Հարություն Խաչատրյանի հանդիպումն ու «Մարդը Սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմի շնորհանդեսը
Փետրվարի 11-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում տեղի ունեցավ հիշարժան հանդիպում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի ազգային գրադարանը և Հայաստանի կինոգործիչների միությունը: Նպատակն էր հանրությանը ներկայացնել նշանավոր կինոգործչի ստեղծագործական ուղին, նրա կինոյում առանձնահատուկ աշխարհընկալումը և ստեղծագործական փիլիսոփայությունը։
Հանդիպմանը մասնակցում էին Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական և համայնքային գրադարանների, ինչպես նաև մի շարք մարզային գրադարանների ներկայացուցիչներ։ Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը ներկայացրեց Հարություն Խաչատրյանի ֆիլմերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Փարիզի Պոմպիդու կենտրոնում անցկացված նրա 10 ֆիլմերի բացառիկ ցուցադրությանը։ Հեղինակավոր մշակութային հարթակում ներկայացվել են Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմերը, ինչը վկայում է նրա արվեստի միջազգային արժևորման մասին։ Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում ֆիլմերի հետահայաց բացառիկ ցուցադրության ամբողջական ծրագիր ունենալը մեծագույն ճանաչում է և ընդգծում է, որ Խաչատրյանի կինոն ընկալվում է ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մշակութային համատեքստում։

«Սպիտակ քաղաք» ֆիլմով սկսվեց Հարություն Խաչատրյանի ճանապարհը դեպի մեծ կինո: Թեպետ այն արդեն սկսվել էր «Կոնդ» ֆիլմով, որն արգելվեց Հայաստանում, հետո Հարություն Խաչատրյանի շնորհիվ հայտնվեց Մոսկվայում և արժանացավ միջազգային մրցանակի: Հետո այն արժանացավ նաև մրցանակի Կիևում, ապա ընդունվեց Հայաստանում:
Հետո եկավ «Սպիտակ քաղաքը», որը Հարություն Խաչատրյանի միջավայրից, ծննդավայրից է գալիս՝ դա Ախալքալաքի ոգին է: Անցյալ տարի մտածում էի այս գիրքը կազմելու մասին, որ մեկ գրքում պետք է հավաքեմ Հարություն Խաչատրյանի մասին հոդվածները, հարցազրույցները, համաշխարհային լեգենդար մարդկանց կարծիքները: Հետո հասկացա, որ այդ ամենը կարող է մի քանի հատորի վերածվել և սկսեցի շատ բծախնդրորեն վերաբերվել: Որոշեցի, որ գիրքը պետք է կոչվի «Մարդը սպիտակ քաղաքից»: Ախալքալաք թարգմանաբար նշանակում է սպիտակ քաղաք, ճերմակ քաղաք, և ֆիլմի վերնագիրն էր և նաև ինքը՝ մարդ, որ եկավ սպիտակ քաղաքից և հայկական կինոյում անցավ իր ճանապարհը: Գիրքը նաև դիզայներական առումով հետաքրքիր է և ռեժիորական լուծումներ ունի: Բնականաբար առաջին հերթին գիրքը պետք է նվիրեինք Հայաստանի Ազգային գրադարանին, որն ինձ համար մեր պետության կոթողներից մեկն է: Ցանկանում էինք նաև գիրքը նվիրել մարզերի գրադարաններին և քանի որ գրքի նվիրատվություն պետք է լիներ, որոշեցինք նվիրել այլ գրքեր ևս»,- ասաց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը:

«Մարդը սպիտակ քաղաքից» գիրքը նվիրված է Հարություն Խաչատրյանի կյանքին և ստեղծագործությանը։ Այն ներկայացնում է նրա կենսագրական ուղին, ֆիլմերի թեմատիկ և գեղարվեստական առանձնահատկությունները, ինչպես նաև ռեժիսորի փիլիսոփայական մտածողությունը։ «Սպիտակ քաղաք» արտահայտությունը խորհրդանշական բնույթ ունի՝ մատնանշելով լռության, հիշողության, մաքրության և ներքին տարածության գաղափարները, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում Խաչատրյանի կինոյում։ Գիրքը կարևոր աղբյուր է կինոգիտական և արվեստագիտական ուսումնասիրությունների համար։ Գիրք-ալբոմը՝ «Մարդը Սպիտակ քաղաքից», համատեղում է հոդվածներ, գնահատականներ, հարցազրույցներ և խորքային խորհորդածություններ կյանքի, մարդու ու ժամանակի մասին, ինչպես նաև համաշխարհային կինոյի վարպետների դիտարկումները։ Գիրք-ալբոմը ներառում է նաև կրիչ, որտեղ ներկայացված են «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերադարձը» և «Սահման» ֆիլմերը։ Միջոցառման մասնակից գրադարանները նվեր ստացան ռեժիսորի 70-ամյակի առթիվ հրատարակված գիրք-ալբոմը, ինչպես նաև կինոյի մասին մասնագիտական գրականություն, իսկ ազգային գրադարանը նրանց նվիրեց 2026 թվականի օրացույցներ։
Հարություն Խաչատրյանը իր խոսքում շեշտեց նման հանդիպումների կարևորությունը և ընդգծեց գրադարանների դերակատարությունը՝ հայ հանդիսատեսին հայկական կինոն և նրա ստեղծագործական բազմաբովանդակությունը ներկայացնելու գործում։

«Երեկ երեկոյան եմ վերադարձել Ջավախքից, որոշել էի նոր ֆիլմ նկարել Ջավախքի մասին, չորսն արդեն նկարել եմ: Ամեն անգամ, երբ Ջավախքից գալիս եմ Երևան, վախենալով եմ գալիս, քանի որ հիշում եմ ինչպես առաջին անգամ Ջավախքից եկա Երևան: Շատ խիստ էին մեր նկատմամբ: Ինձ էլ յոթ տարի չեն ընդունել ինստիտուտ, ասում էին շատ վատ ես խոսում: Հետագայում երբ արդեն հանձնաժողովի անդամ էի, հինգ էի նշանակում բոլոր շրջաններից եկածներին:
Հիմա ֆիլմ եմ նկարում մեծ ջավախեցու՝ Վահան Տերյանի մասին և հույս ունեմ՝ մեկ տարի հետո ձեր դատին հանձնել: Ինձ համար Ազգային գրադարանը շատ կարևոր կենտրոն է, ես գրադարանից ավելի կարևոր կենտրոն չգիտեմ: Այստեղ յոթ տարի անցկացրել եմ, կարդացել: Սիրով նվիրում եմ այս գրքերը գրադարանին և բոլորին հրավիրում եմ Կինոյի տուն՝ ֆիլմեր դիտելու»,- ասում է Հարություն Խաչատրյանը:
Հարություն Խաչատրյանը ժամանակակից հայկական հեղինակային կինոյի ամենանշանավոր ներկայացուցիչներից է։ Նա ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում, ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը և իր ստեղծագործական գործունեությամբ ձևավորել է ինքնատիպ կինոլեզու, որը համադրում է վավերագրական և գեղարվեստական մտածողությունը։ Նրա ֆիլմերի առանցքում մարդն է՝ իր գոյաբանական որոնումներով, ժամանակի հոսքի և տարածության հետ հարաբերությամբ։ Խաչատրյանի կինոյին բնորոշ են լռության էսթետիկան, դանդաղ ռիթմը, պատկերային խորը սիմվոլիզմը և ազգային հիշողության փիլիսոփայական ընկալումը։ Հ. Խաչատրյանը նաև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահն է, ինչը մեծապես նպաստել է հայկական կինոյի միջազգային ճանաչմանը։
Միջոցառման ավարտին ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաքը» ֆիլմը, իսկ մասնակիցները, կիսվելով տպավորություններով, որոշեցին շարունակել և խորացնել կինոգործիչների ու գրադարանների միջև ձևավորված համագործակցությունը։
Ալմաստ Մուրադյան