«Իմ կերպարը միշտ մարդն է՝ իր հակասություններով, թուլություններով ու լույսով». Մատեի Վիշնիեկ

Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք» խորագրով ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում «Էպիգրաֆ» գրախանութում կայացավ Մատեի Վիշնիեկի թատերկերի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Ստեղծագործությունները թարգմանել են Գրիգոր Ջանիկյանը, Լուսինե Աբգարյանը և Աննա Մանուկյանը:

Նշանավոր դրամատուրգ, ռումինացի Մատեի Վիշնիեկը Ֆրանսիայում բնակվող գրող և լրագրող է։ Գրողն ավարտել է Բուխարեստի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է պատմություն և փիլիսոփայություն: Առաջին քայլերը սկսել է որպես բանաստեղծ, հրատարակել է երեք գիրք և ստացել մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Ռումինիայի գրողների միության մրցանակը (1985 թվական): 1977 թվականին նա սկսել է գրել պիեսներ: Ցավալիորեն դրանք գրաքննության պայմաններում Ռումինիայում չեն հաստատվել հրատարակման կամ բեմադրության համար: «Բոլոր ձևերով եմ օգտագործել բառերը․ ամբողջ կյանքում խաղացել եմ դրանց հետ»,- ասում է Վիշնիեկը:

MAtei Vishniek 2

1987 թվականին, հրավիրվելով Ֆրանսիա, Վիշնիեկը քաղաքական ապաստան է խնդրել: Վիշնիեկն աշխատել է BBC-ի և RFI-ի համար: 1993 թվականից էլ Ֆրանսիայի քաղաքացի է: Բանաստեղծություններից զատ Վիշնիեկը հեղինակ է ռումիներեն գրված երկու վեպի և մի քանի տասնյակ պիեսների, որոնք հաջողությամբ բեմադրվել են աշխարհի տարբեր բեմերում:

«Արմատներով ռումինացի եմ, բայց ինձ Ֆրանսիան է թևեր տվել։ Գուցե իմ բոլոր պիեսները կարողացել են բոլոր երկրներում ուղեղի լվացումը դադարեցնել, բայց մարդկությունը դասեր չի վերցնում։ Ճգնաժամերն ու պատերազմները կրկնվում են։ Իմ ներսի հեղինակը, սակայն, ավելի լավատես է։ Միշտ պետք է հիշենք՝ մարդը կարող է լուծումներ առաջարկել, իր լուսավոր կողմերը ցույց տալ։ Ես գրում եմ, որովհետև հավատում եմ մարդուն»,- ասաց դրամատուրգ Մատեի Վիշնիեկը։

Ժամանակակից դրամատուրգ Մատեի Վիշնիեկի գործերը թարգմանվել են մի շարք լեզուներով: Իսկ Հայաստանում Վիշնիեկը շնորհանդեսից զատ արվեստասերների հետ ևս մեկ հանդիպում ունեցավ: Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք» խորագրով ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում ԵԹԿՊԻ-ում կայացավ նաև «Ստեղծագործական 50 տարի՝ երկխոսություն աշխարհի հետ» խորագրով հանդիպումը ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգի հետ: Գրական հանդիպումները, թատերական ընթերցումներն ու ներկայացումները ֆրանկոֆոն թատերական տոնի անբաժան մասնիկը դարձան:

MAtei Vishniek 3

«Ես ունեմ մի քանի գործիքներ՝ հեգնանքը, փոխաբերությունը,  ինքնաքննադատությունը և սև հումորը։ Դրանք ծառայում են մեկ նպատակի՝ կազմաքանդել միասնական մտքի պատրանքը։ Իմ կերպարը միշտ մարդն է՝ իր հակասություններով, թուլություններով ու լույսով։ Իսկ հասարակությունը, բնականաբար, այդ նույն հակասությունների ժառանգն է։ Գրականությունն, իր հերթին, ամենանուրբ գործիքն է, որով հնարավոր է դիպչել մարդու ամենախոր ու ամենանվիրական հոգուն»,- նշում է դրամատուրգը:

Հայերեն են թարգմանվել Վիշնիեկի «Վերջին Գոդոն», «Ինչպես խխունջին վարժեցրի ստինքներիդ», «Չեխով մաքինա», «Նինա կամ հարդալից ճայերի փխրունության մասին», «Արևմտյան ճեպընթաց» պիեսները:

«Գրականությունը կարողանում է այնքան գնալ, որ հասնի մարդու հակասությունների խորությանը: Այդ պատճառով եմ ես գրում և հավատում եմ խոսքին: Գրականությունը կարծեսն հանդես է գալիս որպես դիմադրության տարածք: Իսկ դիմադրությունը պահանջում է հեգնանք, ինքնահեգնանք, հումոր, պոեզիա: Որովհետև միայն պոեզիայի միջոցով հնարավոր է շրջանցել քննադատությունը: Այսպես եմ ես սովորել գրել: Միշտ փորձել եմ լինել իմ անցյալի ու ներկայի միջև»,- ասում է Վիշնիեկը:

Ժամանակակից ռումինացի ամենահայտնի դրամատուրգ Վիշնիեկը Բուխարեստի Իոն Լուկա Կարաջալեի անվան ազգային թատրոնի և կինեմատոգրաֆիայի համալսարանի 73-ամյակի կապակցությամբ արժանացել է պատվավոր դոկտորի կոչման։ 2018 թվականին Մատեի Վիշնիեկը նաև արժանացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանի ասպետի կոչման:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 104

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: