Գլենդելի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացավ Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գրքի շնորհանդեսը

1915 թվականին, Հայոց ցեղասպանության ամենածանր տարիներին, հայ մտավորականների մի խումբ ձեռնամուխ եղավ բացառիկ կարևորություն ունեցող գործի՝ այդ ողբերգական իրադարձություններին վերաբերող փաստաթղթերի, նյութերի և վկայությունների համակարգված հավաքագրմանը։ Նրանք պատմաբաններ էին և պատմական աղբյուրների արժեքը խորապես գիտակցող հետազոտողներ, որոնք արդեն իսկ հասկանում էին, որ տեղի ունեցող իրադարձությունները պետք է պահպանվեն ոչ միայն հիշողության, այլև փաստագրական հիմքի վրա։ Այդ նախաձեռնության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեցան Արամ Անտոնյանը, Գևորգ Մեսրոպը, Արշակ Ալբոյաջյանը և այլ մտավորականներ: Նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ մեկտեղել հուշագրությունների, փաստաթղթերի և անձնական վկայությունների աննախադեպ ծավալ։

Mets vochiry 5

Այս գործընթացի առանցքային դեմքերից էր նաև Արամ Անտոնյանը։ 1918 թվականին Հալեպում ստեղծված Հայ ազգային միությունը նրան տրամադրեց ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում Անտոնյանը սկսեց ավելի համակարգված և նպատակային կերպով գրի առնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները։ Շատ դեպքերում մարդիկ, որոնք արդեն իսկ գրավոր ձևով արձանագրել էին իրենց հուշերը, սկզբում չէին ցանկանում դրանք հանձնել, սակայն դրանք բերում էին հատուկ գրասենյակ, որտեղ Անտոնյանը դրանք մանրակրկիտ կերպով ընդօրինակում էր։ Այդ նյութերի մի մասը մինչ այսօր պահպանվում է Փարիզի Նուբարյան մատենադարանում, մինչդեռ որոշ բնօրինակներ, ցավոք, ժամանակի ընթացքում անհետացել են։

Նույն փաստավավերագրական շերտը հետագայում կարևոր դեր է խաղացել նաև 1919 թվականին Օսմանյան կայսրության նախկին ղեկավարների դատավարությունների ընթացքում, որտեղ հավաքված վկայություններն ու փաստաթղթերը կիրառվել են որպես կարևոր նյութեր։Իր աշխատանքներում Արամ Անտոնյանն օգտագործել է թե՛ օսմաներեն, թե՛ հայերեն աղբյուրներ, ինչպես նաև լայնածավալ հավաքածու՝ Թալեաթ փաշային վերագրվող հեռագրերից։ Նրա աղբյուրների շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն նաև Սիրիայի համակենտրոնացման ճամբարներից մեկում՝ Մեսքենեում հանդիպած Նայիմ Սաֆա բեյի վկայությունները և նրան հասանելի վարչական փաստաթղթերը։

Նրա մոտ պահպանվել էին շուրջ հիսուն հեռագիր՝ կապված Թալեաթ փաշայի, Հալեպի և Դեր Զորի վարչական կառույցների միջև պաշտոնական հաղորդակցությունների հետ։ Այդ նյութերն ու անձնական հիշողությունները հետագայում փոխանցվել են Անտոնյանին, ով դրանք թարգմանել և ներառել է իր աշխատության մեջ։

Mets vochiry 3

Այս բազմաշերտ աղբյուրային հիմքի վրա Արամ Անտոնյանը հրատարակեց իր «Մեծ ոճիր» աշխատությունը, որը դարձավ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ամենակարևոր սկզբնաղբյուրներից մեկը։ Հավաքված փաստաթղթերը ոչ միայն մտան գիտական շրջանառության մեջ, այլև ձևավորեցին հետագա հետազոտությունների հիմնարար աղբյուրային շերտը։ Իսկ երբ 1928 թվականին Փարիզում հիմնադրվեց Նուբարյան մատենադարանը, Արամ Անտոնյանը ստանձնեց տնօրենի պաշտոնը և իր հավաքած ամբողջ արխիվային ժառանգությունը հանձնեց այդ հաստատությանը։ Այսօր այնտեղ պահպանվում են նրա անունը կրող ֆոնդում ներառված ավելի քան վաթսուն թղթածրարներ, որոնք շարունակում են մնալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ամենակարևոր աղբյուրներից մեկը։

Այժմ Արամ Անտոնյանի աշխատանքն արդեն հասանելի է օտարալեզու ընթերցողներին: Օրերս Գլենդելի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» (The Great Crime) գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։ Քննարկմանը մասնակցեց գրքի անգլերեն տարբերակի խմբագիրը՝ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) Promise հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր տնօրեն, ականավոր պատմաբան Թաներ Աքչամը:

«Երկար տարիների աշխատանքի արդյունքում մեր ջանքերը վերջապես պտուղ են տվել։ Արամ Անտոնյանի «Մեծ ոճիր» գիրքը, որը թուրքերենում հայտնի է որպես «Cürm-ü Âzam», վերջապես լույս է տեսնում անգլերեն։ Այս բացառիկ հրատարակությունը հանդիսանում է UCLA-ի PAI-ի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի և Արարատ-Էսկիջյան թանգարանի համատեղ նախագիծը։ Այն փաստը, որ նման կարևոր տեքստը իր սկզբնական հրատարակումից ավելի քան մեկ դար անց դառնում է հասանելի անգլերենով, անկեղծորեն դժվար է պատկերացնել։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է հայերենով՝ 1921 թվականին, և երբեք ամբողջությամբ չի թարգմանվել անգլերեն։ Միակ անգլերեն փորձը՝ 1920 թվականի շատ կարճ ամփոփումը, որը վերատպվել է 1965 թվականին, մեղմ ասած՝ լիովին անբավարար էր: Այն նույնիսկ իրական ամփոփում չէր և պարունակում էր բազմաթիվ սխալներ։

Գիրքը ներառում է այժմ հայտնի՝ Թալեաթ փաշային վերագրվող հեռագրերը և ներկայացնում է ցեղասպանության առաջին պաշտոնական փաստագրումներից մեկը՝ համադրելով Օսմանյան պետական փաստաթղթերն ու վերապրածների վկայությունները: Ինձ համար մեծագույն բավարարվածություն և հպարտություն է այս կարևոր աշխատությունը վերջապես անգլերեն ընթերցողին հասցնելը», Թաներ Աքչամ:

Թաներ Աքչամը գրել է ներածությունը, որտեղ ներկայացրել է գրքի ստեղծման պատմությունը և ևս մեկ անգամ ցույց տվել, որ այն փաստաթղթերը, որոնք ժամանակին համարվում էին կեղծ, իրականում իսկական են։

Mets vochiry 2

Հայ լրագրող, գրող, պատմաբան և հրապարակախոս Արամ Անտոնյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն դեմքերից մեկն է։ Նա ծնվել է 1875 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի հայկական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է «Ֆրերների» ֆրանսիական վարժարանում։

Նա կազմել է հայ գրականության դասագրքեր՝ «Գանձարան» խորագրով, ինչպես նաև խմբագրել է «Ծաղիկ» և «Լույս» գրական-գեղարվեստական շաբաթաթերթերը։ Կյանքի վերջին տարիներին Անտոնյանը եղել է Փարիզի Նուպարյան ազգային մատենադարանի տնօրենը:

«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել այս աշխատությունը։ Սակայն առավել կարևորն այն է, որ այս միջոցառումը նշանակալի քայլ է՝ նպաստելու, որպեսզի Արամ Անտոնյանի անունն ավելի լայն ճանաչում ձեռք բերի հայերի շրջանում։ Գուցե զարմանալի թվա, բայց դեռևս շատ հայեր կան, ովքեր երբեք չեն լսել նրա մասին:

Արամ Անտոնյանը մարդկությանը բացառիկ ծառայություն է մատուցել։ Նա հավաքել և հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենակարևոր փաստաթղթերից մի քանիսը։ Իրականում նա այնպիսի գործիչ է, որն արժանի է արձանի Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։Միայն 1918-1919 թվականներին նա անձամբ հանդիպել և հարցազրույցներ է անցկացրել հարյուրավոր վերապրածների հետ՝ գրի առնելով նրանց վկայությունները և պահպանելով իր ծավալով գրեթե անհավատալի մի արխիվ։ Բացի այդ, նա հրապարակել է 52 փաստաթուղթ, որոնց մի մասը բնօրինակներ էին, և որոնք ստացել էր օսմանյան պաշտոնյա Նաիմ Էֆենդիից։ Այդ փաստաթղթերը ներառում էին նաև Թալեաթ փաշայի հրամանները՝ կապված հայերի ոչնչացման հետ։ «Մեծ ոճիրը» հիմնված է այս երկու կարևոր հիմքերի վրա, և այժմ՝ ավելի քան մեկ դար անց, այն վերջապես հասանելի է դառնում անգլախոս ընթերցողներին», Թաներ Աքչամ:

Արամ Անտոնյանն իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայկական պատմական հիշողության պահպանման գործում։ 1914 թվականին Անտոնյանը նշանակվել է հայերեն նամակների կայսերական գրաքննիչ։ Սակայն, ծառայողական դիրքը օգտագործելով ոչ թե գաղտնի տեղեկատվությունը թաքցնելու, այլ որոշ տեղեկություններ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին փոխանցելու համար, 1915 թվականին հայ մտավորականների հետ ենթարկվել է աքսորի։ Արամ Անտոնյանի կարևորագույն աշխատություններից է «Մեծ ոճիրը» գիրքը, որը առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականին և համարվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմագրության ու վավերագրության ամենանշանակալի աշխատություններից մեկը։ Գիրքն ունի բացառիկ արժեք, քանի որ հիմնված է ոչ միայն հեղինակի անձնական հիշողությունների, այլ նաև եզակի փաստաթղթային նյութերի վրա։ Աշխատության հիմնական արժեքավոր բաժիններից են օրինակ Նաիմ Էֆենդիի հուշերը: Անտոնյանին հաջողվել էր ձեռք բերել օսմանյան պաշտոնյա Նաիմ Էֆենդիի գրառումները, որոնք ներկայացնում էին տեղահանությունների և զանգվածային կոտորածների կազմակերպման մեխանիզմները։ Գրքում նաև ներառված են գաղտնի հեռագրեր, որոնք վերագրվում են Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային և ներկայացվում են որպես հայերի բնաջնջման պետական քաղաքականության կարևոր փաստաթղթեր։ Մեծաթիվ են նաև վավերագրերն ու լուսանկարները,  պաշտոնական հրամանները, որոնք ամբողջական պատկերացում են տալիս տեղի ունեցած ողբերգության մասշտաբների մասին։

Mets vochiry 4

«Մեծ ոճիրը»-ում տեղ են գտել օսմանյան պաշտոնյա Նաիմ Բեյի հուշագրությունները, ինչպես նաև նրան վերագրվող որոշ գաղտնի փաստաթղթեր, որոնք, ըստ Անտոնյանի, նա ձեռք է բերել գնման միջոցով։ Այս աշխատությունը դասական հուշագրություն չէ։ Նաիմ Էֆենդին կազմել է շուրջ 50 օսմանյան փաստաթղթերի կրկնօրինակներ և դրանցում ներառել իր անձնական գրառումները և դիտարկումները։ Բացի այդ, նա Անտոնյանին փոխանցել է նաև շուրջ 20 փաստաթղթի բնօրինակներ, որոնցից 14-ի լուսապատճենները հրապարակվել են գրքում։ Անտոնյանի գրություններից պարզ է դառնում, որ այդ փաստաթղթերի փոխանցումն ու ձեռքբերումը տեղի է ունեցել 1918 թվականի նոյեմբերի սկզբին։ Հեռագրերի շարքում, որոնք վերագրվում են Թալեաթ փաշային, ներկայացվում են հայերի զանգվածային տեղահանության և ոչնչացման հրամաններ։ Օրինակ՝ 1915 թվականի սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում, ըստ գրքի բովանդակության, Թալեաթ փաշան տալիս է հրաման՝ «ոչնչացնել մինչև անգամ օրորոցի երեխաներին», Թաներ Աքչամ:

Արամ Անտոնյանը նաև հեղինակել է «Աքսորի ճամբուն վրա» և «Այն սև օրերում...» հուշագրությունները, ինչպես նաև բազմաթիվ գրական ու հրապարակախոսական ստեղծագործություններ։ 1928-1951 թվականներին նա եղել է Փարիզի Նուպարյան մատենադարանի տնօրենը՝ զբաղվելով Հայոց պատմության և գրականության վերաբերյալ արժեքավոր նյութերի հավաքագրմամբ և պահպանմամբ։

1983 թվականին թուրքական պաշտոնական շրջանակները փորձեցին կասկածի տակ դնել Անտոնյանի ներկայացրած Նաիմ Էֆենդիի փաստաթղթերի իսկությունը՝ պնդելով, որ նման պաշտոնյա գոյություն չի ունեցել։ Սակայն հետագայում, մասնավորապես 2018 թվականին հրատարակված Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» աշխատությունը նոր ուսումնասիրություններով վերահաստատեց այդ փաստաթղթերի պատմական նշանակությունը։ Ավելի քան մեկ դար անց «Մեծ ոճիրը» անգլերեն հրատարակությամբ հասանելի դարձավ նաև միջազգային ընթերցողներին՝ դառնալով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը։

Ալմաստ Մուրադյան

274
Մայիս 23, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: