Նոր վեպ` նոր իրականություն


   Նոյեմբերի 17-ին Օպերայի շենքի Հայելային սրահում (մուտքը` ֆիլհարմոնիկի կողմից) ժամը 2:30-4:30 տեղի կունենա Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպի շնորհանդեսը:

      Հրաչյա Սարիբեկյանի վեպը ստեղծվել է չորս տարվա ընթացքում: Սյուժեն, պատկերներն ու կերպարները կառուցված են հայելային արտապատկերման սկզբունքով: Վեպն ունի մի քանի շերտ, որից յուրաքանչյուրը կգտնի իր ընթերցողին: Ամենադժվար ըմբռնելին կոսմոգոնիական շերտն է, ուր տիեզերքից եկող տագնապը դառնում է վեպի կարևորագույն մոտիվներից մեկը:

    «Մի աշխարհ, որ թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունը սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքների մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը»,- գրված է գրքի առաջին էջին:

    -   Ես որպես ընթերցող եմ գրել այս վեպը, որովհետև գրելու պրոցեսը ընթերցման պրոցես է: Վեպի ձեռագիրը ամեն տարի դրել եմ մի կողմ ու նորից սկսել եմ գրել, քանի որ կարևոր էր միայն այն, ինչը հիշվում էր գրելուց հետո: «Երկվորյակների արևն» ինձ համար այլընտրանքային իրականություն է, ուր ես անընդհատ վերադառնում էի, մի վեպ, որ ոչ ոք չի գրել և համապատասխանում է գրականության իմ ունեցած պատկերացումներին,- ասաց Հրաչյա Սարիբեկյանը: 

                                                                                                                                       Լիլիթ Կարապետյան 

  • Created on .
  • Hits: 3114

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: