• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Բացվեց «Խեղում և վերածնունդ․ հայի ոգու տոկունությունը ցեղասպանությանը հաջորդած տարիներին» ցուցահանդեսը

Բացվեց «Խեղում և վերածնունդ․ հայի ոգու տոկունությունը ցեղասպանությանը հաջորդած տարիներին» ցուցահանդեսը

2015 թվականին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց և դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահում կայացավ «Խեղում և վերածնունդ․ հայի ոգու տոկունությունը ցեղասպանությանը հաջորդած տարիներին» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացվեցին բացառիկ լուսանկարներ Փարիզի «Նուբարյան» գրադարանի, Տիլտիլյան ընտանիքի և Հունաստանի Անատոլիայի քոլեջի արխիվներից։ Լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունը: Այդտեղ առկա են  ժամանակի բարքերն ու դրսևորումները, վերապրածների ծանր կյանքի դրվագները, իսկ հետո նաև ներհամայնքային կյանքի զարթոնքը, զարգացումը և տարածումը տարածաշրջանով մեկ:

Kheghum ev veratsnund 2

Միջոցառման հատուկ հյուրն էր Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի խորհրդատվական մարմնի նախագահ դոկտոր Արմեն Մարսուբյանը: Նա
Տիլտիլյան գերդաստանի ժառանգն է: Արմեն Մարսուբյանը Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչն է, Տիլտիլյան գերդաստանի հետնորդներից: Մարսուբյանը լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպել Ստամբուլում, Դիարբեքիրում, Հայաստանում, Մ. Նահանգներում և Մեծ Բրիտանիայում: Մարսուբյանն իր ցուցահանդեսներում և աշխատություններում հավերժացնում է հայոց ցեղասպանության մասին հիշողությունը՝ կորսված հայկական օջախների մասին վկայությունների և իրեն հասած նախնիների լուսանկարների միջոցով:

Մարսուբյանի արխիվը հսկայական է՝ պահպանվել են շուրջ 900 լուսանկարներ: Լուսանկարների շարքում են ընտանիքի անդամների դիմանկարները, հասարակական, սոցիալական կյանքի մի շարք դրվագներ հիշեցնող կադրեր՝ փողոցներ, շենքեր, հիվանդանոցներ, քոլեջներ: Ցավալի ոճրագործության վկա որբերի լուսանկարներն ու վայրագություն հիշեցնող տեսարանները ևս պահպանվել են:

Kheghum ev veratsnund 3

Տարիներ առաջ Արմեն Մարսուբյանը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել իր տոհմի ավագներից իրեն ժառանգված արժեքավոր ու հարուստ արխիվը: Այդտեղ ներառված են իր նախնիների լուսանկարչական հավաքածուից բացառիկ նմուշներ ու հուշեր, հայերեն ու անգլերեն թղթակցություններ, ձայնագրություններ, ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարները:

«Պապս ու նրա եղբայրն իրենց կյանքի վերջում ինձ հանձնեցին այդ արխիվը: Ես նրանց խոստացացել եմ, որ այդ ամենի մասին լսելի կդարձնեմ ո՛չ միայն հայերին, այլև՝ թուրքերին: Այդտեղ ներառված են մեր նախնիների լուսանկարչական հավաքածուից բացառիկ նմուշներ ու հուշեր: Կան նաև հայերեն ու անգլերեն թղթակցություններ, ձայնագրություններ, ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարներ»,- ասում է Արմեն Մարսուբյանը:

Այդ լուսանկարներն արվել են 1888-1922 թվականներին՝ Արևմտյան Հայաստանում և 1923-1980 թվականներին՝ Հունաստանում ու ԱՄՆ-ում, աշխարհին հիշեցնելով հայերի հանդեպ գործած ցեղասպանության արհավիրքներն ու նրա հետևանքները: 2017 թվականին էլ Արմեն Մարսուբյանը «Վերապատկերելով կորսված հայրենիքը» խորագրի ներքո, Ամերիկայի Հայկական թանգարանում (Ուոթերթաուն, ALMA) ներկայացրել էր «Տիլտիլյան ստուդիայի կատարած Օսմանյան դարաշրջանի լուսանկարները» ցուցահանդեսը: Մարսուբյանը նաև «Կորսված հայրենիքի բեկորները» (Fragments of a Lost Homeland) գրքի հեղինակն է: Ցուցահանդեսի աշխատությունների հերոսները Տիլտիլյան (Տիլդիլյան) գերդաստանի ներկայացուցիչներն են: Վերջիններս փրկվել են ցեղասպանությունից և մնացել ծննդավայր Մարզվանում, քանզի տեղի իշխանությունները հմուտ լուսանկարիչների կարիք ունեին: Պահպանվել է Տիլտիլյան ընտանիքի անդամների հայտնի նկարը: Լուսանկարում Ցոլակ Տիլտիլյանն է, Արամը և իրենց քույրը՝ Հայկանուշ Տեր Հարությունյանը: Պատմական Սեբաստիայում՝ Սվազում Ցոլակ Տիլտիլյանը 1888 թվականին հիմնել է առաջին ստուդիան: Դրան հաջորդել են նոր ստուդիաները Ամասիայում, Քոնյայում և Ադանայում:

Kheghum ev veratsnund 4

Հետաքրքիր է, որ այս ժամանակաշրջանում հայկական լուսանկարչական դպրոցը այլ ակնառու անուններ ևս ունեցել է: Նրանցից մեկն էլ Գարապետ Գրիգորյանն է, որին ևս Մարսուբյանն անդրադարձավ: Լուսանկարիչը հայտնի էր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Երուսաղեմում լուսանկարչության ոլորտում իր կատարած աշխատանքով: Նա համարվում է տարածաշրջանի ամենավաղ և հայտնի պրոֆեսիոնալ լուսանկարիչներից մեկը և նշանակալի դեր է խաղացել Պաղեստինի լանդշաֆտների, մարդկանց, պատմական վայրերի փաստագրման գործում՝ Օսմանյան և Բրիտանական մանդատի ժամանակաշրջաններում: Գարապետ Գրիգորյանը ծնվել է Զմյուռնիայում և տասներկու տարեկանում տեղափոխվել է Երուսաղեմ ՝ տեղական դպրոցում կրթություն ստանալու համար։ Լուսանկարչությանը ծանոթացել է 1860 թվականին Եսայի Գարաբեդյանի կողմից հիմնադրված դպրոցական արհեստանոցների միջոցով, որը հետագայում դարձավ Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Պատրիարք ընտրվելուց հետո ստուդիայի գործունեությունը շարունակել են նրա ուսանողները, այդ թվում՝ Գարապետ Գրիգորյանը։ Ստուդիան Գարաբեդյանի հսկողության ներքո շարունակել է իր գործունեությունը մինչև 1882 թվականը և ընդմիշտ փակվել է 1885 թվականին։

Գրիգորյանը մասնագիտացել է դիմանկարային լուսանկարչության մեջ, մասնավորապես՝ արևելյան ոճով, որը տարածված էր թե՛ տեղացիների, թե՛ այցելուների շրջանում: Նրա հաճախորդների թվում էին Երուսաղեմի հրեա, արաբ և եվրոպացի բնակիչներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ, որոնց գրավում էր նրա աշխատանքների յուրահատուկ գեղագիտությունը:

Kheghum ev veratsnund 5

«Խեղում և վերածնունդ․ հայի ոգու տոկունությունը ցեղասպանությանը հաջորդած տարիներին» ցուցահանդեսում ներկայացված այլ բացառիկ լուսանկարները ևս հուզիչ պատմություն ունեն: Դրանք դարձել են ժամանակի վկան, ծանր ոճրագործության ականատեսների յուրատեսակ վերհուշը, որոնց մասին պատմում են ժառանգները: Ցուցադրված մյուս լուսանկարներում էլ կրթական, սոցիալական, կենցաղային պարզ դրվագներ են: Զրույցը համակարգեց ԵՊՀ Ցեղասպանագիտության ու այլ զանգվածային բռնությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը: Կազմակերպիչները փաստեցին, որ այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է մեր պարտավորությունը՝ պահպանելու պատմական հիշողությունը և նպաստելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գիտելիքի ու իրազեկման աճին։

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա խորհրդին միացավ նաև Երևանի Պետական համալսարանը: Մայր բուհում էլ կայացավ «Ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի մեկնարկը տրվեց ԵՊՀ նախասրահում ցեղասպանությունների հիշողության ծառի և ցեղասպանությունների պատմության ցուցադրությամբ, որտեղ ներկայացված էին հայերի, հրեաների և այլ ազգերի ցեղասպանության նախապատմությունը, պատճառները, ընթացքը և հետևանքները: Ուշադրության կենտրոնում էր հատկապես լուսանկարիչ Վիկտոր Գերասիմովսկու «Լռության արձագանքները» խորագրով ցուցադրությունը: Ներկայացված են 1972 թվականի բուրունդյան ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 115

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: