«Ռեզոնանս» նախագիծը շարունակում է հաղթարշավը
Ինչպիսին են Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները, ինչպես են մշակութային քաղաքականություն մշակողները, դոնորները, մենեջերները և արվեստագետները համագործակցում. ահա նման հարցեր օրերս քննարկվեցին ASA Forum 2025-ի ընթացքում։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկած ֆորումի շրջանակում տեղի ունեցավ նաև Resonance նախաձեռնության ու KeepOn Live հարթակի ներկայացումը։
ASA Արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts) կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ու նորարարությունները արվեստում ու մշակույթում, հետևաբար կարևորագույն ուղերձը, իհարկե, համագործակցության կոչն է։ Միայն այդ կերպ է հնարավոր միահյուսել արվեստն ու բիզնեսը, իսկ ժամանակակից նորարարությունները կիրառել բեմում, համերգասրահներում, ցուցասրահներում։
«Բոլորս տարբեր ենք, սակայն՝ միասին։ Եվ այդ փաստը հնարավորություն է տալիս ստեղծել կարծիքների ու գաղափարների միասնականություն ու բախում և բախման արդյունքում՝ նորարարություն։ Այսօր կքննարկենք շատ կարևոր թեմաների շուրջ բարձրացրած հարցեր, որոնք ի հայտ են եկել համայնքից և «Կատապուլտ» ծրագրի երեք տարվա ուսումնասիրություններից։ Մենք հրաշալի բանախոսներ ունենք, որոնց շնորհակալ ենք այսօր այս թեմաների շուրջ իրենց փորձառությունը ներկայացնելու համար»,- ասում է ASA Արվեստի ջատագովման համայնքի նախագահ Սեդա Գրիգորյանը։

Համաժողովը կարևորում է հատկապես մշակութային ապակենտրոնացման քաղաքականությունը։ Դրան էր միտված «Արվեստի ջատագովման համայնքի» շնորհանդեսը։ Նախագծի գլխավոր հյուրերից և աջակիցներից է The Audience Agency-ի հիմնադիր Աննե Տորեջիանին Միացյալ Թագավորությունից։ Նա հանդես եկավ «Մշակութային արժեքի գնահատում. տվյալահեն մոտեցում՝ մշակութային ոլորտի ավելի կայուն ապագայի համար» զեկույցով:
Բացման արարողությանը Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի Վերլուծության և համագործակցության ղեկավար Մագնուս Կիրխհոֆն էլ նշեց.
«Երեք տարի աջակցելով «Կատապուլտ» ծրագրին՝ երազում էի այն օրվա մասին, որ ի վերջո Հայաստանում կձևավորվի ստեղծարար համանքի ասոցիացիա, որը կմիավորի բոլորին. և ահա այդ փաստն այսօր իրականություն է։ Շնորհավորում եմ ASA Արվեստի ջատագովման համայնքի թիմին և բոլոր ներկաներին»:
Հետևելով որդեգրած արվեստի ջատագովման ռազմավարությանը` փառատոնն ընտրել էր Առնո Բաբաջանյան համերգասրահը։ Վերջին ամիսներին համերգասրահը վերածվել էր մի յուրօրինակ արվեստանոց-լաբորատորիայի։ Եվրոպական Միության LIVEMX ծրագրի դրամաշնորհի միջոցով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «ՌԵԶՈՆԱՆՍ․ վերափոխելով Հայաստանում կենդանի երաժշտության համերգների և համերգասրահների սպասարկման մասին պատկերացումները» նախագիծը։ Այն նպաստում է Հայաստանում կենդանի երաժշտության ոլորտում նոր մասնագետների ներգրավման, ժամանակակից ստանդարտների ներդրման և տեխնիկական անձնակազմերի վերապատրաստման ծրագրերին։ Արդյունքում համագործակցում են` հայ և եվրոպացի արվեստագետները։ Արդեն ներդրվել են նոր մեթոդներ, որոնք նպաստում են տեխնիկական անձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Ինչպես հայտնում են Առնո Բաբաջանյան համերգասրահից` 2025-ի հուլիսից մեկնարկած նախագիծը միավորել է մասնագիտական վերապատրաստումներն ու մասնագիտական նորարարությունները։ Դրանք ներառել են՝ հմտությունների զարգացում ձայնային տեխնոլոգիայում, լուսային լուծումների նախագծում, լսարանի ներգրավման և համերգասրահների կառավարման ոլորտներում։ Կազմակերպվել են նաև երաժշտական ռեզիդենտություններ և շոու-ծրագրեր, որոնց նպատակն է տարբեր արվեստագետների և ստեղծագործությունների հանրահռչակումը։ «Ռեզոնանս» նախագիծը նաև իրականացրել է «Կուլիսային աշխարհի գաղտնիքները, Լույս և Ձայն» խորագրով աշնանային դպրոցը։ Այն դպրոցականներին միավորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում`երկօրյա Աշնանային դպրոցի շրջանակում։ Մասնակիցները ծանոթացել են բեմական լույսերին, ձայնային լուծումներին ու համերգասրահի ներքին մթնոլորտին։

Եվրոպական գործընկերների՝ INOVA+ և Live DMA մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ «Ռեզոնանս» նախագիծը միտված է հայաստանյան համերգասրահները լիարժեքորեն ինտեգրել եվրոպական երաժշտական համակարգին՝ Հայաստանը դիրքավորելով որպես վստահելի և առաջադեմ մշակութային գործընկեր։
Համաժողովի շրջանակում կայացավ համերգասրահների կառավարման KeepOn Live եվրոպական հարթակի շնորհանդեսը, կազմակերպված Resonance նախաձեռնության հետ համատեղ։ Նախագիծը միտված է գործնական գիտելիքների և գործիքների փոխանցմանը ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Գործունեության մի քանի ամիսների ընթացքում արդեն հարթակի արվեստագետները իրականացրել են մի շարք նախագծեր` նպաստելով Հայաստանում կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանը։ Իրենց գիտելիքներով կիսվեցին KeepOn LIVE հարթակից կենդանի երաժշտության միջոցառումների կառավարման մասնագետ Ֆեդերիկո Ռազետտին, Keep ON Live-ի արտադրության և գեղարվեստական ղեկավար Գայանե Կևորկեանը։ Keep On Live-ը համերգասրահների ու փառատոնների առաջատար ասոցիացիա է, որը խթանում է կենդանի երաժշտության մշակույթը ամբողջ Իտալիայում:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 48