Բացվել է «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» ցուցահանդեսը

Մաշտոցյան Մատենադարանը, լինելով ձեռագրերի պահպանման կենտրոն, իր դարբնոցում պահպանում է բազմապիսի մշակութային ժառանգության նմուշներ։ Եթե հնագույն ձեռագրերին, արխիվներին ու վավերագրություններին շատերն են ծանոթ, ապա քչերը գիտեն Մատենադարանում պահվող հատընտիր գեղանկարների մասին։

MAtenadaran cucahandes 3

Մատենադարանը օրերս իր այցելուների առջև բացեց դռները նոր գույներով։ «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» ցուցահանդեսում ներկայացված գեղանկարները բացառիկ են և մինչ այժմ անծանոթ արվեստասերներին։ Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Մատենադարանը ոչ միայն որպես ձեռագրերի պահպանման կենտրոն, այլ նաև որպես գեղանկարչական մտածողության կրող, որտեղ ձևավորվել է յուրահատուկ մշակութային միջավայր։ Այն ընդգծում է, որ հայկական գեղանկարչությունն ինքնին գեղարվեստական ամբողջություն է, որտեղ խոսքն ու պատկերը միաձուլված են։

Ցուցադրության իրականացմանն աջակցել են Հայաստանի ազգային պատկերասրահն ու Հայաստանի նկարիչների միությունը:

MAtenadaran cucahandes 6

Մաշտոցյան Մատենադարանի ցուցասրահը զարդարում են Հրաչյա Ռուխկյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Անդրե Սևրուգյանի, Սեդա Կարագյոզյանի, Ժասմեն Սարաբյանի, Մհեր Աբեղյանի և այլ հեղինակների ինքնատիպ գեղանկարչական աշխատանքներ։ Ցուցանմուշների շարքում տեղ են գտել նաև բացառիկ ձեռագրեր և լուսանկարներ։

MAtenadaran cucahandes 2

Ցուցադրված բոլոր աշխատանքները յուրօրինակ են։ Հատկապես բացառիկ է մի անհայտ հեղինակի գործը, որը պատկերում է Մատենադարանի կառուցման նախնական շրջանը, նշում է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքը, բացի գեղարվեստական արժեքից, ունի նաև լուրջ փաստագրական նշանակություն։

«Այն պատկերում է Մատենադարանի կառուցման նախնական շրջանը, երբ դեռ «Մայր Հայաստան» հուշարձանի փոխարեն կանգնեցված էր Իոսիֆ Ստալինի քանդակը։ Նկարի ճակատագիրը կապված է հենց այդ արձանի հետ։ 1953 թվականից հետո, երբ արձանը հանում են, նկարիչը տանից դուրս է բերում այս կտավը, որը հայտնվում է մեկ ուրիշ մարդու մոտ, իսկ մենք այն ձեռք ենք բերել մեկ այլ սեփականատիրոջից։ Ես շատ տպավորված եմ այս կտավով։ Ինձ հայտնի չէ որևէ լուսանկար կամ այլ վավերացում, որտեղ Մատենադարանն այդ շրջանում ամրագրված լինի»,- ասում է Խզմալյանը։

MAtenadaran cucahandes 4

Նա հավելում է, որ նման ուղղությամբ ցուցադրությունները պետք է լինեն շարունակական։ Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում Մատենադարանի հանդեպ և ևս մեկ անգամ ապացուցում են, որ այն անհատակ գանձարան է։

«Մենք որդեգրել ենք Մատենադարանն իր ամբողջ գունապնակով ներկայացնելու քաղաքականությունը։ Նույնիսկ Մատենադարանում աշխատելով՝ չենք կարող ասել, որ լիովին ճանաչում ենք այն։ Մենք չգիտեինք, որ ունենք շքեղ լուսանկարչական հավաքածուներ, որոնց նվիրված երկու ցուցադրություն կազմակերպեցինք։ Շատերս չգիտեինք, որ ունենք նման գեղանկարչական աշխատանքներ, արվեստի գործեր։ Այս արժեքները ներկայացնելով՝ ոչ միայն ակնկալում ենք այցելուների հիացումը, այլև խնդրում ենք ընդունել սա որպես փորձագիտական ցուցադրություն և սպասում ենք ներկաների մասնագիտական կարծիքին»,- նշեց Մատենադարանի տնօրենը։

MAtenadaran cucahandes 5

Նվիրատվությունների և անհատական ֆոնդերում պահվող գործերի միջոցով Մատենադարան են հասել մի շարք գեղանկարներ։ Կարևորելով պատկերային հիշողության ավանդույթները՝ Մատենադարանը ընդգծում է, որ այստեղ գեղանկարչությունը ոչ թե պարզապես զարդ է, այլ իմացաբանական գործիք։ Այստեղ պահպանվում են ձեռագրեր, որոնք վկայում են հայոց պատմության, հավատքի և ինքնության մասին, և դրանց կողքին ներկայացված են նշանավոր հեղինակների կտավներ։

MAtenadaran cucahandes 7

Ոճական և ժանրային առումով ցուցադրությունը բազմաշերտ է՝ ամփոփելով տարբեր ժամանակաշրջանների և գեղարվեստական ուղղությունների ընդհանրություններն ու տարբերությունները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 169

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: