Օգոստոսի 23-ին կմեկնարկի «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը

Օգոստոսի 23-ին կմեկնարկի «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը: Փառատոնը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունը: Փառատոնի կազմակերպման մանրամասները «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

 «Ֆեստիվառ»-ը կմեկնարկի օգոստոսի 23-ին, փառատոնը հյուրընկալվելու է Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում: Արտաշատի համերգին կհաջորդի սեպտեմբերի 13-ի համերգը Հրազդանում, ապա՝ Արմավիրում: «Ֆեստիվառ»-ի կարևորագույն միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, իսկ մինչ այդ տեղի կունենան նաև երկու խոշոր համերգներ: Անկախության օրը Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

«Արդեն 6 մարզում փառատոնն իրականացվել է ու մասնակցել է 100 հազարից ավելի մարդ։ Մենք ընտրել ենք 3 մարզային քաղաքներ, որտեղ փորձում ենք մեկ տոնական օր կազմակերպել։ Այս տարի երեք համերգն էլ նախորդ տարվա համեմատ նախատեսում ենք մեծամասշտաբ իրականացնել։ Փառատոնային միջոցառումները լինելու են հենց շաբաթ օրերին, հետևաբար ակնկալում ենք մեծ թվով մասնակցություն»,- ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Մովսիսյանի խոսքով՝ այս տարի ԿԳՄՍ նախարարության ֆինանսական հատկացումներն էլ են ավելացել, և ի տարբերություն նախորդ տարիների՝ երեք համերգներն էլ բավականին մեծամասշտաբ են լինելու: Միջոցառումները կանցկացվեն ոչ աշխատանքային օրերի, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց:

Festivar 2025 2

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց հանգամանքը, որ ծրագիրն ուղեկցվում է նաև շրջակա պատմամշակութային վայրեր և հուշարձաններ այցելությամբ, ինչը շատ կարևոր է, որպեսզի «Ֆեստիվառը» դառնա նաև մեր երկիրը ճանաչելու կարևոր միջոց:

«Այս միջոցառման սկզբունքն է չկրկնել անցկացման վայրն ու արտիստներին։ Կարևորվում է նաև այն, որ փառատոնը ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլ դրա շրջանակում պլանավորում ենք ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ տաղավարային ցուցադրություն, տեղի զբոսաշրջային, մշակութային վայրեր այցելություններ և այլն: Փառատոնը նաև ոլորոտում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին ցույց տվեց, որ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման մեծ ներուժ կա»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի համոզմամբ՝ միջոցառումները նպաստում են մարզերում հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձնում ճանապարհաշինությանը, հուշարձանների պահպանությանը։ Այսինքն «Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր: «Ֆեստիվառ»-ի շրջանակում կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ, հյուրընկալող բնակավայրերն ունենում են մեծաթիվ այցելուներ՝ զարգացնելով հյուրանոցային բիզնեսը, ռեստորանային ծառայությունները:

«Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին հաջող և շարունակական համագործակցության համար և վստահ եմ, որ այս տարի ևս համերգային որակյալ ծրագրի և ժամանցի նոր նշաձող կսահմանվի: Նախարարության համար սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ ճանապարհ է բացել մյուս միջոցառումները վերաիմաստավորելու և պլանավորելու համար»,- ամփոփեց Ժաննա Անդրեասյանը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 10

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: