Իսահակյան-Սարյան. Արվեստում ընկերության մասին
«...Նա խոշոր նկարիչ է, մեծ նկարիչ, ինքնատիպ։ Եվ ոճ ունեցող։ Նրա վրձինը միայն ի վիճակի է ներկայացնել Հայաստանը, երկրի հոգին, այն անդորր, վեհ, վսեմ բիբլիական երկիրը։ Նրա շնորհիվ միայն զգում ես մեր աստվածաշնչային երկիրը, աստվածաշնչային լեռները, դաշտերը, բույսերը, աղբյուրները, եզները և գոմեշները, ոչխարները, մարդիկ և հովիվները։ Եվ երբ մոտենում եք նրան, ծանոթանում եք նրա զգացումների ու մտքերի հետ, դուք տեսնում եք, որ, իրավ, այդ նկարները նրա հոգուց են դուրս բխել, այդ նկարների նախատիպերը, Հայաստանը գուրգուրված, սիրված են նրա հոգում, այնքան կաթոգին, այնքան գեղեցիկ»:
Խոսքերի հեղինակը հայ ականավոր գրող Ավետիք Իսահակյանն է, որը գովերգում է հանճարեղ մեկ այլ նշանավոր գործչի՝ Մարտիրոս Սարյանին:
Հայաստան անունն անմահացնող խոշորագույն երկու գործիչները՝ Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը ծանոթացել են 1903 թվականին Ալեքսանդրապոլում: Մտավորականների ծանոթությունն այնուհետև վերածվել է բարեկամության: Դրա առաջին նշույլներն էլ երևացել են 1924 թվականին, երբ Վենետիկի XIV միջազգային բիենալեի ընթացքում ցուցադրվում էին Վարպետի գործերը: Ավետիք Իսահակյանն այդ շրջանում ապրում էր Վենետիկում, երբ ծանոթացավ Սարյանի հետ ու նրա անեզր աշխարհին:

«Նստած ենք մանրավազի վրա, արևին չորանում ենք, Սարյանը հանել է իր գծատետրը և փորձում է թղթին հանձնել մեզ շրջապատող գեղեցիկ լողորդուհիների պերճախոս շրջագծերը, բայց շուտով ձանձրանում է, թողնում տետրը և հորս հետ միասին զմայլվում այս աստվածային էակների գեղեցկությամբ։ Այս ջրահարսները եկել էին հյուսիսային երկրներից՝ Նորվեգիայից, Շվեդիայից, եկել էին Իտալիա՝ արև ու սերենադներ որոնելու։ Հայրս նրանց հետ գերմաներեն խոսքեր էր փոխանակում, հաճոյախոսություններ անում։ Սարյանն ավելի երկչոտ էր և օտար լեզու չիմանալով՝ մի կողմ էր մնում, նորից վերցնում գծատետրը և էսքիզներ անում, ընծայում նրանց, նրանք էլ բարեհաճում էին ընդունել, առանց իմանալու, թե ինչ գանձ էին ստանում։ Շատ տարիներ հետո հայրս և Սարյանը պիտի հիշեին այս երջանիկ օրերը և այն գեղեցիկ ջրահարսներին, որոնց Սարյանն իր նամակներում անվանում էր «լավերը»։
Վիգեն Իսահակյան, «Հայրս», Երևան, 2000։
Բարեկամության ու ընկերության յուրահատուկ դիպվածը նկատելի է արվեստագետների կյանքի դարբեր դրվագներում: Դրանք վերաբերվում են թե՛ անձնական հարաբերություններին, թե՛ գրական ու մշակութային առնչություններին: Հոգևոր ոգեշնչման առիթներն էլ բազմազան են եղել:

«Շատ ուշագրավ են Մարտիրոս Սարյանի նկարները: Մոսկվայից եկած ռուս ներկայացուցիչները կեսլուրջ-կեսկատակ ինձ ասացին, թե Ձեր հայրենակիցն է մրցանակ առնելու և, իրավ, բացման օրն իսկ հանդիսականներից շատերի ուշադրությունը կենտրոնացավ նրա նկարների վրա:
Նրա տեսությամբ՝ գեղարվեստն իր բոլոր ճյուղերով գերազանցորեն ազգային է և որպես այդպիսին միայն իրավունք ունի ապրելու. ամեն ազգ իր ձևով, ոճով, կերպով հոգեդրսևորում ունի, մարմանացում՝ իր ապրումների ու մտածումների, իր տեսիլների և իրեն հատուկ աշխարհապատկերման: Առանձին, ուրույն ոճ չունեցող արվեստները՝ արդյունք դիմազուրկ ազգերի, սոսկ նմանություններ են, անշահ կրկնություններ և դատապարված՝ մեռնելու»,- գրել է Ավետիք Իսահակյան:

Մտավորականների համագործակցության ու բարեկամության կարևորագույն դրվագները վերհիշելու և տարածաժամանակային ճամփորդություն կատարելու հնարավորություն է ընձեռել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Օրերս թանգարանում տեղի ունեցավ «Վարպետաց վարպետների հանդիպումը» ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունն ընդգրկված է Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում:
«Նրանք շատ համահունչ էին ներկայացնում Հայաստանը: Միաժամանակ լինելով այդքան ազգային` նրանց արվեստը, ուղերձները, խոսքն ուղղված էր աշխարհին: Այն համամարդկային խորհուրդ ունի: Նրանք առաջնորդվում էին համամարդկային, հումանիստական արժեքներով: Մեր մեծերը միշտ նշում էին, որ պետք է հավատարիմ մնալ սեփական արմատներին, մայր հողին, իսկ դրանց պտուղները ծառայելու են և պատկանելու ողջ մարդկությանը: Հենց դրան է միտված իրենց ողջ գործունեությունը, իսկ թողած ժառանգությունը դրա վկայությունն է»,- ասում է Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը:

Ցուցահանդեսը նվիրված է երկու մեծերի՝ Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններին ու կտավներին։ Ահա դրանցից մեկը. 1940 թվականին ստեղծվել է բանաստեղծի յուղաներկ դիմանկարը: Իսահակյանն էլ այն նվիրել է Մարտիրոս Սարյանի որդուն՝ Սարիկ Սարյանին: 1940 թվականի դեկտեմբերի 9-ին գրված նամակում Իսահակյանը գրում է.
«Հայրիկդ այս տարի նկարեց ինձ. դա մի գլուխգործոց է, հավիտենական արժեք ունեցող գործ, պատմական փառավոր կոթող...»։

Մարտիրոս Սարյանն էլ ոգեշնչվել է Իսահակյանի դիրքորոշմամբ ու կարծիքով: Սարյանը գրում է.
«Իսահակյանը հուզմունքով էր դիտում իմ նկարները և ինչպե՜ս էր խանդավառվում, երբ նրանք դուր էին գալիս նաև օտարներին: Ուրախանում էր երեխայի պես և հպարտանում իմաստունի նման»:
Մեկ այլ դիպվածում էլ գրում է.
«Եվ հայտնեց իր հայրենասիրական ապրումները հայ ընթերցողին իմ հմայիչ, անչափ հմայիչ ընկեր Ավոն»:

Ցուցահանդեսում ներկայացված են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող թանգարանային առարկաներ՝ գեղանկարներ, գրաֆիկա: Առաջին անգամ կարող եք ծանոթանալ Սարյանների և Իսահակյանների ընտանեկան հավաքածուներում պահվող բացառիկ ստեղծագործություններին, լուսանկարներին, գրքերին: Տեղ են գտել Ավետիք Իսահակյանի նամակներն ուղղված Մարտիրոս Սարյանին, ինչպես նաև Սարյանի նկարչական ալբոմում՝ Իսահակյանի ձեռքով գրված «Ռավեննայում» բանաստեղծության ինքնագիրը: Սարյանի իսահակյանական շարքում են «Բանաստեղծություններ» ժողովածուի շապիկի ձևավորումը, «Աբու-Լալա Մահարի» պոեմի նկարազարդումները, Իսահակյանի յուղաներկ ու մատիտանկար դիմապատկերները:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 77