատորն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Օսմանյան կայսրության պարտությունից հետո, կայսրության տարածքում շարունակվել են էթնիկ բռնությունների գործընթացները՝ մասնավորապես հայերի և հույների նկատմամբ։ Նա ընդգծում է, որ գիրքը կառուցված է հիմնական բաժիններից և ներկայացնում է նյութը մեծ մանրամասնությամբ՝ նահանգ առ նահանգ, գավառ առ գավառ։

Գրքում հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության գաղափարախոսական և աշխարհաքաղաքական նախադրյալները, ինչպես նաև դրա տարբեր փուլերը՝ սկսած Համիդյան ջարդերից, անցնելով Կիլիկիայի և Հալեպի նահանգի արևմտյան մասի հայաբնակ շրջաններով, 1909 թվականի Ադանայի կոտորածներով, և ապա կենտրոնանալով Մեծ Եղեռնի տարիներին տեղի ունեցած տեղահանությունների ու զանգվածային բռնությունների վրա։
Աղբյուրագիտական հարուստ հենքի կիրառմամբ, ինչպես նաև որոշ դեպքերում գիտական շրջանառության մեջ առաջին անգամ ներմուծելով նոր աղբյուրներ՝ դոկտոր Գևորգյանը նահանգ առ նահանգ մանրամասնորեն ներկայացնում է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ամբողջական պատկերը։
Հեղինակը Հայոց ցեղասպանության պատմական վերլուծությունը հասցնում է մինչև 1923 թվականը՝ ընդգրկելով արդի Թուրքիայի Հանրապետության ձևավորման շրջանը։ Աշխատության մեջ առաջին անգամ լայնորեն օգտագործվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվներում պահպանվող 1919-1920 թվականների Օսմանյան ռազմական դատարանների արձանագրությունների վավերացված պատճենները։
Ալմաստ Մուրադյան