Վահան Տերյան 141
Փետրվարի 9-ին լրացավ հայ նշանավոր բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ, քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 141-ամյակը։ Վահան Տերյանը՝ 20-րդ դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդներից մեկը, իր գրական ուղին սկսել է որպես սիմվոլիստ գրող, ապա ձևավորել հոգեբանական ռեալիզմի իր ինքնատիպ ոճը։
Վահան Տերյանը հայ նորագույն գրականության ամենախորքային ու բազմաշերտ մտածողներից է, որի ստեղծագործական դիմանկարը չի սահմանափակվում միայն քնարական բանաստեղծությամբ։ Նրա աշխարհայացքում կարևոր տեղ են զբաղեցնում հասարակական-քաղաքական խնդիրները, ինչպես նաև հայրենիքի ճակատագրի հանդեպ խորը մտահոգությունը։ 20-րդ դարասկզբի պատմական ցնցումները՝ սոցիալական անարդարությունը, ազգային ճնշումները, Առաջին համաշխարհային պատերազմի և Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունները, վճռորոշ դեր ունեցան Տերյանի հասարակական դիրքորոշման ձևավորման մեջ։ Նա ակտիվորեն ներգրավված էր իր ժամանակի գաղափարական հոսքերի մեջ՝ հանդես գալով որպես սոցիալ-դեմոկրատական գաղափարների կրող և պաշտպան։ Տերյանը հավատում էր հասարակության արդար վերափոխման հնարավորությանը և մարդկային արժանապատվության վերականգնմանը՝ սոցիալական հավասարության և ազգային ազատության միջոցով։

Տերյանի քաղաքական մտածողությունը սերտորեն կապված էր նրա հայրենասիրական ըմբռնման հետ։ Հայրենիքը նրա համար ոչ միայն աշխարհագրական տարածք էր, այլև հոգևոր ու բարոյական արժեքների ամբողջություն։ Նա խորը ցավով էր արձագանքում հայրենի ժողովրդի ողբերգական վիճակին, ազգային կորուստներին և բռնություններին։ Այս ցավը հատկապես սրվեց Հայոց ցեղասպանության տարիներին, երբ Տերյանի հրապարակախոսական և բանաստեղծական խոսքը լցվեց կորստի, մեղադրանքի և ներքին ընդվզման երանգներով։ Նրա ստեղծագործություններում հայրենիքը հաճախ հանդես է գալիս որպես կարոտի, հիշողության և իդեալականացված անցյալի խորհրդանիշ։ Այդ կարոտը նաև ակտիվ հոգևոր դիրքորոշում է, որը դրդում էր նրան մտածել ազգային ապագայի, ժողովրդի պատմական պատասխանատվության և ինքնության պահպանման մասին։
Տերյանի հասարակական ու քաղաքական հայացքները համադրվում էին նրա գեղարվեստական մտածողության հետ՝ ստեղծելով մի ամբողջական աշխարհընկալում, որտեղ անձնական ապրումը դառնում էր համազգային ցավի արտահայտություն։ Նա հավատում էր, որ բանաստեղծը չի կարող կտրվել իր ժամանակից և ժողովրդի ճակատագրից, և այդ համոզմունքը դարձավ նրա ողջ ստեղծագործական ու հասարակական գործունեության առանցքը։ Վահան Տերյանը ներկայանում է ոչ միայն որպես քնարական բանաստեղծ, այլև որպես մտավորական, որի հասարակական-քաղաքական դիրքորոշումը և հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը խորապես ներթափանցում են նրա ստեղծագործության մեջ՝ դարձնելով այն ազգային ինքնագիտակցության կարևոր բաղադրիչ։

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի՝ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում, ուսանել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում։ 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը, որն ավարտել է 1906 թվականին՝ հետագայում ուսումը շարունակելով Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ 1913-1917 թվականներին Տերյանը սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ Բանաստեղծին մշտապես հուզել են իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքը, ժամանակի սոցիալական և քաղաքական գործընթացները։ Նույնիսկ ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապելիս նա չէր դադարում մտահոգվել ազգային հարցերով՝ փնտրելով դրանց լուծման ուղիները։ Այդ մտահոգություններին միանում էր հատկապես արևմտահայության ծանր վիճակը։ Այդ բարդ ու ողբերգական պայմաններում, 1920 թվականին, Տերյանը Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա, սակայն ճանապարհին՝ հայրենիքից հեռու, վախճանվում է Օրենբուրգ քաղաքում։ Չնայած կյանքի փորձություններին՝ Տերյանի սիրտը մշտապես լուսավորված էր վաղվա օրվա հանդեպ հավատով՝ գեղեցիկ, ազատ և պահպանված հայրենիք ունենալու մեծ երազանքով։

Մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը Նինոծմինդայում դարձել է ավանդույթ։ Նրա հայրական տանը՝ Վրաստանի Գանձա գյուղում, գործում է Վահան Տերյանի տուն-թանգարանը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փետրվարի 9-ին բանաստեղծի հարազատները, շրջանի մտավորականներն ու հասարակական գործիչները հավաքվել էին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում գտնվող Տերյանի հուշարձանի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար։ Բանաստեղծի հիշատակին ծաղիկներ խոնարհեցին շրջանի ղեկավարներ, մտավորականներ, տերյանագետներ, ինչպես նաև Մշակույթի և սպորտի ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Լևոն Վարդանյանի և մշակույթի բաժնի ղեկավար Էգինե Լոմաշվիլիի գլխավորությամբ։ Ծաղիկների խոնարհումից հետո Նինոծմինդայի կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ անցկացվեց գեղեցիկ մշակութային միջոցառում՝ նվիրված մեծն բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը։

Վահան Տերյանի ծննդյան օրը նշվեց նաև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում։ Կենտրոնի հայ գրականության դասը նվիրված էր Վահան Տերյանին․ աշակերտները ընթերցեցին նրա ստեղծագործություններից, ներկայացրին դրանց գաղափարական բովանդակությունը և քննարկեցին բանաստեղծի գրական ժառանգությունը։
Տերյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև Երևանում՝ Կոմիտասի անվան պանթեոնում։ Դրան հաջորդեց «Բոլորիս Տերյանը» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին։ Բանախոսներ՝ գրականագետ, Վահան Տերյանի ծոռ Գևորգ Էմին Տերյան, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Առուշան Հակոբյան, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան, գրականագետներ Դավիթ Գասպարյան և Սուսաննա Հովհաննիսյան:
Ալմաստ Մուրադյան