Լուվրից Հայաստանի պատմության թանգարան ճամփորդության հետքերով

«Հայաստանը ողջ արևելաքրիստոնեական արվեստում շատ կարևոր նշանակություն ունի նախ՝ որպես առաջին քրիստոնյա ազգ, ապա՝ գեղագիտության տեսանկյունից: Արվեստի հայկական նմուշները շատ յուրահատուկ են և Միջերկրածովյան ավազանում բազմաթիվ ազդեցություններ ունեն»,- ասում է Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի տնօրեն, համադրող Մաքսիմիլիեն Դյուրանը: Դյուրանը Հայաստանում է «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Հայաստանի Անկախության տոնին՝  սեպտեմբերի 21-ին, սպասված ցուցահանդեսը բացվեց Հայաստանի պատմության և մշակույթի պահպանման խոշորագույն կենտրոններից մեկում՝ Հայաստանի պատմության թանգարանում: Մայր թանգարանը շարունակում է միջազգային համագործակցությունները և այս անգամ գնում Լուվրի հետքերով: Դեռ թարմ են այցելուների հուշերը նախորդ տարի նույն օրը բացված «Մայր ատվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունից և այժմ հերթն արդեն հայ-ֆրանսիական համագործակցությանն է:

Luvric Hayastan 6

«Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունում առաջին անգամ Հայաստանում ներկայացված են փարիզյան թանգարանի հավաքածուներից ընտրված բացառիկ գոհարներ՝ թվով տասնվեց գլուխգործոցներ: Ցուցանմուշներն ընդգրկում են լայն աշխարհագրական արեալ՝ Բուլղարիայից մինչև Եգիպտոս, Կրետեից մինչև Սիրիա: Դրանք ստեղծվել են 4-19-րդ դարերում: Հսկայական տարածաժամանակային ընդգրկումը ևս թույլ է տալիս ցուցադրել պատմական տարբեր դարաշրջաններում թե՛ բյուզանդական պատկերագրության, թե՛ դրան նախորդած հռոմեական կայսերական ավանդույթի առանձնահատկությունները և նաև փոխակերպումները իսլամական մշակույթի հետ: Հենց դա է ցուցադրության գլխավոր նպատակը՝ միավորել քրիստոնյա Արևելքի մշակութային ինքնատիպությունը,  ընդհանրությունները և փոխշփումները: Դրանով նաև ընդգծվում է  Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյան գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու գեղարվեստական բազմազանությունը:

Luvric Hayastan 10

Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցան մամուլի ասուլիս և ԶԼՄ ներկայացուցիչների համար փակ դիտում: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի հետ բացառիկ համագործակցությունը:

Luvric Hayastan 2

«Նախորդ տարվանից մեկնարկած այս մոտեցումը կշարունակենք նաև հաջորդ տարիներին՝ սեպտեմբերի 21-ը դարձնելով մեր հանրությանը մշակութային նոր բովանդակություն ներկայացնելու օր։ Շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և աշխարհի հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությամբ։ Նման համագործակցության հնարավորությունները պետականության ցուցիչ են և փաստում են, որ մշակույթը պետության և պետականության ամենակարևոր բաղադրիչներից է։ Պետականության ամրապնդումը դիտարկում ենք նաև մշակութային ինքնության, պատմամշակութային ժառանգության ուղղությամբ համագործակցության և հարաբերությունների զարգացման համատեքստում»,- ասաց նախարարը:

Luvric Hayastan 11

Նախարարն անդրադարձավ նաև թանգարանային ոլորտում առկա որակական փոփոխություններին, որոնց վկայություններից մեկն էլ հենց նման մակարդակի ցուցադրության կազմակերպումն է: Ցուցադրության կազմակերպիչներն են Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի տնօրեն Մաքսիմիլիեն Դյուրանը, Կամիլ Շենեն՝ Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի համադրողը, Դավիթ Պողոսյանը՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը, Նժդեհ Երանյանը՝ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրենը և Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող Սոնա Հովսեփյանը:

Luvric Hayastan 3

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ թանգարանի համար մեծ պատիվ է նման համագործակցությունը, որը շարունակական է դառնալու:

«Ուրախ ենք համատեղ կազմակերպել մշակութային ժառանգության երկխոսություն մեր մայրաքաղաքի սրտում: Լուվրի թանգարանի ցուցանմուշները մեր թանգարանի շուրջ քսան ցուցանմուշների հետ մեկտեղ յուրօրինակ միջավայրում վեց ամիս շարունակ կբացահայտեն արևելաքրիստոնեական հարուստ մշակութային ժառանգության մի հզոր շերտ: Մեզ համար նաև շատ կարևոր է այս համագործակցությունը՝ Լուվրի հետ նոր ձևաչափով համագործակցության փուլ սկսելու առթիվ: Այս ամենը կյանքի կոչվեց ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Դեռ նախորդ տարի մենք հանդիպում ունեցանք Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ և շատ կարճ ժամանակահատվածում Լուվրի մեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում այսօր մենք կարող ենք այս ցուցահանդեսը ներկայացնել հանրությանը»,- հավելեց Դ. Պողոսյանը:

Luvric Hayastan 5

Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարն էլ փաստում է, որ շուտով Լուվրում բացվելու է նոր՝ Բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնեության բաժինը, որի շրջանակում ևս Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցություն է նախանշվում:

«Շնորհավորում եմ բոլորիս այս աննախադեպ ցուցադրության առթիվ: Այս ցուցադրության բացումը մի նոր էջ է սկսվող համագործակցության: Առաջիկա հեռանկարում բացվող բաժնի շրջանակում նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանից նմուշներ ունենալ Լուվրում, որը կներկայացնի Հայաստանի երկար և գեղեցիկ պատմությունը: Մեր երկու թանգարանների միջև հարաբերությունները սերտ են, և նման առիթները թույլ են տալիս նաև զարգացնել շփումները անձնակազմերի միջև: Հենց նման խորը, վստահելի հարաբերություններից են ծնվում նման համագործակցությունները»,- ասում է դե Կարը:

Luvric Hayastan 4

Ցուցահանդեսում ներկայացված թանգարանային ցուցանմուշները բազմազան են՝ ապակու և փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ՝ խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ: Առանձնահատուկ հետաքրքրություն են վայելում հատկապես եկեղեցական հանդերձանքը, վարագույրները, սպասքի նմուշները և սրբապատկերները: Լուվրի թանգարանից փոխառված ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ), բյուզանդական Աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) և արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս): Դրանց կողքին ցուցադրվում են նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող Անիի բուրվառներից մեկը (13-րդ դ.), Դվինի թևավոր խաչը (7-րդ դ.), փորագրություններով դուռը (15-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակները (9-րդ դ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրը (19-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչը (1770 թ.): Ցուցասրահների խորհրդավոր մի անկյունում էլ ցուցադրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։

Luvric Hayastan 7

Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Մաքսիմիլիեն Դյուրանն առանձնացրեց չորրորդ դարի գործվածքը՝ գորգը, որը բերվել է Եգիպտոսից և տեղի կլիմայի շնորհիվ էլ հենց այն պահպանվել է: Այն մեծ գլուխգործոց է, որով հպարտանում են և այն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում: Հետաքրիր է, որ այն ոչ միայն եզակի է տեխնիկական տեսանկյունից, այլև առաջին անգամ է, որ ներկայացվում է Հարության թեման: Համադրողը նաև ներկայացրեց Լուվրի թանգարանի նոր բաժինը:

Luvric Hayastan 12

«Լուվրում վերջերս բացվել է Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժինը, որի պաշտոնական բացումը կտրվի 2027-2028 թվականներին: Առանձնահատուկ է հատկապես բաժնի աշխարհագրությունը, որը ձգվում է Եգիպտոսից մինչև Բալկաններ, Կովկաս, Լևանտ: Լուվրում ունենք հայկական բազմաթիվ գործեր: Ուզում եմ նշել 13-րդ դարի խաչքարը, որը Հայաստանը նվիրաբերել է Լուվրին 1976 թվականին: Կան նաև այլ  նմուշներ խեցեղենի բաժնում, զարդեր, բայց դրանք անհամեմատելի են Հայաստանի պատմության թանգարանի նմուշների հետ: Կունենանք դեսպան նմուշներ, որոնք կտարվեն թանգարանից և կցուցադրվեն Լուվրում: Դրանք թույլ կտան հանրության լայն շերտերին տեսնել հայկական արվեստի գեղագիտությունը և եզակիությունը: Պետք է նաև նշեմ, որ Լուվրն արևմտյան թանգարաններից ամենամեծ հայկական արվեստի հավաքածու ունեցողներից է»,- ասաց Դյուրանը:

Luvric Hayastan 8

Թանգարանի այցելուներին առաջինը գրավում է  Հովնանի պատկերով գործվածքը: Լուվրի հավաքածուի 320-420 թթ. թվագրվող վուշե գործվածքը քրիստոնեական խորհրդանշանների բարդ հորինվածք է: Այն զարդարել է եկեղեցու կամ վանական համալիրի պատը: Ցուցադրությունում նաև տեղ է գտել Երուսաղեմից գտնված 19-րդ դարավերջի «Խաչելություն» սրբապատկերը: Սրբապատկերում պատկերված է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գտնվող Գողգոթայի մատուռը: Նմանատիպ սրբապատկերները տարածված են եղել ողջ ուղղափառ աշխարհում: Լուվրի հավաքածուի բացառիկ էքսպոնատներից է նաև Գանեի սկիհը (6-րդ դարի վերջ-7-րդ դարի սկիզբ): Այն ունի ղպտերենի ֆայումյան բարբառով արձանագրություն և Բյուզանդական կայսրության տարածքում թանկարժեք առարկաների շրջանառության վկան է: Հայաստանի Պատմության թանգարանը ևս ցուցադրում է իր որոշ ցուցանմուշներ: Ահա վառ օրինակ է Հակոբոս Տյառնեղբոր Մասանց Պահարանը. Տաթևի վանք, 18-րդ դար: Ինչպես գիտենք սրբերի մասունքներ պահող մասանց պահարանները իրենց առանձնահատուկ տեղն ունեն եկեղեցական արարողակարգում:

Luvric Hayastan 9

Նման ցուցադրությունները ևս մեկ անգամ ամրագրում են Հայաստանի և քրիստոնյա Արևելքի գեղարվեստական ժառանգության կապն ու Հայաստանի դերը այդ հսկայական գեղարվեստական բազմազանության շրջանակում:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 273

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: