Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ստեփան Լիսիցյան-160» ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ստեփան Լիսիցյան-160» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։ Ցուցահանդեսը նվիրված է անվանի ազգագրագետ, պատմաբանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանի հոբելյանին։  Լիսիցյանը ծնվել է 1865 թվականի սեպտեմբերի 22-ին Թիֆլիսում: 1884 թվականին ավարտելով տեղի գիմնազիան՝ 1885-1887թթ. սովորել է Օդեսայի, 1887-1889թթ.` Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: Ականավոր գիտնականը 1889 թվականին աշխատանքի է անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894-1915թթ. հայոց պատմություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1911-1924թթ. իր կնոջ հիմնադրած գիմնազիայում զբաղվել է կազմակերպչական աշխատանքներով: 1921-1922թթ. դասախոսել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1924 թվականին Լիսիցյանը հրավիրվել է Մայր բուհ և ղեկավարել ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը:

Stepan Lisicyan 2

Ստեփան Լիսիցյանի գիտնականմանկավարժական գործունեությունն անսպառ է` բանասեր, ազգագրագետ, աշխարհագրագետ, պատմաբան, թարգմանիչ, Հայաստանում ազգագրության և աշխարհագրական ընկերության հիմնադիր: 1904-1911թթ. ճամփորդելով Եվրոպայում՝ Լիսիցյանն ուսումնասիրել է Կ.Պոլսի, Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում և Բեռլինի թանգարանում եղած հայագիտական նյութերը: Մասնակցել է Հ. Լինչի «Արմենիա» աշխատության ռուսերեն թարգմանությանը, լեհերենից հայերեն է թարգմանել Հ. Սենկևիչի «Յո երթաս» վեպը:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ողջունեց ներկաներին՝ շնորհավորելով կարևորագույն գործչի հոբելյանի առթիվ: Տնօրենը խոսեց Ստեփան Լիսիցյանի անգնահատելի ներդրման մասին:

Stepan Lisicyan 3

«Մեծ է Լիսիցյանի դերը ոչ միայն թանգարանագիտության, այլև հայագիտության, ազգագրության և մանկավարժության զարգացման գործում: Շատ կարևոր է Լիսիսցյանի թողած բազմաշերտ ժառանգությունը։ Այն մշտապես արժևորելու և մեծարելու կարիք ունի»,-ասաց Պողոսյանը:

Ցուցահանդեսի բացմանը նաև ներկա էր գիտնականի թոռնուհին՝ ազգագրագետ Լիլյա Վարդանյանը: Լիսիցյանի թոռնուհին ընդգծեց, որ նման ցուցահանդեսը հրաշալի առիթ է նորովի բացահայտելու Լիսիցյանի գործունեությունը: Այն նաև թույլ կտա ներկայացնել Լիսիցյանի անձնվեր գիտական աշխատանքի արդյունքը։

Stepan Lisicyan 4

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը և Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյանը: Կարևորվեց Լիսիցյանի գործունեության նշանակությունը և թողած ժառանգությունը թե՛ գիտության, թե՛ կրթության զարգացման գործում։ Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանն էլ ներկայացրեց մեծանուն ազգագրագետի կյանքի և գիտական գործունեության հիմնական դրվագները՝ շեշտելով նրա նշանակալի ավանդը հայ ազգագրության զարգացման գործում։ 

Stepan Lisicyan 4

1928 թվականից Ստեփան Լիսիցյանը եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժնի վարիչը: Ղեկավարել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական բազմաթիվ նյութեր, հայթայթել թանգարանային շուրջ 1000 ցուցանմուշ: Ստ. Լիսիցյանի անունով են կոչվում Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժինը և Երևանի թիվ 34 դպրոցը: Պատահական չէ, որ միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում պահվող Ս․ Լիսիցյանի արխիվային հավաքածուն համալրվեց մի քանի նմուշներով, որոնք նվիրաբերեց Լիլյա Վարդանյանը։ «Ստեփան Լիսիցյան-160» ցուցահանդեսում ներկայացված են ձեռագրեր, արխիվային լուսանկարներ, դաշտային հետազոտություններից ձեռք բերված նյութեր և անձնական իրեր։

Stepan Lisicyan 5

Հարկ է նշել, որ Լիսիցյանը հեղինակ է Հայաստանի պատմությանը, ֆիզիկական աշխարհագրությանը և ազգագրությանը նվիրված բազմաթիվ ուսումնական ծրագրերի, դասագրքերի և մենագրությունների: Նշանավոր են Ստեփան Լիսիցյանի «Զանգեզուրի հայերը» (1969 թ.), «Ծաղկաքաղ» (1969), «Լեռնային Ղարաբաղի հայերը», «Տղամարդկանց տարիքային խմբերի ավանդույթները հայերի մեջ» (1981), «Հայ ազգագրություն և բանահյուսություն», «Հայրենի առասպելներից և վեպերից» (1995) գործերը: Անգնահատելի է Հովհ. Թումանյանի և Լ. Շանթի համահեղինակությամբ Ստ. Լիսիցյանի կազմած մայրենի լեզվի «Լուսաբեր» դասագրքի նշանակությունը: Նա խմբագրել և հրատարակել է «Աղբյուր-Տարազ» հանդեսը, «Հասկեր» մանկական ամսագիրը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 64

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: