«Նոր գործեր գրելիս ես մշտապես կանչում էի Աշոտ Զոհրաբյանին». Տիգրան Մանսուրյան

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կազմակերպվել էր զրույց-ունկնդրում՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանին: 2023 թվականին մահացած կոմպոզիտորն այս տարի կդառնար 80 տարեկան:
Նախաձեռնության հեղինակը դիրիժոր, երաժշտագետ Նվարդ Անդրեասյանն է, որը անձամբ է ճանաչել Աշոտ Զոհրաբյանին:
Cultural.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ մի օր երաժիշտներով որոշել են հանդիպում, զրույցներ, լսումներ կազմակերպել երաժշտասեր հանրության համար ու ներկայացնել այնպիսի մարդկանց, որոնք մեծ վաստակ ունեն երաժշտության բնագավառում, բայց նրանց մասին չի խոսվում, չի գրվում, և առհասարակ, ոչ մի տեղ հնարավոր չէ նրանց մասին տեղեկատվություն գտնել: Այդ նախաձեռնության նպատակը եղել է մշակութային ոլորտի բացերը լրացելը, բայց ոչ թե սիրողական մակարդակով, այլ՝ մասնագիտական մոտեցմամբ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի օժանդակությամբ այդ նախագիծը կյանքի է կոչվել և հանդիպում-զրույցների մեկնարկը տրվել Աշոտ Զոհրաբյանին նվիրված երեկոյով:
Հանդիպման հատուկ հյուրը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էր, որը երկար տարիների մտերմություն է ունեցել Աշոտ Զոհրաբյանի հետ: Երեկոյի ընթացքում նա պատմեց նույն ուսուցչի՝ Էդվարդ Բաղդասարյանի մոտ սովորելու, Աշոտ Զոհրաբյանի՝ հաճախ չբարձրաձայնվող մասնագիտական ձեռքբերումների ու կյանքի որոշ դրվագների, Զոհրաբյանի հանդեպ ռուս կոմպոզիտոր Դենիսովի բարյացկամության և այլնի մասին:
Նա պատմեց, թե ինչպես են Զոհրաբյանի հետ փորձել ձեռք բերել նորագույն երաժշտության հիմքը դրած հեղինակների (մասնավորապես՝ ավստրիական կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ Անտոն ֆոն Վեբերնի) նոտաները, երբ հասկացել են, որ նորագույն երաժշտությունն ու կոնսերվատորիայում դասավանդվողը հսկայական տարբերություններ ունեն:
«Երբ Աշոտի առաջին գործերը մեջտեղ եկան՝ «Ռադիո Ֆրանսը» սովետական ավանգարդիստների մի խմբի համերգ կազմակերպեց: 4-5 հոգի էին տարբեր տեղերից և Աշոտը՝ Երևանից: Այդ համերգի, իր ունեցած հաջողության, մյուս 4-ից տարբերվելու մասին նա երբեք չէր պատմի, եթե պատահական մի խոսք դուրս չթռցներ բերանից, ու ես չստիպեի պատմել ամբողջը»,- անկեղծացավ նա:
Մանսուրյանը պատահմամբ է իմացել նաև, որ Զոհրաբյանը երկու անգամ եղել է Ամերիկայում՝ ավանգարդ երաժշտության ներկայացուցիչ Չառլզ Ամիրխանյանի հրավերով: Զոհրաբյանը, այնտեղ շփումներ ունենալով տարբեր երաժիշտների հետ, առաջարկ էր ստացել դասավանդել Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: Բայց չէր համաձայնել ու վերադարձել էր Հայաստան: Դրա մասին Մանսուրյանն իմացել է, երբ «մութ ու ցուրտ» տարիներին սրտնեղված խոսելիս են եղել ու Զոհրաբյանը հանկարծ բարձրաձայն մտածել է. «տեսնես ինչ կլիներ, եթե մնայի Ամերիկայում»:
Նվարդ Անդրեասյանի խոսքով՝դեռևս տասնամյակներ առաջ ինքը, Աշոտ Զոհրաբյանը, Տիգրան Մանսուրյանն ու կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը քննարկելիս են եղել հայ երաժշտության ներկան, խնդիրներն ու ապագան:
«Շատ լավ հիշում եմ, որ Տիգրան Մանսուրյանն ասաց՝ դու մի բան արա: Ես էլ արեցի՝ դրսում: Մարդկանց ծանոթացրեցի նրանց երաժշտությանը: Վերջերս էլ Փարիզի Սորբոնի համալսարանում հայ երաժշտության մասին բանախոսություն էի անցկացնում, այդ թվում՝ Զոհրաբյանի ստեղծագործությունների մասին: Օտար կոմպոզիտորների շրջանում դրանք շատ մեծ հետաքրքրություն առաջացրին»:
Նրա համոզմամբ՝ Աշոտ Զոհրաբյանը արտասահմանում կարողացել է իրեն ներկայացնել որպես հայ կոմպոզիտոր: «Այն, որ հայ ունկնդիրը չգիտի Զոհրաբյանի մասին, դա նրա խնդիրն է, բայց Զոհրաբյան երևույթը հայտնի է դրսում»:
Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և այլուր:
Թե ինչու հայ հանրության շրջանում Զոհրաբյանը ոչ այնքան հայտնի կոմպոզիտոր է, Նվարդ Անդրեասյանը պայմանավորում է նախ նրա համեստությամբ: Մյուս կողմից՝ Զոհրաբյանը մնացել է դասական երաժշտության ոլորտում և չի գնացել կինոյի կամ հեռուստատեսային երաժշտություն գրելու ճանապարհով: Հայաստանում տիրող այս ժխտական մոտեցումը պայմանավորում է նրանով, որ հայ կատարողը, երաժիշտն ինքը չի ներկայանում: Մինչդեռ նախ հայը պիտի իմանա, որ հետո դրսում կարողանան իմանալ արվեստագետի մասին:
Մանսուրյանի խոսքով՝ տասնյակ տարիներ, նոր գործեր գրելիս մշտապես կանչել է Աշոտ Զոհրաբյանին և դրանք քննարկել հետը: Գիտեր՝ ինչպես միանգամից կողմնորոշել և օգտակար լինել իր նկատառումներով:
«Նա նաև բացառիկ մանկավարժ էր, ով միշտ ուղղորդում, օգնում, բայց երբեք չէր խանգարում անհատին: Այսպիսին ես ճանաչեցի իրեն՝ որպես մանկավարժ: Դրա շնորհիվ իր ուսանողները սիրով էին կապված և այսօր էլ բարձր են պահում նրա հիշատակը»,- նկատեց Տիգրան Մանսուրյանը:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 431