Նյումեգն անցկացրեց Winterfest 2026-ը
Օրերս Newmag հրատարակչությունը և Թովմասյան բարեգործական հիմնադրամն ամփոփեցին Winter Fest 2026 փառատոնը: Հայաստանի գրական և մշակութային կյանքում տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը կրկին միավորել էր հեղինակների, ընթերցողների և արվեստասերների մի հարթակում՝ գրքերի շնորհանդեսների, ստեղծագործական քննարկումների և կենդանի երաժշտական կատարումների միջոցով:
Միջոցառման հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Winter Fest-ի համակազմակերպիչ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, ինչպես նաև փառատոնի հովանավոր Freedom Broker ընկերության մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը։

«Այս փառատոնը ոչ միայն ձմեռային սեզոնի, այլև ամբողջ տարվա ընթացքում թե՛ Newmag-ի, թե՛ հայաստանյան ընդհանուր գրական կյանքում ամենամասշտաբային ու ամենասպասված փառատոնն է: Մի ամբողջ օր տասնյակ հազարավոր մարդիկ այցելում են գրքերի շնորհանդեսներին ու փառատոնի ընթացքում տեղի ունեցող մյուս մշակութային միջոցառումներին: Ականատես ենք լինում գրքի հերթերի, ինչը շատերի համար դարձել է արդեն սովորական: Եվ հենց գրքասերների հերթերն են մեզ ոգևորում, որ մենք ամեն տարի շարունակենք էլ ավելի մոտիվացված ու պատասխանատու վերաբերվել մեր ընթերցողներին ու պարգևել հրաշալի տոն»,- ասում է Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը:
Փառատոնի ընթացքում կայացավ «Ներքին ինժեներիա. Երանության ուղին. Յոգի ուղեցույց» գրքի շնորհանդեսը: «Երանության ուղին» քննարկման շրջանակում Newmag-ը ներկայացրեց հայերեն թարգմանված Սադհգուրուի համաշխարհային բեսթսելլերը: Հեղինակի գործերի արդիականության ու կարևորության մասին տեղի ունեցավ առանձին քննարկում: Գիրքը Սադհգուրուի հոգևոր փիլիսոփայության ընդգրկուն արտահայտությունն է, որտեղ մարդը դիտարկվում է որպես մի ամբողջական համակարգ՝ մարմին, միտք, զգացմունք և ներքին էներգիա։ Հեղինակը շեշտում է, որ երջանկությունն ու խաղաղությունը կախված չեն արտաքին հանգամանքներից, այլ սկսվում են ներքին կարգավորված վիճակից:

Գիրքը համադրում է անձնական փորձառություններ, յոգայի իմաստությունն ու գործնական դիտարկումները՝ ընթերցողին հրավիրելով դեպի գիտակցված կյանք: Հեղինակը խոսում է մարդու ներքին ազատության, պատասխանատվության և ինքնակառավարման մասին՝ ցույց տալով, որ իրական փոփոխությունը սկսվում է այն պահից, երբ մարդը դառնում է իր ներքին աշխարհի ճարտարապետը: Գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն է տալիս հայաստանյան ընթերցողին անմիջապես հաղորդակցվել ժամանակակից հոգևոր մտքի այս կարևոր գործին՝ սեփական լեզվով և մշակութային դաշտում: «Ներքին ինժեներիան» ընթերցվում է ոչ միայն որպես գիրք, այլ որպես ուղեցույց դեպի ավելի գիտակից, հավասարակշռված և ուրախ կյանք:
Newmag հրատարակչությունը, կարևորելով նոր համագործակցությունները, այս անգամ ևս ներկայացրեց նաև երիտասարդ գրողների մրցույթը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» վեպը, որը ներկայացրեցին գրականագետ Արա Զարգարյանը և հեղինակ Դավիթ Գեորգյանը:
«Թովմասյան հիմնադրամն ու Newmag-ն ամեն տարի գրական մրցույթ են հայտարարում, և այս տարվա մրցույթի հաղթողը Դավիթ Գեորգյանն է, նա մասնագիտությամբ ռազմական բժիշկ է: Այս գործը շատ հետաքրքիր պատմություն է ամփոփում՝ խորհրդային միության գաղտնի որոշումների, միջուկային զենքի, սիրո ու ընտանիքի մասին»,- ասում է հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը:

Փառատոնի ընթացքում ամփոփվեց նաև «Ծիլ տուր հայերեն-2025» ստեղծագործական մրցույթը՝ նախատեսված 14-17 տարեկան պատանիների համար, որոնք բնակվում են Հայաստանում և սփյուռքում: Ըստ ժյուրիի գնահատականների՝ լավագույն աշխատանքների հեղինակները արժանացան դրամական պարգևների, պատվոգրերի և խրախուսական նվերների, իսկ երկու մասնակցի աշխատանքներ ևս ստացան Newmag հրատարակչության հատուկ խրախուսանք:
2025 թվականին մրցույթին ներկայացվել է շուրջ 200 հայտ՝ արևելահայերենով, արևմտահայերենով, հայերենի տարբեր բարբառներով, ինչպես նաև ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով։ Մասնակիցները ներկայացրել են գործեր երեք ուղղությամբ՝ գրական ստեղծագրություն, տեսողական արվեստ և օտարագիր (խրախուսական) անվանակարգ։ Հիմնական անվանակարգերում ընտրվել են երեքական լավագույն աշխատանքներ: «Օտարագիր» անվանակարգում հաղթողներն էլ պարգևատրվեցին հայագիտական կրթական ծրագրերով: Այս տարվա նորություններից է նաև մրցույթի շրջանակում առաջին անգամ ներկայացվող «ԾիլՏա» թերթոնը, որն ամփոփում է մրցույթի լավագույն և խրախուսված ստեղծագործությունները։ «Ծիլ տուր հայերեն» մրցույթն իրականացվում է 2022-ից՝ «Ամրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ավարտելով գրքերի և արվեստի ձմեռային փառատոնի շարքը` Newmag-ը ներկայացրեց նաև Մարիաննա Հակոբյանի լրագրողական թրիլլերը՝ «Անունները չփոխե՛լ»: Winter Fest 2026-ը գրական ելևէջներից զատ զարդարեցին նաև երաժշտական կատարումները: Տոնական բարձր տրամադրությունն ապահովեց Միքայել Ոսկանյանի գլխավորած տրիոն, ներկայացնելով ֆոլկի և ջազի համարձակ միաձուլումներ՝ Կոմիտասի ու Սայաթ-Նովայի ինքնատիպ գործիքավորումներով: Ձմեռային փառատոնը հարուստ էր նաև լուսաձայնային և վիզուալ պերֆորմանսով, որը ներկայացրեց Nisha-ն՝ յուրահատուկ ագրեսիվ ռիթմերով, խորհրդավոր կերպարներով ու երաժշտական լեզվով, ստեղծելով մի յուրահատուկ շարժման և երաժշտության ճամփորդություն:
Ալմաստ Մուրադյան